«Ես իհարկե մեծ հարգանք ունեմ քաղաքապետի նկատմամբ, բայց երբեմն Օղակաձև զբոսայգով անցնելիս, երբ տեսնում եմ ինչպես են փայտից պատրաստված սրճարանները վերածվում բետոնե կմախքներով մեծ կառույցների, ես ուղղակի զարմանում եմ: Մենք օղակաձև զբոսայգին պետք է ազատենք նման կառույցներից, ստիպենք, որքան հնարավոր է, մարդկանց զբոսնելու համար բարեկեցիկ պայմաններ ստեղծեն: Այդ այգին մի ընդհանուր սրճարանների շղթա է, որտեղով ոչ ոք չի կարողանում քայլել, տեղ չկա ուղղակի»,- մտահոգվեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա կարծիքով, մեծ սխալ է նաև «Դելֆիանարիում»-ի գոյությունը «Պանթեոնի» ներսում, ինչը պետք է հանել, որպեսզի պահպանվի այգու ամբողջականությունը:Ճարտարապետի գնահատմամբ, այսօր մայրաքաղաքում անկանոն է արվում ամեն ինչ` սկսած կանաչ տարածքներից մինչև շինությունների վերջնական ավարտը: Աղճատվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը: Պատճառը մեկն է` չկա հստակ քաղաքաշինական մոտեցում . «բացահատ շեղումները բերում են քաղաքի աղճատմանը` ինչին ականատես ենք լինում ամեն օր: Մեր առաջին խնդիրը կայուն շենքեր ունենալն է` նախևառաջ մարդկանց ապահովության համար: Երկրորդը` շինարարություն կատարողների հետ է կապված: Վերջերս Օղակաձև զբոսայգում տեղի ունեցած փլուզումը դրա վառ ապացույցն էր, որովհետև այն տեղում, որտեղ թույլատրված է կառուցել մեկ հարկանի հարթային կառույց, կառուցեցին չորս հարկանի: Եվ հափշտապ արված այդ կառույցը, որը արագ հանձնելու նպատակով էր կատարվել և առանց շինթույլտվության, կարծես ոչ ոք` ոչ տեսել, ոչ էլ տեղյակ էր: Իսկ փլուզումից հետո, հանկարծ պարզվեց, որ բոլորը տեղյակ են, որ դա անօրինակ է և այլն»,-ասաց Մ. Մինասյանը:
Բազմաթիվ խնդիրներ կան կապված բնակֆոնդի հետ : Շատ գեղեցիկ և «հետաքրքիր» շենքեր, որոնք անընդհատ օգտագործվել են` դեռ ոչ մի անգամ հիմնարար վերակառուցման չեն ենթարկվել: Նրանք այժմ գտնվում են վթարային կամ կիսավթարային վիճակում, ինչը, մասնագետի հավաստմամբ, չափազանց վտանգավոր է : «Թեև դրա համար ֆինանսական մեծ ներդրումներ են անհրաժեշտ, բայց ժամանակն է սկսել վերակառուցողական աշխատանքները, հակառակ դեպքում նրանց թիվը կավելանա և վիճակն ավելի կվատթարանա»,-ասաց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ