ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ե՞րբ կլռեն Մայդանի զանգերը

Ե՞րբ կլռեն Մայդանի զանգերը
21.02.2014 | 00:26

Մայդանում տեղի ունեցողն ամփոփագրում է, որ ՈՒկրաինային հատկացված էր անչափ որոշիչ դեր: Համարվելով գունավոր հեղափոխությունների օրրան և քաղտեխնոլոգիաների դարբնոց` «Пора»-ի և «նարինջների» հայրենիք, ՈՒկրաինան այսօր դարձել է մեծ ջրբաժան, որից հետո աշխարհը կանցնի նոր «տոմարի»: Իսկ մինչ այդ Մայդանն ապացուցեց.
ա) Հետխորհրդային երկրներում նույնպես կարող է «ծաղկել» արաբական արյունոտ գարունը, և քրիստոնեական աշխարհում նույնպես ղողանջում են մահ ազդարարող եղբայրասպան զանգերը:
բ) Օլիմպիադաները միայն սպորտային տոն չեն. դրանք քաղաքական ազդանշանային համակարգի բաղկացուցիչ են, գործիք, որի կացնահարվածներով ձևվում է աշխարհը, իսկ առավել ստույգ` հետխորհրդային տարածքը` Ռուսաստանի գլխավորությամբ: Եթե կարճ, ապա Սոչիի օլիմպիադան դարձավ Պեկինի օլիմպիադայի պատասխանը «Չեմբեռլենին», Ռուսաստանին և Պուտինին, որն այն օրերին հնգօրյա պատերազմով վերաձևեց արդեն «վարդերի», այն է` արևմտյան մեկ այլ երկրի` Վրաստանի սահմանները: ՈՒ եթե Օսիա-Աբխազիայով Արևմուտքը մեծ վնաս չկրեց, ապա ՈՒկրաինայի կորստով Ռուսաստանը կկորցնի շատ բան, եթե չասենք` գրեթե ամեն ինչ:
Իսկ որ ուկրաինական «ջինը» շշից դուրս եկել և ուղղակիորեն ծիծաղում է Պուտինի երեսին, խիստ ակնհայտ է, իսկ ժամանակավոր հրադադարը` Կլիչկո-Յացենյուկ-Տյագնիբոկ եռյակի ու Յանուկովիչի միջև առ ոչինչ է, որովհետև խաղի տերն այլևս իրենք չեն, և ապա` խաղը վաղուց է Ռուբիկոնից այն կողմ անցել՝ ցուցանելով, թե որքան անզոր գտնվեց Ռուսաստանն այս խաղում: Նախորդ օրն արդեն Ռուսաստանի փորձագետների, «չեկիստների» նյարդերը չէին դիմանում, նրանք ուղիղ եթերից խիստ բացահայտ մեղադրում էին Յանուկովիչին` «դիակ» դառնալու, որևէ քայլ չկատարելու, արտակարգ դրություն չհայտարարելու համար: Այո, Ռուսաստանը հեղափոխություն խեղդելու չորս հարյուր «ազնիվ» ձև գիտի, և չորս հարյուրն էլ ունեն մեկ լուծում` բանակ, որը համառորեն չէր «շարժում» Յանուկովիչը: Եվ դա այն դեպքում, երբ ՈՒկրաինայի արևմուտքի որոշ քաղաքներում արմատականները բռնագրավել էին բանակի ու ազգային անվտանգության ողջ արսենալը:
Ինչո՞ւ է Յանուկովիչը, որի խղճին արդեն իսկ ծանրացել են տասնյակ զոհեր ու վիրավորներ, ու, ոնց երևում է, ՈՒկրաինայի, որպես երկրի, լավագույն դեպքում՝ մասնատումը, վատթարագույն դեպքում՝ եգիպտական քաոսի մեջ հայտնվելն ու քաղաքացիական պատերազմի հորձանուտում արնաքամ լինելը, այսպես «հապաղում»` ըստ Ռուսաստանի: Յանուկովիչը, թերևս, չի ցանկանում հայտնվել Մուբարաքի դերում, սակայն Ասադ նրանից նույնպես չի կերտվում:
Այն, որ ՈՒկրաինան, ի վերջո, կդառնա այն առանցքը, որը կորոշի ուժերի բալանսն աշխարհում` Մերձավոր Արևելք, հետխորհրդային տարածք, Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, մինչ այս դժվար էր կանխատեսելը, սակայն զարգացումները, անկասկած, այդ են վկայում` իրենց հերթին ապացուցելով, որ ՈՒկրաինայում հարցերը շուտ չեն լուծվելու, որովհետև շահերի կիզակետ դարձած այդ երկրում դեռ շատերը կփորձեն իրենց կոշիկները մաքրել` աշխարհակարգը փոխելու, նրան տիրանալու համար:
Ի՞նչ է սպասում հետխորհրդային մյուս երկրներին այդ դեպքում. սրտամաշ սպասո՞ւմ, թե՞, ի վերջո, ինչով կավարտվի Մայդանը, ինչ հարաբերակցություն կառաջանա Արևմուտք-Ռուսաստան տանդեմում:
Հայաստանում ևս սցենարները տարբեր են: Ոտքի ելածները` նույնպես: ՈՒ այնպես չէ, որ միտինգի պատրաստվողների, իշխանություն տենչացող «փարդի քամակում» գտնվողների համար են ղողանջելու զանգերը միայն:
Չի կարելի բացառել և ոչ մի սցենար, այդ թվում, ուկրաինական Մայդանի «հաղթանակի» դեպքում, հայաստանյան արտաքին վեկտորի հնարավոր բալանսավորում (տա՛ Աստված` անարյուն) «մաքսայինի» ու «ասոցացման» միջև:
Ինչի հնարավորությունը Ռուսաստանը չտվեց մեզ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ