38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրճվանք-զվարճանք-խնջույք-խրախճանք ու ոչ մի պատկառանք

Հրճվանք-զվարճանք-խնջույք-խրախճանք ու ոչ մի պատկառանք
02.08.2024 | 17:00

Խախանդություն թե՞ խաղաղություն:

Այն, որ հարաբերական անդորր է՝ փաստ է:

Բայց անդորրը հարաբերական է:

Քանզի նոր պատերազմի հավանականությունն ակնհայտ է, այն չեղարկելու, չեզոքացնելու ռեսուրսներն ու գործիքակազմն էլ բացակայում է:

Հետևաբար, այս ամենն ու արհավիրքների հավանականությունն աչքի առաջ՝ ժողովուրդը գիտակցաբար ու անգիտակից, կամա թե ակամա, կարծես սոցիալական հիշողությունից զուրկ տրվում է ինքնահոս օրով ապրելուն, որտեղ գերակշռում է՝ «մեկ անգամ ենք ապրում, վայելենք որքան հնարավոր է», «моя хата с краю», «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ», Ստոկհոլմյան սինդրոմ, անոմալ ապատիա, հրճվանք-զվարճանք-խնջույք-խրախճանք վիճակները:

ՈՒ այս պահին, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «пир во вре́мя чумы́»:

Ազգը (ավելի ճիշտ՝ ժողովուրդ-սոցիումը) անպատճառ ու անառիթ «ափրցփր ցկցկում է»:

Ամենուր մի խինդ, ուրախություն, խանդավառություն է:

Խաղաղության «ատմասկայով» հույս վաճառող ու հանգստություն բաժանող իշխանավորներն ապահովել են օրվա «վարդագույն խախանդությունն» ու այդ շրջանակներում, կոծկելով մեր թշվառ ու ամուլ վիճակը, «ֆեստիվառներով» ազգին թմբիրի ու ռելաքսի մեջ են պահում, իրենք էլ դրանից կատարսիս ապրում:

Ի՞նչ սթափվել, ինքնակազմակերպվել, երկրի անվտանգային իմունիտետը բարձրացնել, ժողովրդին ամեն դեպքում ցանկացած հավանական ու անհավանական սցենարի նախապատրաստել:

Չէ՛, ամեն ինչ «OK» է, հարցերը լուծված են, խնդիրները վերացված, խրախուսանք-պարգևավճարները տրված, ժամավճարով մասովկայի դերասան, իսկ այսօր պատգամավոր դարձած աներձագ Հրաչը, պատգամավորի աշխատանքով 6-րդ տարում 8-րդ տունն առել է, հայտարարագրում էլ բարեխղճորեն նշել, տարածքային կառավարման նախարարի թոշակառու մոր 230 հազար դոլարանոց տունը պատրաստ է, երկրի ղեկավարությունն էլ «բիրիքով» արձակուրդային վոյաժների, «կայֆ ու կայծերի», ձեռքի հետ էլ՝ «բիզնես տասովկեքի», ռեկետ-բանկետների» մեջ է:

Ասում են՝ լավ ապրելու համար մարդուն շատ բան պետք չէ.

Ընդամենը անհրաժեշտ է 45 միլիոն եվրո նոր վարկ վերցնել, արտաքին պարտքը թեթև ձեռքով 13 միլիարդի հասցնել, օրական 4200 դոլար՝ կառավարական ամառանոցում ապրողների կենցաղի համար ծախսել, տունուտեղով հաճախ ճամփորդությունների գնալ, կնոջ համար Քոչարյանի «Տոյոտա Երևանից» 150 հազար եվրոյանոց Lexus գնել, բայց շարմ ու ձևի համար հեծանիվ քշել, ունենալ կին, որն ամուսնուց հետ չմնալով Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ «բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիքով» գումար կարող է պահանջել, չտվողներին տույժ ու տուգանքի, աննախադեպ ստուգումների ու ճնշումների ենթարկել, մեկ-մեկ էլ տիկ-տոկում չտես-գյորմամիշություն, մի խինդ ու ուրախություն տեղադրել:

Ասում են նաև, որ ինչ էլ անում են, լավ են անում, «ապաշքյարա» են անում, չուզողների աչքն էլ հանում են:

Որ արածներն էլ կոռուպցիա, թալան ու դիրքի չարաշահում չէ, ինչ էլ հետ ենք գցել, իրենց հասնում է:

Բա հո նախկինների պես չէին «տիխարյա», աչքից հեռու երկիրը թալանի:

Մարդիկ՝ թղթով-թամասուքով, օրենքի տառով են հարստանում ու կապիտալ դիզում:

Ինչևէ, քանի կա նման երկրի ղեկավար, այս ամենը հանդուրժվելու է:

Քանի կա նման ղեկավար Հայաստանն իրական ու արժանապատիվ խաղաղություն չի ստանալու:

Երկիրը շարունակելու է ապրել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն ռեժիմում:

Քանի կա նման բախտախնդիր-պատեհապաշտ ղեկավար և նման ռազմաքաղաքական ղեկավարություն, Հայաստանը մարտունակ ու դիմագրավող, արտաքին վտանգները չեզոքացնող, սեփական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունն ապահովող բանակ չի կարող ունենալ:

Եթե դեռ կան մարդիկ, որոնք հավատում են, որ նման դիլետանտ-դեմագոգ ղեկավարի ու նրա պնակալեզ մանկլավիկների մնալով Հայաստանի համար կարող է լավ լինել, ապա վիճակը տխուր է, ցավալի։

Նրան հավատացող «կտակերների» համար կա մի նոր համոզիչ «սյուրպրիզ».

ոչ հեռու ապագայում նրանց կուռք-իդոլը ցինիկաբար ասելու է, որ պետք է քարերը փեշերից թափել, ադրբեջանցիներին հետ ընդունել Հայաստան ու որպես քույր ու եղբայր համատեղ նրանց հետ ապրել։

Դրա առաջին սերիան Տավուշում նկարվել է.

երբ առաջարկում էր ուրախանալ, որ ադրբեջանցիները մեզ հարևան են դարձել ու որ նրանց հետ բիզնես կարող ենք անել:

Իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են լինելու այս «մարդասիրական» առաջարկին, հռչակվելու են ռասիստներ ու ֆաշիստներ:

Ինչևէ՝ դառը, ողբերգական իրականությունն այսպես է լինում:

Խելքի՞ գալ, ուշքի՞ գալ, սթափվե՞լ…

Որ ի՞նչ, հարմարված ապրում ենք էլի:

Ծաղրածուին վստահող ժողովուրդը դատապարտված է ապրել կրկեսում:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4907

Մեկնաբանություններ