38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գարնան և աշնան արևը

Գարնան և աշնան արևը
05.12.2023 | 21:13

Մի քանի օր անձրև էր եկել, պատուհանի փոշոտ ապակիների վրա ցեխաբծեր կային: Աշնան արևը պատին տարօրինակ պատկերներ էր նկարում: Թույլ, անհաստատ գծերով ուրվագծվում էին մերթ ցանկապատի վրայի չորացած եղինջները, մերթ ծեր թթենու փչակը: Արևի անհաստատ լույսը երերում էր, և սենյակը կարծես լողում էր ամպերի վրայով:

Նազանը մեռնում էր: Քանի օր այսպես պառկել էր կիսաբաց աչքերով, ամփոփվել իր մեջ և անտարբեր սպասում էր մահվան: Նա հանգում էր թռչունի նման, կիսաբաց աչքերով, և նրանցում կես կյանք էր, կես մահ: Տալիք առնելիք չուներ այս աշխարհից և,երբ փակում էր աչքերը, ամեն ինչ մնում էր դրսում, ժամանակը ձգվում, ձգվում, հեռանում էր նրանից, և ինչ-որ տեղ, հեռվում, պտուկ տալով ուռչում, ուռճանում, իր մեջ էր առնում այգին, հարևաններին, անտառը, լեռները...

Ի վերջո, այդ ամենակուլ թափանցիկ գունդը, չդիմանալով, անաղմուկ պայթում էր, և նա մեն մենակ էր մնում անծավալ ու անգույն դատարկության մեջ: Դուռը ճռնչոցով բացվեց: Կարծես մշուշի միջով նա նայեց պատուհանին, ապա դռանը,հայացքը կամաց-կամաց հստակվեց, և այդ դժվարին ու անսպասելի վերադարձից ուժասպառ նա ավելորդ համարեց ձայն հանել:

- Նազա՞ն,- հարևանուհին էր,- Էս ի՞նչ ա պատահել: Քանի օր ա չես երևում: Երեկ ասի կա չկա հիվանդ ա: Գլուխներս էլ մի քիչ խառն ա: Գիտես չէ՞, վաղը Սերոբիս պսակում ենք: Աստված պահի իրեն էլ, ընտրածին էլ, ոսկի սիրտ ունի, թե ուզածն էլ իրա նման եղավ, քեզ էլ հարսնություն կանի: Երեկ ասում էր` Նազան տատին լրիվ մտահան ենք արել: Թող ներող ըլնի, էսա հարսանիքը կանենք, կպրծնենք, կգնամ ձմեռվա ցախը մի օրում կջարդեմ... Էս անտեր անձրևն էլ մաջալ ա՞ տալիս: Բալիս կանաչ-կարմիրը հարամ չանի: Ընենց մի հարսանիք պիտի անեմ թոռանս: Լավ ա, էսօր արևի երես տեսանք,- հևիհև, մի շնչում այս բոլորը ասելուց հետո միայն նա նայեց Նազանին,- աղջի,երեսիդ գույն չկա, էդ ի՞նչ ա եղել: Ֆելշել Հակոբին կանչել տա՞մ... Չէ՞: Բա ըտենց ո՞նց կլինի:

(Երեկ հիշեցիր,երեկ էլ գայիր: Սերոբիդ փորացավն էլ գիտեմ, ուզում ա տանս տեր կանգնի: Նազան տատ, Նազան տատ, էլ տատ մնա՞ց: Հարազատի պես խնամել եմ, գրպանիս անուշը, տանս դեղապետը կոխել բուռը, չարություն է արել, տանը ծեծել են, փախել է մոտս, գիշերը մոտս մնացել, առավոտը կուշտ ու հանգիստ ձեռից բռնած տարել եմ մորը, բանակ տանելուց մորից շատ եմ լաց եղել, իրենց գրել է, ինձ չի գրել, նամակները վերցրել հոտ եմ քաշել: Բանակից էկել է, քեֆ են արել, ես ձեռս ծոցիս կուչ եմ եկել, չի հարցրել, Նազան տատ, ի՞նչ ա եղել: Մի խորհուրդ չի հարցրել, թաքուն, թաքուն նշանվել, թաքուն թաքուն պսակվում ա: Ե՞րբ էր, նայեց մարագի փլած պատին, սուտ մուտ ժպտաց: Հետո էլ թե ոչինչ, մի բան կանեմ: Ամիսը անցավ, բա ու՞ր ա, ինչի՞ չի գալիս: Օտար ա, օտար....):

- Բան չկա, Ոսկի ջան, կանցնի, ուրախության եք, գնացեք, ձեր գործն արեք, էսօր էգուց ինքս իմ ոտով կգամ Սերոբիս աչքալուսանքի:

(Անաղուհաց բայղուշ, տարին տասներկու ամիս մի ուրախ խոսք չասիր, մի ծիծաղ չտեսանք երեսիդ, կռռոցդ ընկնի ծոցդ, հա՜, ոնց որ ընկել ա: Իմացել ես հարսանիք պիտի անենք, սև ագռավ ես դառել, դե մենակ պուպուի պես պառկի: Կարծես մեղավոր եմ, որ ինձ տվել ա, իրեն չի տվել: Քանի Սերոբս պուճուր էր` Սերոբ ջան, Սերոբ ջան, ե՞րբ պիտի քեզ պսակեմ, չմեռնեմ էդ օրը տեսնեմ, տունս տեղս քեզ փեշքեշ: Հիմա ծամոնի պես կպել ա էս մի բուռ հողին. չէ, որ չէ: Երբ կմեռնեմ, էն ժամանակ էլ տիրություն կանես:Երկու պսակված ախպեր մի հարկի տակ կապրե՞ն իսկի...):

- Նազան ջան, բա ո՞նց կլինի, դու պառկած, մենք հարսանիք անենք:

(Ինչս ա՞, օտար ա, օտար ա: Տղաս չի, թոռս չի, արյունս չի: Հարևանի թոռն ա):

- Գնա, Ոսկի ջան, հիմա վեր կկենամ...

Նազանն ուզում էր մենակ մնալ: Առույգ, կարմրերես Ոսկին, որ գրեթե իր տարեկիցն էր, ուժեղ քամու պես մտել էր տան պուճախները, արևերես էր հանում եղած չեղածը, ամեն ինչ ծանր ու թեթև անելով վերադասավորում կարծես, և հիմա պատը պատ էր, աթոռը` աթոռ, ավելը` ավել, Նազանի մեջ ցավագնորեն նվվում էր նախանձոտ ատելությունը, և նա ուզում էր ազատվել դրանից, աշխարհը դրսում թողնել, ալարկոտ թմբիրի մեջ զգալ նրա հեռավորությունը:

Հարևանուհին արդեն գնացել էր, իսկ Նազանի հոգին անհանգիստ էր: Նա հանկարծակի քաղց զգաց: Տունն էլ ավլել էր պետք: Վեր կաց, Նազան, վեր կաց, ինքն իրեն հորդորում, համոզում էր պառավը: Մի քանի անգամ մտովի վեր կացավ, տունը ավլեց, ճաշ եփեց, բայց մտքերը նորից շաղվեցին և որերորդ անգամ սթափվելով, նա իրեն գտավ դռան մոտ: Հիմա դուռը կբացեմ, կիջնեմ բակ, հաշտից ձավար կբերեմ, մի քանի հատ էլ խնձոր...

Գլուխը կարծես մարմնից անջատ, թեթև, թեթև առաջ էր լողում, իսկ ոտքերը ծանր կպած էին հատակին: Չէ, բակ իջնել պետք չէ, ախորժակն էլ փախավ: Ինքն իրենից դժգոհ ու խռոված նա նորից պառկեց: Ասես մի ուրիշի փորձել էր համոզել և չէր կարողացել: Հուսահատ ու ոխակալ նայեց պատուհանին, պատերին, պահարանին, վառարանին և խուլ տնքաց: Մեկն ու մեկը պիտի տեր կանգնի, ինչու՞ Սերոբը չլինի: Ախ, Սերոբ, Սերոբ: ՈՒ՞ր էր, հիմա դուռս բացեիր, մի քաղցր խոսք ասեիր, թույլ թույլ ասեի` Սերոբ ջան, մեռնում եմ, խղճայիր, ես լաց լինեի, հանարտվեի, խաղաղված ասեի` տունս էլ, հողս էլ քեզ լինի, որդի ջան, իմ պահածն ես, հո օտա՞ր չես...

Լույս դառնա հոգիդ, Մարգար: Հա ասում էիր, այ կնիկ, օտարը քեզ ի՞նչ ջիգյար: Երեխա ա, անուշ խոսքերով խաբվում, գալիս ա, մեր տուն, մեծացավ, մարդու տեղ էլ չի դնի: Անտեր, անարդար, անարդար աշխարհ: Քարին էլ մամուռ ա տվել...

Հանդարտվի, այ կնիկ, ամուսնու խոսքերով փորձեց ինքն իրեն մխիթարել, սակայն մի մեծ կարեկցանք զգաց հանգուցյալի հանդեպ: Վիզը ծուռ գնաց էս աշխարհից Մարգարը: Մթնած, անբարև մարդ էր, իր ունեցածով կուշտ, դրացու խոսք ու զրույցին անհաղորդ: Մեկ-մեկ կնստեր, երկար կնայեր ինչ-որ բանի, խուլ կտնքար ու կլռեր: Նազանն այդ պահերին խառնվում էր իրար, աշխատում էր մեղավոր-մեղավոր, խոսում էր մեղավոր-մեղավոր, և ամուսինը հանկարծակի սթափվելով, ինքն էլ մեղավոր ժպտալով, մեղմ ասում էր այդ խոսքը:

Մունջ Մարգար էին ասում նրան և նա չէր վիրավորվում, չէր դժգոհում: Ինքն էր իր անունը կնքել, մարդիկ ի՞նչ մեղք ունեին:

Հարսանիք էին կանչել, կնոջ հետ ուրախ, ուրախ նստել, քեֆ էր արել ու մեկ էլ, ի զարմանս բոլորի, թալկացած լեզվով երգել.

- Ես մի ծալ եմ, ծիլանի...

- Մարգար, կեսը թող, վաղը կերգես,- կատակել էր հարսանքավորներից մեկը:

- Սուս, ախմախ, մունջ Մալգալն էլ ելգել գիտի,- բողոքել էր նա:

Դա այն գարնանն էր: Ամուսնությունից անցել էր տասնհինգ տարի: Վաղուց կարծես նրանք համակերպվել էին իրենց վիճակին: Երեխայի մասին չէին խոսում այլևս: Երկու հոգեհարազատ մարդիկ էին մի հարկի տակ, իրար սովորած, իրարով կուշտ ու սոված:

Մարգարն այգում ծառ էր տնկում: Հողը տաք էր ու խոնավ, արևը շեղջ էր տալիս բահի ծայրին, և նա աշխատում էր հոնքամեջը բաց: Նազանը օգնում էր նրան: Եվ երբ գործը վերջացնելով այգուց դուրս էին գալիս, Մարգարը մի պահ ետ նայեց, Նազանին թվաց, որ նա մտքի մեջ խոսում էր տունկերի հետ: Այդպես կիսալուրջ ու մեղմ մարդ ժպտում է միայն երեխաների հետ խոսելիս: Մեղավորության և կարեկցանքի հանկարծակի զգացումը ալիք տվեց Նազանի հոգում:

- Քրտնած ես, կմրսես,- չգիտես ինչու կարմրելով ասաց նա:

Ամուսինը նայեց նրան զարմանալի քնքշությամբ: Մոլոր քայլերով նրանք տուն մտան, դուռը կողպեցին ու նորապսակների պես անհամբեր ու ամաչկոտ պառկեցին թախտին...

Այդ օրը նրանք լույսը չվառեցին: Վաղուց այդպիսի մոլեգնությամբ նրանք չէին մերձեցել: Դա լուռ պայքար էր, և յուրաքանչյուրը մեկուսի սպանում էր իր բաժին դատարկությանը: Հետո պառկել էին աչքերը բաց, ամուսինը ծույլ- ծույլ շոյում էր նրան: Նրա ձեռքը մի պահ հապաղեց, ապա վերադարձավ նույն տեղը և արագ-արագ սկսեց շոշափել կրծքից մի քիչ ներքև:

- Նազա՞ն, չաղացել ես, թե՞...,- դողացող ձայնով հարցրեց Մարգարը: Թե ի՞նչ, ուզում էր հարցնել կինը, սակայն, ամուսնու ձայնի մեջ ակնկալիքի հաստատման աղերս որսալով, վայրկենապես հասկացավ չասվածը: Գժվեցի՞ր, այ մարդ, չե՞ս տեսնում, որ չաղացել եմ, առաջվանը չեմ, մտքի մեջ պատասխանեց, ապա նույն անխոսությամբ թոթվեց ուսերը: Խուսափուկ, այնուամենայնիվ ոչ ժխտական պատասխանը անսպասելի ազդեցություն ունեցավ: Մարգարը փաթաթվեց նրան, հևիհև ինչ-որ բաներ ասաց, ապա երեխայի պես գլուխը նա ուսին դնելով փղձկաց.

- Նազան, Նազանս... Ախր մեղք էինք երկուսով:

Առավոտյան Նազանը ամուսնու աչքերին չէր նայում: Պետք էր տեղն ու տեղը նրան ասել, որ կասկածն անհիմն է: Ոչինչ էլ չէր լինի: Տարիներ առաջ քաղաքի բժիշկը այդպես էլ միանգամից ասաց` դուք երեխա չեք ունենա: Մոռացե՞լ էր Մարգարը նրա ասածը, թե՞ խաբում էր ինքն իրեն...

Երջանիկ խոնջանք կար հոգում և որոշեց` այսօր ոչինչ չեմ ասի, վաղը կասեմ:

Դաշտ գնալուց առաջ Մարգարը ոտը կախ գցեց, հետո մի տեսակ շփոթված կմկմաց.

- Ծանր գործ չանես:

Օրն անցավ երազի նման: Դուրեկան, շատ դուրեկան էր մտածել, որ ամուսինն իրոք կարող էր նման բան ենթադրել: Փորձեց իրեն հղի պատկերացնել և բավականության ու սեփական լիարժեքության սևեռուն մտքերից թեթևակի գլխապտույտ զգալով գնաց հարևանուհու մոտ:

Ոսկին սինդրիկ էր խաշում: Կանաչեղենի սուր գոլորշին ձեթահոտի հետ կախվել էր օդում: Շոգ էր, նստել չկարողացավ, դուրս գալ էր ուզում, երբ լսեց.

- Նազան, սպասիր, մի քիչ սինդրիկ տար:

Ինքն էլ չիմացավ, ո՞նց բերանից թռցրեց.

- Պետք չի, սիրտս խառնում ա, չգիտեմ ինչի՞ց կլինի...

Ոսկին մի պահ կասկածամտությամբ նայեց նրան, ապա թևից բռնելով, նստեցրեց տեղում: Երբ մի ժամից հետո վերջապես կարողացավ դուրս գալ Ոսկու մոտից, մտամոլոր էր: Այժմ հարևանուհին ևս բավականաչափ հիմք ուներ մտածելու, որ Նազանը հղի է:

Հաջորդ օրերին թաղի կանայք առիթ էին փնտրում նրան հանդիպելու: Նազանը կարծես երազում լիներ: Կանայք նրան խորհուրդներ էին տալիս, ինքը երջանիկ ժպիտով լսում էր նրանց, և այլևս չէր մտածում, թե դրա վերջը ի՞նչ կլինի:

Ամուսինն էլ էր փոխվել: Ամեն օր սափրվում էր, մարդամեջ էր դուրս գալիս:

Մի օր էլ նա փորին շոր փաթաթեց և երբ, շրջազգեստը վրայից հագնելով, հայելու մեջ նայեց իրեն, աչքերի մեջ իրոք մարմանդ երջանկություն տեսավ:

Պատրանքածին տեսիլքներից նրա քունը խախտվել էր: Երբեմն սիրտը դողահար թփրտում էր, վախենում էր մենակությունից և անընդհատ ուզում էր, որ նայեն իրեն, նայեն իրեն...

Հետո ծանր հիվանդացավ, քաղաք տեղափոխեցին, և երբ նորից տուն վերադարձավ, Մարգարը տանջահար ու համակերպված ասաց.

- Հանդարտվիր, այ կնիկ, մերն անցավ:

Նա նորից նախկին մունջ Մարգարն էր...

•••

- Բան- ման տարե՞լ եք պառավին,- հարցրեց Սերոբը: Հարսանիքից երկու օր էր անցել, տունն էին կարգի բերում:

- Հրես ուր որ ա, ինքը կերևա,-ասաց տատը:

Բայց Նազանը այդ օրն էլ չերևաց: Հաջորդ օրը նրան մեռած գտան իր տանը, և գյուղական խորհրդի կազմած արձանագրությամբ նրա ունեցվածքը ժառանգեց հարևանը՝ Սերոբը:

1968 թ.

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8593

Մեկնաբանություններ