Փետրվարի 20-ը տարիներ անց նորից ու նորից բարձրացնում է նույն հարցը՝ Հայաստանի Հանրապետության անկախության: ԽՍՀՄ-ը չկա: Պատերազմ չկա: Հայաստանի Հանրապետությունը կա: Բայց անկախության հարցը մնում է: ՈՒ դառնում է ավելի ու ավելի օրակարգային: ՈՒ նորից ավելի շատ են հարցերը, քան պատասխանները: Այնուհանդերձ, կա ընդհանրական պատասխան՝ այսօրվա իրականությունը, և այդ պատասխանի մեջ մենք բոլորս ենք:
Մենք բոլորս, որ ունենք մեր հարցերը, նույնքան ու ավելի պատասխանները, բայց չունենք բոլորիս համախմբող ընդհանրական գաղափարը, որը կարող է փոխել իրականությունը, որից դժգոհ է հասարակության 80 տոկոսը: Եվ դա շատ մեծ պայմանականություն է, որովհետև 20 տոկոսն էլ դժգոհ է 80 տոկոսից, ուրեմն՝ 100 տոկոսով բոլորը բոլորից դժգոհ են: Փաստորեն:
Հարց I. Ո՞վ է այսօր Հայաստանի արտաքին թշնամին, որ մեզ համար այդքան կենսական հարց է ազգային անվտանգությունը, որ Եվրամիության և Մաքսային միության միջև մենք ընտրում ենք ՀԱՊԿ-ը: Ադրբեջա՞նը: Հարկավ: Համենայն դեպս՝ պաշտոնական քարոզչության մեջ Հայաստանն ու աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են: Նույնիսկ եթե մենք նրանց թշնամի չհամարենք: Իսկ մեր բանա՞կը: Կա՞, թե՞ չկա բանակ, որ կարող է ու պարտավոր է պաշտպանել երկիրը: Դատելով երկրի բյուջեից կատարվող հատկացումներից՝ կա և շատ էլ մարտունակ է, լավ էլ զինված է: Կա՞ իրավիճակ, որ Հարավային Կովկասում պիտի նորից պատերազմով հանգուցալուծվի: Եթե կա, Հայաստանը ՀԱՊԿ-ի, թե ԿՊԱՀ-ի անդամ լինի, պատերազմ լինելու է: Հարկավ, ՀԱՊԿ-ը միայն ռազմական կառույց չէ, քաղաքական զսպիչ մեխանիզմներ էլ ունի և այլն, և այլն: Բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ անդամակցես, չանդամակցես որևէ կառույցի, պատերազմ սկսողը ինքն էլ ավարտելու է՝ իր ցանկացած ելքին հասնելուն պես կամ չհասնելու պատճառով: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը զինադադար կնքելու հաջորդ օրն իսկ նորից կմտներ պատերազմի մեջ, եթե վստահ լիներ, որ իրեն կթողնեն հաղթել: Իսկ չեն թողնում ոչ թե հայասիրությունից ու հայերի արդար դատից ելնելով, այլ սեփական շահերից: Այս տարածաշրջանում որևէ երկրի պատերազմ պետք չէ: Լոկալ բախումներ պետք են: Ռուսաստանին: Երկու ու նույնիսկ երեք պատճառով: Նախ՝ պահպանելու հաշտարար դատավորի իր դերն ու անհրաժեշտությունը, իմա՝ իր ներգործությունը: ՈՒ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում, այլև երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում: Ապա՝ զենք վաճառելու Ադրբեջանին (միայն բիզնես, ոչինչ՝ անձնական) և տրամադրելու Հայաստանին (պահելու համար ազգային անվտանգության երաշխավորի լուսապսակով իմիջը): Երրորդ՝ ՌԴ ռազմաբազան Հայաստանում: Սա ոչ թե Հայաստանի ազգային անվտանգության երաշխիքն է, սա երաշխիքն է, որ ՆԱՏՕ-ն երբևէ ¥համենայն դեպս առաջիկա հիսնամյակում՝ ըստ համաձայնագրի¤ չի մտնի Հարավային Կովկասի այս հատվածը. այն կմնա պլացդարմ Ռուսաստանի համար՝ ի տես հարևան երկրների: Եվ՝ ի գիտություն: Նկատի ունեցեք՝ ռազմական պլացդարմ: Բայց մեծ պատերազմ Ռուսաստանին պետք չէ: Մնում է Թուրքիան: Դարավոր ոսոխը: Պատմական հայրենիքի այսօրվա իրավական տերը: Իսկ Թուրքիայի ինչի՞ն է պետք Հայաստանի դեմ պատերազմը: Հանուն տարածքի՞:
Չափազանց մեծ գին է վճարելու մի տարածքի դիմաց, որ իրեն պետք չէ: Թուրքիան այնքան է խրվել եվրոպական ու ամերիկյան քաղաքականության մեջ՝ ինտեգրվելով ռազմականից տնտեսական, մաքսայինից կրոնական կառույցներում, որ մի օր արթնանալ ու հարձակվել հարևանի վրա, անիրական է: Նույնքան անիրական է՝ հարձակվել գիշերով: Վերջին հային թանգարանում թողնելու ծրագիր Թուրքիան չունի: Ոչ եվրոպամետ մարդասիրությունից, ոչ թանգարանների նկատմամբ հավատը կորցնելու պատճառով: Պարզապես հարևան պետությունը Հայաստանից ոչ վախենալու, ոչ վտանգ զգալու, ոչ էլ Հայաստանի հակաթուրքական հեռահար ծրագրերը կանխելու պատճառ չունի: Մենք վտանգ չենք ներկայացնում: Հավելեք հարյուրամյա մեղքերի հատուցման պատմությունը, որի տակից Թուրքիան դեռ չի կարողացել դուրս գալ: Մնում են Վրաստանն ու Իրանը: Նրա՞նք են սպառնում մեր ազգային անվտանգությանը: Եթե այո, ապա մենք, որ սիրում ենք բարոյական հաղթանակներ տանել, ևս մի Ավարայրում կհաղթենք ու այդ սպառնալիքն էլ կհաղթահարենք: Հաստատ՝ առանց պատերազմի: Մեր ազգային անվտանգության սպառնալիքը այն ազդեցիկ, խորհրդավոր ու անսակարկելի պատրվակն է, որ անհրաժեշտ է դարձնում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Բայց՝ ՀԱՊԿ-ի համար: Որովհետև այս տարածքը պետք է Ռուսաստանին: Տարածքը: Բայց ոչ բնակչությունը: Առավել ևս՝ պետությունը: Այսինքն՝ միջազգային իրավահարաբերություններում սուբյեկտ, որ կարող է հավասարապես գործակցել այլ սուբյեկտների հետ: Դա անթույլատրելի է: Դա դավաճանություն է պետական շահին: Բայց՝ Ռուսաստանի: Որովհետև Ռուսաստանը ինքնաբերաբար իրեն համարում է հետխորհրդային տարածքի բոլոր երկրների ու բոլոր տարածքների տերը: Եվ երբ որևէ անկախ պետություն իր սուվերեն իրավունքներն է պաշտպանում, Ռուսաստանը սկսում է պատերազմել այդ իրավունքների դեմ: Բայց մարտի դաշտ հանում է ոչ թե ռուս զինվորին, կամ ռուսական տանկերն ու ինքնաթիռները, այլ ռուսական գազը, հետո՝ հարկադրանքի տնտեսական այլևայլ միջոցներ: Ռուսաստանը մարտի դաշտ հանում է ոչ միայն գազը, այլև բոլոր այդ երկրների քաղաքացիներին, որ անկախության անցած տասնամյակներում հասցրել են դառնալ արտագնա աշխատանքի մեկնող ու տրանսֆերտներ առաքող: Պատկերացրեք՝ սա ավելի զորեղ գործիք է, որովհետև կա մարդկային գործոնը: Արտագնա աշխատանքի մեկնողները ոչ միայն պատանդ են Ռուսաստանի ձեռքում, այլև ցանկացած պահի նրանց հայրենիքի վրա ներգործելու անվրեպ զենք: Այնքան անվրեպ, որքան հարազատ ունեն հայրենիքում: Այնքան անվրեպ, որքան իրենց թիվն է Ռուսաստանում: Այնքան անվրեպ, որքանով կպակասի նրանց թիվը և նրանց ուղարկած տրանսֆերտների չափը: Միգրացիոն դաշնային նոր օրենքը ուղղակի դիդակտիկ պարագա է՝ ասվածը հիմնավորելու համար: Հայ միգրանտներին կուղարկե՞ն Հայաստան՝ Հայաստանում քաղաքական ու տնտեսական բունտ են հասունացնելու: Չե՞ն ուղարկի՝ Հայաստանի իշխանությանն են պարտադրելու իրենց պայմանները: Ամենատարբեր ձևաչափերով, որոնցից ընդամենը մեկն է Մաքսային միությունը: Մաքսային միությունը նպատակ չէ բնավ: Նպատակ չէ Եվրասիական միությունը: Միջոցներ են ընդամենը: Մի՛-ջո՛ց-նե՛ր: Միջոցներ, որոնցով Ռուսաստանը փորձում է, ջանում է, պարտադրում է իր գործընկերությունը Եվրամիությանն այս մայր ցամաքում, ԱՄՆ-ին՝ այն մայր ցամաքում: Ռուսաստանի նպատակը գերտերության իր կորցրած ֆունկցիաները վերականգնելն է: Աշխարհի բոլոր անկյուններում Ռուսաստանը լուծում է այդ խնդիրը՝ Վենեսուելայից Վաշինգտոն, Եգիպտոսից Սիրիա, ՈՒկրաինայից Վրաստան, Իրանից Թուրքիա: Հայաստանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակայություն չունի, օրակարգային խնդիր չէ: Կանք ու կանք: Ինչպես ծովի մեջ լինում են խութեր: Կղզիներ: Փոթորիկներ: Եվրամիությունը համարժեք գործընկեր չի տեսնում Ռուսաստանին ոչ միայն օբյեկտիվ պատճառներով ¥ժողովրդավարության մակարդակը, տնտեսության որակը և կառուցվածքը, ստանդարտների մեծ տարբերությունը¤, այլև սուբյեկտիվ՝ Հին աշխարհը չի ընդունում Մայր Ռուսիայի քաղաքական նկրտումները: Թեպետ առանձին-առանձին համարյա բոլոր պետությունների հետ Ռուսաստանն ունի երկկողմանի քաղաքական ու տնտեսական բարձրամակարդակ հարաբերություններ, Եվրամիության հետ հարաբերությունները չեն ստացվում: Որովհետև կա ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն, որտեղ Կրեմլի ինտեգրման բոլոր քայլերն ավարտվում են, ինչպես զեփյուռը չի անցնում Չինական մեծ պարիսպը: Իսկ ՆԱՏՕ-ն նախ և առաջ ԱՄՆ է, գերտերություն, որին հասնել ու անցնելու դարակազմիկ բնագիծը ռուսները պարբերաբար առաջադրում են իրենք իրենց իբրև ազգային-պետական ծրագիր: Համարյա ազգային իդեալ: Իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միշտ եղել է մրցակցային հարաբերությունների մեջ: Աշխարհի բոլոր անկյուններում: Մեծ ու փոքր երկրներում: Արագ ու երկար պատերազմներում: Գունավոր ու անգույն հեղափոխություններով: Սառեցված ու թեժ կոնֆլիկտներով: Դոլարով ու առանց դոլարի: Սա այս պետությունների համար կենսաձև է, նրանք նման են երկու մագնիսի, որ ձգտում են հնարավորինս շատ իրեր հավաքել, բայց վանում են իրար:
Հարց II. Մնալ սուբյե՞կտ, թե՞ դառնալ օբյեկտ, ո՞րն է ավելի ձեռնտու: Սուբյեկտն ունի ինքնուրույն գործելու խնդիր: Պատասխանատվություն: Պիտի որոշումներ ընդունես, որոնցից կախված է ամեն ինչ՝ պետության կենսագործունեությունը, պաշտպանությունը, ժողովրդագրությունը, ծնելության ու մահացության հարաբերակցությունը, մշակույթը, քո իշխանություն լինել-չլինելը, հարևանների հետ հարաբերությունները, միջազգային ասպարեզում քո շահերը պաշտպանելը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, սպորտը, վարկերը, ներդրումները, միջազգային տնտեսական ծրագրերը, կոնֆլիկտները, արտագաղթ-ներգաղթը, ՀՆԱ-ն ու տնտեսական աճը կամ ռեցեսիան: Օբյեկտը այս ու մնացյալ խնդիրները մասնակի կամ ամբողջությամբ հանձնում է այլ պետության տնօրինությանն ու ձևացնում, որ ինքնուրույն է գործում: Ո՞րը կընտրի Հայաստանը: Չկասկածեք՝ երկրորդը: Այդպես հարմար է: Արդեն ընտրել է: Բայց գիտի, որ սխալվել է ու շարունակում է արդարանալ ինքն ի առաջ՝ համագումար առ համագումար, նախագիծ առ նախագիծ, ուղերձ առ ուղերձ: Անդառնալի՞ է այս ընտրությունը: Ինչ որոշումներ էլ քաղաքական գործիչները կայացնեն, օբյեկտիվ իրականությունը բերում է իր լուծումները: Այդպես են փլուզվում կայսրությունները: Սկսվում ու ավարտվում ճգնաժամերը: Ոչինչ ոչ հավերժական է, ոչ անբեկանելի:
Հարց III. Արժի՞ նախաձեռնություն դրսևորել, թե՞ ինքնահոսի թողնել՝ ինչպես գնա՝ գնա, միևնույն է, մեզնից ոչինչ կախված չէ: Ավելին՝ հերթական ձախողումը ընդամենը խորացնելու է հուսահատությունը և ոչինչ չի փոխելու: Իսկ հետևանքը լինելու է ավելի վատ իրավիճակ, քան կար մինչ այդ: Եվ դա հրաշալի պատճառաբանություն է նույնիսկ նրանց համար, ովքեր կարող են փոխել: ՈՒ այդ համապատկերում շատ ավելի կարևոր է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը ինչո՞ւ է մեկնել Անկարա և ինչի՞ է հասել: Թե Իրանի նախագահ Հասան Ռուհանին կգա՞-չի՞ գա Հայաստան և ե՞րբ՝ մինչև Ռուսաստանի հետ բանակցե՞լը, թե՞ հետո: Եվ որովհետև այսպիսին ենք մենք, այդպես են վերաբերվում մեզ: Իսկ մենք կարծում ենք, թե այդպես վերաբերվում են, այդ պատճառով էլ այսպիսին ենք: Անկախությունը պատերազմ է, որի ամեն օրը պիտի հաղթես, իսկ մենք փորձում ենք զինադադար կնքել ու ներկայացնել իբրև հաղթանակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ մտածե՞լ եք՝ ինչպիսի՞ն էր հայոց 1914-ը, որ այդպիսին եղավ հայոց 1915-ը: