ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Խաղը փոխվում է

Խաղը փոխվում է
18.04.2014 | 11:54

Իրադարձությունները Հայաստանում, աշխարհում այնքան արագ են փոխվում, որ շատ դեպքերում անհնար է լինում գտնել տրամաբանական եզրը: ՈՒկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող զարգացումները դեռ շատ ջուր կքաշեն, փորձագետները չեն բացառում, որ այն վերածվի լայնամասշտաբ պատերազմի:
Իսկ Հայաստանում թիվ մեկ զարգացումն ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու, ընդդիմության մեջ նոր հայտ ներկայացնելու իրողությունն էր, որն էլ շղթայական ազդեցություն է թողնելու թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր վերադասավորումների վրա:
Ճի՞շտ վարվեց ՕԵԿ-ը, թե՞ ոչ, էական չէ, փաստը կայացած է: Դիտարկենք` ի՞նչ կարող է լինել հետո: Աշխարհաքաղաքական առումով ՕԵԿ-ի դուրս գալն ավելի հետաքրքիր է, քան ներքաղաքական: Մեր տեսանկյունից: Հաշվի առնենք` արևմտյան դաշտը բաց է վաղուց: Արթուր Բաղդասարյանը, որը շատ լավ հարաբերություններ ունի ոչ միայն արևմտյան լայն շրջանակների հետ, նույնքան հասկանալի է ռուսաստանյան խաղացողներին, եթե չասենք ուժայինների մասով` վերջիններիս հետ ստեղծված մարդկային հարաբերությունների տեսանկյունից, ինչը քաղաքականության մեջ ամենևին էլ մանրուք չէ:
Ի դեպ, ՕԵԿ-ի նման խաղաթուղթը, երբ դու կարող ես համահավասար ընկալելի լինել երկու աշխարհախաղացողների համար, այսօր մասամբ անհասկանալի կարող է լինել իշխանության մեջ լինելու պարագայում, քանզի, ինչպես ցույց են տալիս ներհայաստանյան վերջին զարգացումները, Ռուսաստանը Հայաստանին ինչ-որ բանի է պատրաստում, և դա, ինչպես շատ փորձագետներ են նշում, հնարավոր է լինեն Վրաստանն ու Ադրբեջանը Ջավախքով ու Ղարաբաղով «մոդիֆիկացնելու» տարբերակները, ինչպես նաև Ղրիմով սկսված, Մերձդնեստրում շարունակվող, Ղարաբաղում գուցե իր հանգրվանը գտնող ապագա զարգացումները:
Այնուհանդերձ, կարելի է ֆիքսել. Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում դուրս եկան իշխանական խաղից, իրենց սեփական խաղն առաջ տանելու, նոր լոտեր ձեռք բերելու համար` ոչ միայն բաց մնացած արևմտյան պարտիայի, այլև բաց մնացած ընդդիմադիր դաշտի տեսանկյունից: Հիմա շատերն իրենց խաղադրույքները կդնեն, ինչպես կասեր Վանոն` «սիրուն տղա-լեզվանի» Արթուրի վրա, որովհետև ԲՀԿ-ի ընդդիմադիր իմիտացիան ՕԵԿ-ը կփոխակերպի նոր վարչապետի քննադատությամբ, պատասխան կտա ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի հետ թունդ համագործակցության մեջ գտնվող 69-ամյա Լևոն Տեր-Պետրոսյանին` իր երբևէ ասածների համար:
Այսպիսով, ՕԵԿ-ը խառնեց ոչ միայն իշխանական, այլև ու առաջին հերթին ընդդիմադիր դաշտի հաշվարկները` խախտելով վերջիններիս ստատուս-քվոն` իշխանությունների հետ խաղեր տալու ամպլիտուդի մասով:
Հիմա պետք է սպասել, թե ինչ են ասելու ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` իրենց մասով. քանզի մեր տեղեկություններով, բոլոր դեպքերում, իշխանությունները սպասում են Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այսօր մեկնարկող ՀՅԴ գերագույն ժողովը ևս մեծ նորույթ չի բերի: Այս երկու կուսակցություններն էլ կորդեգրեն ձևով ընդդիմադիր, բովանդակությամբ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջող, Հովիկ Աբրահամյանին չքննադատող մարտավարություն` ձեռները մեկնելով ձևական ընդդիմադիր փրփուրներին:
Ի դեպ, դեռ մի կարգին վարչապետի աթոռին չտեղավորված, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից պաշտպանվող նորաթուխ պարոն վարչապետն արդեն իսկ հասցրել է մեկ դյուժին պարտություններ գրանցել իր «նախահաշվին». նրա վարչապետական առաջին ուղերձն ստացվեց անսահման տխրահռչակ, ոչ ադեկվատ` ուղղված առաջին նախագահի չեղած մտքերին: Հաջորդիվ էլ նա չի կարողանում իր շրջապատին տված պաշտոնի` նախարար «տալու» խոստումներն իրականացնել: Շարունակությամբ էլ, եթե Ծառուկյանը չարտաբերի «հարկավոր» մտքերը, ապա...
Չասենք ինչ է լինելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ