Հուլիսին Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը անկում է ապրել մինչև 23%՝ հաղորդել է Լևադա կենտրոնը հուլիսի 29-ին: Սոցիոլոգիական ընկերության արխիվի տվյալներով՝ դա պատմական նվազագույն ցուցանիշ է ՌԴ նախագահի համար: Բաց հարցման մասնակիցներին խնդրել են անվանել 5-6 քաղաքական ու հասարակական գործիչների, ում ամենից շատ են վստահում: Վլադիմիր Պուտինը ավանդաբար առաջին տեղում է լինում, բայց 2020-ի հուլիսին նրա անունը տվել է միայն 23%-ը: Դա 3%-ով պակաս է հունիսից, 12%-ով 2020-ի տարեսկզբից, 36%-ով 2017-ի նոյեմբերից: Պուտինին հաջորդում են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, բոլորն ունեն 10%: 3%-ը հայտարարել է, որ վստահում է Խաբարովսկի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին: Լևադայի տվյալներով՝ նրան ավելի շատ են վստահում, քան Ալեքսեյ Նավալնուն ու Դմիտրի Մեդվեդևին՝ 2%: ՙՈչ մեկին չեմ վստահում/բոլորին չեմ վստահում՚ պատասխանը տվել է հարցման մասնակիցների 33%-ը: Պետական ВЦИОМ գործակալության տվյալներով 2020-ի հունիսին Պուտինի վստահության վարկանիշը 28,6% է: Լևադա կենտրոնի հարցվածների 60%-ը ընդհանուր առմամբ հավանություն են տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը: Խոսքը փակ հարցման մասին է՝ հավանություն տալի՞ս եք, թե՞ ոչ: 33%-ը հավանություն չի տվել: Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության պիկը 2014–2015-ին էր (85–87%), կտրուկ անկում եղավ 2018-ին: Այդ ժամանակից ցուցանիշը շարունակում է նվազել: Վերջին ամիսներին պահպանվում է 59–60%-ի մակարդակին:
RFI
Հ.Գ. Վլադիմիր Պուտինի վարկանիշի կտրուկ անկման պատճառը կենսաթոշակային բարեփոխումն էր 2018-ին, որ ռուսները չընդունեցին, իսկ երկրորդ հարվածը հասցրեց սահմանադրական բարեփոխումը, որով Պուտինը իր նախագահությունը կարող է շարունակել մինչև 2036-ը: Եթե լիներ տնտեսական կայունություն ու բարեկեցություն, ռուսները Պուտինին կշարունակեին 85–87% վստահության քվե տալ, բայց տնտեսական ճգնաժամն ու կորոնաճգնաժամը երկրորդ պլան մղեցին ռուսական կայսրության վերականգնման քաղաքականությամբ ներշնչված վստահությունն ու համակրանքը: Ստեղծված պայմաններում 23%՝-ը կարող է վերջնագիծ չլինել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ