Աշխարհում կա 43 միլիոն հարկադրված վերաբնակիչ: Նրանք ստիպված են եղել լքել իրենց տները և փրկվել փախուստով: ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիշի զեկույցի համաձայն` նրանցից 26 միլիոնը ներքին տեղահանվածներ են: Փախստականների 80 տոկոսն արդեն ապաստանել են զարգացող երկրներում: Առաջիկա 10 տարում կոնֆլիկտների և տարերային աղետների պատճառով փախստականների թիվը կարող է կտրուկ մեծանալ: Անտոնիո Գուտերիշը արձանագրել է, որ տեղահանված անձանց թիվն աճում է ավելի արագ, քան այդ խնդիրը լուծում է միջազգային հանրությունը: ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի զեկույցում անդրադարձ է կատարված նաև տարերային աղետների և կլիմայի փոփոխության պատճառով հարկադրված վերաբնակիչներին: Ըստ վիճակագրության` ամեն տարի առավել մեծ թվով մարդիկ տեղահանվում են տարերային աղետների պատճառով, քան կոնֆլիկտների:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ