ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եվրասիական մեդիա-ֆորում. ՈՒկրաինան «տանուլ է տրված», բայց ամեն ինչ խելամիտ սահման ունի

Եվրասիական մեդիա-ֆորում. ՈՒկրաինան «տանուլ է տրված», բայց ամեն ինչ խելամիտ սահման ունի
13.05.2014 | 00:39

Համաժողովի աշխատանքի երրորդ և վերջին օրվան բնորոշ էր քննարկվող թեմաների անհամարժեքությունը։ Չորրորդ նիստում խոսակցությունը «Ճգնաժամ ՈՒկրաինայում. ի՞նչ ուղի կընտրի ուկրաինացի ժողովուրդը» թեմայի շուրջ էր։ Հինգերորդում, որին ես արդեն որպես զեկուցող անձամբ մասնակցեցի, քննարկվում էր «Եվրասիական ինտեգրացիա. կլինի՞ արդյոք տնտեսական հեղափոխություն» թեման։ Վերջին` վեցերորդ և յոթերորդ նիստերն առհասարակ կարելի էր չանցկացնել. իմ կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ այդ նիստերի ժամանակ, ըստ էության, հսկայական դահլիճը 50 տոկոսի չափով անգամ լցված չէր։ Ահա այն թեմաները, որոնցում «քափ-քրտինք մտած» մրցակցում էին հիմնականում արևմտյան լրատվամիջոցների և այլ կառույցների ներկայացուցիչները. «Իմիջն ամեն ինչ է։ Ի՞նչ արժե երկրի «տարփողումը»։ Ո՞վ է օգուտ քաղում տարօրինակ փիարից» և «Գլամուրային «մոդուս վիվենդի». վերացարկված կյանքը` գեղեցիկ փաթեթավորմամբ։ Հիվանդությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն»։
Հուսամ` ընթերցողներից ոչ ոք չի նեղանա, եթե իմ շարադրանքում չանդրադառնամ վեցերորդ և յոթերորդ նիստերին։ Ախր ոչ մի հետաքրքիր բան չկար։ ՈՒկրաինային նվիրված նիստի պատասխանատուն Ռուսաստանի 1-ին հեռուստաալիքի հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն էր։ Զեկուցողներն էին Վրաստանի արդյունաբերողների կուսակցության առաջնորդ (հակասաակաշվիլիական), էթնիկ սվան Լևան Փիրվելին, Ռուսաստանում Կանադայի նախկին դեսպան Ջերեմի Քինսմանը, արևմտամետ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեևը, Սերբիայի եվրատլանտյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ելենա Միլիչը (բայց ոչ սերբուհի, ինձ թվաց, որ նա կամ կենսառոբոտ է, կամ զոմբի, որովհետև անթույլատրելի բան է, որ Սերբիայի ներկայացուցիչը հրապարակավ ցանկանար իր ազգի կապիտուլյացիան), արդեն հիշատակված` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեսանդրո Մինուտո-Ռիցցոն (Իտալիա), Ղրիմի ռուսական հանրապետության ինֆորմացիայի և զանգվածային լրատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին, Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
Լևան Փիրվելու և Դմիտրի Պոլոնսկու հետ շատ մտերմացա։ Կարծում եմ` կարիք չկա բացատրելու, թե ինչու։ Բայց պարոն Փիրվելին, առհասարակ, արտասովոր մարդ է։ Նախ, նա ազգակցական սերտ կապեր ունի Վրաստանի երկու հիասքանչ ընտանիքների` Վրաստանի խորհրդային շախմատիստուհի, գրոսմայստեր, աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի կրկնակի հավակնորդ Նանա Իոսելիանու և Շևարդնաձեի կառավարման շրջանում Աբխազիայի Կոդորի կիրճում Վրաստանի կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ, այնուհետև Սաակաշվիլու կողմից հետապնդված Էմզար Կվիցիանու ընտանիքների հետ։ Հիմա պարոն Փիրվելին ակտիվորեն աշխատում է, որ այս տարի ձերբակալված Էմզար Կվիցիանին ազատ արձակվի Վրաստանի նոր իշխանությունների կողմից, որոնք արդեն կասկածի տակ են դրել քաղաքական այն «պիտակների» մեծ մասը, որ Սաակաշվիլու վարչակազմը կպցրել էր իր բոլոր հակառակորդներին, այդ թվում` Կվիցիանուն։
Իսկ Պոլոնսկին ամեն առումով գրագետ ու հայրենասեր մի երիտասարդ է, խիստ հայասեր, իսկական մարտիկի խառնվածքով։ Դժվար էր ընդհանուր լեզու չգտնել նման անվանի հայրենասերների հետ, որոնք միաժամանակ նաև երբեք «հայրենասիրություն» հասկացությունը չեն շփոթում և չեն շփոթի, օրինակ, «արևմտամետ վճարովի ագիտացիոն սպասյակ» հասկացության հետ։
Իհարկե, ՈՒկրաինային առնչվող քննարկումների էությունը լիովին հաղորդել չի լինի։ Բնորոշ առանձնահատկությունը` ծախու ոչսերբ Միլիչը և կանադացի Քինսմանը, բացի այն, որ ամբողջ մեղքը բարդեցին «ագրեսիվ» Ռուսաստանի վրա, հընթացս էլ, թե, բա չեք ասի, էս Ռուսաստանը «պայքարում է գեյերի ու լեսբուհիների դեմ»։ Արևմուտքի այդ երկու ներկայացուցիչները, երևի, երկրների ժողովրդավարական լինելու բարձրագույն դրսևորումը համարել և համարում են այն, թե այդ երկրներում թույլատրվա՞ծ են, արդյոք, հրապարակային սեռական ակտերը թանգարաններում ու եկեղեցիներում, թե՞ ոչ, ինչպես նաև գեյ-շքերթները։ ՈՒ թե ի՞նչ կապ ունի գեյերի ու լեսբուհիների նկատմամբ Ռուսաստանի, ի դեպ նաև բացահայտորեն չապացուցված հակակրանքը ՈՒկրաինայի ողբերգության հետ, ավաղ, Քինսմանը և Միլիչը բացատրել չկարողացան։ Որպես իր երկրի նույնպիսի թշնամի և Կիևի ֆաշիստական խունտայի նվիրյալ իրեն դրսևորեց նաև Վարֆոլոմեևը։ ՆԱՏՕ-ական Մինուտո-Ռիցցոն զգույշ էր արտահայտվում և, փառք Աստծո, ամեն ինչ չէր հանգեցնում նրան, թե ով է պաշտպանում գեյերին ու լեսբուհիներին։ Սակայն սա էլ էր ակնարկում Ռուսաստանի մեղավոր լինելը։ Նրանց հակառակվում էին, բնականաբար, Շևչենկոն, Պոլոնսկին, Զատուլինը և... Փիրվելին։ Եվ սա առաջին տհաճ անակնկալն էր Արևմուտքի, ինչպես նաև ՈՒկրաինայի ու Վրաստանի` դահլիճում գտնվող ներկայացուցիչների համար։ Իսկ բատոնո Լևանն ավելի քան համոզիչ էր։ Երկու խոսքով` նրա հայտարարությունների իմաստը. ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ կլինի ՈՒկրաինայի հետ։ ՈՒրեմն նայեք սնանկացած ու նվաստացած Արևմուտքի զոհ Վրաստանին։ Եվ ո՞վ կհամարձակվի հակաճառել պարոն Փիրվելու փաստարկներին։
Քինսմանին ու Միլիչին բացահայտորեն «մորթեցին», հիշատակելով, թե ինչ արեց Արևմուտքը Հարավսլավիայի հետ և ինչպես թույլ տվեց (մատից ծծված «ալբանների ցեղասպանության» փոխարեն) ուղղափառ բնակչության իրական ցեղասպանություններ նույն Բոսնիայում ու Հերցեգովինայում, ինչպես նաև Կոսովոյում ու Մետոխիայում։ Հենց այդ դիրքերից էլ բացատրվեցին Ղրիմը, Ղրիմի հանրաքվեն, հիշեցվեց, որ դա արդեն երկրորդ համաղրիմյան հանրաքվեն է վերջին 23 տարում, որ Ղրիմը երբեք և ընդհանուր ոչինչ չի ունեցել «ՈՒկրաինա» բառի հետ` չհաշված Խրուշչովի վոլյունտարիստական և անօրինական որոշումը, և այլն։ Քինսմանն ու Միլիչը կարմրել ու, կարելի է ասել, խեղճացել էին, ինչը, ի վերջո, փոխանցվեց նաև Վարֆոլոմեևին, իսկ Մինուտո-Ռիցցոն առհասարակ իր միկրոֆոնը չմիացրեց։
Այն ժամանակ «գործի անցան» դահլիճում գտնվող արևմտամետ ուկրաինացիներն ու վրացիները, փորձելով հարցերով «լրացնել բաց թողնվածը»։ Հարցերը թե՛ սադրիչ էին, թե՛ անգրագետ, «Կրեմլի ագիտացիայի» մեղադրանքը` ավելի քան սրբապիղծ։ Ես նույնիսկ չդիմացա և առանց հարցի, առանց միկրոֆոնի, ամբողջ դահլիճին լսելի ձայնով գոռացի` հերիք ստեք։ Հերիք է ձեր ուզածով «մեկնաբանեք»` եթե որևէ մեկը ցանկություն ունի կրկնելու այս կամ այն քաղաքական և պետական գործչի խոսքերը, խնդիր չէ, նրանց ելույթների ու հայտարարությունների տեսագրությունները կան։ Շևչենկոյի, Վարֆոլոմեևի և Զատուլինի զարմանքը փոխվեց նրանց ընդդիմախոսներին ուղղված ավելի քան բազմանշանակ հայացքներով, թե` իսկ սա՞ ով է, սա ի՞նչ անուն է։ Դահլիճում ռուսատյացները սսկվեցին, իսկ «դագաղի վերջին մեխը» խփեց Պոլոնսկին իր խիստ պատասխանով։ Եվ այսպես, Աստանայում Արևմուտքը «տանուլ տվեց ՈՒկրաինան»։
Նկատի առնելով մայիսի 2-ին Օդեսայում ողջակիզված հակաֆաշիստներին, Արևմուտքը ՈՒկրաինան տանուլ է տալիս նաև բուն ՈՒկրաինայում։ Այդ երկիրն այլևս չկա` հենց իբրև պետություն։ Երբ մեծ արյուն է հեղվում և այն էլ նման ահասարսուռ ձևով, ապա վիճակն էլ մեծ արյունով է շտկվում։ Ժամանակը կգա և իրենք` արևելյան ուկրաինացիները, ֆիզիկապես կոչնչացնեն նացիզմի բուծարանը` ի դեմս արևմտյան ուկրաինացիների։ Այս հետևությունը հառնում էր նաև Աստանայում` ՈՒկրաինայի վերաբերյալ քննարկումների ու բանավեճերի ժամանակ։
Հինգերորդ նիստում պատասխանատուն ռուսական ՀըԽ հեռուստաալիքի հաղորդավար Դանիիլ Բաբիչն էր, և, ի դեպ, այս ալիքով ավելի մանրամասնորեն լուսաբանվեցին և՛ ամբողջ համաժողովը, և՛, առավել ևս, հինգերորդ նիստը։ Զեկուցողներն էին Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների գիտական խորհրդի բյուրոյի անդամ և ՌԴ առաջին գումարման Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Լեպյոխինը, ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի «The New Baku post» թերթի գլխավոր խմբագիր Թոֆիկ Աբասովը, բրիտանացի ռադիոհեռուստատեսային լրագրող, լրագրողական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրեն, ԲիԲիՍի-ի ուզբեկական ծառայության «Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների ակտիվ մեկնաբան Շահիդա Թուլյագանովան, թուրքական «Անադոլու» գործակալության նորությունների միջազգային բաժնի կառավարիչ խմբագիր Ֆարուք Չալըշքանը, տողերիս հեղինակը և վերջին պահին այս խմբին միացած Ղազախստանի ներկայացուցիչը։
Մի կողմ թողնենք, այսպես ասած, դատարկախոսությունները, որոնք հնչեցին «Եվրասիական ինտեգրման» մասին հազիվ թե որևէ բան լսած Շ. Թուլյագանովայի ու Ֆ. Չալըշքանի շուրթերից։ Անկեղծ ասած, ես առհասարակ չհասկացա, թե ինչու էին կազմակերպիչները սրանց խցկել հինգերորդ նիստի զեկուցողների ցուցակի մեջ։ Ըստ էության, հիմնական խոսակցությունը, նույնիսկ բանավեճն էլ չէ, ընթանում էր նիստի պատասխանատու Դ. Բաբիչի, Վ. Լեպյոխինի, Թ. Աբասովի ու իմ միջև։ Առաջին երկուսը չափավոր կերպով հավաստիացնում էին, թե «այդպիսի երգ կա», Ադրբեջանի ներկայացուցիչը ձգտում էր ապացուցել` «երգ կա՞, թե՞ ոչ, այնքան էլ կարևոր չէ, քանի որ Բաքվի համար Թուրքիա կա և ինտեգրման այլ, ավելի «տարածաշրջանային» ձևեր, թեև, իբր, Ադրբեջանն իր շահերը չի զոհաբերում Անկարայի «խաթեր համար»։ Իսկ ես ձգտում էի պարզապես խոսել օբյեկտիվ փաստերի ու իրողությունների մասին` առանց այս կամ այն բանի օգտին որևէ քարոզչության։ Ընդ որում, իմ զրուցակիցներին ու դահլիճի ունկնդիրներին կանխավ զգուշացրել էի` ես չեմ ներկայացնում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, ես կարող եմ միայն անձամբ իմ անունից խոսել, ու նաև Հայաստանի այնպիսի շարքային քաղաքացիների անունից, ինչպիսին ինքս եմ։
Բայց մի պահ, համենայն դեպս, տեղի ունեցավ տեղային ոչ մեծ «հուզական պայթյուն»։ Պատճառը Վ. Լեպյոխինի շատ տարօրինակ հղացումն էր այն մասին, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում պետք չէ ամբողջ հույսը դնել միայն ու միայն Ռուսաստանի վրա և սպասել նրա նախաձեռնություններին, որպեսզի կողմնակի հայեցողների շրջանում հետագայում գայթակղություն չառաջանար նորագույն իրավիճակը մեկնաբանելու որպես «ԽՍՀՄ-ը վերականգնելու» ոմանց փորձ։ Այլոց թվում Վ. Լեպյոխինը դժգոհեց Հայաստանից այն առնչությամբ, որ այդ երկիրը ոչ մի ինքնուրույն նախաձեռնություն չի առաջադրում եվրասիական ինտեգրման հարցում։ Ռուսաստանի ներկայացուցիչը, ասես, այդ «գաղափարով» հակառակվեց Թ. Աբասովի, Ֆ. Չալըշքանի և Շ. Թուլյագանովի թույլ փորձերին` ակնարկելու, որ եվրոպական տարածությունում ինտեգրացիոն նախաձեռնությունների պատրվակով «ոմանք», այնուամենայնիվ, ձգտում են վերականգնել ԽՍՀՄ-ը։
Ինչպես ասում են, ամեն ինչ պետք է խելամիտ սահմաններ ու ծավալներ ունենա։ Ես առարկեցի ռուսաստանցի ընդդիմախոսին, հիշեցնելով, մի կողմից, Հայաստանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի տնտեսությունների ու ռեսուրսների անհամադրելիության մասին։ Ինչպես նաև Եվրասիական մեդիա-ֆորումի մասնակիցներին հայտնեցի, որ Հայաստանի շարքային քաղաքացիների մեծամասնության համար ներկա փուլում, ասենք, Բելառուսի ու Ղազախստանի հետ ինտեգրման հարցը դժվար պատկերացնելի հեռանկարների ու թեմաների նման մի բան է՝ ի տարբերություն, օրինակ, տնտեսական և այլ առումներով Ռուսաստանի հետ ինտեգրման հարցի, հատկապես ռազմական և ռազմատեխնիկական առումով։ Բացի այդ էլ, Հայաստանը ստիպված է հետընթացս վերադասավորվել. եթե մինչև 2013-ի սեպտեմբեր Երևանն արագ տեմպերով փոխում էր ազգային օրենսդրությունը, ընդունելով կամ վերափոխելով ավելի քան 1200 հայկական օրենքներ, դրանք համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին՝ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը նախապատրաստության շրջանակներում, ապա հիմա Հայաստանը նույնքան արագ տեմպերով էլ ստիպված է իր օրենքները հարմարեցնել Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված և գործող պահանջներին։ Դա կաշկանդում է Հայաստանին այն առումով, որ նա ժամանակի խնդիր ունի այն կարևորագույն հարցերը ծանրութեթև անելու համար, որոնք բխում են իրար միանգամայն հակասող ինտեգրացիոն գործընթացներից, ուրեմն և սահմանափակում են Երևանի հնարավորությունները՝ ինչ-ինչ նոր նախաձեռնությունների առաջադրման ուղղությամբ, որոնք կհետաքրքրեին եվրասիական ինտեգրման կառուցվածքների «հնաբնակներ» Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին։ Այլ բան է, որ եթե միանգամայն նոր ֆորմացիայի՝ Եվրասիական միության ստեղծման հարցում Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդն անհրաժեշտ համարեն իրենց ակտիվ մասնակցությունը, ապա այստեղ, իրոք, Երևանը տեղ ունի առաջադրելու իր նախնական ինքնուրույն նախաձեռնությունները։ Որովհետև աշխարհաքաղաքականության առումով Հայաստանը սպասվող Եվրասիական միության (ԵԱՄ) գծով իր գործընկերներին առաջարկելու բան ունի։ Սակայն Հայաստանի կողմից ԵԱՄ գծով հնարավոր նախաձեռնությունները կարող են ավելի լրջորեն ընդունվել և գործընկերների կողմից աշխարհաքաղաքական առումով ավելի ուժեղ համարվել միայն այն դեպքում, եթե Երևանը հանդես գա որպես ԵԱՄ համահիմնադիր, ոչ թե, ինչպես Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության դեպքում, «սպասի» և ժամանակի ու տարածության մեջ արտքաղաքական ձեռնածություններով զբաղվի։
Հինգերորդ նիստի ավարտին ինձ մոտեցավ Վ. Լեպյոխինը և, ըստ էության, խոստովանեց, որ Հայաստանի կողմից եվրասիական ինքնուրույն նախաձեռնությունների վերաբերյալ իր գաղափարը նպատակամիտված է եղել բանավեճի այն ուղղվածության փոփոխմանը, որ, այնուամենայնիվ, փորձում էին ներկայացնել Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները և, այսպես ասած, անգլիացի ուզբեկուհին։ Ես պատասխանեցի, որ շատ լավ հասկացել եմ դա, պարզապես չէի կարող չարձագանքել պարոն Լեպյոխինի ռեպլիկին։ Եվ մենք բարեկամացանք։ Իհարկե, եթե նույնիսկ մակարդակով ու բնավորությամբ ամենատարբեր մարդիկ մտավոր առումով ինչ-որ ընդհանուր բան են գտնում իրար մեջ, ապա նրանց համար ավելի հեշտ է լինում մտերմանալը։
Ապա հետևեցին համաժողովի պաշտոնական փակումը, կազմկոմիտեի նախագահ տիկին Դարիգա Նազարբաևայի եզրափակիչ խոսքը և, վերջապես, Աստանայի մյուզիք-հոլլում տրված եզրափակիչ գալա-ընդունելությունը։ Այստեղ էլ պարզվեց, որ Եվրասիայի այդ խոշորագույն մեդիա-նախագծի կազմակերպիչները որոշել են յուրովի գնահատել իմ մասնակցությունը համաժողովին։ Եվ հանձնեցին մի հատուկ դիպլոմ, ինչպես նշված է, «Բանավեճերին ակտիվ մասնակցության, դատողությունների համարձակության և հաստատակամության համար»։ Ինչ լավ է, որ գոնե օտարները տեսնում են այն, ինչ չեն տեսնում յուրայինները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ