Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«Հայաստանը 185 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը»

«Հայաստանը 185 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը»
21.12.2012 | 12:11

Անշարժ գույքի և կադաստրի ոլորտի շփումը քաղաքացիների հետ շատ մեծ է։ Եվ այս բնագավառում որքան քաղաքակիրթ են կազմակերպվում աշխատանքներն ու սպասարկումը, այնքան մեծանում է վստահությունը տվյալ երկրի նկատմամբ։ Իսկ դրա ամենաճիշտ բարոմետրը ժողովուրդն է։ «Գնալով սպասարկումը բարելավվում է, և նպաստավոր պայմաններ են ստեղծվում, քաշքշուկներ չկան»,- մեզ հետ զրույցում հավաստում էին մարդիկ, ովքեր այս տարի անշարժ գույքի տարբեր գործարքներ են կատարել։ «Ինչպիսի՞ն էր 2012-ը բարեփոխումների տեսանկյունից» հարցը «ծանրութեթև» արինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ ԱՇՈՏ ՄՈՒՍԱՅԱՆԻ հետ։

-Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի համակարգում գործառույթների իրականացման թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը և դրանով իսկ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն է ուղղված բարեփոխումների ծրագիրը։ Աշխատանքների արդյունքում 2012 թ. հունվարի սկզբից կադաստրի համակարգում գործում են սկզբունքորեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որով քաղաքացիների հետ համակարգի անմիջական շփումն իրականացնող մասնագիտացված տարածքային մարմինները թե՛ իրենց տեղակայման վայրով, թե՛ ենթակայությամբ առանձնացվեցին իրավունքի պետական գրանցում ու տեղեկատվության տրամադրում իրականացնող տարածքային մարմիններից:
-Ի՞նչ շահեց քաղաքացին։
-Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրմամբ վերացվեց դիմումներն ըստ գույքի գտնվելու վայրի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններ ներկայացնելու անհրաժեշտությունը: Քաղաքացիները հնարավորություն ստացան անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնելու կադաստրի համակարգի` իրենց ընտրությամբ, ցանկացած սպասարկման գրասենյակ (և նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով), ինչպես նաև ցանկացած գրասենյակից ստանալու իրավունքի գրանցման վկայական կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթուղթ: Դիմողներին տրամադրվում է դիմումի մուտքագրման «բանալի», որով նրանք հնարավորություն ունեն կոմիտեի պաշտոնական կայքէջում հետևելու իրենց դիմումի քննարկման ընթացքին:
Կարևոր քայլերից հաջորդն այն է, որ ներկայումս անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը իրականացնում են համապատասխան որակավորում ստացած, բացառապես մասնավոր հատվածի մասնագետները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման և գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման համար գույքի պարտադիր չափագրման (տեղազննման) անհրաժեշտությունը սահմանափակվեց` այն թողնելով միայն նոր գույքի առաջացման, գրանցված գույքը փոփոխությունների ենթարկելու և դիմողի պահանջի դեպքերում։ Միաժամանակ, դիմողներին այս ոլորտում նույնպես ընտրության հնարավորություն ապահովվեց և, վերջապես` վերացնելով պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման բուն գործառույթն իրականացնող կադաստրի համակարգի պաշտոնատար անձանց ու կադաստրի ծառայություններից օգտվող քաղաքացիների անմիջական շփման անհրաժեշտությունը, համակարգում զգալիորեն նվազեցվեց կոռուպցիոն ռիսկերի առաջացման վտանգը:
-Այլ կերպ ասած, կոմիտեն հրաժարվեց եկամտաբեր աղբյուրից, արդյոք դա ցավոտ գործընթաց չէ՞։
-Ցավոտ է լինում, եթե չկան ներքին որոշում և քաղաքական կամք։ Սակայն այս դեպքում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը և ողջ աշխատակազմը այդ որոշումն ունեին։ Ընթացող բարեփոխումների արդյունքում սկզբունքորեն նոր մոտեցում ձևավորվեց նաև անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրավական ձևակերպման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում։ Մասնավորապես, վերացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ` միակողմ գործարքների) և այդ մասով ներմուծվեց կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, ընդ որում` նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվում է անվճար:
-Շուրջ մեկ տարի է, ինչ համակարգում ձևավորվել է էլեկտրոնային գրանցումը։ Ի՞նչ ձեռքբերումներ եղան էլեկտրոնային արխիվի ձևավորման ուղղությամբ 2012-ին։
-Արմատական բարեփոխումների լույսի ներքո առավել կարևորվեց էլեկտրոնային արխիվի նշանակությունը անշարժ գույքի կադաստրի վարման գործառույթներում։ Ընթացիկ տարվա սկզբից համակարգում ներդրված պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ավտոմատացված համակարգի ներքո էլեկտրոնային արխիվը ծառայում է ոչ միայն կադաստրային փաստաթղթերի պահպանմանը, այլև դարձել է ամենօրյա աշխատանքի կարևորագույն գործիքներից մեկը, որի օգնությամբ իրականացվում է համակարգի ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը: Ավելին, եթե նախկինում էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն ունեին, այսպես կոչված, «հետգործառութային բնույթ», այսինքն` փաստաթղթերը էլեկտրոնային արխիվ մուտքագրվում և տեսաներածվում էին դրանց թղթային օրինակների ստեղծումից հետո, ապա այսօր էլեկտրոնային արխիվի ստեղծումն իրականացվում է անմիջապես պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման ընթացքում, հանդիսանալով դրանց անբաժանելի մասը։ Իսկ կադաստրի կոմիտեի տարածքային մարմինների կողմից այդ գործառույթների իրականացման ընթացքում տրամադրվող բոլոր ավարտական փաստաթղթերը (գրանցման վկայականներ, տեղեկանքներ) ի սկզբանե կազմվում են էլեկտրոնային եղանակով և հաստատման պահից ներառվում են էլեկտրոնային արխիվի կազմում: Կատարված աշխատանքների ծավալների մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ ներկայումս կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվը պարունակում է 34,2 միլիոն փաստաթուղթ և դրանց 61,6 միլիոն էջերի էլեկտրոնային պատճեններ: 2012 թ. շարունակվեցին այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնց նպատակն է էլեկտրոնային արխիվի բոլոր նյութերի վերջնական ստուգումը և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտումը, ինչը հնարավորություն կստեղծի է՛լ ավելի ճկուն դարձնելու համակարգի աշխատանքները. անհրաժեշտության դեպքում կկատարվի աշխատանքի ծավալների վերաբաշխում տարածքային մարմինների միջև, իսկ կադաստրային գործերի թղթային արխիվի նյութերի օգնությանը կարող են դիմել միայն բացառիկ դեպքերում:
-Եթե ամփոփենք ընդհանրապես տարին ոլորտում, բացի բարեփոխումներից, ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ։
-Պատասխանեմ մեկ նախադասությամբ. ըստ Համաշխարհային բանկի Doing Business պարբերականի հրապարակման` անշարժ գույքի գրանցման ընթացակարգերի մասով Հայաստանը 185 երկրների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ