Ճառն ավելի է բանաստեղծություն,
Քան հանգատրոփ երթը բառերի.
Ինչ նպաստավոր հանգազերծություն`
Շարաբանությամբ ինտիմ ճառերի…
Երբ հանգատրոփ երթը բառերի
Չափանմուշ չէ Հայրենի Տանը,
Ճառն ավելի է բանաստեղծություն,-
Կեցցե՜ դափնեկիր հայ շարաբանը:
Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ, «Անչակերտ այսպես»
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ԽՈԶԻ ՈՒ ԽՈԶԱԿԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀՀ պետական բյուջեն զարմանալիորեն անհանդուրժող է հայոց ազգային, անկախական մշակույթի նկատմամբ: Անհանդուրժանքն այս դրսևորվում է աչալուրջ արհամարհանքով: Արհամարհանքն արտահայտվում է մնացորդային տեսլականներում: (Մշակույթը 3-րդ հանրապետությունում դիտարկվում է որպես մնացորդային ֆինանսավորման ոլորտ: Թե ինչ սև կատու է անցել ազգային մշակույթի և պետական բյուջեի արանքով` դժվար է ասել: Կռահել է պետք։ Չնայած, մեր մեջ ասած, անհույս բան է: Բայց ասել, խոսել, խորհել պետք է: Եվ ահա օգնության եմ կանչում Վիկտոր Պելևին (բուլղարացի արդի մտածող է, ձեռքի հետ էլ գրականությամբ է զբաղվում): Պելևը մարդասիրաբար որսում է մեկնած ձեռքս. «Մարդն իրեն համարում է Աստված, և նա իրավացի է, որովհետև կա նրա մեջ Աստված: Համարում է իրեն խոզ, ու նորից իրավացի է, որովհետև նրա մեջ խոզ նույնպես կա: Բայց մարդը շատ է սխալվում, երբ իր ներքին խոզն ընդունում է որպես Աստված»: Մարդը, հոմո սափիենսը: Իսկ մտավորակա՞նը: Այն էլ հայոց մտավորականը: Եվ այն էլ` անկախ երկրի քաղաքացին: Այո՜:
Խորհրդային մտավորականության այլախոհական հատվածը, տեսակարար կշռով անհամեմատ նվազ, հընթացս նվաստացնում էր իշխանամետ հատվածին: Ինչո՞ւ: Իոսիֆ Բրոդսկին (երդվյալ այլախոհը) ոչինչ չուներ ընդդեմ «իշխանամետ» Եվգենի Եվտուշենկոյի: Նրան պարզապես համարում էր «այլ զբաղմունքի մարդ»: Այսինքն` ոչ պոետ:
Ինչևէ, մինչև տարեվերջ կարելի է շարունակել այս «բարձրավոլտ հոխորտանքը»: Սակայն ժամանակ չկա: Մեզ նշանակալից մարտեր են սպասում:
Զի զարկել են թմբուկները, և դրոշները պիտի փողփողան: Վանոյի դարձն է Facebook-ում խմորվում: Զարմանալի չէ։ Բարձր տրամաչափի անհատի կարիքն առավել զգալի է այսօր, խորհրդարանական ընտրություններից հետո, նախագահական ընտրարշավից առաջ: Բայց Վանո՞ն է այն առաջնորդը, որ պիտի ճերմակ նժույգը հեծած 3-րդ հանրապետության լայնք-երկայնքը չափի բերի: Չէ՞ որ չափաբերման ամենաթունդ պահին նա ճողոպրեց, ինքնաճանաչվելով «անհայտ բացակայող»: Բայց կատակն ու երգիծանքը իրենց հերթին են ճողոպրում գրչիս շուրթերից, զի ինձ համար թանկ «Գրական թերթի» առաջնորդողում ահա այս պարբերությունն է սահանկում միտքս. «Թող վերադառնա Վանո Սիրադեղյան գրողն ու քաղաքական գործիչը, եթե իր վերադարձով կարող է ասել դեռ չասվածն ու այսքան տարի երկրից վտարված գրողի դառնությամբ իմաստնացած` պահանջի դատ ու դատաստան մեր ու իր ապրած կյանքի, իր ու բոլորիս սխալների համար»: Առաջնորդողն «առաջնորդել» է թերթի խմբագիրը` Կարինե Խոդիկյանը, ժամանակի ամենաուշագրավ գրական դեմքերից մեկը, շնորհալի խմբագիրն ու, ամենակարևորը, մտավորականը` հանդուգն, խորքային, անկախական մեր օրվա հարդն ու ցորյանը մշտապես զատող:
«ԻՐ ՈՒ ԲՈԼՈՐԻՍ ՍԽԱԼՆԵՐԸ»
(Վանոյին սպասելիս)
Վանոյի և իր ժամանակի վարչախմբի սխալները պատմության դատին են հանձնված: «Բոլորիս սխալները». սա ի՞նչ անեծք է մեր վզին պրկված: Իմ և իմ հազարավոր «ցեղակիցների» սխալը ո՞րն է, զմայլելի տիկին Կարինե: Միևնո՞ւյնն է, երբ Սոս Սարգսյանն է պետականության չկայացման դարակազմիկ խնդրում համահավասարում պատասխանատվությունը հանրապետության ղեկավար այրերի և հասարակության միջև: Սոս Սարգսյանը, ուժերը քիչ պակաս, քիչ էլ հայեցողական, բայց որի ներկայությունն իսկ մխիթարություն է այս հեղհեղուկ օրերում:
Սա նույնն է, թե նույն հարթակում տեղակայենք բռնաբարողին և բռնաբարվածին:
ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԺԱՉԱՓԵՐԸ
(կերակրատաշտի ականազերծման հույսով)
Մտավորականությունը (գրող, գիտնական, նկարիչ, երգահան և այլք) քավության բազմադեմ մի նոխազ է: 3-րդ հանրապետության իշխանաքաղաքական վերնակույտերի համար ի սկզբանե պարզ էր խնդիրը. մտավորականությանը մղել հանրային կյանքի հետնախորշ` մշակույթը ֆինանսավորելով պետբյուջեական թերմացքով: Նպատակը գծված էր` զրկել այս դասը արժանապատիվ կեցության որևէ հնարավորությունից` չափազանց դյուրին դարձնելով նրան կառավարելը: Դերասանը ստորացուցիչ կենսապայմաններն իր բավարարե՞լ է կամենում, խնդրեմ, կանաչ ճանապարհ դեպի հեռուստասերիալները: Եթե հաճո չես սերիալային արդյունաբերության ճարտարագետի քիմքին, մնում է անդամագրվել որևէ աղանդի: Նկարչին մնում է օտար ափերում քիչ թե շատ պատշաճ գնով վաճառել նկարն ու քանդակը և դառնալ տեղական արտ-փերեզակների կթու կովը: Երգահաններին ու գրողներին գրեթե ոչինչ չի մնում, կամ մնում է ստորաքարշ մի բան` հարբել արհեստավարժորեն, հայհոյել բաղաձայն ու տնքալ անձայն:
Բրոդսկին, Դովլաթովը, Ռեյնը` մի կողմից, Եվտուշենկոն, Ռոժդեստվենսկին, Վոզնեսենսկին մյուս կողմից` սովետական գրականության փառավոր վերջերգի վերջին մոհիկաններն էին: Սակայն այլախոհներն իրենք էին իրենց ճակատագրի տերը: Ոչ այլախոհները` նույնպես: ՈՒ ահա այստեղ է, որ բզկտվում եմ, փորձում վերջնարդյունքի գալ, Վլադիմիր Մայակովսկին` հեղափոխության և Լենինի շեփորագրիչը, ձուլածո տողերի անզուգական հեղինակը, անտեսված էր հեղափոխության, արհամարհված` Իլյիչի կողմից: Այլընտրանքային Յուրի Օլեշան, միանգամայն ընտրանքային Շոլոխովն ու Պաուստովսկին միևնույն սոցիալական կենսադաշտում էին: Կար նաև միջանկյալ հատվածը` բուռն, տաղանդավոր և պետական շնորհներով «դաջված»: Հիշենք անմոռանալի Շուկշինին: Միևնույն պատկերն էր Հայաստանում: Սակայն մշակույթն ու գիտությունը երբևէ մնացորդային ֆինանսավորման ոլորտում չեն հայտավորվել: Ո՛չ Ստալինի, ո՛չ էլ Բրեժնևի օրոք: Այսքանից հետո մեծագույն փարիսեցիություն և երեսպաշտություն չէ՞ ազգային մշակույթի անկախ և ազատ խոտորումների փառաբանումը` ոխակալ որովայնախոսության մունետիկների բերանով:
Ի՞նչ կարող էր անել Վանոն, եթե անգամ մեղքերի թողություն հայցեր` մեկ-երկու ժամ ճգնելով Խոր վիրապում։ Եվ մի՞թե նրա ժամանակ մշակույթն ու դրա շահառուները ոտքի կոխան չդարձան իշխանությունների հաղթական վրաերթերում: Եվ ասպարեզում մի՞թե ի հայտ չեկավ մտավորական թերմացքը` մեկ-երկու գրագող և երկու-երեք այլ մշակութային թափթփուկ, պճնված դափնիներով ու տիտղոսներով, իշխանությունների անմնացորդ երախտագիտությամբ սնվող:
Օ՜, բախտ իմ դժխեմ, կհեծեծեր Համլետը, որքա՜ն հզոր է ու անխորտակելի երկրիս լայնք-երկայնքը «խուրդող» ստահակների «ներքին խոզը»:
Անշուշտ, մտավորականությունն անկշռելի պարտք ունի թե՛ երկրի, թե՛ հանրության առջև, քանզի ընդունել է դիվախաղի կանոնները, հաշտվել մնացորդային իր դերակատարմանն ու վարար մի առվով ջրում է իշխանական ջրաղացները։ Այնինչ նա՛, հենց նա՛ պիտի հանրահավաքներ, հանրային երթեր, մշակութադուլներ և հացադուլներ կազմակերպի` դաշունահարելով մեր ներսն ափլփող մեր «ներքին խոզին»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ