ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ես ճանաչում եմ Ղարաբաղը

Ես ճանաչում եմ Ղարաբաղը
08.10.2020 | 09:07

Երեկ Եվրախորհրդարանի պատգամավորները քննարկել են իրավիճակն Արցախում: Մեծամասնությունը պահանջել է պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրահրող Թուրքիային:


ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է. «Մենք մտահոգ ենք, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, առավել մտահոգիչ էր Ադրբեջանի նախարարի հայտարարությունը, թե իրենք կանգ չեն առնի, քանի դեռ Հայաստանը չի հանձնվել: Ի՞նչ կարող ենք մենք անել: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»:


Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերսն ընդգծել է, որ սգում են Լեռնային Ղարաբաղի զոհերի համար, աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց պե՞տք է ձևացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ «Ոչ։ Սա բռնապետ Ալիևի սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։ Պատժամիջոցներ կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարեք Թուրքիային Մինսկի խմբից։ Բարեկրթություն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չներկայացնել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության հարց է, Ղարաբաղի հայերի համար կյանքի և մահվան հարց է»,- ասել է Վեյմերսը:


Հունաստանի ներկայացուցիչ Լեֆտերիս Խրիստոֆորուն շեշտել է, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչների է բերել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որ շատ լուրջ խնդիր է: «Մարդիկ աչքերը փակեցին Հայոց ցեղասպանության, հույների և այլ ազգերի ցեղասպանության հանդեպ՝ չընդունելով Թուրքիայի հանցագործությունները: Հայաստանի ժողովուրդը մեր արժեքների կրողն է, և նրանք պետք է զգան մեր աջակցությունը: Պետք է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»,- նշել է Խրիստոֆորուն:


Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժոֆրի Դիդիեն նշել է, որ Սիրիայից, Լիբիայից և Միջերկրական ծովի արևելյան մասից հետո հիմա Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ամբողջատիրական քաղաքականությունը, այս անգամ` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
«Ի՞նչ է անում Եվրոպան: Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ի՞նչ ենք անում մի երկրի ղեկավարի հանդեպ, որը ցանկանում է սրբել մեր արժեքները: Անընդունելի է շարունակել քննարկել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եվրոպան խաղալիք չէ, մեր արժեքները ոտնահարելն անընդունելի է»,- ասել է Դիդիեն:
Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սպիրակին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը աջակցվում է Թուրքիայի կողմից:
Նմանատիպ հայտարարություններ հնչեցրել են նաև մի շարք այլ երկրների պատգամավորներ` կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Տարիներ առաջ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնած Հունգարիայի ներկայացուցիչը հանդես է եկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ, երևի հույս ունի խրախուսման: Եվրոպան սկսում է խոսել, մնաց սկսի գործել՝ պատժամիջոցներ սահմանելով Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, և, իհարկե, ճանաչելով Արցախի Հանրապետությունը:

Դիտվել է՝ 6227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ