ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թե ինչ պատահեց, երբ խորհրդարանից պակասեցին 83 պատգամավորներ

Թե ինչ պատահեց, երբ խորհրդարանից պակասեցին 83 պատգամավորներ
23.11.2012 | 12:38

Աղոտ, աղոտ հույսեր կային, որ քաղաքական դաշտն արթնանում է լեթարգիական քնից, որը առողջապահական տեսակետից գուցե որոշ դեպքերում օգտակար է, բայց ոչ երբեք քաղաքականության մեջ: Քաղաքական դաշտը արթնացավ միայն ձևական տեսակետից, որովհետև բովանդակային առումով քաղաքական անցուդարձը հեռու է քաղաքականությունից:

Քաղաքական ուժերը փորձում են իրենց տարտղնված, հատվածական, ջղաձիգ վիճակին քաղաքականության տեսք տալ: Բայց չի ստացվում: Չի ստացվում բովանդակության տեսակետից: Առավել ևս` արդյունքի: Վերջին ապացույցը արտահերթ նիստի ամբողջ պատմությունն էր, որ իրականում դատարկ փամփուշտով կրակոց էր, բայց համառորեն ջանում են ռումբի պայթյուն ներկայացնել: Համարյա նեյտրոնային: Ատոմային: Ջրածնային: Չգիտեմ էլ ինչ: Որովհետև եթե այս նիստը կայանար, արմատականորեն իրավիճակ էր փոխվելու: Գուցե նույնիսկ աշունից հետո գարուն էր գալու: Միանգամից ու կտրուկ ավելանալու էին աշխատատեղերը, աշխատավարձը միջին եվրոպականից (նախաճգնաժամային) բարձրանալու էր մի քանի անգամ, գնանկում էր լինելու համարյա ճգնաժամային, ժողովրդավարությունը գալու էր ու հաստատվելու էր Հայաստանում մեկ և ընդմիշտ, արտագաղթին հաջորդելու էր խայտառակ ներգաղթ, և անգամ Հայաստանի աշխարհագրական դիրքն էր փոխվելու: Իսկ բարոյահոգեբանական մթնոլորտն ընդհանրապես 180 աստիճանով շրջվելու էր, իշխանությունն էլ միանգամից ու մեկընդմիշտ փոխելու էր գործելակերպը` ամեն ինչ անելու էր հնարավորինս արագ ու գեղեցիկ իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու համար, որովհետև ինքն էր ասել` հավատանք, որ փոխենք, ու ինքն էլ իր խոսքին հավատացել էր: Իհարկե, այլ գործոններ էլ կան, փաստարկներ ու հիմնավորումներ, թե ինչու պիտի իշխանությունը հեռանար ու լծակներն ընդդիմությանը տար: Ամեն ինչ այդքան պարզ ու պարզունակ չէ: Եվ ընդհանրապես` ընդդիմությունը 100 տոկոսով ճիշտ է, որովհետև իշխանությունը իր քաղաքականությունը միշտ ծրագրել ու ծրագրերը կատարել է տարվա կտրվածքով` համարյա պետբյուջեի տրամաբանությամբ, իսկ երկրի զարգացմանը հեռանկարային (հավակնոտ չհասկանալ) ծրագրեր են պետք: Պետք է, որ այսօր ընդունված օրենքը աշխատի նաև վաղը, մյուս օրն էլ ու կարգավորի իրավահարաբերությունների զարգացումը նաև ժամանակի մեջ: Առաջին անգամ ընդդիմությունը փորձում էր առաջընթացիկ քայլ անել, ամբողջ 4 տարով իրադարձություններից առաջ ընկնելով, իսկ կարճատես իշխանությունը կանխեց: Գուցե ոչ այնքան կարճատես, որքան պահպանողական, ոչ այնքան պահպանողական, որքան անպատասխանատու... ՈՒ այս շարքը երկար է ձգվելու։
Ի՞նչ կատարվեց իրականում: Ընդդիմությունը հավաքեց պահանջվող ստորագրություններն ու չկարողացավ արտահերթ նիստ անցկացնել: Ի՞նչ էր տալու արտահերթը: Խորհրդարանական կյանքից, կանոնակարգից, քաղաքականությունից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվողներն էլ կասեն, որ որոշում ընդունելիս մեծամասնությունն իր կամքը թելադրում է փոքրամասնությանը: Այսինքն` օրինագծերի առաջարկվող փաթեթը չէր ընդունվելու, ընդամենը հնչելու էին ելույթներ, ահեղադղորդ փաստարկներ էին բերվելու, իշխանությունը գլուխը կորցնելու էր այդ անխոտելի փաստարկների ու անխոցելի փաստերի ծանրության տակ, և ընդդիմությունը վերջապես տոնելու էր փոքրիկ, բայց դարակազմիկ հաղթանակ: Շրջադարձային իրենց քաղաքական կյանքում: Իշխանությունը նրանց արտահայտվելու այդ հնարավորությունը չտվեց:

Մասամբ: Որովհետև այն, ինչ ասվելու էր նիստերի դահլիճում, ասվել էր մինչ այդ ու ասվեց այդ օրը, կասվի նաև հետո: Կարևորը ոչ թե արտահայտվելու հնարավորության կասեցումն էր բովանդակային առումով, այլ այս անգամ ձևը. իշխանությունը ցույց տվեց, թե ով է որոշողը: Ով է ուժը, և ցույց տվեց բավականին անթաքույց ու կոշտ: Հետագայի համար հաշվի առնելու նպատակով:
Նոյեմբերի 21-ը, այնուամենայնիվ, արժի հիշել:
Միաժամանակ, համարյա փոխլրացնող խոսքով հանդես եկան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Առաջին նախագահը անսպասելի հոդված գրեց, ԲՀԿ նախագահը անսպասելի հարցազրույց տվեց: Երկուսն էլ համարյա ուրբաթախոսության սկզբունքով: Եվ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ չկայացած նիստը որոշեց դարձնել տիեզերքի կենտրոն, քաղաքական կյանքի հանգուցային իրադարձություն ու առաջարկեց Սահմանադրական դատարան դիմել` լավ իմանալով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անաչառ ու անկախ գործելաոճը, Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես ցնցեց իր հայտարարությամբ` նա որոշում է կայացրել: Պատմական պահ ողջ քաղաքական դաշտի համար: Չշտապեք անորոշության կաշկանդումներից ձերբազատվել. նա որոշում է կայացրել ինքն իր համար և դեռ չի հրապարակելու այնքան, որքան հնարավորություն կտա օրենսդրությունը: Այսինքն` երկուսն էլ ասացին, որ ոչինչ դեռ չեն ասելու ոչ իրար, ոչ ուրիշներին: Որովհետև եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասելիք ունենար, հոդված գրելու չափ լրջանալու նրա այս պահը շատ լոկալ ու իր մակարդակի համեմատ անկարևոր խնդրի չէր վերաբերի: Բայց և արդեն լռելն էլ անվայելուչ է: Որովհետև եթե Գագիկ Ծառուկյանն էլ որոշած լիներ անելիքը, կհրապարակեր` իր պարագայում էլ անվայելուչ է այսքան ձգելը այն որոշման ընդունումը, որի մասին գիտեն բոլորը:
Գործնականում ինտրիգն ավարտվել է: Եվ կողմերին մնացել է միայն մեկ խնդիր` հետընտրական զարգացումներում անկորուստ ինքնապահպանություն ապահովելու ճանապարհների որոնում: Ամենաբարդը: Որովհետև նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը նորից ընկղմվելու է անդորրի մեջ, նորից հետաքրքրությունը մարելու է, իսկ ապրել պետք է: Ապրել քաղաքականության մեջ:
Նոյեմբերի 21-ի չկայացած նիստին հաջորդել է «համաժողովրդական» ամփոփումը: «Այս մարդիկ ցույց են տալիս, որ իրենք օրենքներով շարժվելու որևէ ունակություն ու ցանկություն չունեն: Եվ ուրեմն` մեզ մնում է մեկ բան. ժողովրդի ուժով, ոտքի կանգնելով, օգտագործելով նախագահական ընտրությունների կողմից ստեղծվող բոլոր հնարավորությունները, պարտադրել այս ռեժիմի կապիտուլյացիան» (Լևոն Զուրաբյան): Այսինքն` ՀԱԿ-ը պատրանքնե՞ր է ունեցել, որոնց խորտակումից հետո ուզում է վերադառնալ ելման կետ: Եվ այդքանից հետո շարունակելով ոչ միայն հայտարարել, որ քաղխորհուրդը որոշում չի կայացրել, այլև որևէ իմաստ չկա նախապես դիրքորոշումների մասին հայտնելու:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ ընդհանրապես հարկ չի համարում մասնակցել խորհրդարանի նիստերին, քաղաքական խնդիրները իրենցով ծածկելու հանձնառությունը թողնելով Վարդան Օսկանյանին ու Նաիրա Զոհրաբյանին: Վարդան Օսկանյանը երազում է` «Ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ ձևավորվում են ընդհանուր մոտեցումներ մեր հետագա անելիքների շուրջ: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ, իրոք, եկող շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորել: Անհրաժեշտ է, որպեսզի մեր նեղկուսակցական, անձնական շահերը մի կողմ դնենք, համախմբվենք և միասնական օրակարգով, ինչու չէ` նաև միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների»: Նաիրա Զոհրաբյանն էլ պատճառաբանում է, որ իրենց պատգամավորները նիստին չեն ներկայացել զբաղվածության պատճառով: 8 զբաղված պատգամավորները, իհարկե, իրավիճակ չէին փոխի, բայց մտածելու տեղիք տալիս են: ԲՀԿ-ին: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ԱԺ-ից դուրս չեն էլ եկել` բավարարվելով լրագրողների հետ շփումով: Իսկ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես թռել է Բաքու` մասնակցելու ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ասամբլեայի աշխատանքներին և ելույթ ունենալու: Բայց մինչ այդ հասցրել է ասել. «Եթե հիմա նրանք, ովքեր իրար հետ բանակցում են, իրենք հավաքվեն հավաքական թեկնածության մեջ ինձ հետ միասին, դա կլինի հաղթող տարբերակ, և ես կողջունեի այդ կուսակցությունների, այդ քաղաքացիական հոսանքների զորակցությունը։ Իսկ եթե չէ, եթե ամեն մեկը պիտի գնա իր թեկնածուով, մենք երկար կսպասենք»: Նաև հասցրել է որոշակի անորոշության իր մասնաբաժինը լրացնել` պատասխանելով այն հարցին, որ եթե ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գալու որոշում ընդունի, իր թեկնածությունից պատրա՞ստ է հրաժարվելու. «Եթե այդ միասնական թեկնածությունը բերելու է հաղթանակի, և ոչ թե գործարքի, և այդ գործարքը թե՛ ապագային միտված է, թե՛ անցյալի հետագծից բխող, ես ոչ մի բան չեմ բացառում։ Բայց ես ասում եմ, որ ես մերժելու եմ ցանկացած պիտակ, անգամ միասնական ածականով, որը գալու է «թոզ փչելու», ժողովրդին ինչ-որ մի գործընթաց առաջարկելու, որի ավարտին լինելու է գործարք այս դեֆակտո իշխանությունը շարունակելու համար»։
Համարե՞լ, որ քաղաքական դաշտում ևս մի պատմություն ավարտվեց: Թե՞ համամասնական-մեծամասնական, նախագահական-խորհրդարանական տարբերակները դեռ մնալու են քննարկման առանցք: Անկարևոր, որ որևէ զարգացում չեն խոստանում: Արդյո՞ք հրապարակված հարցերն են քննարկվում: Իրո՞ք քաղաքական ուժերը կարծում են, որ օրվա խնդիրը հենց դա է: Ի՞նչ պատահեց, երբ խորհրդարանից պակասեցին 83 պատգամավորներ: Ոչինչ: Իշխանությունը ասաց, որ ինքը մեծամասնություն է, և ինքն է որոշումներ ընդունում: Ընդդիմությունը վերջապես հիշեց, որ կա նորին մեծություն փողոցը, որտեղ ինքը ուժի իր աղբյուրը պիտի ունենա, և դուրս եկավ փողոց (ճիշտ է` ընդամենը խորհրդարանամերձ), և տեսավ, որ նորին մեծություն փողոցը այլևս բանուկ ու մարդաշատ չէ, ավելին` իր հընթացս դաշնակիցներին չտեսավ փողոցում: Ընդդիմությունը կվերադառնա խորհրդարա՞ն, թե՞ կվերադառնա փողոց: Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ ուղարկեց Սահմանադրական դատարան: Մնացածը 2018 թվականին կամ 2018-ի մատույցներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

ԱՆԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Բոլորը խոսում են փոփոխությունների անհրաժեշտությունից, իսկ գուցե գլխավորը քաղաքական էլիտայի՞ փոփոխությունն է:
Եվ իսկապես մեղավորն իշխանությունն է, որովհետև ընդդիմության չկայացածության պատճառը միայն ընդդիմությունը չէ, այլ համակարգը, որը գործում է միայն ու միայն հօգուտ ու հանուն իշխանության:
Ի վերջո, Ընտրական օրենսգիրքը չի որոշում ընտրությունների բնույթը, լավագույն Ընտրական օրենսգիրքն Աստվածաշունչն է 10 պատվիրաններով (մի՛ գողացիր, մի՛ շնացիր, հարգիր հորդ և մորդ, Աստծո անունն ունայնության մեջ մի արտաբերիր...) և ոչ միայն ընտրական օրենսգիրք է: Բայց աշխարհը կատարյալ չի դառնում Աստվածաշնչի առկայությամբ:

Դիտվել է՝ 2991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ