«Հայ ժողովրդի կազմավորման բարդ ու խճողված ընթացքը ծայր է առել մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերից, երբ հին Հայաստանի երկու տարբեր տարածքների վրա պետական կազմավորումներ` ցեղային միավորում-թագավորություններ, հիմնեցին խուրիները (Խուրի - Միտանի) և հայասցիները (Հայասա-Ազի)»։
Վիգեն ԽԵՉՈՒՄՅԱՆ, «Գիրք գրոց»
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
(թունդ սուրճ, կիտրոն և բարկօղի)
Կիտրոնը լիմոնն է, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Բարկօղին, ո՛չ, տիարք մականունակիրներ, բնավ օղու բարկացած տեսակը չէ (ասենք` «յաթրջին»)։ Բարկօղին կոնյակն է։ Ի դեպ, խնդրեք ձեր թիկնազորի տառաճանաչ անդամին` գիրկապ կարդալ Խաչիկ Դաշտենցի նշանավոր վիպասքը` «Ռանչպարների կանչը», ու կիմանաք, որ կյանքի մայրամուտին Ֆրեզնոյի հայկական սրճարան էր այցելում դյուցազն Անդրանիկ զորավարն ու թունդ սուրճի հետ բարկօղի վայելում։
Բարով վայելենք մեր սուրճն արևելյան, կիտրոնը վրացական և բարկօղին սովետահայ։ Եվ անցնենք ազգապետական կարգախոսներին, որոնք հանրապետությունը շեղեցին կայացման ճշմարիտ ճանապարհից։ Եվ ահա հարցեր են ծառս լինում. հնարավո՞ր էր, որ նրանք մեզ այլ հանգրվան ուղեկցեին։ Երազենք մի փոքր ու «փիքր անենք»։
ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ
(կեսարյան հատում)
1990-ին Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան հատվածում գոյանում է մի նոր անկախ պետություն։ Հանրապետությունը ողջունում է իր փառապանծ իշխանապետերին և բազկաթոռախաղը յոթ պտույտ պտտեցնում Երևանի եկեղեցիներում։ Չարը խափանվե՞ց։ Իհարկե։ Հետո նրանց, գլխից վերև բռնած, հասցնում ենք պաշտոնավայր։ Ծնունդ է առնում ազգային-պետականաշեն հանրապետությունը։
Երանելի՜ ժամանակներ։ Պատերազմական իրավիճակները հաշվի առնելով (ելնելով համաշխարհային փորձից)` պետական մենաշնորհներ են դրվում առաջին անհրաժեշտության ապրանքատեսականու ներկրման և իրացման վրա։ Վարչապետ Վազգեն Մանուկյանը զօրուգիշեր երկաթուղային կայարաններում է։ Ի՞նչ է անում։ Ինչպե՞ս թե, ապահովում է ալյուրի, մազութի, ձեթի, շաքարավազի և այլնի անխափան մուտքը հանրապետություն։ Նրան փոխարինում է Հրանտ Բագրատյանը։ Եվ հռչակում է սույն նշանաբանը. «Ծոմապահություն և արդար քրտինք, սա է հաղթանակի ուղին»։
Տասնչորսժամյա ռեժիմով են աշխատում «Նաիրիտը», «Պոլիվինիլացետատը», ատոմակայանն ու մյուս ձեռնարկությունները։ Մասնավորեցվում են կոշկակարի և պաղպաղակի կրպակները։ Հանրությունը, պահպանելով նշանաբանի ոգին, կես ճանապարհին իջնում է տրոլեյբուսից և այն հրում առաջ։ Մետրոպոլիտենը սպասարկում է ծերերին, մանուկներին և զինվորներին։ Ազգային ժողովում թունդ երդում են ուտում` արթնանալ բոլորից շուտ, քնել ամենաուշը և օրենքներ եփել-թափել-թխել։ Հանգստի սուղ պահերին նրանք շրջում են հանրապետությունով մեկ և անձնական օրինակով ապացուցում անկախության առավելությունը չանկախության նկատմամբ։ Զորօրինակ, ինչ ոգեշնչմամբ է գյուղաբնակը խուզում ոչխարը, կթում կովը, պայտում ձին, երբ նրա գլխին կախված չէ կոմունիզմի ուրվականը։ Նորանկախ երեսփոխաններն անցնում են գյուղամիջով և բղավում. «Ո՜վ անկախ հայորդի, քո նվիրյալ խուզով դու նպաստում ես հայրենիքիդ զորացմանը»։ (Այս օրերին տագնապալի երազներ է տեսնում Արշակ Սադոյանը, իբր Հայաստան եկող մազութը լափել են, Բագրատյանը ջրի գնով օտարին է հանձնել երկրի կապը և ունի հինգ ծառայողական մեքենա։ Վեր է թռչում, տեսնում, որ երազը փուչ էր, զանգահարում է Բագրատյանին և հրավիրում մարդասիրական խաշի)։ Ի դեպ, խաշը ևս հայտարարվում է պետական մենաշնորհ։
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
«Մեր տունը մենք պիտի կառուցենք» կարգախոսով 1700 օրինակ կարմիր պաստառ է կարվում Երևանի մետաքսի կոմբինատում։ ՀՀՇ, ՀՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ միացյալ դաշինքն իր կուսակտիվով յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ուղղորդում է վերականգնելու աղետի գոտին։ Շուրջ 10 հազար կուսանդամներ շինաղբից ազատում են քաղաքները, դնում առաջին շենքերի հիմքերը։ Վասն հայրենյաց։ Յուրաքանչյուր շինկուսանդամի օրվա մեջ տրամադրվում է մեկ խաշած կարտոֆիլ, կես բուխանկա սև հաց և մի պտղունց աղ։ Վերածննդին անմասն է ԱԻՄ-ը` յուր Պարույր-առաջնորդով։ Տիար Հայրիկյանը գաղափարական հակամարտության մեջ է ՀՀՀՌ դաշինքի հետ և համոզված է, որ աղետի գոտին պիտի քար առ քար ինքնորոշվի։
Այս ամենը տեսնելով` սփյուռքը նախ հուզվում է, հետո սուզվում է բանկային հաշիվների խորքերը և եղած-չեղածը նվիրաբերում Մայր հայրենիքին։ Աղետի գոտին վերածնվում է հինգ տարվա ընթացքում։ (Վարդանիկ Ղուկասյանն աշխատում է դեպոյի բուֆետում և բոլորի աչքի լույսն է)։ Գյումրին կառավարում է առնվազն յոթ պորտով քաղաքին կապված Մկրտիչների պատվավոր ատյանը։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ
1991 թվական։ ՀՀՀՌ-ն ինքնալուծարվում է և ձևավորում երկկուսակցական քաղաքական համակարգ` ձախեր և աջեր։ Կենտրոնն ազատ է ժողովրդի համար։ Պատգամավորական աշխատավարձերը համահավասար են նվազագույն զամբյուղին։ Նվազագույն զամբյուղը ձևավորվում է գոյապահպան երաշխիքով։ Այսինքն, ՀՀ քաղաքացին (պատգամավորներն ու կառավարության անդամները ներառյալ) ստանում են այնքան, որ օրը երկու անգամ սնվեն, երեք օրը մեկ սափրվեն (կամ դիմահարդարվեն), ամիսը երեք անգամ էլ հյուր գնան։ Ցնծա, նորանկախ իմ երկիր։ Բայց դե բավ է, այսօր ունենք այն, ինչին արժանի ենք։ Այ, էս մի խոսքն ինձ բնավ հանգիստ չի տալիս, ուրեմն ի՞նչ, ես արժանի եմ գրել-մրելու (ինչին, իհարկե, դեմ չեմ), իսկ, զորօրինակ, օլիգոպոլիկները` երկիրը քամելու և ԱԺ-ում բազմելո՞ւ։
ՎԱՐԱԿԻՉ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ
Այսպիսով, ինչո՞ւ են մեր կարգախոսները գլխիվայր իրականանում։ Զորօրինակ, անցնո՞ւմ էր որևէ մեկի մտքով, թե «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»-ի վերջում, այսինքն` 1998-ի վաղ գարնանը, գիտնականների աշխատավարձով հնարավոր է կիսաապրել մեկ շաբաթ։ Որ հայոց հաղթական (տարածաշրջանում ամենազորեղ) բանակում ոջիլները կապստամբեն և կփորձեն իշխանությունը խլել զինվորից ու հրամանատարից։ (Ի մեծ բարեբախտություն մեզ, բանակը դիմակայեց)։
Որ քահանան կառաջնորդի օր օրի բարոյական ճողվածք ապրող քաղկառույցը։ (Քաղկառույցը, ի վերջո, փլուզվեց)։
Որ քաղաքական սպանությունները կհաջորդեն մեկը մյուսին և հաջորդաբար կմնան անբացահայտ։ (Համակարգը սպանություններ է կազմակերպում։ Ովքե՞ր են բացահայտողները)։
Որ, որ, որ... Է, որ ի՞նչ։ Եվ էդ ինչո՞ւ «պայքարավերջի» ասպետ Վանո Սմբատիչն անհայտ բացակայող է։ Է, մինչև ե՞րբ։ Գուցե դեռ չի՞ հնչել պայքարի վերջի վերջին մուղամը։ Գուցե։
Ոչ պակաս հեռանկարային էր հաջորդ կարգախոսը. «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»։ Այն թափվեց մեր գլխին նույն 1998-ին։ Եվ ահավասիկ, տասը տարի անց ո՛ղջ հանրապետության ո՛ղջ ժողովուրդը կուսակցական է։ Ոմանք երկկուսակցական են։ Շատերը կորցրել են հարազատ քաղկառույցների թիվն ու անունը։ Այո՜։
Իսկապես, այդ ի՞նչ դիվային ուժ ունեն հայոց նշանաբաններն ու կարգախոսները հայկական։ Խնդրեմ, խորհրդարանում բուժվում է երեսփոխանի նորանկախ տեսականին, որն անզոր է բերանացի արտասանելու (չհստակեցնել խորհրդարանի գործառույթները կամ սահմանել ԱԺ ներդրումը պետականության կայացման գործում) և արտասվելու երջանկությունից... լիարժեք հնչեցնելով ԱԺ հանձնաժողովների անվանումները։ Ընդամենը։
2001 ԹՎԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՏԱՐԻ
Կառավարական նիստերը վերածվեցին ուզվորական դասընթացների։ Եվ չնայած գործողության մեջ էր «Իմ կուսակցությունը...», գործն առաջ էր տանում «Պայքա՛ր, պայքա՛ր...»-ի կախարդանքը։ Հիշում եք` «հարևանից պարտք վերցրեք»։ Է, բնականաբար, եթե չքնաղ տիկին Սյուզին պարտք էր վերցնում հարևան Փառիկից (չվերադարձնելու ներքին համոզմունքով), պետությունը մի՞թե ժողովրդից պիտի օտարվեր։ Եվ ահավասիկ, պարտք ենք վերցնում հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից։ Ընդ որում, յուրաքանչյուր նոր պարտք դիտարկվում է որպես փառահեղ տնտեսական հաղթանակ, հայոց կառավարիչների ատոմային ողնուղեղի հեռանկարային քայլարշավ։ Անշուշտ, կան թերություններ։ Զորօրինակ, վարկի հերթական կլանումից հետո կտրուկ աճում էր ծառայողական ջիպերի գլխաքանակը, հընթացս նվազում նվազագույն զամբյուղի «մարիֆաթը»։
Այո՜, կառավարական նիստերի ժամանակ երանավետ ժպտում էին կառավարության արգո անդամները և թաքուն լեզու հանում լրագրողներիս ուղղությամբ։ Զի լրագրողներս զայրացկոտ զարմանում էինք` ինչո՞ւ են պարտք մուրալով երջանկության գիրկն ընկնում, երբ պետք է տրտմել, տրտնջալ և ջիպերը փոխարինել ավանակով։ (Ավանակն էլ ծախսատար փոխադրամիջոց է, ավելի լավ է` հեծանվով)։ Դաաա՜։
ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Գլխավորը կադրերն են, որոնք շատ հաճախ դիվային զորությամբ ու կոպերֆիլդյան «հունարով» լուծարում-ուծացնում-ուժազրկում են բարին, գեղեցիկը, ազնիվը։ Եվ հաճախ եմ զարմանում. ե՞րբ պիտի երկիրը լքեն «շուկայական ջունգլիներում» հասակ առած և դիրք ու պաշտոն, գույք ու կայք ձեռք բերած մարտաշունչ «գյադաները»։ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր։ Կենտրոնական փողոցը միակ հարդարունն է։ Մնացածը` ավերակների թագավորություն։ Կյանքն այստեղ կանգ է առել 1990-ից։ Սակայն լիառատ սեղաններն ու պսպղուն շքանշաններն անպակաս են։ Մարզպետն ու քաղաքապետը երջանկության լեռնագագաթում են։ Իսկ ինչու ո՞չ, տեղները` տաք, փորները` կուշտ։ (Արմավիր քաղաքը ցցուն պատկեր է, ցավոք, ոչ եզակի)։ Եվ տեսեք, թե «գյադուկները» (թերևս նաև «գադյուկները») ի՜նչ անմռունչ ու պատրաստակամ են երկրի նախագահին և կուսակցական առաջնորդին խոստումներ շռայլելիս։ Սակայն մինչ նախագահն ու վարչապետը, համախոհների սոթլիկ աջակցությամբ, փորձում են տեր լինել «Առաջ Հայաստան»-ին, շարունակվում է «Պայքա՛ր, պայքա՛ր...»-ի և «Իմ կուսակցության» դիվախաղը։
Եվ ահա երկրի տնտեսության վերականգնման նպատակով վաճառվում է ԱԳՆ-ն։ Է, մի՞թե սա մեր «յարան» կբուժի։ Եվ զարմանահրաշ մի փրկօղակ է իջնում վար` մարմնավաճառների վրա հարկ դնել և միջոցներն ուղղել բյուջե։ Հավանաբար, գործարարության այս նոր ձևը կձևակերպվի որպես անհատ ձեռնարկատիրություն։ Կամ էլ` ՊՓԲԸ։ Այսինքն` պետական փակ բաժնետիրական ընկերություն։ Վստահաբար` արտագաղթը կնվազի։ Եվ որքան նոր, կայուն ու հեռանկարային աշխատատեղեր կավելանան։ Այո՜։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ