ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանը` ապագայի «աշխարհաքաղաքական պաշարի» կուտակման ասպարեզ

Ադրբեջանը` ապագայի «աշխարհաքաղաքական պաշարի» կուտակման ասպարեզ
25.09.2012 | 11:48

Անկախության ձեռքբերման հենց սկզբից Ադրբեջանն զգալիորեն հեռու էր արաբական պետությունների հետաքրքրության շրջանակներից, որի պատճառն Իսրայելի հետ նրա սերտ ու բազմակողմանի հարաբերություններն էին, ինչպես նաև դաշնակցային հարաբերությունները Թուրքիայի հետ, որի հանդեպ արաբական աշխարհը շատ զգուշավոր վերաբերմունք ունի:
Արաբական պետությունների միջազգային քաղաքականությունը կենտրոնացած էր դրանցից չորս առաջատարների` Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Սիրիայի շահերի շուրջ: Արաբական Մերձավոր Արևելքի մյուս երկրները, փաստորեն, իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնում էին «Մեծ քառյակի» կուրսին, և անգամ Մաղրիբի պետությունները, որոնց շահերը զգալիորեն այլ ուղղությամբ են կողմնորոշված, չեն կարող անտեսել արաբական այդ առաջատար պետությունների շահերը: Դրա հետ մեկտեղ, «Մեծ քառյակի» պետություններն ամենևին էլ ինքնուրույն չեն արտաքին քաղաքականության մեջ, հատկապես 2003-ին Իրաքի ջախջախումից հետո, կարելի է ասել, ավելի մեծ արտաքին կախման մեջ ընկան, քան առաջ: Բացի Իրաքից, մյուս բոլոր արաբական պետություններում անհամամասնություն կա բնական և մարդկային ռեսուրսների միջև, ինչը նրանց թույլ չի տալիս հայտարարել արտքաղաքական հավակնությունների մասին: Առաջատար և ոչ մեծ պետությունների արտաքին քաղաքականությունն զգալիորեն շրջափակված է, վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից և գտնվում է եվրոպական պետությունների լուրջ ազդեցության ներքո: Եգիպտոսն ունի կենսագործունեության խոր դժվարություններ, Սաուդյան Արաբիան, չնայած սպառազինությունների վրա արվող մեծ ծախսերին, այդպես էլ չկարողացավ տարածաշրջանում նշանակալի զինված ուժեր ստեղծել: Իրաքը դեռ կազմալուծված է, նրա հետագա ճակատագիրը պարզ չէ, իսկ Սիրիան, փաստորեն, շրջափակված է Թուրքիայի և Իսրայելի կողմից, սկզբունքային աջակցություն ստանալով, ըստ էության, միայն Իրանից: Հորդանանն ու Պարսից ծոցի մի շարք պետություններ վերածվել են ԱՄՆ-ի արբանյակների: Լիբիան կորցրել է իր առաջվա դիրքերը և դարձել ավելի զիջող Արևմտյան ընկերակցությանը, իսկ Մարոկկոն, Ալժիրը և Թունիսն ընտրել են Եվրամիության հետ ինտեգրման ուղին, և, վերջապես, Սուդանն ինքնըստինքյան նշանակալի չէ համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ: Միաժամանակ, արաբական վերնախավերը ստեղծել են արմատական կրոնական կարգի ցանցային կառույցներ` արտաքին ներգործության ասիմետրիկ գործելաոճով, որոնք դարձել են այլընտրանքային արտքաղաքական ռեսուրսներ և առավել ակտիվ ձևով արտացոլում են արաբական արտքաղաքական հավակնություններն ու մտադրությունները: Այժմյան արաբական հեղափոխությունները, որոնք, այսպես թե այնպես, արմատականացնում են իրավիճակն արաբական երկրներում, անշուշտ, ավելի մեծ անվստահություն ու թշնամություն կծնեն Ադրբեջանի նկատմամբ, որը, իր ամբողջ ֆինանսական հնարավորություններով, այդպես էլ չի դրսևորել իր դիրքորոշումն այդ իրադարձությունների առնչությամբ։
Օրվա արաբական վերնախավը որևէ նպատակամիտված շահ չունի Հարավային Կովկասում, որն ավանդաբար համարում են արաբական խալիֆայության երբեմնի հետամնաց գավառ, և որը, արաբական դատողությամբ, ներկայումս ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի լուսանցքային գոտին է: Վերջին ժամանակներս արաբական կապիտալն սկսել է Հարավային Կովկասում, հիմնականում Վրաստանի ու Ադրբեջանի սպասարկման ոլորտում, ներդրումներ կատարելու շահագրգռություն ցուցաբերել: Հարավային Կովկասի բոլոր երկրներում գործում են արաբական մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ, բայց մինչև հիմա այդ պետություններից և ոչ մեկը չի փորձում հետևողական ու իմաստալից քաղաքականություն ծավալել տարածաշրջանում: Այդուամենայնիվ, Ադրբեջանն իսլամական երկիր է և, այսպես թե այնպես, դա պետք է նկատվի արաբական պետությունների քաղաքականության մեջ: Արաբական այն պետությունները, որոնք ընդունված է անվանել «ճակատամերձ» (Սիրիան, Եգիպտոսը, Լիբանանը), Ադրբեջանը համարում են, նախ և առաջ, Իսրայելի հետ լայնորեն համագործակցող պետություն: Արաբական երկրների այս մոտեցումը պաշտպանում է Իրանը, որի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ ազդում է ողջ իսլամական աշխարհի տրամադրությունների վրա: Իսրայելի առնչությամբ Ադրբեջանը հետևում է Թուրքիայի քաղաքականության մոդելին, ձգտելով տնտեսական, ռազմատեխնիկական և քաղաքական ոլորտում Իսրայելի հետ կոոպերացիոն դիրքեր ձեռք բերել արաբական աշխարհում:
Ադրբեջանը հույսեր էր փայփայում արաբական պետությունների աջակցությունն ստանալու ղարաբաղյան հարցում, սակայն այդպես էլ ոչ մի օգնություն ու աջակցություն չտեսավ, իսկ հիմա ձգտում է Իսրայելի, արաբների ու Իրանի միջև հավասարակշռության քաղաքականություն վարել, հուսալով ստանալ իսլամական աշխարհի աջակցությունը: Արաբական կառավարող վերնախավերն ընդգծում են ճկուն ու խելամիտ արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը և, իհարկե, Ադրբեջանը համարում են մի երկիր, ուր որոշակի պայմաններում իրենք կարող էին ունենալ որոշակի դիրքեր, ուստի արաբների կողմից նպատակամետ թշնամանք չկա այդ երկրի նկատմամբ: Ադրբեջանի առնչությամբ արաբներն աշխատում են վարել նույնպիսի քաղաքականություն, ինչ Թուրքիայի: Այսինքն, չնայած թուրք-իսրայելական դաշինքի բացահայտ գոյությանը, արաբները չէին ցանկանա Թուրքիայի առջև փակել իրենց աշխարհի դուռը: Պետք է նշել, որ արաբական երկրների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականության խուլ մերժումը մեծ մասամբ ձևավորվել է այն պայմաններում, երբ մի շարք արաբական և իսլամական պետություններ ակտիվորեն համագործակցում են Իսրայելի հետ: Սակայն Թուրքիան շատ ավելի ազդեցիկ պետություն է, քան Ադրբեջանը, և նրան անտեսելն ավելի դժվար է, մինչդեռ Ադրբեջանը բավական մեկուսի պետություն է տարածաշրջանում, և նրան անհամեմատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում:
Վերջին տարիներին առաջացել են միջազգային ու տարածաշրջանային նոր պայմաններ` կապված Իսրայելի ու արաբական պետությունների նկատմամբ Թուրքիայի «նոր» քաղաքականության հետ: Թուրքիան փոխվել է և ձգտում է ցուցադրել իր բարեհաճությունը արաբական և իսլամական աշխարհի նկատմամբ, թեև առաջատար իսլամական պետություններից շատերը չէ, որ վստահությամբ ու բարյացակամորեն են վերաբերվում Թուրքիայի այդ դիրքորոշմանը: Այդուամենայնիվ, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մնալ Իսրայելի ու ԱՄՆ-ի գործընկերները, և հենց դա է գերիշխում արաբական պետությունների դիրքորոշումներում: Հարկ է նշել, որ առայժմ Հարավային Կովկասում արաբական պետությունների քաղաքականությունն անցնում է տարածաշրջանի երկու առաջատար պետությունների` Իրանի ու Թուրքիայի, ինչպես նաև ուժի համաշխարհային կենտրոնների` ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի շահերի պրիզմայով: Այդուամենայնիվ, վերազգային իսլամական արմատական կազմակերպությունները, որոնք մեծապես արտահայտում են Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի պետություններից նրա գործընկերների շահերն ու նպատակները, շատ ավելի մեծ ազդեցություն են գործում Ադրբեջանի վրա:
Սաուդյան Արաբիան Թուրքիայի հիմնական հակառակորդն է` դիտարկվող տարածաշրջաններում գերակա դիրքի հասնելու գործում: Ի տարբերություն Թուրքիայի, Սաուդյան Արաբիան իր գործունեության մեջ լայնորեն օգտագործում է տարբեր ազդեցիկ միջազգային և սաուդյան մահմեդական կազմակերպությունների խողովակները, ակտիվորեն նպաստում է Ռուսաստանի ու ԱՊՀ-ի մահմեդական շրջաններում այդ կազմակերպությունների մասնաճյուղերի ստեղծմանը, նպատակ ունենալով տարածել վահաբիզմի գաղափարները, իր կողմը գրավել հնարավորինս մեծ թվով հավատացյալների, ինչպես նաև վարկաբեկել տեղի գործող կրոնական հեղինակություններին ու նրանց փոխարեն այդ պաշտոններում առաջ քաշել իր կողմնակիցներին:
Մի շարք կազմակերպությունների գործունեությունը համակարգում է ընդհանուր հետախուզական ծառայությունը: ՈՒշագրավ է նաև այն, որ փորձեր են արվում այդ ծառայության վերահսկողությանը ենթակա մահմեդական կրոնական կազմակերպությունների ղեկավարներին նշանակել տալու Ռուսաստանի պետական իշխանության մարմիններում, ստեղծելու սաուդամետ լոբբի: Արդյունավետ է օգտագործվում նաև ուխտագնացության ուղին, ընդ որում, առանձնակի ուշադրություն է նվիրվում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մահմեդական շրջանների ուխտագնացներին, որոնց հոսքը էապես մեծացել է վերջին մի քանի տարում: Իրականացվում է իսլամական կրոնական և մշակութային կենտրոնների, հոգևոր ուսումնական հաստատությունների նպատակային ֆինանսավորում, վճարվում են Սաուդյան Արաբիայի աստվածաբանական ուսումնական հաստատություններում այդ վայրերի երիտասարդության ուսման ծախսերը, որտեղ կատարվում է նրանց համապատասխան մշակումն ու ուսուցումը: Մի շարք հոգևոր ուսումնական հաստատություններ են ստեղծվել Ռուսաստանի մահմեդական շրջաններում, օրինակ` Կազանում: Փորձեր են արվում հասնելու մահմեդական ինքնավարությունների անդամակցությանը միջազգային իսլամական կառույցներին, գործարար կապեր են հաստատվում առավել բարենպաստման կարգով: ՈՒշագրավ է նաև իսլամի փրկության համաշխարհային կազմակերպության` «Ալ Կավսարի» դիրքերի ամրապնդումը, որը նպատակ ունի Պովոլժիեի և ՈՒրալի տարածքում ստեղծելու արաբական անկախ պետություն: Մի շարք դեպքերում Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններն օգտագործում են այլ երկրներում գործող ծայրահեղական իսլամական կազմակերպությունների կառույցները, ընդ որում, էական նյութական օգնություն ցուցաբերելով նրանց: ՈՒշագրավ է նաև Սաուդյան Արաբիայի կողմից տարբեր կարգի ծայրահեղական կազմակերպություններին, օրինակ, չեչենական անջատողականներին ցուցաբերվող օգնությունը: Ընդ որում, այդ պարագայում շեշտը դրվում է, նախ և առաջ, ոչ թե Ռուսաստանի մասնատման, այլ վահաբիզմի գաղափարների հնարավորինս լայն տարածման վրա: Հենց դրանով է բացատրվում «թեժ կետերում», նախ և առաջ Չեչնիայում, իսլամի այդ հոսանքի հետևորդների քանակի էական աճը:
Ադրբեջանում իրենց ներկայացուցիչներն ունեն Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Քուվեյթի, արաբական մյուս երկրների, փաստորեն, բոլոր իսլամիստական կազմակերպությունները: Նրանք հաստատվել են Բաքվում և Ադրբեջանի մայրաքաղաքի արվարձաններում` Ապշերոնի խտաբնակ բնակավայրերում: Կազմակերպությունների մի մասը, որոնք, այսպես թե այնպես, «Մահմեդական եղբայրների» ճյուղավորումներն ու մասնաճյուղերն են, Ադրբեջանում ստեղծել է գրասենյակներ ու ոչ մեծ հենակետեր, որոնք զբաղվում են բարեգործությամբ, կադրերի հավաքագրմամբ, բազմաթիվ կազմակերպությունների ստեղծման նախապատրաստական գործունեությամբ, ինչպես նաև հետախուզական աշխատանքով: Սակայն նշաններ կան այն բանի, որ «Մահմեդական եղբայրների» սաուդյան բաժանմունքի և «Ալ Հարամեյն» հիմնադրամի վարչության որոշմամբ հենց այդ կազմակերպությունն է համարվում գլխադասն Ադրբեջանում սալաֆական ծրագրերի իրականացման գործում: Ադրբեջանի շիական հոգևորականները ձգտում են դիմադրել սուննիական այդ կազմակերպությունների գործունեությանը, սակայն անհաջող, և հարկադրված են օգնության համար դիմելու իշխանություններին:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Քուվեյթը խնդիր ունեն ընդլայնելու իրենց ազդեցությունն Ադրբեջանում, նրա տարածքն օգտագործելու դեպի Ռուսաստան, ապա Արևմուտք կեղծ արժույթի և թմրամիջոցների տարանցման համար, ձգտել հասնելու Ադրբեջանի հնարավոր մասնատմանը, դեպի զարգացման իսլամական ուղի Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի մահմեդական շրջանների վերակողմնորոշմանը, իրենց հովանու ներքո մերձկասպյան մահմեդական հանրապետությունների` իսլամական միության մեջ միավորմանը, տարածաշրջանում տնտեսական գերիշխանության, մերձկասպյան նավթահանքերի և թառափաձկան որսի վերահսկողությանը, սև խավիարի համաշխարհային մենաշնորհի նվաճմանը, տարածաշրջանում իսլամական համայնքի դերի մեծացմանը, արմատական իսլամի վերածննդի առաջատարի դիրքերի յուրացմանը, Թուրքիայի, Իրանի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրմանը, ռուսական արտադրության սպառազինությունների ձեռքբերմանը: Ադրբեջանում սալաֆական տիպի ու բնույթի սուննիական իսլամական կազմակերպությունների ակտիվ դերի կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում այդ կառույցների ու երկրների հնարավոր միջամտությունը, որոնք շահագրգռված են նրանց գործունեությամբ, ղարաբաղյան հարցով: Մինչև հիմա արաբներն ու իսլամական մյուս պետությունները ձևակերպել են իրենց համերաշխ դիրքորոշումը ղարաբաղյան հարցի առնչությամբ: Չնայած Հայաստանի վերաբերյալ իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում կոշտ բանաձև ընդունելու Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի փորձերին, Իրանի ու Սիրիայի դիմակայության շնորհիվ ընդունվել են ավելի սահմանափակ բանաձևեր, որոնք զերծ են իսլամական աշխարհում Հայաստանի շրջափակումից: Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն Իրանի, արաբական պետությունների մեծ մասի և իսլամական այլ երկրների հետ։ Արաբական, իրանական և թուրքական շատ փորձագետների հետ անցկացված խորհրդակցությունները հնարավորություն են ընձեռել այդ խնդրի առնչությամբ որոշ գնահատականներ ու հայացքներ ձևավորելու:
Ներկայումս Ադրբեջանում առկա սալաֆականության օջախները, խիստ անուղղակիորեն, շոշափում են ղարաբաղյան թեման` գլխավորապես այդ հարցի շուրջ Արևմուտքի հետ համագործակցության ասպարեզում իշխանություններին հասցեագրված մեղադրանքների ծիրում: Այդ կազմակերպություններն ունեն այլ գերակա խնդիրներ և չեն շեղվում իրենց համար երկրորդական թեմաների վրա: Դրա հետ մեկտեղ, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում սալաֆական կազմակերպությունները, ամենայն հավականությամբ, հետաքրքրություն կցուցաբերեն դրանց նկատմամբ, և հնարավոր է, որ նրանց ոչ մեծ ջոկատներ պատրաստակամություն հանդես բերեն մասնակցելու պատերազմին, բացառապես նպատակ ունենալով հեղինակություն ձեռք բերելու այն իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմական պարտություն կկրի, ինչն էլ կհանգեցնի իշխանափոխության: Այդ իրավիճակը, որը շատ ցանկալի կարող է դառնալ սալաֆական, հնարավոր է նաև շիական ուղղության կազմակերպությունների համար, գլխավորապես Իրանի նախաձեռնությունն է և կարող է առանցքային դառնալ իշխանափոխությանն ուղղված իրադարձությունների ծավալման գործում: Պետք է ասել, որ այդ հնարավոր իրավիճակը մշակվում է Ադրբեջանից բավականին հեռու գտնվող իսլամական քաղաքականության այնպիսի կենտրոններում, ինչպիսիք «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության Եգիպտոսի և Հորդանանի կենտրոններն են: Այս նույն բանը կարելի էր լսել իսլամական մի շարք հեղինակավոր կրթական հաստատությունների դասախոսներից, Եվրոպայում արաբական երկրների դիվանագետներից, ինչպես նաև Հարավային Կովկասում, այդ թվում` Ադրբեջանում, տեղի ունեցող գործընթացներին հետևող քուրդ քաղգործիչներից ու փորձագետներից: Այս գնահատականներն ազդել են նաև Կովկասում իսլամական թեմաներով զբաղված ոչ ստվարաթիվ ռուս հետազոտողների կարծիքների վրա:
Էներգամատակարարման բիզնեսին սպառնացող վտանգները դիտարկող փորձագետների հետ շփումների ժամանակ կարելի է նկատել նրանց ուշադրությունն Ադրբեջանում բույն դրած իսլամական կազմակերպությունների կողմից Կովկաս-Կասպյան տարածաշրջանում նավթի ու գազի փոխադրման համար սպառնալիքների մեծացման հնարավորության հանդեպ: Նախ և առաջ, այդ գնահատականների ու հեռանկարների ուսումնասիրմամբ զբաղված են Մեծ Բրիտանիայի, ավելի պակաս չափով` ԱՄՆ-ի փորձագետները: Պետք է նշել, որ Իրանը ևս ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի սալաֆական կազմակերպություններից բխող սպառնալիքներին ու վտանգներին: Ընդհանուր կարծիքով, Սաուդյան Արաբիան և արաբական մյուս նավթարդյունահանող երկրները շահագրգռված են ամբողջ Հարավային Կովկասում լարվածության սրմամբ` կապված նավթի գների հնարավոր տատանումների հետ, իսկ լուրջ բախումների պարագայում հարավկովկասյան նավթամուղների ուղեգծերում կարող են բավականին էական փոփոխություններ կատարվել փոխադրման ապահովագրումներում ու գներում: Այլ գնահատականների համաձայն, Հարավային Կովկասում նավթուղիների ուղեգծերում լուրջ բախումների դեպքում անգամ աշխարհի էներգետիկ իրավիճակում էական փոփոխություններ չեն լինի, ինչը ցույց տվեց 2008-ի ռուս-վրացական պատերազմը, թեև ղարաբաղյան պատերազմը կարող է ունենալ այլ չափեր և այլ տևողություն: Հենց վերջերս Ադրբեջանը նախընտրեց կանգնել Սիրիայի ընդդիմության կողքին, բայց հազիվ թե դա նրան նախընտրելի դիրքեր ապահովի Մերձավոր Արևելքում: Արաբների համար Ադրբեջանը եղել և մնում է Իսրայելի դաշնակից և բարեկամ:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն առայժմ արաբական երկրների կողմից ավելի շատ համարվում է իսլամական ցանցային կազմակերպությունների գործունեության ծավալման, ապագայի «աշխարհաքաղաքական պաշարի» կուտակման ասպարեզ, քան արտքաղաքական գործընկեր:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ