ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Իշխանության փոփոխելիությունն» այն ավանդույթն է, որ չի համարձակվի փոխել ՉԺՀ-ի ոչ մի ղեկավար

«Իշխանության փոփոխելիությունն» այն ավանդույթն է, որ չի համարձակվի  փոխել ՉԺՀ-ի ոչ մի ղեկավար
04.12.2012 | 00:20

Վերջին տասնամյակների բոլոր քաղաքական իրադարձությունները` սկսած ԽՍՀՄ-ի փլուզումից և վերջացրած արաբական հարահոս հեղափոխություններով, կարծես հաստատում են քաղաքագիտության կանոններից մեկը` կայունությունը երաշխավորվում է իշխանության փոփոխելիությամբ։ Ավելին, հաստատվում է ևս մեկ կանոն, այն, որ իշխանության փոփոխելիությունը ոչ միայն ինտեգրող սահմանադրական սկզբունք է, այլև մյուս բոլոր բազային սկզբունքների ճշգրտում։ Սակայն, միաժամանակ, երկար տարիների շատ իրադարձություններ մեզ հիմք են տալիս համարելու, որ մեկ այլ «հիմնարար կանոն»` իշխանության ընտրովիությունը, բնավ էլ միշտ չէ, որ ապահովում է կայունությունը։ Փորձը ցույց է տալիս, որ առանձնահատուկ հասարակություններում, աշխարհայեցողական դրույթներում կամ որոշակի ժամանակային շրջանակներում, հենց ժողովրդի կամարտահայտման պայմաններում, պետության ղեկի մոտ հայտնվում են առավել հավակնոտ գործիչներ։ Օրինակ, այդպես է այժմ արաբական երկրներում, ուր, փաստորեն, բացակայում են քաղաքացիական հասարակության ավանդույթները` արևմտյան ընկալմամբ։
Այս տեսական մտավարժանքներից հետո կցանկանայի բերել, առանց զանգվածային ընտրությունների իշխանության փոփոխման, մեր կարծիքով, հաջող օրինակ։ Դա արդեն ավանդական դարձած իշխանափոխությունն է Չինաստանում։ Նկատենք, առհասարակ չինացիների համար ավանդույթ են դարձել այլոց սխալներից դասեր առնելն ու իրենց համար շահավետ հետևություններ անելը։ Երևի հենց այդ պատճառով էլ Մաոյի մահից անմիջապես հետո Չինաստանի կոմկուսում, նկատի առնելով ԽՄԿԿ-ի դառը փորձը, ընդունեցին մի չգրված, բայց երկաթյա կանոն` իշխանությունը պետք է լինի կոլեգիալ, փոփոխելի, հասուն, բայց երիտասարդ։ Ըստ երևույթին, չցանկանալով դառնալ «թթված կերակուր», ծանոթ լինելով այն հոգեբանական ձևակերպմանը, թե քաղգործիչը կարող է արդյունավետորեն կառավարել, սակայն իշխանավարման տարիներին պարզապես զզվեցնել ընտրազանգվածին, «չինական բարեփոխումների հայր» Դեն Սյաոպինը իմաստուն կերպով անցավ թոշակի։ Ստեղծվեց իշխանության խաղաղ շրջափոխության նախադեպ, որը ոչ միայն արմատացավ, այլև դարձավ չին կոմունիստների գործունեության գլխավոր նորմը։ Հիմա շատ փորձագետներ ընդգծում են, որ «իշխանության փոփոխելիությունն» այն ավանդույթն է, որ չի համարձակվի, չի էլ ցանկանա փոխել ՉԺՀ-ի ոչ մի ղեկավար։ Այդ, արևմտյան բնորոշմամբ, «ավտորիտար հասարակությունում» դա թույլ չեն տա ո՛չ կուսակիցները, ո՛չ առհասարակ, հանրությունը։ Ինչ վերաբերում է համաժողովրդական ուղղակի ընտրություններին, ապա հավատացեք իմ դիտարկումներին, բազմամիլիոնանոց ու բազմադեմ չինական հասարակությունը, որը կատարել է արդյունաբերական, բայց բնավ ոչ «տեսակային» ցատկ դեպի ապագա, ըստ էության, դրանց այնքան էլ պատրաստ չէ (ինչպես, ի դեպ, իմ համոզմամբ, նաև արաբական երկրների իսլամական հասարակությունները)։
Եվ այսպես, Չինաստանի կոմկուսի վերջերս ավարտված 18-րդ համագումարում տեղի ունեցավ կուսակցական ղեկավարության և, համապատասխանաբար, երկրի իշխանության հերթական հինգերորդ «հերթափոխը»։ Նախորդ առաջնորդները, որոնք ՉԺՀ-ն կառավարել են տասը տարի, հեռանում են` և՛ սահմանված ժամկետը լրանալու, և՛ տարիքային ցենզի պատճառով։ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հու Ցզինտաոյի փոխանորդ դարձավ, ինչպես շատերը ենթադրում էին, Սի Ցզինպինը։ Կես տարի հետո տեղի է ունենալու ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանը, որը Սի Ցզինպինին կընտրի նաև ՉԺՀ նախագահի պաշտոնում` դրանով իսկ ավարտելով բարձրագույն իշխանության շրջափոխության գործընթացը։ Բացի այդ, ընտրվել է նաև Մշտական կոմիտեն` ղեկավարման կոլեգիալ մարմինը, որն իշխանության մեջ զսպման ու հակակշիռների մի յուրօրինակ համակարգ է։ Ընդ որում, քաղբյուրոյի ներկա Մշտական կոմիտեի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքական դաշտում առկա խմբավորումների երկուական ներկայացուցիչներ` Ցզյան Ցզեմինի «երրորդ հերթափոխի», Հու Ցզինտաոյի «չորրորդի» և Սի Ցզինպինի բացարձակապես նոր խմբի ներկայացուցիչներն ու անձամբ ինքը։ Այսպիսով, ընդամենը յոթ մարդ։ Ընդ որում, Սի Ցզինպինը 59 տարեկան հասակում կդառնա Չինաստանի ամենահզոր մարդը գալիք տասը տարում։ Թե դա ինչ կնշանակի ոչ միայն Չինաստանի, այլև մնացյալ աշխարհի համար, հաշվի առնելով երկրի իրական տնտեսական կշիռն ու անշեղորեն աճող աշխարհաքաղաքական նշանակությունը, մեծ ու հետաքրքիր հարց է։
Մակդիրներ կպցնելու հակում ունեցող արևմտյան լրագրողները նրան «շնորհել» են «Առեղծվածային միստր Սի» անունը։ Սակայն բազմաթիվ այցերի և հատկապես անցած տարվա համաշխարհային շրջագայության շնորհիվ նրան լավ ճանաչող արտասահմանցի առաջնորդներն արդեն նրան անվանում են բաց, անկեղծ ու իրատես, լավ ու փորձառու մենեջեր, ով քաջածանոթ է տնտեսական բարեփոխումների կառուցվածքին (ի տարբերություն Հու Ցզինտաոյի, ով ավելի շատ քաղգործիչ է)։ Իր հերթին, Չինաստանի քաղաքական հիերարխիայում ՉԺՀ-ի նախկին առաջնորդ Ցզյան Ցզեմինի մարդիկ Սի Ցզինպինին համարում են չափազանց ազատական հայացքներ ունեցող մարդ, այսինքն, ոչ այնքան հուսալի` եղած քաղաքական ավանդույթների շարունակման առումով։ Իսկ Հու Ցզինտաոն, թեև հավանություն է տվել նրա նշանակմանը, Սիին չի համարում իր դրածոն։ Այսինքն, ավելի շուտ, նա համաձայնեցված դեմք է, ինչը, հավանաբար, այժմ առավել ընդունելի է։ Իսկ ընդհանուր առմամբ, համարվում է, որ շատ չինացիներ դեմքով ավելի շատ ճանաչում են նրա կնոջը` Պեն Լիյուանին` երգչուհի, «Չինաստանի ոսկի ձայն» և շատ գեղեցիկ մի կին։ Ի դեպ, երկրի նոր առաջնորդն ունի կոռուպցիայի դեմ պայքարող անհաշտ մարտիկի վարկ, ով բավական հանգիստ է վերաբերվում բարեփոխումներին` լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական։ Լինելով Մաո Ցզեդունի զինակիցներից մեկի որդին, նա քաղաքական կարիերան սկսել է գյուղ աքսորվելով, ուր ուղարկվել էր հոր ձերբակալությունից հետո. ներքևից վերև անցել է կուսակցական պաշտոնեական սանդուղքի բոլոր աստիճանները, ավարտել է երկրի ամենահեղինակավոր բուհերից մեկը, ազատորեն խոսում է անգլերեն, դուստրը սովորում է Հարվարդում, ինքը հրապուրված է հոլիվուդյան ֆիլմերով, սիրում է ֆուտբոլ, բասկետբոլ, մեծ թենիս է խաղում, զբաղվում է բուդդայական մարտարվեստով և ցիգունների շնչառական մարմնամարզությամբ։ Հիշատակվում է, որ նրա քաղաքական կարիերայում, փաստորեն, չեն եղել բացահայտ ընդհարումներ ու դիմակայություններ, բացի այդ, «կոռուպցիայով ախտահարված համակարգում նա ոչ մի սկանդալի չի առնչվել»։ Սի Ցզինպինին չի կարելի տեսնել նաև ավանդական մոտեցումներում` «ավելի շատ ձախ, թե աջ»։ Նա, շատերի համոզմամբ, ավելի շուտ «նոր արդիականացնողների» ներկայացուցիչ է` վառ արտահայտված ազգային հակումով, որոշակի չափով այն պասիվ դերից դժգոհ, որ Չինաստանն առայժմ խաղում է համաշխարհային քաղաքականության մեջ (նշվում է, որ Սին վաղեմի և սերտ կապեր ունի չինական զինվորականների ներկայացուցիչների հետ)։ Բայց ԱՄՆ կատարած իր վերջին, անչափ հաջող յոթերորդ այցի ժամանակ նա հայտարարեց, որ չին-ամերիկյան հարաբերությունների հաջող զարգացումը «մեծ օգուտներ բերեց երկու երկրների ժողովուրդներին, դրական ազդեցություն գործեց ամբողջ աշխարհի վրա»։ Ի հաստատումն այս խոսքերի, նա հավաստիացրեց, որ Պեկինը մտադիր է ամերիկյան ֆերմերներից 4,3 մլրդ դոլարի սոյա գնել։ Իսկ մոտեցումների բուն էությունը դարձավ այն ժամանակ դեռ «գահաժառանգ» Սիի հարցազրույցն ամերիկյան լրատվամիջոցների հետ, որտեղ նա բերում է գլխավոր փաստարկները` երկու երկրների առևտուրը հատել է 440 մլրդ դոլարի սահմանը, դրան մասնակցում է ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, իսկ Չինաստանը, փաստորեն, ԱՄՆ-ում ստեղծել է մինչև երեք միլիոն աշխատատեղ։ Միևնույն ժամանակ, չնայած ԱՄՆ-ի արգելքին, Սին պաշտոնական այցով ժամանեց Հավանա, ստորագրեց միջպետական 10 համաձայնագիր, որոնք միտված էին երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ու ներդրումային լուրջ ծրագրեր էին նախատեսում։
Հասկանալի է, որ Չինաստանի արտքաղաքական նկրտումների թեման, հատկապես սաստիկ դիմակայությունների ներկա պայմաններում, ծայրաստիճան հետաքրքիր է, ինչին կանդրադառնանք մոտ ապագայում։ Իսկ առայժմ փորձենք գլուխ հանել ցանկացած նոր իշխանության համար առաջնային ոլորտից` ներքին, սոցիալական և տնտեսական։ Ակնհայտ է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում նոր իշխանությանը չի հաջողվի ապահովել այնպիսի հզոր տնտեսական թռիչք, ինչը երկրի նախորդ ղեկավարների օրոք եղավ։ Համապատասխանաբար, Սին կձգտի հասնել մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործառույթի իրականացմանը, որն անխուսափելի է հաջողակ կառավարչի համար, այն է` ժողովրդի «հույսերի վերարտադրության»։ Իսկ Չինաստանի համար այն արտահայտվում է հետևյալ ուղղություններում` կենսամակարդակի բարձրացում, սոցիալական արդարության պահանջարկ։ Բացի կոռուպցիայի դեմ մշտապես շեշտադրվող պայքարից, նախագահ Սին որոշ տնտեսական բարեփոխումներ պիտի կատարի և փոխի խաղի որոշ կանոններ, դրանով իսկ վերացնելով այն դժգոհությունը, որ հասունանում է հասարակության ներսում։ Իսկ դա կապված է ոչ միայն հարուստների ու աղքատների միջև եղած խզման, այլև երկրում ձևավորված «պետկապիտալիզմի» տնտեսական կլանների հետ։ Իրականում պետությունն այժմ աջակցում է միայն տնտեսության շատ ցածր տոկոսներով հսկաներին, մեծ վարկեր տրամադրելով նրանց։ Այդ խոշոր ձեռնարկությունները Հու Ցզինտաոյի և Ցզյան Ցզեմինի խմբավորումների ազդեցության ոլորտում են։ Համապատասխանաբար, Սի Ցզինպինը պիտի աջակցի փոքր և միջին բիզնեսին` էժան վարկեր տրամադրի, մեղմացնի հարկային բեռը, աշխատակիցների համար ստեղծի սոցապահովման համակարգ։ Մասնավորապես, նա պիտի ձևավորի նաև իր անձնական նոր թիմը` հենվելով ոչ միայն նախորդների վրա։ Եվ նա, կանխատեսումների համաձայն, հավանաբար, կդիմի միջին խավի ներկայացուցիչներին. Չինաստանում դրանք մեր պատկերացրած մանր կրպակատերերը չեն, այլ հասուն գործարարներ, որոնք, ի տարբերություն խոշոր կորպորացիաների ներկայացուցիչների, իրենց շնորհքով են փողի տեր դարձել և ոչ թե պետվարկերի հաշվին։ Ավելին, այժմ կուսակցության մեջ էլ քիչ չեն նոր սերնդի մարդիկ, ովքեր սովորել են արտասահմանում և լավ են հասկանում, թե ինչ է արդիականացումը։ Շատ փորձագետների կարծիքով, հենց Սի Ցզինպինը պիտի նրանց աստիճանաբար առաջ քաշի` Չինաստանի կոմկուսում նախ ցածր, իսկ հետո նաև` բարձր պաշտոններ տալով։
Միանգամայն հավանական է, որ այդ ճանապարհին նա կարող է բախվել պահպանողականների որոշակի հակաքայլերին, նրանց, ովքեր հանդես են գալիս ընթացիկ քաղաքական և տնտեսական մոդելի պահպանման օգտին։ Սակայն Սին երկար ժամանակ աշխատել է երկրի հարավում` բավական հարուստ նահանգում, որտեղ տնտեսական շատ նախագծեր է հեղինակել, եղել է երկրի առանցքային և սոցիալապես ամենահաջողակ քաղաքի` Շանհայի քաղկոմի քարտուղարը, Չինաստանում տեղի ունեցած օլիմպիական խաղերի պատասխանատուն, զբաղվել «կապիտալիստական» Հոնկոնգի ու Մակաոյի գործերով։ Այնպես որ, նա, ամենայն հավանականությամբ, ո՛չ կամքի և ո՛չ էլ մտահղացումների պակաս չի զգում, ինչպես նաև փոխզիջումներ գտնելու ունակության։ Եվ, ի վերջո, թեև Չինաստանի սահմաններից դուրս շատերի համար այս պնդումը ճշմարտանման չի հնչի, երկրում արդեն կա նաև նոր գործոն` հասարակական կարծիք, թող որ յուրօրինակ, սակայն շատ ակտիվ ու գործուն։ Իսկ դա, կարծես, կարոտ է նորացման։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ