ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայկական «Վագներ»

Հայկական «Վագներ»
22.03.2023 | 21:40

Ռուս-ուկրաինական պատերազմի արդեն կոնկրետ արդյունքներից մեկը ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հայտնությունն է։ Եվրոպական լավագույն ռազմական հանդերձանքով, կապի միջոցներով, անհատական դաշտային ապահովության միջոցներով, ժամանակակից հրետանիով, տանկերով զինված ուկրաինական բանակը մարտադաշտում զիջում է արկածախնդիր Պրիգոժինի սաներին, ընդ որում, այս միավորման մարտիկները գերազանցում են նաև ռուսական կանոնավոր բանակին և չեչեն գրոհայիններին մարտավարական հմտություններով։ Անկասկած, սա նոր երևույթ չէ, բայց արձանագրվող իրողությունը առաջ է բերում շատ հարցեր, որոնք կապ ունեն նաև մեր երկրի վերջին պարտությունների շարքի հետ, և ճիշտ կլինի ուսումնասիրել նման ոչ ստանդարտ ռազմական փորձը։ Մարդկության ռազմական պատմության ընթացքում վարձկաններ միշտ եղել են՝ դեռ անտիկ դարաշրջանից։ Կարելի է որպես փայլուն օրինակ հիշել 13000 հույն վարձկանների մասնակցությունը Պարսկաստանի ներքին երկպառակություններին, որի ավարտից հետո այդ զորամասի ելքը Հայաստանի տարածքով դեպի Սեվ ծով նկարագրել է հույն պատմիչ և զորական Քսենոփոնը։ Վարձկանները հիմնականում արհեստավարժ նախկին զինվորականներ են, որոնց պետությունները կամ խոշոր ընկերությունները վարձում են որոշակի խնդիրների լուծման նպատակով։ Հիշատակված խնդիրներն են.

1. որևէ օբյեկտի կամ անձանց պաշտպանություն և հսկողություն

2. հետախուզական տվյալների հավաքագրում և մշակում

3. ռազմավարական պլանավորում

4. լոգիստիկ ծառայություն

5. ռազմական բնույթի խորհրդատվություն:

Վերոգրյալ խնդիրների լուծման ճանապարհին քսաներորդ դարի երկրորդ կեսին առաջացան բազմաթիվ մասնավոր ռազմական միավորումներ, որոնց ղեկավարներ ֆրանսիացի Բոբ Դենարը կամ իռլանդացի Հոարը համարյա աստղային արկածներով լի կյանք ունեցան և շատ բան արեցին վարձկանների ինդուստրիայի վերածննդի համար։ Այսօր արդեն 3000 հազարի հասնող մասնավոր ռազմական կամպանիաներն իրենց կազմում ընդգրկում են մոտ 250 հազար զինյալ և կատարում են մոտ 400 մլրդ ԱՄՆ դոլարի թափանցիկ պայմանագրեր։ Նման միավորումների ծառայությունների նկատմամբ պահանջը մշտապես առկա է, քանի որ խոշոր պետությունները սառը պատերազմից հետո մղում են հիբրիդային պատերազմներ, որոնց ընթացքում խուսափում են կանոնավոր զինվորական ուժի գործադրումից և թույլ ինտենսիվության կամ գաղտնի օպերացիաներում նախընտրում են վարձկաններին։ Վարձկանների ծառայություններից չեն խորշում նաև անկայուն քաղաքական միջավայրում գործող խոշոր մոնոպալիստ կորպորացիաները, որոնց հանձնարարությամբ իրականացվում են գունավոր հեղափոխություններ,կեղծ տեղեկատվական պատերազմ, ահաբեկումներ, կիբերհանցագործություններ։

Առաջանում է մի բնական հարց՝ ի՞նչ կապ ունի ՄՌԿ-ն (մասնավոր ռազմական կամպանիա) մեզ հետ։ Հետընթաց հիշելով 2020 թվականի պարտությունը՝ կարելի է պնդել, որ մեր բանակին մարտավարական հաջողության համար պակասեց առնվազն հինգ կամ տասը հազարանոց մի պրոֆեսիոնալ զորախումբ, որը կարող էր բեկել պատերազմի ելքը։ Ի՞նչն էր խանգարելու այդ զորախմբի հավաքագրմանը:

1.Իրավական կարգավիճակ։

Շատ երկրներում վարձկանների վերաբերյալ կան բավականին խիստ օրենսդրական նորմեր, բայց որպես օրինակ պետք է դիտարկել ԱՄՆ-ի և ՌԴ-ի մոտեցումը։ Անհատ վարձկաններին առերևույթ դեմ լինելով հանդերձ, հիշատակված երկու կողմերն էլ ակտիվ օգտվում են կորպորատիվ ռազմական միավորումների ծառայություններից։ Այսինքն, ՀՀ-ն կարող էր գնալ նման քայլի՝ առանց որոշակի մտահոգության։

Արևմտյան կեղծավորները և դրանց ծառաներն իհարկե կասեն, որ դա չէր կարելի, որովհետև ինչ-որ պատժամիջոցներ կկիրառվեին ՀՀ-ի նկատմամբ։ Այդ սորոսական շարասյունը երևի մոռանում է, որ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին ոչ ոք ծպտուն չհանեց։ Իհարկե, պետք է նախաձեռնվեր ՀՀ-ի կողմից կռվող վարձկանների օգտագործումը մարտի դաշտում, որը ոչ միայն չարվեց, այլև այդ օրերին ՀՀ-ն միացավ ինչ-որ արգելող կոնվենցիայի։

2.Իսկ կարո՞ղ էր ՀՀ-ն իրեն թույլ տալ հինգ հազար վարձկանի հավաքագրման ֆինանսավորումը:

Արդյո՞ք թանկ հաճույք էր ՀՀ-ի համար այդ հինգ հազարանոց զորախմբի ֆինանսավորումը։ Փորձենք հաշվել։ Անցյալ տարի մասնավոր ռազմական կամպանիաներում ներգրավված ռուս, սերբ, խորվաթ, ֆրանսիացի վարձկանների ամսեկան վարձը կազմել է մոտ երեք հազար ԱՄՆ դոլար, հինգ հազարի դեպքում գումարը կազմելու էր մոտ 15 մլն ԱՄՆ դոլար։ Եթե պաշտոնական ՀՀ-ն չուներ այդ գումարը, ապա հիշեցնեմ, որ պատերազմի 44 օրվա ընթացքում Սփյուռքը հանգանակեց մոտ 120 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, այդ գումարը բավարար էր, որ Հայաստանի համար կռվող հինգ հազարանոց զորախումբը առնվազն կես տարի աշխատավարձ ստանար։ Դե, հիմա փորձենք զուգահեռ տանել վարձկաններից հրաժարվելու և Ադրբեջանի նավթամուղը չվնասելու որոշման միջև։ Հասկացա՞ք:

Մի կողմ դնելով կեղծ բարեպաշտական նվնվոցները՝ կարելի է պնդել, որ հայրենիքի փրկության համար բոլոր քայլերը արդար են, իսկ դրանք չանողները և՛ մեղավոր են, և՛ պատասխանատու։

Որպես վերջաբան։

Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները չեն դադարելու, և խաղաղության ինչ-որ պայմանագիր Հեյդարի լակոտին հետ չի պահելու անընդհատ նոր տարածքներ բռնագրավելու մտքից։ Ջերմուկի մոտ 2022-ի էսկալացիան պարզորոշ ցույց տվեց, որ ՀՀ բանակային միավորումների դեմ հակառակորդը նետում է հատուկ ջոկատայինների և փոքր տարածքի վրա ստեղծում թվային գերակշռություն։ Հիշատակված երկու գործոնները չեզոքացնելու համար, կարծում եմ, անհրաժեշտություն է հայկական «Վագների» ստեղծումը։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ