ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Յանուկովիչը պատրաստ էր Ղրիմի մի մասը «նվիրելու» Չինաստանին

Յանուկովիչը պատրաստ էր Ղրիմի  մի մասը «նվիրելու» Չինաստանին
16.05.2014 | 00:34

Օրերս աշխարհի լրատվամիջոցներում երևաց մի պերճախոս, միաժամանակ միանգամայն կանխատեսելի լուր. Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը մայիսի 9-ին իր «Twitter»-ում ներկայացրել է Ղրիմի տնտեսական ապագայի իր տեսակետը. «Ղրիմը ուկրաինական տարածք է, Ռուսաստանի կողմից օկուպացված։ Այն պետք է փակ լինի ցանկացած օրինական բիզնեսի համար կամ մեկ այլ գործունեության, եթե չկա Կիևի համաձայնությունը»։ Եթե դիտարկելու լինենք ռուս-ուկրաինական հակամարտության առնչությամբ արտաքին աշխարհի արձագանքը, ապա պետք է ուշադրության առնենք այն հանգամանքը, որ, փաստորեն, բոլոր կոնկրետ գործողություններն իրագործվում են այսպիսի մասնավոր կարծիքներով։ Այնպես որ, միանգամայն տրամաբանական կլիներ ենթադրել, որ մոտ ապագայում շվեդ նախարարի այդ միտքը միջազգային իրավական «աստառ» կընդունի։ Դժվար չէ ենթադրել, որ այդ դեպքում Պեկինը, որն առայժմ բավական չեզոք և նույնիսկ փոքր-ինչ մեկուսի դիրք է բռնել, ստիպված կլինի ավելի կոնկրետ և առարկայորեն արձագանքել իրավիճակին։ Ահա թե ինչու։

Անցյալ տարեվերջին մենք մի քանի հրապարակում ունեցանք ՈՒկրաինայի հետ Չինաստանի տնտեսական խոշոր պայմանավորվածությունների մասին, որտեղ մեծ տեղ էր վերապահվում Ղրիմին։ Հիշեցնենք, այն ժամանակվա նախագահ Յանուկովիչը Պեկին կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածության էր եկել առ այն, որ ՈՒկրաինան Չինաստանին է տալիս Ղրիմի տարածքի մի մասը՝ տնտեսական զարգացման գոտի ստեղծելու համար, որը Պեկինը մտցրեց իր «Մետաքսի նոր ճանապարհ» գերնախագծի մեջ։
Ղրիմի չինական գոտին պետք է ներառեր և՛ Սևաստոպոլը, և՛ Սակիի շրջանի մի մեծ տարածք Եվպատորիայի մոտակայքում, ուր ենթադրվում էր կառուցել խորջրյա նավահանգիստ։ Չինաստանը, ինչպես այն ժամանակ պարզաբանել էր ՉԺՀ-ի «Ժենմին ժիբաո» պաշտոնաթերթը, կարող էր իր բեռները Եվրոպա առաքել Սուեզի ջրանցքով ու Միջերկրական ծովով, շրջանցելով Ջիբրալթարի նեղուցը։ Նավահանգստի շինարարությունը պետք է լիովին ֆինանսավորեր չինական կողմը։ Մտադրություն կար դրա շուրջն ստեղծելու ինդուստրիալ գոտի՝ 300000 քմ արտադրական տարածքներով։ Այդ խորջրյա նավահանգստի շինարարությունը պետք է Պեկինին հնարավորություն տար ամբողջ 6000 կիլոմետրով կրճատելու Եվրոպա տանող առևտրական երթուղին։ Սահմանված էին նաև ժամկետները. շինարարությունը պետք է սկսվեր 2014 թ. վերջին, իսկ նավահանգստային ենթակառուցվածքում ներդրվելիք գումարները պետք է կազմեին մոտ երեք միլիարդ դոլար՝ միայն առաջին փուլում։ Երկրորդ փուլում, ինչպես գրել է «Ժենմին ժիբաոն», ներդրումները կհասնեն յոթ միլիարդ դոլարի։ Ենթադրվում էր կառուցել նաև օդանավակայան, նավաշինարաններ, նավթավերամշակման գործարան, հեղուկ բնական գազի արտադրական բազա, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև կահավորված լողափեր ու հանգստյան գոտի։ Ընդ որում, այդ ամենը չինացիները մտադիր էին անել արագ, մոտ երկու տարում, իսկ շահույթն ակնկալվում էր բոլոր օբյեկտները շահագործման հանձնելուց մոտավորապես վեց տարի հետո։
Այդ պլաններին Ռուսաստանի արձագանքը շատ ցավագին էր, իսկ մեկնաբանությունները՝ պարզապես հիստերիկ։ «Չինացիները սկսում են յուրացնել Ղրիմը», «Յանուկովիչը Ղրիմը տալիս է Չինաստանին», «Ղրիմի ոչնչացումը», «Ղրիմը՝ Made in China»՝ ահա ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հոդվածների բնավ էլ ոչ ամենակոշտ վերնագրերը։ Ռուս փորձագետների մատնանշած «չինական էքսպանսիայից» այդ արվող հիմնական հետևությունն այս է. «Ռուսաստանն առայժմ անմասն է մնում «Մետաքսի ճանապարհի գոտուց», համենայն դեպս, չինացիները դեռ հրապարակավ չեն հայտարարել ՌԴ-ի տարածքում որևէ խոշոր նախագծի իրացման մասին, որ համապատասխաներ իրենց ինտեգրացիոն հայեցակարգին», և միաժամանակ անսքող խանդ է զգում ՈՒկրաինայի նկատմամբ, որը, ռուսաստանցիների կարծիքով, «ոչ այս-ոչ այն իրեն տեսավ որպես Չինաստանի կողմից վերածնվող «Մետաքսի ճանապարհի գոտու» մաս»։ Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» 2013-ի դեկտեմբերի 9-ին իր համար անելով մխիթարական հետևություններ, թե՝ «երևում է Ռուսաստանն առայժմ չի կարող լիովին կատարել Եվրոպայի և Չինաստանի միջև բեռնափոխադրման միջանցքի դեր, ինչին դեռ վերջերս հավակնում էր», մեջբերում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինի այն խոսքերը, թե «դատելով Կենտրոնական Ասիայի փորձից, չինացիները թեև իրականում դեռևս իրենց տնտեսական ազդեցությունը չեն միացնում քաղաքականին», սակայն սխալ կլիներ լիովին ժխտել աշխարհաքաղաքական գործոնը Չինաստանի գործողություններում։
Հիմա իրավիճակը հիմնավորապես փոխվել է, և շատերը Ռուսաստանում ավելի ու ավելի են հուսալից հայացքներ ուղղում Պեկինին, այդ թվում՝ Ղրիմի առնչությամբ։ Այսպես, «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, հաղորդել է, որ Կերչի նեղուցով դեպի Ղրիմ փոխադրական միջանցքի (1,2-3 մլրդ դոլար արժողությամբ) շինարարությանը կարող են ներգրավվել Չինաստանի պետական շինընկերությունն ու մի մասնավոր ներդրումային հիմնադրամ, իսկ նախագծի մի մասը կֆինանսավորվի յուանով։ Չինական պաշտոնատար անձինք առայժմ ձեռնպահ են մնում այդ առումով որևէ մեկնաբանություն անելուց, իսկ «Մետաքսի ճանապարհի» Ղրիմի տեղամասի ճակատագրի և այդ առնչությամբ ստորագրված պայմանագրերի նկատմամբ նրանց հետագա ծրագրերը պարզելու բոլոր փորձերն առայժմ հաջողություն չեն ունեցել։ Ասենք, ինչպես վերջերս հաղորդել է Ղրիմի պետական խորհրդի տնտեսական, ֆինանսաբյուջետային և ներդրումային քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վիտալի Նախլուպինը, «Ղրիմի Սակիի շրջանում խորջրյա նավահանգստի կառուցման առնչությամբ չինական կողմի հետ բանակցություններ տեղի չեն ունենում»։ Ապագայում դրանք կանցկացվե՞ն, դեպի Եվրոպա ղրիմյան միջանցքի կառուցման չինական պլանները կիրականացվե՞ն, հնարավո՞ր են դրանք Ռուսաստանի և արդեն ռուսական, բայց ոչ ոքի կողմից չընդունված, Ղրիմի կանխատեսվող մեկուսացման պայմաններում, թե՞ ոչ և, առհասարակ, հիմա անհրաժեշտություն կա՞ կառուցելու այդ թանկարժեք, բայց նոր պայմաններում, երևի, թույլ ինքնահատույց ենթադրող նախագիծը։ Սրանք հարցեր են, որոնք դեռ պատասխաններ չունեն։ Եվ էլի մեկ ակնհայտ տարօրինակություն։ Ղրիմի հետ կապված այս ամբողջ պատմության մեջ դարասկզբի, թերևս, գլխավոր գլոբալ ապրանքահոսքի նախագծի հետ կապված իրավիճակը և իրադարձությունների նման զարգացման գործում նրա հնարավոր դերը ո՛չ փորձագիտական շրջաններում, ո՛չ աշխարհի լրատվամիջոցներում, փաստորեն, չեն քննարկվել։ Չմոռանանք, որ երբ անցյալ տարվա սեպտեմբերին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» անունով հավակնոտ ներդրումային հայեցակարգի իրացման ծրագրի մասին, այդ ժամանակ, շատերի կարծիքով, բոլոր նախադրյալները կային, որ այն շատ ավելի հեռանկարային ու հաջող կլինի, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միություն ստեղծելու մտահղացումը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ