38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայ մշակույթի և արվեստի դեսպանը

Հայ մշակույթի և արվեստի դեսպանը
17.04.2009 | 00:00

ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆ-75
Գերմանահայ ազգային գործիչ, ինժեներա-ճարտարապետության դոկտոր ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆՆ իր ապրած կյանքով ճարտարագործ կամուրջ եղավ սփյուռքի և հայրենիքի միջև։
Ի վերուստ տրված շնորհները՝ ճարտարապետ, գրող, նկարիչ, պատմաբան, հռետոր, նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունն ու ճարտարապետությունը ինչպես գերմանացի ժողովրդին, այնպես էլ աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործին։ Նա ձեռնամուխ եղավ հայ-գերմանական հարաբերությունները վերստին նորոգելուն։ Բերքյանն իր նվիրական պարտքն էր համարում օտար ափերում հայրենակիցներին հայ լեզվին ու հավատքին մոտ պահելու, Հայ դատի ձայնը լսելի դարձնելու, Արցախի արդար պայքարը արտասահմանում ներկայացնելու, հայրենիքին զորավիգ լինելու վեհ գործը։
Արա Բերքյանի կենսագրությունը շատ նման է մեր ժողովրդի տարագիր զավակների ճակատագրին: Ծնվել է 1934-ի ապրիլի 20-ին, Բեյրութում։
Սկզբնական կրթությունն ստացել է Բեյրութի ֆրանսիական գիմնազիայում։ Այնուհետև ուսումը շարունակել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, ստացել ճարտարապետ-ինժեների մասնագիտություն։ 1957-ին բնակություն է հաստատել Արևմտյան Գերմանիայում։
1958-61 թթ. Մյունխենի Գյոթեի ինստիտուտում գերմաներեն սովորելուց հետո Բերքյանն ուսումը շարունակել է Մյունխենի և Ախենի տեխնիկական համալսարաններում։
1976-ին Դարմշտադի տեխնիկական համալսարանում պաշտպանել է գերմաներեն գրված «Միջնադարյան Հայաստանի ամրաշինությունը» ատենախոսությունը՝ ստանալով ինժեներա-ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան։
Որպես ճարտարապետ և ինժեներ` եղել է բնակելի, հանգստյան տների, դպրոցի, հիվանդանոցի, մանկապարտեզի, գործարանի (Վիսբադեն, Մայնց, Վորմս, Բիբեսհայմ, Մայսենհայմ) և այլ նախագծերի հեղինակ, համահեղինակ, շինարարության ղեկավար, բազմաթիվ անգամ մասնակցել Գերմանիայում կառուցվելիք օբյեկտների համար հայտարարված մրցույթներին: 1965-ին Բեռլինում կառուցվելիք թանգարանի մրցույթում շահել է առաջին մրցանակ: Նա Ռայնլանդ Պֆալցի և Հեսենի ճարտարապետների պալատների անդամ էր։
Որպես Հեսենի և Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի գերմանական մասնաճյուղի փոխնախագահ, նա մեծ ջանքեր էր թափում երկրաշարժից տուժած Ամբերդի և Մակարավանքի վերանորոգման համար։
Այդ ամենի հետ Բերքյանը Գերմանիայում հայ մշակույթի և արվեստի դեսպանն էր:
1969-ին Վարդանանց 1518-ամյակի առթիվ կազմակերպված ծավալուն միջոցառման ժամանակ, որի հիմնական բանախոսն ինքն էր, ասել է. «...Հոգ չէ, թե մեր քաղաքական անկախությունը որոշ շրջանների ընթացքին կորսնցուցած ենք։ Հոգ չէ, թե մեր արյունը նվաճողները շատ եղան, կարևորն այն է, սակայն, որ մենք մնացինք, մեր մշակույթը մնաց, մեր կրոնը մնաց, և, մանավանդ, մեր հայրենիքը միշտ Հայաստան կկոչվի։ Եվ պիտի կոչվի Հայաստան։ Անգամ եթե հուշարձանները կործանեցին, քաղաքների ու լեռների, գետերի, լճերի անունները փոխեցին, միևնույն է, Հայաստանն անկործանելի է, և մեր անկախությունը վաղ թե ուշ կլինի»։ Եվ նրա մարգարեական կանխատեսումն իրականացավ։
Բերքյանի համառ ջանքերի շնորհիվ 1972-ին վերաբացվեց Յ. Լեփսիուսի 1914-ին հիմնադրած և 1956-ին լուծարված գերմանա-հայկական ընկերությունը, որի փոխնախագահն էր։
Այս գործում նրան աջակցել են հայ նվիրյալ երիտասարդներ՝ Ջեյմս Գառնուզյանը, Արմեն Հախնազարյանը, Շավարշ Հովասափյանը, իր տիկինը՝ Մարիանան, և էլի ուրիշներ։
«Արա Բերքյանը գերմանա-հայկական ընկերության հոգին էր, ինչպես նաև Գերմանիայում հայկական տեղեկատու բյուրոն, հայկական հարցերի իրավասու բանախոսը»,- հետագայում Բերքյանի մահախոսականում գրել է պրոֆեսոր Ֆ. Հայերը։
Գերմանահայ գաղութը լրատվությամբ ապահովելու նպատակով Ա. Բերքյանի խմբագրությամբ լույս է ընծայվել «Հայ-գերմանական թղթակցություն» հանդեսը: Նրա ջանքերով տպագրվեց Մայնցի հայկական համայնքի «Բանբեր» տեղեկատուն, որը, ցավոք, նրա մահից հետո այլևս չհրատարակվեց։
Գերմանահայ բարեկամության յուրահատուկ հանրագիտարան է Էննո Մայերի և Արա Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև կամ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գիրքը, որը լույս տեսավ 1988-ին և մեծ արձագանք գտավ ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենիքում:
Ոգևորված վերածնված հայրենիքով և գրքի մասին դրական արձագանքներով` հեղինակը ցանկանում էր այն լրացնել և վերահրատարակել, թարգմանել նաև հայերեն։ 1988-ին Բերքյանին հասցեագրված նամակում Մեծի տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսը (հետագայում` Ամենայն հայոց կաթողիկոս), ում հետ ընտանեկան, բարեկամական ջերմ հարաբերություններ ուներ մեծ ճարտարապետը, նշել էր. «...Մենք ուրախ պիտի ըլլանք այս գիրքին հայերէն թարգմանությունը տպուած տեսնելով Անթիլիասի մեր տպարանին մէջ...»։ Ափսոս, չհասցրեց։
Չնայած բազմազբաղ լինելուն, Բերքյանը ժամանակ էր գտնում կարդալու հայկական ճարտարապետության, Հայաստանի շրջակա միջավայրի և այլևայլ թեմաներով զեկուցումներ Հայաստանում, Իտալիայում, Փարիզում կազմակերպվող հայկական մշակույթին նվիրված միջազգային գիտաժողովներում։
Հայաստանի հանդեպ սերը նրան 1968-ից շարունակ հայրենիք էր բերում։ Այստեղ մոտիկից ծանոթացել էր ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ, ում հոգևոր հոր նման էր սիրում, և այդ սիրով են լցված 25 տարի շարունակ միմյանց հասցեագրած նամակները։ Վերջինս սիրով էր հիշում Բերքյան-հայի, մարդու, ճարտարապետի հետ առաջին հանդիպումը։ Ահա թե ինչ է գրում ակադեմիկոսը. «Արա Բերքյանին հանդիպում էի ոչ միայն Հայաստանում, այլև հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովներում, ավելի շատ՝ Իտալիայում։ Այդպիսի մի գիտաժողովում 1988-ին Վենետիկում նա ելույթ ունեցավ ոմանց տարօրինակ թվացող թեմայով՝ հայ վարպետների մասնակցությունը Գերմանիայում որոշ հուշարձանների կառուցմանը։ Որպես ապացույց նա խնամքով հավաքել էր քարերի վրա հայ վարպետների թողած նշումները, նաև հայերեն տառաձևերը»։ Այդ մասին պրոֆեսոր Զարյանը 1989-ին գրված մի նամակում նշել է. «Օրերս ստացա ձեր ուղարկած գիրքը Վալտեր Նիսի հեղինակությամբ (Romanische Steinmetzzeichen der Stauferburgen Badingen und Gelnhausen, 1988)։ Գոհունակությամբ շնորհավորում եմ Ձեզ, քանի որ պատճառ հանդիսացաք Կենտրոնական Եվրոպայում գործած քարտաշ վարպետների ներկայությանը ու նրանց մասնակցությանը տարբեր տիպի շինություններում նոր փաստերով ապացուցված լինելուն..»։
1993-ին Արա Բերքյանը վերջին անգամ այցելեց Հայաստան, առաջին անգամ եղավ Արցախում (Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար), որի պատմությունն ու ճարտարապետական հուշարձանները փայլուն գիտեր: Այդ մասին հաճախ ելույթներ էր ունենում գերմանական մամուլում։
«Արցախ գալով՝ ես ինձ համար գտա մի նոր Արա Բերքյանի,- գրել է նա։- Հաստատեցի ինքս ինձ։ Թերևս երկու-երեք տարի հետո վերջնականապես կգամ Արցախ։ Եթե արցախցիներն ինձ ընդունեն, կդառնամ շուշեցի։ Կնախանձեմ Շուշիում ապրողներին։ Այս խաչքարերի գոյությունն եմ ցանկանում արցախցիներին, որոնք իրենց արդարացի պայքարն են մղում, իսկ արդարությունը միշտ էլ հաղթում է»։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վիսբադեն

Դիտվել է՝ 5806

Մեկնաբանություններ