ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մի՞թե շատ է հեռու երկիր դառնալու մեր ճամփեն

Մի՞թե շատ է հեռու երկիր դառնալու մեր ճամփեն
14.12.2012 | 12:17

Ընդամենը մի քանի օր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ հեռուստատեսությամբ սենսացիոն հայտարարություն արեց: Հայտարարությունը սովորական չէր, այլ այնպիսին, որի հետ կապված է մեր երկրի ողջ ժողովրդի առողջությունը: Այն էլ ասեմ, որ արած հայտարարությունը հիմնված չէր հարցի մասնագիտական` բժշկական ուսումնասիրության եզրակացության վրա (որից իսկ պարզ կլիներ, թե այդ մսեղեն կոչված երշիկեղենը ինչ հետևանքներ է թողնում օգտագործողի առողջության, կյանքի տևողության վրա և այլն), այլ պարզ մտահոգություն էր` ստուգել էին փաստաթղթերով ստացված մսեղենի քանակը և վերջնական արդյունքը: Պետք է ասել, որ պարզունակ թվաբանությունն անգամ խոր մտածելու տեղիք է տալիս: Պարզվում է` տարիներ շարունակ երշիկեղեն կոչված այդ զիբիլի մեջ (բառի համար նախապես ներողություն եմ խնդրում և ասում, եթե ավելի հարմար անուն կարելի է տալ դրան, յուրաքանչյուրը թող անվանի այդ երշիկեղենն այնպես, ինչպես ուզենա) մսի քանակը ընդամենը 16 % է, իսկ թե մնացած 84 %-ն ի՞նչ է, հանձնաժողովի նախագահն այդպես էլ վերջնական ոչինչ չասաց, միայն թվարկեց տարբեր նյութերի մի քանի անվանումներ, սակայն այդպես էլ պարզ չեղավ լսողին, թե այդ հսկայական 84 %-ն ինչով է լցված: Այն էլ ասեմ, որ մսեղեն կազմող այդ 16 %-ը գոմեշի է, մի քիչ էլ սառեցված հավի (հասկացիր հորմոնացված «Բուշի բդեր»): Եվ որոշակի թվաբանություն կատարելուց հետո, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ժպտալով, անչափ ինքնագոհ դարձյալ սենսացիոն հայտարարություն արեց, թե անբարեխիղճ այդ արտադրողները, թվով քսանը, տուգանվել են իրենց տարեկան եկամտի 1 %-ի չափով: Թե որքան էր կազմում ընդհանուր առմամբ այդ մեկ տոկոսը, հավանաբար, չասաց, որ լսողը մտածի, թե հանձնաժողովի նախագահ քաջարի զինվոր Շվեյկն ինչ հսկայական օգնություն է մատուցել հայրենի կառավարության բյուջեին: Կոնկրետ ինձ պարզ դարձավ «Հայլուրից» հետո «Տեսանկյուն» հաղորդման ժամանակ` ընդամենը 40 հազար դոլար: Դե եկ ու մի հիշիր այն լիբերալներին, դեմոկրատներին, որոնք այնպես «փիլիսոփայորեն» ծաղրում էին Մարքսի խոսքերը, թե ցանկացած հարստություն գողություն է:
Հիմա հետ դառնամ այդ քաջարի զինվորին: Դո՛ւ, հարգելի պաշտոնյա, որ մեր հարկատուների հաշվին աշխատավարձ ես ստանում, արտասահման գործուղումների գնում` աշխատում ես որպես անկախ պաշտոնյա՞, թե՞ գործում ես, երբ տերերդ են հրահանգում: Դու ե՞րբ իմացար հայրենի արտադրողների այդ խարդախությունները, երբ դու և ընտանիքիդ անդամները համտեսեցիք երշիկեղեն կոչվա՞ծը, թե՞ միշտ ես իմացել, բայց լռել ես, որովհետև պիտի լռեիր: Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ամանորի նախաշեմին սենսացիոն հայտարարությունդ (նաև հարցնեմ` այլ բնագավառում նախկինում գերատեսչությանդ կատարած ստուգումներից հետո խանութներում վաճառվող կաթի, կաթնամթերքի որակը փոխվե՞լ է, թե՞ նորից նույն կաթնափոշին, սոյան, սոդան արտադրողները որպես թարմ կաթնամթերք հրամցնում են ժողովրդին). արեցիր լոկ հոգիդ թեթևացնելու համա՞ր, թե՞ պարզապես պիտի ասվեր, որ պետությունը 40 հազար դոլարով հարստանար: Իսկ ժողովրդի առողջությո՞ւնը։
Հարգելի Շաբոյան, ելույթիցդ հետո այդ արտադրողները շարունակո՞ւմ են ընդամենը 16 % մսի բաժին կազմող այդ մսեղենի արտադրությունը, թե՞ բոլորովին այլ որակի արտադրանք են բաց թողնում: Հավանաբար շարունակում են:
Հիմա հետ դառնամ և քեզ տամ մի քանի հարցեր, պարոն Շաբոյան: Դու կոռումպացվա՞ծ ես, թե՞ ոչ: Թող հարցադրումս չվիրավորի քեզ: Ես քեզ չեմ ասում, թե դու կաշառակեր ես, քանզի չունեմ բավարար ապացույցներ: Սակայն կոռումպացվածությունը միայն կաշառակերություն չէ, պարոն Շաբոյան: Այն ունի ևս երկու բնորոշիչ հատկանիշներ` բարոյական անկում, ծախվածություն:
Դու բարոյապես ընկած պաշտոնյա ես, պարոն Շաբոյան: Ասեմ, ոչ միայն դու, այլև բոլոր այն պաշտոնյաները, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում շրջապատում, բայց չտեսնելու են տալիս: Իսկ դու ոչ միայն տեսնում ես, արձանագրում ես փաստը և ժողովրդի աչքին թոզ փչելու համար փոքր-ինչ կսմթում ես արտադրողին, որից նա ավելի շատ հաճույք է ստանում, քան զգաստանում: Դու նաև ծախված պաշտոնյա ես, պարոն Շաբոյան, որովհետև տարիներ շարունակ լինելով այդ պաշտոնում, տեսել, ես թե ինչ են արտադրում, և ոչ մի անգամ արտադրանքի որակի ստուգում չես նշանակել, չես պարզել` այդ արտադրանքը որքան է վտանգավոր առողջության համար:
Հարցնեմ` դու, քո ընտանիքի անդամները օգտվո՞ւմ եք այդ արտադրանքից: Եթե այո, որովհետև չես իմացել (բայց հաստատ իմացել ես), իսկ հիմա դու շարունակելո՞ւ ես ուտել ու հրամցնել քո ընտանիքի անդամներին: Հազիվ թե: Եթե չի կարելի քո ընտանիքի անդամներին, ապա ուրիշների առողջությունը քեզ չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում ժամանակակից հայ բուրժուազիայի շատ ներկայացուցիչների: Ասենք` ինչո՞ւ միայն ժամանակակից, մի՞թե Մարութխանյանը չէր կրկնում` թող ես դառնամ միլիոնատեր, ով ինչ կուզի թող ասի: Մարութխանյանի ժամանակներից առայսօր մի՞թե ոչինչ չի փոխվել: Շաբոյանի հայտարարությունից հետո ոմանք փորձեցին փիլիսոփայել, նույնիսկ հարցնել, թե որքա՞ն միս պիտի լինի երշիկեղենի մեջ: Լավ է` չհարցրին, թե եվրո-երշիկեղենի՞ մեջ քանի տոկոս միս կա:
Շուտով տարին կվերջանա: Ժողովուրդը տենդագին կսկսի պատրաստվել Նոր տարվան: Գնումների ծավալները կմեծանան: 16 % մսով երշիկեղենի պահանջն էլ կմեծանա: Ընդամենը ամբողջ տարվա համար երկու հազար դոլարով տուգանված արտադրողն ընդամենը մեկ օրում կվերականգնի այդ գումարը: Ո՞րն է ելքը: Ելքը մեկն է: Ժողովուրդը պետք է բոյկոտի այդ արտադրանքը: Սակայն այստեղ հարց է ծագում. Շաբոյանի հայտարարության կողքով պիտի անտարբե՞ր անցնեն ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը և շարունակեն իրենց ընտանիքների անդամների հետ ուտել այդ... (բաց թողնված բառի ընտրությունը թողնենք նրանց): Իսկ գուցե նրանց ուտելիք երշիկեղենը Եվրոպայի՞ց է բերվում: Հետաքրքիր է, երկրի գլխավոր իրավաբանն ու ոստիկանապետը Շաբոյանի հայտարարության մեջ հանցակազմ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ: Տրամաբանական պատասխանը մեկն է. եթե լռեն, ուրեմն` ոչ: Բայց այստեղ գործածելի չի լինի «լռությունը ոսկի է» տարբերակը:
Մեր նախնիների տոնական սեղաններին եղել են պասուց տոլմա, թփով տոլմա, խաշլամա, ավանդական այլ կերակրատեսակներ: Նոր տարվա և Սուրբ ծնունդի խորհուրդն ամենևին էլ սեղանի առատությունը չէ, որովայնը ամեն տեսակի անորակությամբ լցնելը չէ:
Վերջում կուզենայի շնորհակալություն հայտնել Շաբոյանին, որ պետական հեռուստատեսությունից, թեկուզ անգիտակցաբար, ահազանգ ուղարկեց ժողովրդին, ասելով`
-Ժողովո՛ւրդ, մտածիր քո առողջության մասին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Իր առողջության մասին մտածելու համար ժողովուրդը մեկ ճանապարհ ունի` բոյկոտել այդ արտադրանքն ընդհանրապես:

Դիտվել է՝ 5061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ