«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

«Անկախության հաղթակամար» Հանրապետության հրապարակում

«Անկախության հաղթակամար»  Հանրապետության հրապարակում
21.12.2012 | 12:01

«Իրատես de facto»-ի նախորդ համարի` «Որպեսզի հնարավորինս վերականգնվի թամանյանական ոգին» խորագրով հրապարակման մեջ ներկայացվել է, թե Հանրապետության հրապարակում 70-ականներին կառուցված վիճահարուց մասշտաբային կցակառույց պատկերասրահն ինչ աններելի հարված է հասցրել, ճարտարապետական և քաղաքաշինական առումով, Թամանյանի նախագծած հրապարակի հորինվածքին ու Հյուսիսային պողոտային: Այն վերածվել է ընդգծված գլխամասային հորինվածք ունեցող հրապարակի: Գլխամասային կցակառույց պատկերասրահը դարձել է աններելի տիրապետող մասշտաբ Թամանյանի նախագծած հրապարակի կուռ և ոգեղեն հորինվածքում` աղավաղելով հրապարակի գեղարվեստական արտահայտչականությունը։ Միաժամանակ պատկերասրահը թույլ չի տալիս, որ Թամանյանի հատակագծում նախագծված Երևանի քաղաքաշինական հյուսիսային առանցքն ու նրա մասը կազմող Հյուսիսային պողոտան ազատ ընթանան դեպի Լեառն Արարատ։

Մյուս կողմից ցավով նշվում է, որ վերջին տարիներին հրապարակի հորինվածքը շրջապատող տարածքներում կառուցված մասշտաբային անհոգի-«մոդեռն» շենքերը պաշարել են Թամանյանի ոգեղեն հրապարակը և պատրաստ են «ներխուժելու» հրապարակ ու նսեմացնելու նրա հորինվածքի թամանյանական ոգեղենությունը: Այդ առումով այսօր արդեն քաղաքաշինական շատ լուրջ խնդիր է առաջացել` փորձել հնարավորինս «վարագուրել» այդ մասշտաբային անհոգի-«մոդեռն» շենքերի անսանձ «ներխուժումը» դեպի Թամանյանի ոգեղեն հրապարակ: Քաղաքաշինական այդ խնդիրը լուծելու համար քննարկման է դրվել հետևյալ գաղափարը. անհրաժեշտ է (ստիպված ենք) այսօրվա գոնե պատմության թանգարանին և պատվանդանի տեղում հետագայում նախատեսվող կառույցին ներկայացնել քաղաքաշինական նոր` նաև «վարագուրող» ֆունկցիա:
Պատվանդանի տեղում պատմության թանգարանի ճարտարապետությանը ներդաշնակ և միաժամանակ «վարագուրող» կառույցի ստեղծման գաղափարի իրականացումը ներկայացնող տարբերակի ստորև բերվող էսքիզը կարող է նպաստել, որ հետագայում հրապարակի հորինվածքում թամանյանական ոգին հնարավորինս վերականգնելու նպատակով կազմվի համակողմանի հիմնավոր նախագծային առաջադրանք:
Առաջարկվող գաղափարի իրականացման դեպքում հրապարակի հորինվածքի «սիմետրիան ու հավասարակշռությունը» որոշ չափով կապահովվեն իրար դիմաց գտնվող կամարաշար շինություններով. ա) մի կողմում կանգնած կլինի գոյություն ունեցող պատմության թանգարանը` իր կամարաշարի բաց սրահով (որը լրացուցիչ մեկ-երկու հարկերով էապես կվարագուրի Աբովյան, Պուշկինի և Արամի փողոցների բազմահարկ շենքերը), և բ) պատվանդանի տեղում կլինի «Անկախության հաղթակամարը», որը կվարագուրի Սպայի տան տեղում ու կից տարածքում կառուցված մասշտաբային անհոգի-«մոդեռն» շենքերի «հաղթարշավը» դեպի թամանյանական ոգեղեն հրապարակ: Դրանց կամարները հրապարակին կհաղորդեն նաև հզոր հաղթական ռիթմ:
Այսօրվա մեր լինելությամբ պարտական ենք մեր ժողովրդի պայքարող ոգուն, հավատին և դրանք վառ պահող դարավոր մշակույթին: Պայքարի և մշակույթի զարգացման դարավոր ընթացքում իրենց ուրույն տեղն են գրավել ժայռապատկերների մշակույթը, սեպագիր արձանագրություններն ու հայոց մեսրոպյան երկաթագիրը` մեր ոգու թագն ու հոգու պսակը: Դարերի խորքից է գալիս քարի մշակման արվեստը մեզանում: Այն, անցնելով ստեղծագործական ժամանակահատված, կատարելության է հասել խաչքարերի և եկեղեցաշինության, ինչպես նաև ամրոցաշինության արվեստներում: Մեր ժողովրդի պայքարող ու ստեղծագործող ոգին կազմավորվել է, երբ Տիեզերական Բանականության Լույսն աստվածացրել ենք` մեր զորեղ Էության արարչագործությամբ, երբ աշխարհընկալման բնականոն զարգացման ընթացքով ձգտել ենք դեպի Տիեզերական Բանականության ճշմարիտ Լույսը` դեպի Ամենակարող Արարիչ, երբ Նրա Սիրո, Արդարության և Ազատության Ոգու կրակը վառ ենք պահել մեր հոգում: Դարերով մղված պայքար, որը ղարաբաղյան ազատագրական պայքարով պսակվեց հայոց անկախ պետության վերահաստատումով: Դարեր տևած հաղթական ու մեծ կորուստներով լի արշավ, որոնք մեր օրոք արժանի են հիշատակման ու մեծարման` Թամանյանի ոգեղեն հրապարակում որպես դարավոր քաղաքակրթության Աստվածատուր դրսևորումներ։
Հրապարակի հարավ-արևմտյան հատվածում, նախկին պատվանդանի տարածքում, առաջարկվող «Անկախության հաղթակամար» հուշարձանային համալիրն իր բաց սրահի կամարաշարերի ներքո և հորինվածքում ներկայացվող քարարվեստի պատմական ու արժեքավոր նմուշներով ձևավորելու է քարադարան-թանգարան: Համալիրն իր բաց սրահի կամարաշարերով հրապարակը կապելու է նրա հետևի տարածքում գտնվող այգու հետ (ազատ բնության շունչը թափանցելու է դեպի հրապարակ):
«Անկախության հաղթակամարի» բաց սրահն իր կամարների ներքո ներկայացվող ժայռապատկերներով ու խաչքարերով, ներքին հորինվածքում ցուցադրվող քարարվեստի նմուշներով, կենտրոնական բարձրադիր կամարների ներքո վեր բարձրացող մեսրոպյան հայոց երկաթագրի մասշտաբային հուշակոթողով հպարտության զգացում է հաղորդելու մեր ժողովրդի անցած հերոսական-մշակութային ուղու նկատմամբ: Այն ներկայացնելու է մեր էության աստվածային ծայրահեղություններն արյան ձայնի վերածված արևապաշտության-արիապաշտության և քրիստոնեության սիրո ու համերաշխության, նրանց բնական համագործակցությունը նշանավորող, պատերազմներում մեր հաղթանակները կոփած ոգու ու հոգու հաղթակամարը:
Մեր լեռնաշխարհի ժայռերի ու քարերի մեջ նույնպես խոր նստած է ցեղի ոգին, և այն տուֆերի գունապնակով ներկայացնելու նպատակով` «Անկախության հաղթակամարի» վերգետնյա սրահի ծավալի դեպի հրապարակ և հետևի կողմում` դեպի այգի նայող երկու գլխավոր կամարները երիզվում են «բազմագույն, տուֆակերտ խորհրդանշական արևներով»: Այդ սրահի կենտրոնում, «արևների» հովանու ներքո, վեր խոյացող «հայոց գրերի» հուշակոթողը պսակվում է խորհրդանշական թագով` երիզված արժանի արքաների անուններով: Առջևի գլխավոր կամարի երկու կողմում բացվող երկու երկարաձիգ խորշերում տեղադրվում են. ձախում` ցորենի հասկերի, իսկ աջում` նռնենու քանդակներ, ի նշանավորումն «վայրի ցորենի հայրենիքի» և ազգի խորհրդավոր կենսասիրության (այդ քանդակները գծագրում բացակայում են): «Անկախության հաղթակամարը» կառուցվում է աստիճանաձև բարձրացող պատվանդանի վրա, որն ունի ծավալուն ամբիոն: Այդ պատվանդանի վերին նիշը հավասարվում է դիմացը գտնվող պատմության թանգարանի կամարաշարի զրոյական նիշին: Շինարարության համար օգտագործվելու են նաև «ապամոնտաժված» պատվանդանի գրանիտե մշակված-հղկված քարերը, հատկապես քիվերը` հարուստ եզակի զարդանախշերով: Հրապարակում առաջարկվող «Անկախության հաղթակամարի» սրահներում կազմակերպվող մշակութային «քարադարան-թանգարանը» շարունակությունն է կազմելու պատմության թանգարանի կամարաշարի բաց սրահում կազմակերպվող գլխավոր «քարադարան-թանգարանի»: «Քարադարաններում» կներկայացվեն մեր հարուստ քարարվեստի դարավոր մշակումների յուրօրինակ նմուշների կրկնօրինակները: «Քարադարաններն» իրենց հորինվածքների ֆունկցիոնալ լուծումներով և որոշակի ժամանակահատվածները բնութագրող ցուցանմուշներով կարող են ապահովել նոր սերունդ դաստիարակելու բարոյահոգեբանական ազդեցության ակտիվ միջավայր: «Անկախության հաղթակամարի» վերգետնյա «քարադարան-թանգարանն» ունի նաև ստորգետնյա սրահներ:


Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն» համագործակցության ծրագրերի համակարգող

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ