Նրանք, ովքեր նոր-նոր են վերադարձել հանգստավայրերից և չեն հասցրել տեսնել քաղաքի նոր բնակչուհուն` հաստլիկ «գեղեցկուհուն», ասեմ, որ «Գաֆէսճեան արվեստի թանգարանին» կից քանդակների պարտեզում տեղադրված Ֆերնանդո Բոտերոյի «Կատուն», «Հռոմեացի զինվորը» քանդակների շարքը համալրել է «Ծխող կինը»: Քաղաքը չի հասցրել սիրել հաստլիկին: Ինչո՞ւ: Բազմազանությունը մեզ խանգարո՞ւմ է: Գռեհի՞կ է: Մե՞րը չէ: Նո՞ր է: Քաղաքի անբաժանելի մասը դարձած մեր քանդակները, ինչ է, միանշանակ ու գրկաբա՞ց են ընդունվում:
Արվեստագետները միակարծիք չեն: Ինչպես և կարելի էր ենթադրել: Բայց հավանողներն էլ քիչ չեն: Հակառակ դեպքում այսքան ճանապարհ չէր կտրի Բոտերոյի «գլուխգործոցը»: Ասում են` նրա լավագույն գործերից է: ՈՒ ստիպված չենք լինի նման որակի արվեստ տեսնելու համար գնալ հասնել, ասենք, Նյու Յորք, հաստլիկն ինքն է իր ոտքով եկել, տեղավորվել մեր քարքարոտ երկրում (շատ էլ հարմար տեղավորվել է) ու անվրդով տեսքով ծխում է: Ասում է, որ բոլոր կոլումբիացիներից ավելի կոլումբիացի է, ինչպես իր հեղինակը: Ինչ որ է: Այսքան ճանապարհ անցած հյուրը խոսելու իրավունք, կարծում եմ, ունի:
«Այս քաղաքում, հիմնականում խոսում են գնալու և գալու մասին: Ես «Արի տուն» ծրագրի շրջանակում չեմ հայտնվել այստեղ, ոչ էլ Սիրիայում հասունացող խնդիրների, բայց պետք է ասեմ, որ թեթև բնավորությանս շնորհիվ արդեն վաղուց ինձ զգում եմ ինչպես իմ տանը: ՈՒշադրության պակասից չեմ դժգոհում: Ճիշտ է, ինձ ծաղկեփնջերով չդիմավորեցիք, ինչպես և իմ նախորդներին, բայց դա այդքան էլ էական չէ: Ես հասկանում եմ, որ մի քիչ շատ եմ մոնումենտալ (վատ իմաստով) ձեր քաղաքի համար, բայց հանճարեղ գործերը միշտ էլ (գուցե ոչ միշտ) գնահատվում են ժամանակից ուշ: Իմ հերթն էլ կգա, դուք չեք տեսնի, ես անպայման կտեսնեմ:
Ինձ հաջողվեց փոքր ինչ ցրել քաղաքի վատ տրամադրությունը, արվեստագետները երկար-բարակ խոսեցին, հիշեցին հին ու նոր քանդակները (թե որն է որից ավելի վատ): Եթե չլիներ այդ հիմար Սաֆարովը, դեռ երկար կգրավեի անցորդների ուշքն ու միտքը: Հիմա աշխատում եմ մի քիչ զգույշ լինել, որ ամեն ինչ չբարդեն ինձ վրա, ախր, շատ աչքի ընկնող եմ: Մի բանում հաստատ բախտս բերել է. ես հունգար չեմ, թե չէ, ամբողջ կուժուկուլան կջարդեին գլխիս, ու կվերադարձնեին այնտեղ, որտեղից եկել էի` մաս, մաս: ՈՒֆ, հանգիստ ծխել էլ չի լինում էս քաղաքում, աղմուկը շատ է, ծովը` քիչ: Ծխող մարդիկ էլ հիմնականում մտահոգ: Առավել մտահոգները վրաս էլ չեն նայում: Բայց կանցնի: Էլի կխոսենք, դեռ կլուսանկարվենք էլ:
Լսել եմ, որ նոր գործեր են տեղադրվելու այս տարածքում: Չգիտեմ` հարևաններս ովքեր են լինելու, բայց ես ինձ այսպես էլ վատ չեմ զգում, վայելում եմ երևանյան աշունը, ողջունում եմ անցորդներին, քիչ-քիչ ծանոթանում եմ տեղի սովորույթներին ու… պետք չէ ինձ ոչ մի Թայիթի»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ