«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Խռովության նախերգանքները

Խռովության նախերգանքները
14.09.2012 | 00:35

«Իրատես de facto»-ի թիվ 55-ում հերթական հուզումս էի հանձնել թղթին` «Լճից լիճ Հայաստան» շարքում։ Հուզումս բավականին ցասումնալից էր, վկան` վերնագիրը. «Անասնակերպերի զվարճանքը» (յոթ օրենքի հինգ ուզվորները)։ Հուզվեցին նաև ընթերցողներն իմ հարգարժան, զանգահարեցին խմբագրություն, հայտնեցին իրենց շնորհակալությունը (ի դեպ, միակ բանը, որից տողերիս հեղինակը հայտնվում է «յոթերորդ երկնքում», ընթերցողներիս գնահատականն է, առայժմ նրանց կողմից «անբավարար» չեմ ստացել) և ուշադրությունս հրավիրեցին մի շարք լրացուցիչ անասնակերպային դրսևորումների վրա։ Մասնավորապես, որ հրթիռակոծությամբ երկինք ու գետին են դղրդացնում ծննդատների, առհասարակ, հիվանդանոցների հարևանությամբ։ Ի՞նչ կարող ես այստեղ ասել, գործել է պետք։ Խնդրի առնչությամբ արդեն նամակ եմ հղել ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում մամուլի ասուլիս կկայանա «Իրատես de facto» ակումբում։ ՈՒ եթե այս ամենը չօգնի, կանցնենք ավելի համակարգված գործողությունների։ Զորօրինակ, կարելի է աղավնիներ վարժեցնել և նրանց կտուցով հանրային մեր պահանջներն ու պատգամները հասցնել երկրի բարձրագույն ղեկավարությանը, քանզի նրանց օգնականներն ու խորհրդականները խնամքով կոծկում են խնդիրները և սեպ խրում հանրապետության ղեկավար ատյանների ու մեր միջև։ Թող խրեն։ Սակայն չմոռանան, որ սրանով, ոչ ավել-ոչ էլ պակաս, խռովություն են նախապատրաստում։ Այո՜, այո, խռովություն, քանզի ժողովրդին հավերժորեն անարգել և հենց անարգանքի արդյունքում մոլեմսխուն փողեր դիզել, հավերժ չի կարող շարունակվել։ Սա, ի դեպ, պատմական ճշմարտություն է։

Առհասարակ մայրաքաղաքը, ասես, բաշիբոզուկների ինքնադրսևորման թիրախ է։ Վերցնենք, թեկուզ, հոտերը։ Ավելի ստույգ` գարշահոտը։ Զորօրինակ, Գարեգին Նժդեհի հրապարակի մատույցներում, ուր տնփեսայի կարգավիճակով մինչ օրս հերթապահում է Սուրեն Սպանդարյանը (ի դեպ, վերջինս ուշագրավ հեղափոխական մականուն ուներ` Իզգոյ)` նախկին «Սևան» կինոթատրոնի դիմացի մայթին, հենց կանգառի հարևանությամբ բացօթյա խուժան առևտուրն է եռում, ոտքի վրա, ձեռքի հետ լուլաքյաբաբ են վաճառում, շաուրմա և այլն։ Վաճառում են ակնհայտ հակասանիտարական պայմաններում։ Ընդ որում, եթե նման վաճառակետը զբաղեցնում է երկու քմ մակերես, դրանից վիժող գարշաբույրն ու ծուխը քսան քմ են գրավում։ Այո, հենց գարշաբույրը, քանզի անորակ մսեղիքի անորակ խորովումը ոչ բոլորի աչքին ու քիմքին է տանելի։ Դարձյալ անասնակերպն է գրոհում։ Ի դեպ, շաուրմայի, լուլաքյաբաբի, առհասարակ քյաբաբապլոճիկային զկռտոցի ձայնը լսելի է ամենուր։ Դիցուք քայլում ես Երևանի բանուկ փողոցներով։ Ասենք, մտքով Տերյանի հետ ես, և, խնդրեմ, «Թումանյանի շաուրմա» հայտնի սրճարանից բուկդ բռնում են բաղաձայն բույրերը և մտքերդ շեղում Տերյանից` «Կարգին հաղորդում»։ Անշուշտ, արևելյան ուտեստները կարևոր են մեր կենցաղում, ինքս էլ դեմ չեմ դրանց գոյությանը։ Ավելին` խրախուսում եմ։ Սակայն մի բան է, երբ որևէ սրճարանի ներսում վայելում ես արևելքի բարիքները, մեկ այլ բան է, երբ սրճարանի շրջակայքում ես պարտադրված ըմբոշխնում յուղափթիթ և կծվախառն մուղամը։ Խնդիրը պարզ է, սրճարանի ներսում արևելքը բուրում է, սրճարանից դուրս` գարշահոտում։ Սրճարանատերը չի բարեհաճում պատշաճ օդափոխում իրականացնել։ Իսկ ստուգիչ ու վերստուգիչ պետական ատյաններին էլ այս ամենը ձեռք է տալիս։ Զի ձեռքը ձեռք է լվանում։ Հատկապես, երբ մի ձեռքն անբարո քսակատիրոջն է, մյուսը` «բարեգութ» չինովնիկինը։

Այո, հանրությանը անարգում են։ Անարգում` օրնիբուն։ Ընդ որում, անարգանքի արշավներում սովորաբար պետական կանխարգելիչ օղակները սպասարկում են անասնակերպի շահերը։ Առանձնապես վառ երևակայություն պետք չէ կռահելու համար, որ թե՛ հրթիռակոծություններից, թե՛ այլևայլ այլանդակ դրսևորումներից մեծ գումարներ են կուտակվում, և որ պետական (նաև իշխանական) առանձին օղակներ այս ամենի կնքահայրերն են։ Հակառակ դեպքում ինչպես հասկանալ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմի (ուր բազմափորձ և բազմագիտակ պրոֆեսիոնալներ կան) քար լռությունը։
Ի դեպ, կա «Լռության մասին» օրենք, որը ոչ թե բնավ չի գործում, այլ գործում է հակադարձ ուղղությամբ։ Եվ եկեք երկու զուգահեռում մեկ խնդիր քննարկենք։ Նորքի զովասուն բարձունքի բնակիչները պարտադրված են ունկնդրելու քաղաքի կենտրոնից ժայթքող երաժշտական ոռնոցը։ Անասնակերպը զվարճանում է։
Հրազդանի գեղատեսիլ կիրճը վաղուց գրավյալ տարածք է տարասեռ պանդոկների, սրճարանների, հյուրատների համար։ Երեկոյան ռաբիսը գրոհում է, և դառնաշունչ կլկլոցը դղրդում է շրջակայքում։ Այս պարագայում խնդիրը բնավ երաժշտության որակը չէ։ Անգամ սիմֆոնիկ սքանչելի պատկերներն անբարո կլինեն, եթե պարտադրում են 2-3 կմ շառավղի ներսում բնակվողներին դառնալ իրենց գերին։ Անասնակերպը զվարճանում է։
Ի դեպ, անասնակերպի զվարճանքի մեկ այլ տարբերակ էլ կա։ Սա արձանագրվում է հատկապես Երևանի փոքր կենտրոնում։ Քաղաքը խոր քնի մեջ է։ Կարմիր լույսի տակ կանգ է առնում հերթական ջիպն ու սպասում կանաչ ազդանշանին։ Հասկանալի է ջիպակիրների հնազանդության պատճառը. տեսագրող սարքերը խախտումը կարձանագրեն, և մի թեթև գլխացավանք ի հայտ կգա։ Սակայն որևէ սարք չի արձանագրում ջիպից հորդացող երաժշտական փոթորիկը։ Անասնակերպը թքած ունի, որ քնահարամ է անում հարյուրավոր բարեպաշտ քաղաքացիների։
Մի խոսքով` խռովության շեմին ենք։ Եվ Տերը պահապան լինի մեզ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, զարմանալի է նաև շնորհաշատ գործընկերներիս` Արամ Աբրահամյանի («Շանթ» ՀԸ) և Գևորգ Ալթունյանի («Հ1» ՀԸ) լռությունն այս ամենի շուրջ։ Հավատացնում եմ, որ Ձեր անդրադարձով էապես կնպաստեք խնդրի լուծմանը։

Դիտվել է՝ 2784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ