ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ինչպես պայքարել առցանց ատելության դեմ

Ինչպես պայքարել առցանց ատելության դեմ
18.12.2012 | 15:39

Որքան ինտերնետն ու սոցիալական ցանցերն ավելի ու ավելի շատ մարդկանց են հասանելի դառնում, այնքան մեծանում է առցանց ոլորտում ատելության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Առցանց ագրեսիվությունն ու ատելությունն առկա են ոչ միայն տարբեր ազգերի հարաբերություններում, այլև երկրի ներսում ընթացող քննարկումներում։

Վիրտուալ աշխարհը քննարկումների մեծ հարթակի է վերածվում հատկապես նախընտրական և հետընտրական շրջանում։ Որտե՞ղ է այդ քննարկումներում այն սահմանը, որ չպետք է անցնել։ Այս հարցը խիստ անձնական է՝ պայմանավորված յուրաքանչյուրի արժեհամակարգով, դաստիարակությամբ։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ նշում է, որ այսօր արդիական է առցանց տիրույթում ատելության դեմ պայքարը, եթե հաշվի առնենք վերջին շրջանում հայատյացության դեպքերը։ Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ հունգարական իշխանությունները, ադրբեջանցիների հետ պայմանավորված, արտահանձնեցին մարդասպան Սաֆարովին, անկեղծ բողոքի ձայն բարձրացրին Հայաստանն ու սփյուռքը։ Դրա դեմ չուշացավ ադրբեջանական պատասխանը, ինչը քարոզում էր ազգամիջյան ատելություն, անհանդուրժողականություն։ «Քանի որ անմիջական շփումների հնարավորություն չկա, այդ անհանդուրժողականությունը դրսևորվում է առցանց տիրույթում»,- նշում է Ատոմ Մխիթարյանը` հավելելով, որ Հայաստանում ատելություն քարոզող գրառումների շատ քիչ կարելի է հանդիպել, փոխարենը շատ են ագրեսիվ գրառումները, որոնք կարող են հանգեցնել ատելության քարոզի և հասարակության մեջ վախ ու ատելություն առաջացնել։ «Կարծում են, թե առցանց տիրույթում ազատ են, և չպետք է որևէ սահմանափակում լինի։ ՈՒղղակի երիտասարդները, որոնք շատ են օգտվում սոցցանցերից, պետք է հասկանան իրենց իրավունքները, այդ իրավունքների սահմաններն ու հարգեն դիմացինին»,- նշում է Ատոմ Մխիթարյանը՝ ավելացնելով, որ այդ առումով համացանցը որևէ կերպ չի կանոնակարգվում, և կարելի է մտածել այդ մասին։
Նա նկատում է նաև, որ քաղաքականապես ակտիվ երիտասարդները առցանց ոլորտում հաղորդակցվում են ագրեսիվ լեզվով. «Դրա դեմ պայքարը երիտասարդների գործն է լինելու։ Նրանք պետք է գիտակցեն դա հատկապես իրավունքների տեսակետից և զերծ մնան ատելության քարոզից։ Ագրեսիվ խոսքը չպետք է վերածվի ատելության, ինչն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ինչպես հեղինակի, այնպես էլ հասարակության համար։ Հիշենք թեկուզ նախորդ նախագահական ընտրություններից հետո հասարակության երկփեղկվածությունը։ Այսօր՝ 5 տարի անց, սոցիալական ցանցերը շատ ավելի են զարգացել, երիտասարդները շատ ավելի են ընդգրկված ինտերնետային տիրույթում, և եթե այդ ամբողջը տեղափոխվի համացանցային դաշտ, հետևանքները կարող են վտանգավոր լինել»։
ՀՀ ԱԺ պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշում է, որ վիրտուալ գաղափարը հենց այն է, ինչը չունի սահմաններ, բայց այստեղ առաջ են գալիս դաստիարակության, էթիկայի և արժեքային համակարգից բխող խնդիրներ։ «Ցանկացած դաշտ, որ ձևավորվում է, ուշ թե շուտ իր կանոններն է պարտադրում։ Այսօր արդեն հայկական վիրտուալ դաշտում եթե ինչ-որ մեկն անցնում է սահմանները, բոլորը փորձում են նրան հանել իրենց շփման շրջապատից՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը, թե ինչն է կարելի և ինչը՝ ոչ։ Նորմալ է, երբ կոշտ անդրադարձեր են արվում խնդրին, սխալին, բայց չի կարելի դրանք վերածել անձնական վիրավորանքի։ Չի կարելի վիրավորել մարդկային արժեքները։ ՈՒնե՞ս պրոբլեմ երևույթի նկատմամբ, գրիր դրա մասին, մտիր քննարկման մեջ։ Շատ ժամանակ մարդիկ օգտագործում են այնպիսի բառապաշար, որ զարմանում ես։ Հատկապես աղջկա նկարով կեղծ օգտատերեր կիրառում են այնպիսի բառեր, որոնք նույնիսկ տղաները փողոցում գործածելուց առաջ մեկ րոպե կմտածեին։ Այդ տեսակի բաներից մենք պետք է փորձենք մաքրվել։ Եվ ընդհանրապես, դաշտը պետք է ինչ-որ չափով ձևավորի իր կանոնները։ Այսօր հաճախ վիրտուալ հարթակում մարդիկ ձևավորում են սեփական խումբը և դուրս են թողնում այն մարդկանց, ում հետ չեն ցանկանում շփվել»,- ասում է Թևան Պողոսյանը։
Թևան Պողոսյանը նշում է, որ իր հետ էլ է պատահել, երբ տարբեր մարդկանց հետ շփվելիս մեկ բառը, որ իր համար նորմալ էր, վատ է ընկալվել։ Սակայն հանդիպել-հասկացել են և շարունակել նորմալ շփումը. «Մարդ պետք է գիտակցի, որ դիմացինը չի ընկալում երևույթը նույն կերպ, ինչպես դու գրելիս ենթադրում էիր։ Փոքրիկ «սմայլիկները», որոնցով դու ցանկանում ես ուրախություն արտահայտել, մեկ ուրիշը կարող է հասկանալ որպես վիրավորանք»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ