«ԵՍ ՏՂԱ ԵՄ ՈՒ ԿՈԿՈՐԴԴ ԿԿՐԾԵՄ»
«Կրոնական փոքրամասնություններ» անվամբ քողարկված աղանդավորներն արդեն երկու տասնամյակ է, ինչ անարգել շարունակում են իրենց պառակտիչ ու ազգակործան գործունեությունը Հայաստանում. խցկվել են մեր տուն ու անարգել ոտնահարում են տանտիրոջ` Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների իրավունքները: Եվ շարունակում անպատիժ մնալ: «Անհնարին էր պատկերացնել անգամ, որ Հայաստանում հայ հոգևորականը կարող է դառնալ աղանդավորական ագրեսիայի թիրախ: Սակայն մարդու իրավունքների անվան տակ Հայաստան ներմուծված աղանդները մեզանում գործում են ոչ միայն բացահայտ, այլև ագրեսիվ` իրենց անպատժելիության մեջ համոզված»,- ասում է հոգեբան Դավիթ Ջամալյանը: Հենց այդ անպատժելիության հետևանք էր տեր Եսայի քահանա Արթենյանի հետ տեղի ունեցածը:
Սովորաբար, եհովական հոգեորսների խմբերը կազմված են լինում երիտասարդ աղջիկներից ու կանանցից, մինչդեռ այդ օրը` 2011-ի մայիսի 15-ին, որոշվել էր եկեղեցու տարածք ուղարկել «պինդ տղաների»: Առավոտյան ժամը 9-ին «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչներ` Կ. Սահակյանն ու Ա. Մակվեցյանը, հայտնվում են եկեղեցու տարածքում և սկսում իրականացնել իրենց հոգեորսությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը, նկատելով աղանդավորներին, խնդրում է հեռանալ եկեղեցու տարածքից: Բայց սրանք ոչ միայն չեն հեռանում, այլև վեճի են բռնվում տեր հոր հետ: Հոգեորսության փաստն արձանագրելու նպատակով տեր հայրը փորձում է իր բջջային հեռախոսով նկարահանել կատարվածը, սակայն աղանդավոր երիտասարդները նրանից խլում են հեռախոսը: Իսկ երբ տեր հայրը փորձում է հեռախոսը վերցնել, Անդրանիկ Մակվեցյանը հարձակվում, բռունցքներով հարվածում է քահանային, սպառնալիքներ հնչեցնում, թե` «Կոկորդդ կկրծեմ», ապա հոխորտում հաշվեհարդար տեսնել` «Ես տղա եմ ու հետ եմ գալու»:
Դեպքից մի քանի ժամ անց տեր Եսայի քահանա Արթենյանը կատարվածի մասին տեղեկացնում է Երևանի Հարավարևմտյան թաղամասի ոստիկանական բաժանմունք: Հոգևոր հոր դեմ կիրառված բռնության դեպքի առիթով հարուցվում է քրեական գործ, սկսվում նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մակվեցյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ և 322-րդ հոդվածների 1-ին մասերով: 2011 թ. հուլիսի 15-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Եհովականներն էլ իրենց ագրեսիվ գործելաոճին հարիր, իրենց բողոքն են ներկայացնում և, հերքելով մեղադրանքները, պահանջում են կարճել քրգործը: Անգամ պահանջում են քրեական գործ հարուցել տեր հոր նկատմամբ: Եվ այսօր մեղադրվող կողմը սույն բողոքը ձեռքին ներկայացել է վճռաբեկ դատարան` նպատակ ունենալով հասնել մինչև Եվրադատարանի դռները:
«ԵՍ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ԵՄ»
Այս միջադեպը, որ անպատժելիության հերթական ապացույցն է, պատռեց եհովականների իրական դեմքը. իրեն Աստծո քարոզիչ համարողն իրականում խուլիգան է և ունակ ամենաստոր արարքը գործելու: Իրենց սրբի տեղ դրած «Եհովայի վկաները», որ մերժում են արյան փոխներարկումը, պարզվում է, պատրաստ են դիմացինի կոկորդը կրծելու: Սրանք, որ հրաժարվում են ծառայելուց հայոց բանակում, որովհետև զենք կրելը մեղք են համարում, համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա: Ի դեպ, Մակվեցյանը ևս հրաժարվել է հայոց բանակում ծառայելուց` նախընտրելով դատվելը: Զենք կրելը հավատացյալին ոչ վայել համարող Մակվեցյանը, սակայն, ամենևին չխորշեց հայ քահանային սպառնալուց` հաշվեհարդար տեսնել: Ահա թե ինչպիսին են սրանք իրականում: Իսկ հայ մարդը ճանաչո՞ւմ է, թե ովքեր են «Եհովայի վկաները»:
«Անշուշտ, գործ ունենք հասարակության չտեղեկացված լինելու փաստի հետ: Եթե մեր ժողովուրդն իմանա, թե ինչ է «Եհովայի վկաներ» աղանդը, վստահ եմ, որ չի գնա նրանց հետևից»,- մեզ հետ զրույցում նկատեց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Իրականում «Եհովայի վկաներ» կոչվածների գաղափարախոսությունը հիմնված է դատարկ ու սին «արժեքների» վրա: Եվ ուրեմն, ո՞ւր են սրանք փորձում առաջնորդել մեր ժողովրդին: Մի բան պարզ է. նրանք խաղալիքն են այն ուժերի, որոնց ծրագիրն է ազգի ու ազգայինի դեմ պայքարը:
Մի հետաքրքիր փաստ. հայ հոգևորականի «կոկորդը կրծել» պատրաստվող աղանդավոր Մակվեցյանն իր ցուցմունքում անկեղծորեն գրել է. «Ես հանդիսանում եմ «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպության հետևորդ»: Սրանով եհովականների ղեկավարն արձանագրում է այն փաստը, որ «Եհովայի վկաներ»-ը աղանդավորական կազմակերպություն է:
Տեղեկացանք նաև, որ աղանդավոր Մակվեցյանը տարածքի եհովական կառույցի ղեկավարն է, որի հայրը եղել է «վկաների» գլխավոր հովիվը: Ասում են, թե հայրն իր իշխանությունը փոխանցել է տղային: Փաստորեն, գործ ունենք ոչ թե շարքային աղանդավորի, այլ կառույցի «իշխանական» ներկայացուցչի հետ: ՈՒրեմն, նրա խուլիգանական արարքի գնահատականը հենց այդ դիրքերից էլ պետք է տալ. եթե խուլիգան է կառույցի ղեկավարը, ապա ովքե՞ր են շարքայինները` խուլիգանական բանդայի անդամնե՞ր, որոնք ստրկամտորեն պատրաստ են ի կատար ածելու բանդայի հրամանատարների հանցավոր հրահանգները:
Անցնենք առաջ:
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆԸ
Մակվեցյանը սեփական կաշին փրկելու նպատակով նույնիսկ Աստծո պատվիրաններն է սկսել մերժել: Ո՞նց հասկանալ էս փարիսեցուն, որը ներկայացրել է մեկը մյուսին հակասող սուտ ու սխալ ցուցմունքներ: Եթե նախնական ցուցմունքում խոստովանում է, որ իր կողմից քրեորեն հետապնդելի արարք է կատարվել, որ ինքը հարվածել է տեր հորը, սպառնացել` «Կոկորդդ կկրծեմ» խոսքերով, ապա առերեսման ժամանակ սկսել է հերքել իր իսկ ձեռքով գրված ցուցմունքները: Եվ առայսօր շարունակում է առաջ մղել իր սուտը, ջանում գլխիվայր ներկայացնել ողջ իրականությունը:
Թերևս հարկ է եհովականին հիշեցնել Աստծո պատվիրանը` սուտ վկայություն մի՛ տուր:
ՆՊԱՏԱԿԸ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳԵԼՆ Է
Երբևէ լսե՞լ եք, որ հրապարակավ խոսվի կրոնական կառույցում կատարված քրեական, տնտեսական բնույթի հանցագործությունների մասին: Իրականում դրանք բավականին մեծ թիվ են կազմում, մինչդեռ իրավապահ մարմիններն այդ մասին նախընտրում են լռել: Ինչո՞ւ։ Կամ գործ ունենք կաշառակերության դրսևորումների հետ, կամ էլ նախընտրում են անցավ գլուխները ցավի տակ չդնել, որ հանկարծ միջազգային այս կամ այն կառույցից մատ թափ չտան: Իսկական ստրուկի հոգեբանություն: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեծամասնության` Հայ առաքելական եկեղեցու հետևորդների, այս երկրի իրական տանտիրոջ իրավունքները:
«Ես դեռ հավատում եմ, որ արդար որոշում կկայացվի, իսկ եթե դատարանի կողմից անարդար մոտեցում նկատենք, անպայման կբարձրաձայնենք»,- մեզ հետ զրույցում նկատեց տեր Եսային: Այդուհանդերձ, մտահոգիչ է դատարանի որդեգրած մարտավարությունը` տեղի տալով մեղադրյալ կողմի միջնորդություններին, պարբերաբար հետաձգել դատական գործընթացը: «Դատարանի նման գործելաոճը վնասում է դատական գործընթացի շարունակականությանը, խախտվում է դատաքննության անընդհատության և ողջամիտ ժամկետում դատաքննություն իրականացնելու սկզբունքը»: Դատարանի նման մարտավարությունը, խոստովանում է փաստաբան Էլբակյանը, հանգեցրել է նրան, որ «այս երկու ամսվա ընթացքում ընդամենն ապացույցների հետազոտման կարգն ենք սահմանել, այն էլ նման պարզունակ գործի համար, երբ այն վաղուց պիտի ավարտված լիներ»:
Ակնհայտ է գործի ձգձգման հարցում մեղադրվող կողմի շահագրգռությունը: Աղանդավորների հաշվարկներով, ձգձգումը հնարավորություն կտա գործն իրենց նախընտրելի հունով ուղղորդելու և աղանդավոր Մակվեցյանի խուլիգանական արարքը փորձել պարտակելու «մարդու իրավունքներ», «խղճի ու կրոնի ազատություն» լոզունգների ներքո: Մեկ-երկու ծախու «մտավորականներ» էլ, իբրև կեղծ ժողովրդավարներ, հանդես կգան կրոնական անհանդուրժողականությունը ձաղկող հրապարակումներով, ու աղանդավոր Մակվեցյանը կսրբանա համախոհների շրջանում:
Բայց եհովականներին պետք է հիասթափեցնեմ` այս անգամ իրենց բախտը չի բերել. խուլիգանության փաստն այնքան ակնհայտ է, որ աղանդավորական ոչ մի «տրյուկ» չի կարող օգնել Մակվեցյանին գլուխը պրծացնելու քրեական պատասխանատվությունից: «Գործը քրեական է, խոսք չի կարող լինել ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման մասին, ինչը փորձում է շահարկել մեղադրվող կողմը, քանի որ խոսքը վերաբերում է խուլիգանությանը` ծեծին, մարդու կյանքին սպառնալիք ներկայացնելուն»,- ասում է տեր Եսայի քահանա Արթենյանի փաստաբանը: «Ես վստահաբար հայտարարում եմ, մենք միանշանակ այս գործը կշահենք, որովհետև ապացույցներն ավելի քան բավարար են: Ի՜նչ պետք է ասեն, պիտի կեղծե՞ն, թե տեր հորը չեն սպառնացել, թե՞ պիտի թաքցնեն խփելու փաստը: Բայց ինչպե՞ս, երբ Մակվեցյանն իր ցուցմունքում գրել է, որ հարվածել է տեր հոր ձեռքին, ֆիզիկական ցավ պատճառել, ինչի համար ՀՀ օրենսդրությամբ հստակ պատասխանատվություն է սահմանված: Բացի այդ, չէ՞ որ տեր հոր նկատմամբ իրականացված խուլիգանական արարքը հիմնավորված է ոչ միայն տեր հոր, այլև վկայի ցուցմունքով»: Աղանդավորի խուլիգանական արարքի ականատես մեկ վկա կա` տարածքի բնակիչ Պարգև Բադոյանը: Մեր տեղեկություններով, «Եհովայի վկաները» փորձել են «աշխատել» Բադոյանի հետ, համոզել նրան` հետ կանգնել իր ցուցմունքներից, սակայն դա նրանց չի հաջողվել: Հոկտեմբերի 14-ի դատական նիստում դատարանը նախատեսել է լսել գործով վկա Պարգև Բադոյանի ցուցմունքը:
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ-1
Այն պահին, երբ աղանդավորի իրականացրած խուլիգանության փաստի առիթով տեր հայրն իրավապահներին է ներկայացնում իր բողոքը, Լոնդոնից ստանում է հեռախոսազանգ: Հեռախոսի այն կողմից, իբրև «բրիտանացի լրագրող» ներկայացած ոմն մեկը, հարցաքննողի դիրքերից հանդես գալով, սկսում է տեր հորը համոզել, թե գուցե բարկացա՞ծ է եղել ու իրեն թվացել է, թե «Եհովայի վկա» Մակվեցյանն իրեն սպառնացել է, ասել` «Կոկորդդ կկրծեմ»: Տեր Եսայի քահանան կռահելով, որ գործ ունի պատվիրված զանգի հետ, անջատել է խոսափողը:
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ-2
Վերջին դատական նիստին «Եհովայի վկաներից» ներկայացավ Կանադայից հրավիրված փաստաբանը. կասեք` իրենց իրավունքն է, ու իրենք էլ օգտվել են այդ իրավունքից: Բայց հայազգի փաստաբաններից իր գիտելիքներով (շատ վատ է տիրապետում ՀՀ օրենսդրությանը) ոչնչով չփայլող կանադացու ներկայությունն այլ նպատակ ունի: Այստեղ ոչ այնքան իրավունքի խնդիր է, որքան հոգեբանական: Շատ լավ իմանալով, որ չեն կարող դատը շահել, դրսից «տղա» կանչելով` աղանդավորները փորձում են ճնշում բանեցնել նախ դատարանի վրա, ապա սեփական շարքերին ցույց տալ, թե` տեսեք, մենք կանգնած ենք ձեր թիկունքին:
«Եհովայի վկաներն» այսօր իրապես հեղինակազրկված կառույց է թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում, որի շարքերն օրեցօր նոսրանում են: Աղանդի ղեկավարները նման էժանագին քայլերով (փաստաբան կանչելով) փորձելու են սեփական շարքերի վստահությունը շահել` նրանց աչքին հզոր երևալու ակնկալիքով: Սակայն ճիշտ հակառակն է կատարվում. աղանդավորական ցանցի ներսում հայտնվածներից շատերը սկսել են գիտակցել ու կամաց-կամաց հեռանալ կրոնի անվան տակ գործող հոգեորսների կառույցից:
Փաստաբան Վարդուհի Էլբակյան. «ՈՒմ ուզում են թող կանչեն, կարող են այլմոլորակային փաստաբան էլ հրավիրել, մեր պահանջն արդար է, և մեզ համար ոչ մի նշանակություն չունի օտարի ներկայությունը»: Իսկ դատավորի՞:
ՕՏԱՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Նորեկ փաստաբանը, որի միջնորդությամբ վերջին դատական նիստը 15 օրով հետաձգվեց, նույնիսկ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Ինչպես ասում են` «ր ՍՏՐՈոս վՈ ոՈս», Կանադայից եկել ու շտապել էր մասնակցել դատական նիստին: Փաստաբան Էլբակյանի հարցադրումն արդարացի է. «Ի՞նչ իրավունք ուներ կանադացին միջնորդություն ներկայացնելու, և ինչո՞ւ դատավորն ընդունեց այն»: Մանավանդ որ մինչ կանադացու ժամանելը այդ միջնորդությունն արդեն իսկ ներկայացրել էր մեղադրվող կողմի պաշտպան Մարտիրոսյանը, սակայն դատարանը քննարկել էր ու մերժել այն: ՈՒրեմն, ի՞նչ տեղի ունեցավ դատավորի հետ, որ կանադացի փաստաբանի ներկայացրածը միանգամից ընդունեց. գուցե խիստ ազդվե՞լ է կանադացու ներկայությունից, թե՞ գործել է օտարին հաճոյանալու ստրուկի հոգեբանությունը:
Դեռ դատարանի անաչառությանը կասկածել չցանկացող փաստաբան Էլբակյանը, այնուհանդերձ, հայտարարում է. «Քանի որ դատավորը յուրաքանչյուր հիմնավոր և անհիմն միջնորդության համար դատական նիստերն անվերջ հետաձգում է, ես հոկտեմբերի 14-ի դատական նիստում դատարանին ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնելու»:
ԳՈՐԾՈՒՄ Է ԱՂԱՆԴԱՎՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՍՏԱՆ
Մեղադրյալի շահերի պաշտպան, փաստաբանների միության անդամ Արթուր Մարտիրոսյանը «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ է:
Դրսից հրավիրված կանադացի փաստաբանը, որը հավատարմագրված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից, դարձյալ Եհովայի վկա է: Փաստորեն, գործ ունենք աղանդավորական փաստաբանների կաստայի հետ: Մեկնաբանություններն ավելորդ են:
ԻՍԿ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՍՐԱՆՑ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
Կարո՞ղ էր, արդյոք, այն, ինչ ամիսներ առաջ տեղի ունեցավ «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում, կատարվել Արևմուտքի որևէ ժողովրդավարական երկրում, հարցադրում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ու տալիս պատասխանը. «Ո՛չ, որովհետև Արևմուտքում ժողովրդավարություն ասելով ամենաթողություն չեն հասկանում: Ո՛չ, որովհետև Արևմուտքում հստակորեն տարբերակում են կրոնական ազատություններն աղանդավորական «ոպրտՐպՊպս»-ից: Ո՛չ, որովհետև Արևմուտքում չեն հանդուրժում անհանդուրժողականությունը»: Հոգեբանը, որն ուսումնասիրել է արևմտյան երկրներում աղանդավորների ծավալած գործունեությունը, հետևյալ փաստն է վկայակոչում. Ավստրիայի սոցիալական ապահովության նախարարությանը կից գործում են «Աղանդների հարցերով պետական կոմիտե» և 22 հակաաղանդավորական կենտրոն: Ավելին, այդ երկրում մշակվել և ավագ դպրոց է ներդրվել հատուկ դասընթաց` աղանդներում դպրոցականների ներգրավումը կանխելու նպատակով: Ի դեպ, սրա մշակման նախաձեռնությունը պատկանում է Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարությանը: Ջամալյանը հատուկ ուշադրություն է հրավիրում նաև այս փաստի վրա. «Հատկանշական է, որ ձեռնարկը գրախոսել է անձամբ Ավստրիայի կրթության և մշակույթի նախարարը»:
Եվ ուրեմն, Հայոց առաքելական եկեղեցին ազգի հոգևոր արժեքների տերն է ու պաշտպանը, բայց ազգի հավաքական գոյընթացը ամրագրողը պետք է լինի պետությունը: Հանձինս աղանդների` մեր թիկունքին ունենք հինգերորդ շարասյունը, կնշանակի, պետության խնդիրն է կասեցնել այս ազգակործան ընթացքն ու տեր կանգնել մեր ազգային արժեքներին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ