Ինչպես Ալիևի, այնպես էլ Նիկոլի նշանառության տակ Հայաստանն է
(սկիզբը` այստեղ)
Նիկոլն իր ոհմակի հետ միասին տարբեր առումներով հասունացրել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, և անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի:
Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը երեկ հայտարարելով, որ «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել», հանդես եկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության հերթական հերքմամբ .
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»:
Վերջին հայտարարությունների, իրադարձությունների և իրողությունների համատեքստում կասկածից դուրս է, որ թշնամին այդպիսով փորձում է հիմք նախապատրաստել շփման գծում իրավիճակի հերթական սրացման և իրադարձությունների զարգացումն, ի վերջո, պատերազմի հանգեցնելու համար, այնպես որ, շփման գծում միանգամայն սպասելի են նոր կրակոցները, թշնամու սադրանքները, բացահայտ ագրեսիան ու ներխուժումը Հայաստանի տարածք:
Ամերիկացիները շատ զգուշավոր ու հեռատես են: Նրանք յուրայինների անվտանգության, ապահովության համար սովոր են նրանց վտանգի մասին զգուշացնել ոչ թե այդ վտանգից անմիջապես առաջ, այլ ավելի վաղ, որպեսզի զգուշացնող տեղեկատվությանը նրանցից հնարավորինս շատ մարդիկ հասցրած լինեն ծանոթանալ ու հաշվի առնել այն, այսինքն՝ դրա համար բավարար ժամանակ ունենան:
Հավանաբար շատերը կհիշեն ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքում փետրվարի 2- ին տեղադրված նախազգուշացումը դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար։ Այդ նախազգուշացմամբ նրանց մասնավորապես արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր՝ Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։
Նշված է նաև, որ ԱՄՆ- ի քաղաքացիները պետք է զգույշ լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների շրջանում։
Ըստ «Փաստարկ» լրատվականի աղբյուրների, Հայաստանի հետախուզական ծառայությունը Նիկոլին արդեն տեղեկացրել է ադրբեջանական հարձակման բարձր ռիսկի մասին։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, սակայն, լուռ է, չի ձեռնարկում համապատասխան միջոցներ՝ պատերազմին նախապատրաստվելու նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես արդեն հայտնի է, փետրվարի 14- ին երդմնակալության արարողության ժամանակ հանդես է եկել Հայաստանի նկատմամբ հերթական սպառնալիքներով, պահանջներով ու շանտաժով: Նա, մասնավորապես, սպառնացել է, որ եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի:
«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- հայտարարել է Ալիևը։
Եվս երկու մեջբերում Ալիևի հայտարարությունից. «Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները»:
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»:
Դեռ անցյալ տարվա նոյեմբերին մեկ այլ առիթով արդեն գրել ենք , որ «Իր «բարեկիրթ» եղբոր՝ ճիվաղ Ալիևի բերանը հենց ինքը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է լեզու դրել» և «Երկուսի պատիժն էլ անխուսափելի է…»:
Եթե 44-օրյա պատերազմից առաջ և ընթացքում չլիներ Նիկոլի ու նրա ոհմակի պետական դավաճանությունը, եթե միտումնավոր պարտվողական պատերազմ չվարվեր, եթե Նիկոլի կողմից չստորագրվեր 2020 թ. նոյեմբերի 9- ի կապիտուլյացիոն հայտարարությունը, ապա Ալիևն այժմ պարզապես չէր կարողանա ակնարկել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները և ասել, թե Հայաստանը կարծես թե դրանք մոռացել է:
Իսկ որո՞նք են Ադրբեջանից Հայաստանի տարածքային պահանջները, անհիմն պնդումները: Շանտաժի լեզվով այդ ի՞նչ է խոսել Հայաստանն Ադրբեջանի հետ: Ինքնին պարզ է, որ Ալիևն այս հրեշավոր կեղծիքը հորինել է միջազգային ու տեղի հանրության ապուշներին մոլորեցնելու և իր կամ իր տերերի նախատեսած պատերազմն արդարացնելու համար:
Ինչ վերաբերվում է Ալիևի «հավաստիացման» այն մասին, թե «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք», ապա դրա նպատակն ընդամենը հիմարացնելն է բոլոր նրանց, ում հնարավոր է հիմարացնել Հայաստանում և, ընդհանրապես, Ադրբեջանից դուրս, փափուկ բարձ դնելն է նրանց գլխի տակ, վտանգի զգացողությունը բթացնելը:
Բազմաթիվ են ապացույցները հենց Ադրբեջանի նախագահի, ռազմաքաղաքական ղեկավարության, քաղաքական էլիտայի և մտավորականության կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների, հավակնությունների արտահայտման, որոնց համաձայն, իրենցն են և՛ Գյոկչան (Սևանա լիճը), և՛ Բասարգեչարը (Վարդենիսը), և՛ Էրիվանը (Երևանը), և՛ Հայաստանի այլ բնակավայրեր Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և այլուր:
Ավելին. ըստ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, որը քննարկվել- ընդունվել է Միլի մեջլիսում, Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական հողեր» են: Այնպես որ, Ալիևն աչքը չի թարթի այդ բոլորը բռնազավթելու, Ադրբեջանին կցելու և Ադրբեջանի անքակտելի մաս համարելու համար հենց այն պահից սկսած, երբ իրական համարի դրա հնարավորությունը, որը Նիկոլն իր ոհմակի հետ միասին աստիճանաբար, օրեցօր տալիս է նրան, ներառյալ՝ հակառուսական ընդգծված քաղաքականությամբ:
Ի՞նչ նկատի ունի Ալիևը՝ ասելով, որ «եթե Հայաստանն իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»…
(շարունակելի)
Արթուր ՀոՎՀԱՆՆԻՍՅԱՆ