Միակ երևույթը, որ կայուն է Հայաստանում ՝ կոռուպցիան է և գողությունը: Ընդ որում, որքան ուշիմ, ճարպիկ են լինում գանձագողերն ու կոռուպցիոներները, անքան ավելի ոգևորված են շարունակում թալանը:
ՍՈՑԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԹԱԼԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԱՂԲՅՈՒՐ
Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի, ժողովրդական լեզվով ասած` սոցիալական ծառայությունները, պետության կողմից հիմնած այն կոռուպցիոն բջիջներն էին, որոնք իրավապահերի ուշադրության կենտրոնում հայտնվում էին, երբ նպաստի դիմաց կաշառքների չափերի, նպաստառուների վզերին կաշառքի բեռը դրած չինովնիկների, «գործի» միջնորդների ակնկալիքները դառնում էին բացառիկ ցինիկ և առավել հնարամիտ:
Գյումրիի սոցիալական աջակցության տարածքային երկու, ինչպես նաև ՀՀ Աշխտանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունների նկատմամբ՝ նախկինում և հիմա, հարուցված քրեական գործերը, հանրությանը մատուցվել են կոռուպցիայի դեմ անդուլ պայքարի քողի տակ: Իսկ եթե մեկն էլ հայտվել է անազատության մեջ, ապա դա ընդամենը շղթայի մի օղակը «հալել-կպցնելու» նպատակով է արվել:
Հայաստանում կաշառակերների հիմնարար ազատությունները և իրավունքները պահպանվում են քնքշորեն: Փաշինյանի ղեկավարած Հայաստանում գործում է «արդարությունն ըստ Նիկոլի» բանաձևը, այն է ` «մուծվիր և ազատ ես»:
ՈՒՏԵԼ- ՄԱՐՍԵԼ՝ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ
2018 թվականի օգոստոսին, առաջին պոստհեղափոխական հաղորդագրություններից մեկը վկայում էր. «Առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Շիրակի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում.... ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվել են «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատակցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ հաղորդումներ:...Ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակիցները 2016-2018 թթ. տարբեր ժամանակահատվածներում, անապահով ընտանիքներին հասանելիք նպաստները ստանալու համար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություն: Մասնավորապես Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Ս.-ի ընտանիքի նպաստի գործը վարող «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի մասնագետն ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և ստացել է 40 000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Բացի դրանից, 2018 թվականի հունիսի 26-ին՝ հերթական տարում Ա. Ս.-ի ընտանիքը փաստագրելու համար «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, նույն նպատակով և պատճառաբանությամբ, Ա. Ս.-ից պահանջել է 60 000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, հայտնելով, որ հակառակ դեպքում ընտանիքի նպաստի վճարումը կդադարեցնի և 2018 թվականի հուլիս ամսից իրենց նպաստ չի վճարվի:Բացի վերոգրյալից Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իրենց ընտանիքը 2016 թվականի օգոստոսի 24-ին, երբ հերթական տարվա փաստագրում անցնելու համար ներկայացել է «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի իրենց ընտանիքի նպաստի գործը վարող մասնագետ Ս.-ի մոտ և ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, Ա. Հ.-ին նպաստի տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել է 2 ամիսների նպաստի գումարը՝ 59 000 ՀՀ դրամ»: https://hetq.am/hy/article/91828?fbclid=IwAR0ARHWvx4xqxV3nQCcJAXycsIHHxofPLS2UxeICaEAIJbSHtC0Lw17TjOI
Թվում էր, թե այսօրինակ հաղորդագրություններից հետո, երկրում օդը կմաքրվի ու բացված շնչառությամբ՝ սոցիալական թոքերը գերազանց կսկսեն աշխատել: Հայտնի էր, թե կոռուպցիայի ինչ պիրկ և առաձիգ սարդոստայն է գործում սոցիալական ծառայություններ մատուցող ոլորտում: Բոլորը կամ անձամբ են առնչվել նկարագրված մեխանիզմերին, կամ բարեկամներից լսել են կաշառքի չափերի, այն տեղ հասցնելու ձևերի, այսպես կոչված, «տասովշչիկների» մասին: Սակայն հետհեղափոխական Հայաստանում կաշառակերին բռնելը ոչինչ է, եթե կաշառառուն «ճիշտ» է գործակցում իրավապահ համակարգի հետ՝ հանրային թուքումրից դուրս գալով միջնամատը հանրությանը ցույց տված: Վերևում նկարագրված դեպքերի գործող անձանցից ոչ մեկը չկրեց իր պատասխանատվությունը լիարժեք և համակողմանի պատիժը:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի իրավապահ համակարգը գործում է՝ «կերել ես, մեզ էլ տուր կամ դու գանձ ես, մենք ՝ գանձանակ» սկզբունքով:
«Գյումրի-1 և Գյումրի-2» սոցծառայություների՝ մանր թվացող, բայց իրականում՝ թոթոլ չափաբաժիններով «ուտող» աշխատակիցների և դրանց ղեկավարների համար յուրաքանչյուր նոր քրեական գործի հարուցումը՝ «թազեքին թազա ձևով մուծվելու» տհաճություն է ընդամենը:
ԻՆՉՊԵՍ ԲԱՑԵՑԻՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ՓԱԿԵՑԻՆ
Ռուսերեն հայտնի անեկդոտի մեջ կար մի արտահայտություն. «Открылись, заплакались, закрылись»: Այն շատ դիպուկ բնութագրում է «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների և բաժինների ղեկավարների կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը: Վերևում հիշատակեցինք 2018 թվականին հարուցված քրեական գործերը, որոնց «ֆիգուրանտները», մասնավորապես, «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետն ու աշխատակիցներն էին: Յուրքանչյոր նոր քրեական վարույթ, ըստ ամենայնի, ավելի էր լկտիացնում այդ կառույցը, քանզի մեկ անգամ հաջողությամբ և առանց իրավական ռեալ հետևանքի շորթումների փաստերը «ջրելուց» հետո, «փողերի լվացքատունն» առավել անխափան է շարունակել աշխատել:
ՀՀ ԱԱԾ-ի հերթական հաղորդագրությունը ՝ թունդ ու թավ հռետորաբանությամբ, հայտնում էր. «2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին ՀՀ ԱԱԾ ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ Ա. Ե.-ն և Է. Բ.-ն իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից՝ շորթմամբ, պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։ Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են 30 000-ից
60 000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին: Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա 18 000 ՀՀ դրամը, որից 10 000-ը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց: Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը: Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում: Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները, ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար»: https://armtimes.com/hy/article/191655
ՈՒշադրություն դարձրեք «քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը», «քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ» արտահայտություններին: Դրանք փաստում են այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ն տևական, տքնաջան աշխատանք է իրականացրել չհերքվող, ինչպես ասվում է, երկաթ-բետոնյա ապացույցներ ձեռք բերելու համար:
Հաղորդագրության մեջ ապշեցնող է սոցծառայությունների պետերի անձնական մասնակցությունը հախերը, կաշառքները վերցնելու հարցում: Անպատժելիության, հղփացածության, փոխգործակցող դրամաշորթների համար ոչ քրեական գործերի առատությունն է վախեցնող, ոչ էլ բաց,
«այան-ափաշքյարա» գործելաոճը:
Գյումրեցիներին կեղեքած և հաղոդագրության մեջ հիշատակվող «Գյումրի-2» սոցծառայության պետ Է.Բ-ն, նույն ինքը՝ Էդուարդ Բաղրամյանն է, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել իր «սուսիկ ուտելու և գրագետ մարսելու» արդյունքում:
Այս գործով ևս, նա նույն մեթոդն է բանեցնում: «Գյումրի-2» սոցիալական աջակցության ծառայության պետի և իր աշխատակիցներից կազմված բանդայի նկատմամբ քրեական գործը Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը, հարուցել է 2020 թվականի հունիսի 30-ին և այդ նույն տարում՝ ընդամենը յոթ ամիս անց, այն, չապշեք, կարճել է: Կից ներկայացնում ենք տողերիս հեղինակի հարցմանն ի պատասխան Շիրակի մարզի դատախազի պատասխանը:
«Թիվ 58213520 քրեական վարույթով 28.12.2020 թվականին որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու և Գյումրի-2 սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ Էդվարդ Վարդանի Բաղրամյանի, Շուշանիկ Ալմարտունու Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու , Գյումրի -2 սոցիալական աջակցության տարածքային բաժնի 11 աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:
Սա՝ Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի ճղված աստառն է, ժողովրդավարության քանդուքարափ եղած բաստիոնն է, օրենքի և օրինականության «գերակա» բարձրակետն է: Է. Բաղրամյանի՝ գյումրեցիներից ոչ միայն շորթած գումարներն ուտելն է օրհնվել Նիկոլ Փաշինյանի կողմից, այլև ՝ մարսելը: 2020 թվականին մեծ աղմուկ հանած՝ 4100 նպաստառուներից անհաշվելի գումարներ կերածների նկատմամբ Հայաստանի ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը, փաստորեն, 7 ամսվա ընթացքում այնպես է փակվել, որ բոլոր շորթվածները մնացել են «հիացած»: 28.03.2023 թվականին, ԱԱԾ-ի Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պատասխանն էր ինձ.
«Որևէ մեկը Բաղրամյան էդիկի դեմ ցուցմունք չտվեց»: Հակադարձեցի. «էս ջրել եք, հա՞ գործը, էդպե՞ս եք հիմա արդարացնում նրան: Այդ դեխպքում՝ ինչի՞ հիման վրա բռնեցիք էդ չակերտավոր անմեղ մարդուն»:
«ԲԱՆՏԻ ՏԵՂԸ՝ ԲԱՆԿ ՏԱՐԱՆ»
Էդուարդ Բաղրամյանը, ինչպես ասվում է, ունիվերսալ օգտագործվող է բոլոր ժամանակներում: 2016 թվականին նրան անցավ ու սահուն օգտագործեց Գյումրիի նախկին քաղաքապետ «ՕԵԿ ճակատագրով» Սամվել Բալասանյանը: Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարաման ընտրությունների ժամանակ, չհավաքելով անհրաժեշտ ձայներ քաղաքապետ կարգվելու համար, Է. Բաղրամյանի «խարդախային» գողությամբ, Բալասանյանն ընդդիմությունից խլեց 3 մանդատ՝ լրացնելով պակաս այն մանդատների թիվը, որով նա կդառնար քաղաքապետ: Էդուարդ Բաղրամյանը, տարիներ շարունակ հանդիսանալով նաև Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ իր ձեռնասուն և, ըստ լուրերի, Բալասանյանի կողմից կաշառված հանձնաժողովի անդամներով, Բալասանյանին երկրորդ անգամ նստեցրեց Գյումրու քաղաքապետի աթոռին: Ասում են՝ Բալասանյանը առանձնապես շռայլ չի եղել «ծրարային գումարների» չափաբաժինները հատկացնելիս, բայց հանձնաժողովն աննկարագրելի ջանասիրությամբ դիմադրեց ավագանու ընդդիմադիր ուժերին և «վռազ» քվեարկեց հօգուտ Բալասանյանի նենգաբարո գողության: https://www.youtube.com/watch?v=KzbTWHBovV0&ab_channel=GALATV
Ինչպես ասում են, հանցագործի ձեռքը պարապ չի կարող մնալ՝ հանցակիցը ձեռք կմեկնի: Բալասանյանին քաղաքապետ դարձրած՝ «Գյումրի-2» սոցծառայության՝ հիմա արդեն նախկին պետ Է. Բաղրամյանը, իր նկատմամբ հարուցված քրեական գործից հետո, Գյումրիի քաղաքապետի կողմից նշանակվեց «Հավերժ հիշատակ» ՍՊԸ տնօրեն, ժողովրդական լեզվով ասած, գերեզմանների վարչության պետ: Փաստորեն, բազմաշերտ «միջուկ» Բաղրամյան Էդիկին բանտի տեղը՝ «բանկ» տարան:
«Ո՞ր իրավունքով, ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով գյումրեցիներին տարիներ շարունակ շորթած նպաստագողը նորից զբաղեցրեց պաշտոն» հարցը ցայօսր անպատասխան են թողել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը, Շիրակի մարզի դատախազ Ա.Չիչոյանն ու ԱԱԾ տնօրեն Ա.Աբազյանը:
Նիկոլ Փաշինյանի պատկերացրած և հեղափոխած Հայաստանը հենց այսպիսին է. չկա իշխանություն, կա կորպորատիվ փակ շղթա և արդարադատության վրա թքողների խմբակ: Հայաստանում , նույնիսկ սեփական շահերին հակառակ գողանալն է խրախուսվում համարվում «լավ տղու» բրենդ:
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ
Օրեր առաջ, արձագանքելով գյումրեցիների պատմածներին, հայտնաբերեցինք չդատված հանցագործ Էդիկ Բաղրամյանի դղյակն ու դրան կից կառուցվող նոր շինությունը՝ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի վերջնամասում: Տեսագրությունը՝ կից:
Գյումրեցիների նպաստի դիմաց սեփական նպաստի փայերը կեղեքած այդ անձը մի փողոցի սկզբնամասից մինչև հատող փողոցի կեսից ավելին զբաղեցնող իր տանը կից տարածք է նվաճել: Քրեական գործը թաղելուց հետո էլ, ըստ ամենայնի, որոշել է ինքն իրեն պարգևատրել՝ նոր մեծ շինություն կառուցելով: Իսկ գյումրեցիները կարող են հանգիստ լինել՝ իրենց տված կաշառքները քոռ ու փուչ չեն եղել՝դրանք պառկել են կեղեքիչ Էդիկ Բաղրամյանի հին ու նոր շինությունների տակ:
Փաստաթուղթը և տեսանյութերը տե՛ս հղումներով.
Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ
Հատուկ irates.am-ի համար