«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Ինտերնետը որպես քաղաքացիական հասարակության նախատիպ

Ինտերնետը որպես քաղաքացիական հասարակության նախատիպ
29.12.2012 | 12:38

Ֆեյսբուքում այս կամ այն քաղաքական գործիչը գրեց այս կամ այն միտքը: Բոլորը քննարկեցին այդ միտքը: Շատերը քննադատեցին, շատերը համաձայնեցին նրա հետ: Շատերը շատ եզրակացություններ կատարեցին այդ գրածի հիման վրա: Որոշ մարդիկ անգամ կատարեցին լուրջ վերլուծություններ և գրեցին իրենց կարծիքը մի քանի տարվա կտրվածքով: Դա այսօրվա մեր իրականությունն է: Հայաստանում: Այսօր, առավել քան երբևէ, մենք կախված ենք այդ համացանց կոչվող հիվանդությունից: Իհարկե, դա արտաքին տեսանկյունից բավականին վատ բան է, սակայն երբ ուսումնասիրում ենք դրա իրական հնարավորությունները, հասկանում ենք, որ ինտերնետը, սոցիալական ցանցերն այսօր ավելին են, քան պարզապես մարդկանց հետ շփվելու եղանակ:

21-րդ դարը ինֆորմացիայի դար է: Կարևորագույն արժեքն ու հարստությունը, որ մենք կարող ենք ունենալ այս դարում, ինֆորմացիան է: Ինտերնետը շատ հեշտացել է դրա տարածումը: Այստեղ ազատ տարածք է: Մարդիկ կարող են ասել այն, ինչ ցանկանում են: Մարդիկ կարող են անել այն, ինչ ցանկանում են: Իհարկե, գրագետ տեխնոլոգիաները կիրառելով, կուսակցությունները ևս մեծ արդյունքներ են ստանում: Ինտերնետում ամեն ինչ հնարավոր է: Եվ, իմ սուբյեկիվ կարծիքով, հենց այսպիսին պետք է լինի քաղաքացիական հասարակությունը: Ծառ են կտրել: Ինչ-որ մեկը նկարում է: Նկարը արագ տեղադրում է ֆեյսբուքում, որոշ ժամանակ հետո արդեն ողջ ֆեյսբուքի հայկական սեգմենտը լցված է այդ նկարով: Բոլորը քննարկում են: Ժամ են պայմանավորվում: Միջոցառում են պատրաստում: Անձնական հաղորդագրությունների միջոցով բոլորից ճշտում են` գալի՞ս են, արդյոք, թե՞ ոչ: Փոխանակում են հեռախոսահամարներ: Զանգահարում են միմյանց: Եվ ընդամենը մի քանի ժամ անց կտրած ծառի մոտ ցուցանակներով մի քանի տասնյակ մարդ է հավաքվում: Նկարում են դա: Կրկին տեղադրում են յութուբում: Մարդիկ տեսնում են, թե ինչպես են բարձրախոսով ակտիվիստները գոռում, որ պետք է ազատություն տալ բոլոր ծառերին: Ինչ-որ ոստիկան մի թթու խոսք է ասում: Ոստիկանի նկարը տարածվում է համացանցում: Մյուս անգամ ոչ ոք չի համարձակվի թթու խոսք ասել:
Եվ շղթան աշխատում է: Շղթան շարունակվում է: Եվ դա իսկապես ոգևորող է: Առաջին անգամ մեր իրականության մեջ մենք ունենք իրական ժողովրդավարության նախատիպ, իրական իրավիճակներ, երբ խնդիրները լուծվում են սովորական մարդկանց ջանքերով: Երբ խնդիրը բարձրաձայնվում է, և իր լուծումը ստանում է, անկախ նրանից` դու այս կամ այն պատգամավորի մոտ բարեկա՞մն ես, թե՞ սովորական քաղաքացի: Քանի որ ինտերնետ կոչվող տարածքում բոլորը հավասար են: Կարևորը ինֆորմացիան է: Մնացածը զուտ ժանանակի խնդիր է:
Դա շատ արագ հասկացան համարյա բոլորը: Համարյա բոլորը գրանցվեցին սոցցանցերում (դե `եյսբուքում, էլի), և սկսեց ամեն ոք տարածել իր մտքերը, իր տեսակետները, սկսեցին բավանիճել, քննարկել, և ահա քեզ հրաշք... լուծվեցին խնդիրներ: Մարդիկ առաջին անգամ հասկացան, թե ինչ է նշանակում լինել սեփական երկրի իրական տերը: Բայց այս ամենը, իհարկե, դեռ սկիզբն է, դեռ սերմերն են: Շուտով համացանցը կփոխարինի անգամ իրական կյանքին:
Միևնույն ժամանակ դա բազմաթիվ խնդիրներ է ի հայտ բերում: Ինֆորմացիան հաճախ այնքան շատ է լինում, որ մարդ խճճվում է, թե որն է իրականում ճիշտ, որը` սխալ: Դա այն է, երբ դարեր շարունակ ազատություն չունեցող ազգին տալիս ես ազատություն, իսկ նա չգիտի, թե ինչի հետ այն կարելի է ուտել: Եվ սկսվում է քաոսը: Բոլորն անում են այն, ինչ իրենք հարմար են համարում` չմտածելով, թե դա ինչպիսի ազդեցություն կունենա մյուս մարդկանց վրա: Իսկ լուծել այդ ինֆորմացիոն հանելուկները պետք է կարողանանք: Մենք կարողանանք: Քանի որ ոչ ոք դա մեր փոխարեն չի անում: Բոլորն իրենց շահն են առաջ տանում: Իսկ մեր շահը ճիշտ ինֆորմացիա ստանալն է, որպեսզի կարողանանք ընդունել ճիշտ որոշումներ:
Սա դեռ միայն սկիզբն է: Համոզված եղեք:


Վահան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ