ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանը 2-րդի որոնումներում

Հայաստանը 2-րդի որոնումներում
25.09.2012 | 12:32

Կանխատեսումները անշնորհակալ գործ են: Վաղուց հայտնի է` եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել վրադ, պատմիր նրան քո ծրագրերը: Եվ, այնուամենայնիվ, այնքան գայթակղիչ են այդ կանխատեսումները, որ դժվար է դիմակայել ու չտրվել տարբերակների կանչող խաղին:

Նախագահական ընտրությունների մեկնարկը սովորաբար տրվում է նոր նախագահի պաշտոնակալության հաջորդ օրվանից, թեպետ ընտրական օրենսգրքերը բոլորովին այլ ժամկետներ են սահմանում: Միշտ չէ ու ամեն ինչ չէ, որ կարողանում են օրենսգրքերը կարգավորել: Եվ միշտ չէ, որ նախագահական ընտրություններն ավարտվում են ընտրության օրը: Նույնիսկ օրենսգրքերը երկրորդ փուլ են նախատեսում որոշակի դեպքերում:
Հայաստանում նախագահական ընտրությունները համարյա թե ծննդյան օրվա պես են: Ծննդյան օրվա, որից հետո միայն սկսվում է կյանքը: Երկրի, պետության, մարդկանց: Եվ միշտ էլ ու բոլորն էլ գիտեն` ով է ընտրվելու և ով չի ընտրվելու: Նախագահական ընտրություններն ընդամենը գրանցված թեկնածուների ծրագրերին տրված վստահության քվեներ են: Այդ մենք ենք ամեն ինչ բարդացնում:
Եվ, ուրեմն, սկսենք գույքագրումից: Քանի որ ամեն կանխատեսում, ի վերջո, ընդամենը պայմանականություն է, որ իրականություն դառնալու համար տասնյակ պայմանների պետք է բավարարի, ի սկզբանե պայմանավորվենք նախագահության մշտական թեկնածուներին (Արտաշես Գեղամյան, Պարույր Հայրիկյան, Վազգեն Մանուկյան, Արամ Գ. Սարգսյան, Արամ Հարությունյան և այլք) հենց մշտականության և 0,0001 կամ մի քանի տոկոսների պատճառով առայժմ չանհանգստացնել:
Եվս մեկ պայմանականություն. եթե խաղը վերստին պտտվում է երեք նախագահների Բերմուդյան եռանկյունում, ի սկզբանե ընդունենք, որ գործող նախագահի վերընտրությունը, հասկանալի պատճառներով, միշտ ավելի հեշտ է, եթե, իհարկե, չկա սահմանադրական արգելք: Սերժ Սարգսյանը թեկնածությունը չառաջադրելու և չընտրվելու պատճառ չունի, նա միանշանակ առաջադրելու է իր թեկնածությունը ու լինելու է թիվ 1 ֆավորիտը: Բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ՀՀ-ի:
Լևոն Տեր-Պետրոսյանը պրագմատիզմից ելնելով` հիանալի հասկանում է, որ ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում 2007-2008 թթ. վրա ժամանակը կանգ չի առել, ուստի երրորդ վերադարձն արդեն առասպելից անեկդոտի ժանր է տեղափոխելու պատմությունը: Իսկ ՀԱԿ-ը առանց նրա չունի ընդդիմության հմայքն ու ձգողականությունը:
Ռոբերտ Քոչարյանն ամբիցիաներից ելնելով` միանշանակ համոզված է, որ առանց իրեն Հայաստանը կործանվում է, ամեն ինչ ու բոլորը ձեռքից գնացել են, ու միայն իր վերադարձը շանս կտա փրկության, բայց նույնիսկ նա չի կարող չհասկանալ, որ իր վերադարձը Հայաստանում պետք է միայն իրեն և մեկ էլ իր հնարած կուսակցության որոշ անդամների:
Ա՞յլք: Իհարկե, կան ու կլինեն: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիսավորապես հայտարարեց, որ նախագահական ընտրություններին մասնակցելու է իր մասնակցությամբ կամ չմասնակցությամբ: Այս առումով նրա կինը` Արմինե Հովհաննիսյանը, շատ ավելի ընկալելի և շահեկան դիրքում է և հաստատ ավելի շատ ձայներ կստանա ամուսնուց, եթե թեկնածությունն առաջադրի: Համենայն դեպս, միայն նրա խոսքից հետո է հասկացվում, թե ամուսինն ինչ է ասում ու ինչ է ուզում: Գոնե խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպես էր: Եվ հետո` նույնիսկ «Ազատ դեմոկրատներն» այնքան ազատ է, որ նրա թեկնածությունը պաշտպանելու մասին լռում է, մյուսները` նույնպես: Ստեփան Դեմիրճյա՞նը:

1998-ից հետո հոր, 2003-ից հետո սեփական օրինակով նա հստակ հասկացավ, որ Հայաստանում նախագահ լինելու համար ընտրվելը քիչ է, նշանակվել է պետք: Իսկ նշանակումների ժամանակ լինում են մրցակիցներ, և այս դեպքում նրա մրցակիցների շանսերը նախընտրելի են: Արամ Կարապետյա՞նը: Նա կմտածի, կմտածի և կգտնի չառաջադրվելու 25 պատճառ առաջադրվելու 24 պատճառի դեմ հանդիման և նախապատվությունը կտա այդ մեկին: Արամ Գ. Սարգսյա՞նը: Նա հաջողության կհասնի, երբ գտնի դեպի ժողովուրդը տանող ճանապարհը, համենայն դեպս, միայն նա է համոզված, որ նախագահական ընտրություններում ժողովուրդն ունենալու է իր թեկնածուն: Գագիկ Ծառուկյա՞նը: Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը բոլոր իրավական հիմքերն ունի այդ քայլին գնալու, բայց ինքն էլ գիտի, որ իրավական հիմքերով ո՛չ տուն կպահես, ո՛չ երկիր: Եվ հետո նա քանիցս ասել է, որ իրեն ոչինչ պետք չէ, ինքն ամեն ինչ ունի, և իր միակ հոգսը մարդկանց կյանքը թեթևացնելն է ու ... նույն ոգով մի 20 րոպե` առանց վերջակետերի ու շունչ քաշելու: Արթուր Բաղդասարյա՞նը: Նրա խաղն արդեն քանի տարի խաղեր չտալն է, և նա, կարծես, հաշտվել է իր ճակատագրի ու այն մտքի հետ, որ Հայաստանը Եվրոպա չէ: Վահան Հովհաննիսյա՞նը, Արմեն Ռուստամյա՞նը: Ոչ մի դաշնակցական իր կուսակցության կարգուկանոնը չի խախտի: Համենայն դեպս` ինքնակամ: Կամ` անպատիժ, իսկ կուսակցությունը կարող է որոշել ոչինչ չորոշել: Հրանտ Բագրատյա՞նը: Նա ընդամենը երազում է նորից վարչապետ լինել, թեկուզ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Համենայն դեպս` պատրաստ է նվազագույն աշխատավարձն էլ կրկնապատկել այդ նպատակին հասնելու համար: Բայց նրա ազնիվ ջանքերը բացահայտորեն ապարդյուն են: Տիգրան Սարգսյա՞նը: Հայտնի խորհրդակցությունից հետո նա կարող է մոռանալ իր բոլոր ցանկությունները և ժամանակն է, որ սկսի ընտելանալ վարչապետ չլինելու հնարավորությանը: Համենայն դեպս` 2013-ի գարնանից: Այս թվարկումը, ցավոք, կարելի է շարունակել բավականին երկար, և հենց դա վկայում է, որ Հայաստանում հասունացել է քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտությունը, որը, որքան էլ անտրամաբանական հնչի, հենց գործող էլիտայի խնդիրն է:
Նախագահական ընտրություններում կա ավելի կարևոր հարց, քան «Ո՞վ է ընտրվելու նախագահ» հարցն է: Ամենակարևոր հարցը` իսկ հետո՞: Ի՞նչ է անելու ընտրված նախագահը: Առավել ստույգ` ի՞նչ անելու հնարավորություններ է ունենալու: Այս հարցի պատասխանն այլևս դուրս է տրամաբանական եզրահանգումներից: Որովհետև real politik-ը վերադարձնում է իրականության հարթություն, և ակնհայտ է դառնում, որ իրականում Հայաստանի երկրորդ քաղաքական ուժն անթաքույց նետվում է առաջինը դառնալու պայքարի: ԲՀԿ-ն, որքան էլ այլընտրանք ներկայանա, վաղուց իրեն պատրաստ է համարում թիվ 1 իշխող կուսակցություն լինելուն: Եվ եթե ԲՀԿ-ն ընտրությունների գնում է սեփական թեկնածուով, դեռ չի նշանակում, որ դուրս է գալիս բացահայտ պայքարի, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին բարձրաձայն սատարելու դեպքում չի նշանակում, որ ԲՀԿ-ն սատարում է հենց նրան և ընդամենը իր շարքերն ու բարգավաճ կարգավիճակը պահպանելու խնդիր չի լուծում: Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան (կամ միստր X, որ կլինի նրանց նշանակյալը) վարչապետ ունենալու դեպքում Սերժ Սարգսյանը հարկադրված է լինելու կամ գնալ սահմանադրական փոփոխությունների, կամ հրաժարվել իր հայտարարած բարեփոխումների գաղափարից: Նա նվազագույնը կորցնելու է իր ՀՀԿ-ական թիմի կեսը և իր ԲՀԿ-ական թիմը ամբողջությամբ: Իշխանությունը չի կարող երկու գլուխ ունենալ: Հայաստանն այդպիսի երկիր է` ժողովրդավարությունն ընկալվում է ուժեղին ենթակայություն, իսկ ուժեղը ուժեղանում է թույլերի թուլության հաշվին, երբ նրանք, ինքնապահպանման բնազդով, գործունեության գերակա սկզբունք համարում են տիրոջ ոտքերի տակ նետվելու ճիշտ պահը չկորցնելը: ԲՀԿ-ն իշխանության մեջ` նշանակում է վերադարձ 21-րդ դարասկիզբ, հայտնի հետևանքներով: Ոչ լեգիտիմ կամ գնված իշխանությունը երկիրը դարձնում է անպաշտպան ներսից ու դրսից: Պե՞տք է դա Հայաստանին: Այո, այնքան, ինչքան Հյուսիսային պողոտան երևանցիներին, որ տուն չունեն: Փաստորեն, նախագահական ընտրությունների ինտրիգը դառնում է այն հարցը, թե ո՞վ է փակելու ԲՀԿ-ի ճանապարհը: Եվ սա ոչ միայն ներքաղաքական, սա արտաքին քաղաքական խնդիր է: Կարողանալո՞ւ է Հայաստանն ինքնուրույն անել իր ընտրությունը, թե հայտնի տանդեմը փորձելու է տանդեմի պատճենը պարտադրել իր իբր թե ռազմավարական գործընկերոջը:
ՈՒ, որքան էլ տարօրինակ է, այս դեպքում և Սերժ Սարգսյանին (որ վերընտրվելու ավելի մեծ շանսեր ունի, քան ընտրվելու շանսեր ունի որևէ թեկնածու, որովհետև ընտրությունը կազմակերպում է իշխանությունը), և պետությանն ու ժողովրդին շատ ավելի անհրաժեշտ է, որ նախագահական ընտրություններում երկրորդը լինի ընդդիմադիր թեկնածու: Բայց ոչ նշանակված ընդդիմությունից, որոնց ներկայացուցիչներն իրենց տեսակետները պայմանավորում են սեփական հաշվեհամարներում կուտակվող գումարներով: Արմատական տարբերություն կա ժողովրդի քվեով և ժողովրդի պահանջով կատարվող փոփոխությունների և այն փոփոխությունների միջև, որ կատարվել են Հայաստանում ու կշարունակեն կատարվել` ոչ մի դրսևորում չունենալով ո՛չ բնակչության կենսամակարդակի վրա, ո՛չ աշխարհում երկրի ունեցած տեղի ու ներգործության: Ամեն ինչ չէ կարևոր, ինչը կարևոր թվում է: Առաջ գնալու համար մեզ պետք են քայլեր, որ չեն կրկնում դեպի պարտություն տարած ընթացքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Մարդկանց` շարքային, թե մարշալ, հաղթանակ է պետք: Իսկ ժողովրդին` շատ ավելի, եթե ուզում է անխաթար պահել կյանքի գենը: Իսկ կանխատեսումնե՞րը:
Կանխատեսումներն անշնորհակալ գործ են, ասում եմ, չէ՞, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել վրադ, պատմիր նրան քո ծրագրերը: Բայց իրեն հարգող ամեն մի պետություն, այնուամենայնիվ, պետք է ունենա կանխատեսելի քաղաքականություն: Գոնե ազգային անվտանգության հարցերում: Իսկ եթե ոչ միայն հարգում է, այլև պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները, ուրեմն պետք է ունենա նաև հիշողություն ու հեռանկար: Իսկ որ Հայաստանի երեք նախագահները ոչ մի կերպ չեն հանդիպում Անկախության օրը և չեն ուզում ոչ մի ավանդույթ հիմնադրել, շատ ճիշտ են անում: Համենայն դեպս, ավելի անկեղծ ու ազնիվ են, քան իրենց պարբերաբար հանդիպման կոչող ու ևս մի անհեթեթ պայմանականություն ակնկալողները: Ավելի ազնիվ են ազնվության կեղծ կոչեր անողներից, ավելի արդար` արդարության մասին ճամարտակողներից և ավելի համառ` համբերությամբ դիմակավորվածներից, որ վախենում են հայելուց:

Դիտվել է՝ 6427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ