Իջևանի շուկան, որը միակն է քաղաքում, օգտվելով մենաշնորհային վիճակից, իր բարձր շուկայավարձն է թելադրում առևտրականներին: Ի՞նչ անի խեղճ գյուղացին. նա ստիպված համակերպվում է, հաճախ էլ առևտրից գոյացած գումարը հանձնում շուկային և ձեռնունայն վերադառնում տուն:
Եթե պատկերավոր ասենք, այստեղ առևտրով զբաղվողներին «մաշկում են», իսկ թե հավաքագրվող վարձերի ո՞ր մասն է փաստաթղթային ձևակերպում ստանում, շատ դժվար է ասել: Նկատի առնելով նշյալը` Իջևանի քաղաքապետարանն ամառային շրջանում մի քանի անգամ ցածր վարձավճարով բացօթյա առևտրատեղեր է տրամադրում, մրցակցության մեջ մտնելով շուկայի հետ և, փաստորեն, փորձում ինչ-որ չափով պայքարել մենաշնորհի դեմ: Իհարկե, քաղաքապետարանի նման մոտեցումը դուր չի գալիս որոշ մարդկանց` «ո՞նց թե դու իմ շանը զարկես…»: Պատրաստվում, ճիշտ կլինի ասել, սարքվում է հեռուստառեպորտաժ, որը հուլիսի 14-ին հեռարձակում է «Արմենիա» հեռուստաընկերությունը:
Այդ ռեպորտաժի մեջ գործը ներկայացվում է այնպես, թե իբր առևտրականները խիստ վրդովված են քաղաքապետարանի գործելակերպից: Անգամ դույզն-ինչ տրամաբանություն ունեցող մարդու համար անհասկանալի է այդ վրդովմունքի պատճառը. մի՞թե առևտրով զբաղվող մարդիկ դժգոհում են ցածր վարձից: Բերվում են շինծու և մտացածին պատճառաբանություններ։ Օրինակ, եկեղեցուն հարող տարածքում առևտրի կազմակերպմանը դեմ արտահայտվող մի տիկին ասում է. «Եկեղեցին մոմ վառելու համար է, ոչ թե, որ նրա մոտակայքում առևտուր կատարեն»: Տիկնոջը ասենք, որ եկեղեցին միայն մոմ վառելու համար չէ, մեր ժողովրդի պատմության մեջ եղել են այնպիսի ահի և մահի տարիներ, որ եկեղեցին պատսպարել է որբերին ու փախստականներին, նեցուկ կանգնել տնանկներին: Հայտնի է, որ երբ սովալլուկ որբերին թույլ չէին տալիս մտնել Էջմիածնի վանք, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, անտեսելով այդ արգելանքը, բացում է վանքի գավթի դռները: Իհարկե, այժմ այդ դժնդակ տարիները չեն, բայց եկեղեցու սպասավորները խոհեմաբար չեն արգելում նյութապես կարիքի մեջ խեղդվող գյուղացուն եկեղեցուն կից տարածքում առևտուր անել, որը, հարկավ, աստվածահաճո գործ է: Բացօթյա առևտրի այդպիսի կազմակերպումն ունի ևս մի շոշափելի առավելություն. առևտրականները, որոնք քիչ վարձավճար են մուծում (նշենք, որ բոլոր մուծումները կատարվում են փաստաթղթերով, առձեռն մուծումը բացառվում է), բնականաբար, իրենց գյուղմթերքն ավելի ցածր գնով են վաճառում: Վերջում ասենք. «Հարգելի շուկայականներ, բոլորովին ավելորդ է ձեր իրարանցումը, մի փոքր էլ եկեք մտածենք իր դառը քրտինքով բերք աճեցնող հոգսամաշ հողագործի մասին»: Իսկ մեզ մնում է միայն մեր երախտագիտությունը հայտնել Իջևանի քաղաքապետարանին` նման ժողովրդահաճո որոշման համար:
Զավեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հ. Գ.- Տեր Սեմեոն քահանա Առաքելյանի հետ զրույցից պարզվեց, որ նա նպատակահարմար չի համարում բացօթյա առևտուրը և այն էլ առևտրին չպատշաճող վայրերում: Միանգամայն համամիտ լինելով նրա հետ, որ նմանատիպ առևտուրն առևտրի կազմակերպման քաղաքակիրթ ձևերից չէ, այնուամենայնիվ նշենք, որ հաճախ կյանքն ինքն է թելադրում մարդկանց գործելակերպը: