ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Եվրաատամն» ու ռուսական «պատգամը»

«Եվրաատամն» ու ռուսական «պատգամը»
25.01.2024 | 20:10

Աչքներս լույս, շաբաթը սկսվեց «եվրապրոհայկական» ականջահաճո հայտարարություններով ու բանաձևով, չնայած պատահում է, որ շաբաթն ուրբաթից շուտ է գալիս, ու դեռ չգիտենք, թե ինչ է գլխներիս գալիս:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չվարանեց ասելու, որ «Եվրամիությունը խիստ մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի բացահայտ հավակնություններով, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է, և այն Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա»:

Ինչ խոսք՝ հաճելի է լսել:

Կրկնակի հաճելի կլիներ այն գործով տեսնել…

Թե չէ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից երկակի ստանդարտները, կանաչ ու վարդագույն դարձած «Կարմիր գծերը», «ահասարսուռ պատժամիջոցները», հորդորներն ու կոչերը, մտահոգությունները, դատապարտումներն ու դատափետումներն ամենօրյա ռեժիմով ենք լսում ու տեսնում, որոնք սակայն իրականության հետ աղերս չեն ունենում:

Բայց այսօր արձանագրում ենք ուշագրավ բացառություն.

Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից:

Մասնակցությունը սառեցվեց ԵԽ հիմնարար պահանջները համակարգված չկատարելու պատճառով։

Պատճառներից մեկն էլ այն է, որ Բաքուն Ղարաբաղում իրավիճակի մոնիտորինգի հարցում, այդ թվում՝ շրջափակման ժամանակ հրաժարվել է որևէ համագործակցությունից, իսկ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանիին էլ թույլ չեն տվել մտնելու «Լաչինի միջանցք»։

Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչել է նաև՝ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման, ինչպես նաև անխոչընդոտ երթևեկության բացակայությունը» այձանագրելով այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ

հումանիտար և մարդու խաթարված իրավունքների հետևանքները, ինչպես նաև այդ ամենի արդյունքում տեղի ունեցած էթնիկ զտումը:

Այս որոշումը բնականաբար չէր կարող չառաջացնել ադրբեջանական կողմի զայրութը:

Իր հերթին Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց կառույցի հետ համագործակցության դադարեցման որոշման մասին:

Փաստացի Ադրբեջանը ՌԴ-ից հետո դարձավ երկրորդ պետությունը, որին վտարում են ԵԽԽՎ-ից:

Նույն ճակատագրին արժանացած այս երկու երկները, սակայն, մեծ խնդիր չեն տեսնում նման որոշումների հարցում:

Ավելին՝ «ցավը միավորել է» և նրանք ավելի են մտերմացել՝ սինխրոնիզացնելով հատկապես Հայաստանի հետ կոնֆլիկտային հարցերում իրենց մոտեցումները:

Արդյունքում՝ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունները հասել են այն մակարդակի, որ Լավրովն է հայտարարում Ալիևի՝ Հայաստանի հետ Մոսկվայում խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ճնշում է գործադրում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կյանքի կոչման համար, ինչպես նաև հանդգնում է ասել, թե «Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում: Որ դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է»:

Դե իսկ, ՀՀ արտգործնախարարին էլ մնում է արձանագրել, որ «Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ, որ կարգավորման գնալու քաղաքական կամք չկա: Որ ճիշտ հակառակը՝ կա խնդիրները սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հարցեր, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել և ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար», բայց ի հեճուկս այս ամենի՝ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած խաղաղության գործընթացին:

ՈՒրախալի է, որ ՀՀ արտգործնախարարը վերջապես այս ամենը հասկացել ու ֆիքսում է:

Տխուր է, որ այդուհանդերձ ղեկավար կազմի հետ միասին զբաղված են՝ ինքնախաբեությամբ ու ինքնարդարացմամբ, սեփական ժողովրդին

սին պատրանքներ մատուցելով ու լավատեսությամբ կերակրելով:

Ցավալի է, որ այս ամենից հետևություններ անելու ժամանակը վաղուց սպառվել է:

Որ առ այսօր չեն ընկալվել, հետևաբար չեն կիրառվում միջազգային հարաբերություններում հայտնի խաղի կանոններն ու դիվանագիտական կոմպլեմենտարիզմը:

Ինչևէ:

Թե ինչ կտա մեզ Ադրբեջանի ԵԽԽՎ-ից ժամանակավոր հեռացումը՝ դժվար չէ կռահել. մեծ հաշվով՝ ոչինչ:

Հերթական բանաձև, որի համար պարզապես կարելի է հայտնել անկեղծ շնորհակալություն:

Արդյունքում՝ ստանում ենք ավելի ագրեսիվ Ադրբեջան ու ավելի ցինիկ-մոլագար Ալիև:

Ադրբեջանը շարունակում է մնալ Եվրամիության լավագույն գործընկերը, դե իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի:

Հետևաբար, մեր ոխերիմ բարեկամ-դաշնացից, առավել ևս՝ Հավաքական Արևմուտքից սպասելիքները պարզ են ու թափանցիկ:

Իսկ մեր իշխանություններից սպասելիքները, ինչպես միշտ, մշուշոտ են ու անկանխատեսելի:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3015

Մեկնաբանություններ