38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նրա զենքը երաժշտությունն է, որով աշխարհին պատմում է հայի մասին

Նրա զենքը երաժշտությունն է, որով աշխարհին պատմում է հայի մասին
05.05.2024 | 11:40

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն…Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխան երաժշտությունը»,-Կոմիտաս Վարդապետն է խոսում:

Այստեղ դարերի ճշմարտությունն է: Եվ ինչպիսի երաժշտություն էլ ստեղծի հայ արվեստագետը, ինչ երաժշտության լեզվով էլ խոսի, միևնույն է, այն կրելու է Հայի հազարամյակներից հառնող քաղաքակրթության կնիքը, երբ մեր առջև ու աշխարհի բեմերում մեծ երաժիշտ է: Նա Արարատից աշխարհին նայող հայացքն է, որ իր արվեստի լեզվով պատմում է հայի մաքառումների ու արարումների մասին: Իսկ երբ վեր են հառնում ազգային մեծ հարցերը, համախմբում է աշխարհի մշակույթի հսկաներին, որ լինեն ի՛ր ազգի՝ Հայի բաժին արդարության ջահակիրն ու Ճշմարտության դեսպանները: Անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆՆ է այդ արվեստագետը:
Գարի Քյոսայանի ստեղծագործությունների հնչյունները հնարավոր չէ շփոթել մեկ այլ արվեստագետի աշխարհի հետ: Նա ջազային աշխարհում մեծ անուններից է, ում ստեղծագործությունները հնչել են համաշխարհային ջազի դասական նմուշների կողքին: Մաեստրոն գրել է շուրջ 100-ից ավելի ջազային ստեղծագործություններ և երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար:
Մեր ազգի մշակութային ու քաղաքակրթական անցյալի առաջ խոնարհ, բայց ջազի նման ըմբոստ ու մարտնչող երաժշտություն ստեղծող Մաեստրոյի հարուստ կենսագրությունը հնարավոր չէ ամփոփել մի փոքրիկ հոդվածի շրջանակում: Բայց միայն մի փաստ կառանձնացնենք, որը բնորոշում է արվեստագետին. 1988-ից ի վեր շուրջ 15 տարի ջազի հայրենիքում ապրած ու ստեղծագործած արվեստագետը միշտ եղել է իր ազգի կողքին, ապրել Հայաստանով, մասնակցել մեր ազգային կյանքի նշանակալի իրադարձություններին: Դրա վկայություններից մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Մաեստրոյի նախաձեռնած «Ջազն ընդդեմ ցեղասպանության» ծրագիրն էր, որով աշխարհին հասցրեց մեր ազգի պատմական արդարության ձայնը:
Այսօր էլ Մաեստրոն շարունակում է արարել և արվեստասերներին ընծայել նոր ստեղծագործություններ, որոնք ոգեղեն ուժ են տալիս հային՝ շարունակելու իր ընթացքը այս մարտահրավերներով լի ժամանակներում:
…Ապրիլի 30-ը աշխարհում նշվում է որպես Ջազի միջազգային օր: Մաեստրո Գարի Քյոսայանը և Ջազ Քառյակը հանդես եկան յուրահատուկ համերգային ծրագրով, որն այս անգամ ևս առանձնացավ իր ասելիքով, խոհափիլիսոփայական շեշտադրումներով: Բեմում արարման ծես էր, որտեղ ամեն մի հնչյունը, ամեն մատուցվող ստեղծագործությունը իր խորհուրդն ուներ:
«Ջազային երաժշտի համար շատ կարևոր է պահպանել հիշողությունն անցյալի մասին: Երգի մասին, որ երգել են ծերունիները բակում լուսնյակ գիշերով, կամ այն մասին, թե վաղեմի ժամանակներում ով ինչ է ասել»,-այս խոսքերը պատկանում են ջազի հսկաներից Դրյուկ Էլինգթոնին:
Եվ Մաեստրո Գարի Քյոսայանի երաժշտությունը ազգի անցյալի մասին հենց այդ հիշեցումն են, որ հազարամյակների խորքից գալիս է մի ժողովուրդ, որի հնամյա երկիրը պատմական սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես «Սրբազան օրենքների երկիր»:
Համերգային երեկոն բացվեց Գարի Քյոսայանի «Կիրակնօրյա բլյուզ» («Sundy Blues») ստեղծագործությամբ՝ որպես առաջին ակորդ:
Որքան էլ դժվարին է եղել մեր ճանապարը, միևնույն է, հայ արվեստագետը ամենածանր պահերին անգամ հավատացել է իր ազգի վերածննդին: Թերթեք մշակույթի պատմությունը: Մեկ անգամ ևս կարդացեք, օրինակ, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, որ Հայոց ցեղասպանության ծանր օրերին գրում էր իր ոգեկոչման և միաժամանակ ապրեցնող բանաստեղծությունները.

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
ՈՒ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին
ՈՒ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին-
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։

Ծանոթ տողեր են, չէ՞: Որքան մեծ պիտի լինի արվեստագետը, որ անգամ դժբախտության մեջ շարունակի տեսնել իր ազգի մեծությունն ու հավատա նրա քաղաքակրթության Լույսի հաղթանակին: Այսպես և Մաեստրո Գարի Քյոսայանը լինելով մեր ազգի մեծ նախնիների Ոգու կրողը՝ գրում է երաժշտություն, որը հենց այդ Լույսի խորհուրդն ունի: Եվ վերջերս գրված ստեղծագործությունը հենց այդպես էլ կոչվում է ՝ «Լույս» («Luys» ): Եվ այն հնչեց «Գեղարդ» երգեցիկ երգչախմբի (գեղ. ղեկ՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) կատարմամբ՝ հար և նման միջնադարյան շարականներից ծնունդ առած աղոթքի՝ ուղղված առ Աստված:
Եվ ասես մի ներքին երկխոսությամբ ու տրամաբանական կուռ կապով հնչում է Մաեստրոյի հաջորդ ստեղծագործությունը ՝ «Milky Way» («Ծիր Կաթին»), որով «Ջազի ազնվականը», ինչպես Մաեստրոյին կոչում են մշակույթի աշխարհում, պատմում է հազարամյակներ առաջ աստղերի ու Տիեզերքի հետ զրույց արած, դիցաբանական անցյալ ունեցող իր ժողովրդի մասին, ով պատմությանն ու ժամանակների մարտահավերներին պարտվելու իրավունք չունի պարզապես: Սա երաժշտություն է, որը հայ մարդուն մշտապես ստիպելու է զրուցել իր Կենաց ծառի արմատների հետ ու մտովի թռչել դեպի հազարամյակներ և իր մեջ արթնացնել Վիշապաքաղ Վահագնի ոգին ու շարունակի մաքառումներով լի իր ուղին պատմության թատերաբեմում:
Հաջորդ ստեղծագործությունը, որ կոչվում է «Blues for Maria» («Բլյուզ Մարիայի համար») պատմում է Մաեստրոյի կյանքի երջանիկ դրվագի՝ նրա դստեր Մարիայի աշխարհ գալու մասին: Եվ սա գեղեցիկ ստեղծագործություն է, որը մարմնավորում է ընտանիքի գաղափարը` որպես ազգային արժեք: Իսկ այս երգի հրաշալի կատարողը Մաեստրո Գարի Քյոսայանի ստեղծագործական կյանքի ուղեկից, հմայիչ դերասանուհի և երգչուհի Ալլա Սահակյանն էր:
ԱՄՆ-ից ժամանած հատուկ հյուրն էր վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆայլոնը, ում շնորհիվ Մաեստրոյի ստեղծագործություններն ուղեկցվում էին ջութակի ինքնատիպ իմպրովիզացիաներով: Եվ այս ամբողջը մարմին ու ոգի էր ստանում Ջազ Քառյակի արվեստագետների շնորհիվ, որոնց անունները չենք կարող մեկ առ մեկ չթվարկել. Սուրեն Զաքարյան (բաս), Գևորգ Հարությունյան (հարվածային) և, իհարկե, Մաեստրո Գարի Քյոսայան (դաշնամուր):
Գարի Քյոսայան–արվեստագետը նաև նկարիչ է, ում ստեղծագործությունների հնչյունները վերածվում են «կտավների»՝ «Apicot tree» («Ծիրանի ծառ») , («Angel dance» ) «Հրեշտակների պար»…Եվ երբ իր հեղինակային գործերի կողքին հնչում են նաև համաշխարհային մյուս մեծերի, ջազի դասականների գործերը, ստեղծվում է քաղաքակրթությունների յուրօրինակ երկխոսություն՝ Միշել Լեգրան, Դեսմոնդ…Եվ այս ամբողջ գունապնակը մեզ էին մատուցում Գարի Քյոսայանը և Ջազ Քառյակը, երգչուհի Ալլա Սահակյանը (վոկալ) և վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆայլոնը:

Երկրորդ բաժինը բացվեց Մեստրոյի «Attitude» («Վերաբերմունք») ստեղծագործությամբ: Գարի Քյոսայանի ստեղծագործությունները շատ հռչակավոր երաժիշտներ են մեկնաբանել, հնչել են տարբեր գործիքների նվագակցությամբ և իմպրովիզացիաներով: Դրանցից է աշխարհի բազմաթիվ բեմերում և բազմաթիվ մեծանուն երաժիշտների կատարմամբ հնչած «Silensce» («Լռություն»), որն ունկնդրելիս ակամա հայտնվում ես խորախորհուրդ աշխարհում մտաբերում ես հայ գրականության մեր մեծերից Ավետիք Իսահակյանի արձակ բանաստեղծությունը.

«Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդն իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները…»:

Սա իր ասելիքով համամարդկային ստեղագործություններից մեկն է, որը ոչ միայն մեզ, այլև բոլոր ազգերին մշտապես խորհելու առիթ է տալիս
21-րդ դարից նայել մարդկության անցյալի հեռուներին, անցյալի քաղաքակրթություններին և հաշիվ տալ, թե աշխարհի խելահեղ ընթացքի մեջ ի՞նչ հանգրվանի պիտի ձգտի Աստծո պատկերով ստեղծված մարդը, որ հոգևոր անապատում չկորցնի սեփական դեմքը: Սա արվեստագետի լուռ զրույցն է մարդկության անցյալի ու գալիք՝ դեռևս անհայտ հեռուների հետ, ինչպես հազարամյակների խորքից մեզ նայող Սֆինքսը: Եվ այս անգամ ստեղծագործությունը մեկ այլ մեկնաբանություն է ստանում Լուսինե Ֆայլոնի ջութակի նվագակցությամբ:
Շատ կարևոր խորհուրդ ու շեշտադրում ունեին հռչակավոր Միշել Լեգրանի «Windmills of your mind» («Քո մտքի հողմաղացները») ու Շառլ Ազնավուրի՝ («La Baraca») «Լա բառակա» ստեղծագործությունների կատարումները: Եվ Մեծն Ազնավուրի երգը ոչ թե կատարեց, այլ, կարելի է ասել, կերպավորեց Ալլա Սահակյանը՝ յուրօրինակ մեկնաբանությամբ ու մի փոքր էլ «ազնավուրյան խենթություն» դնելով:
Հայը մարդկության քաղաքակրթության հիմնաքարերը դրած ազգերից է, որի ակունքներում այն արժեքներն են, որոնք հետո պիտի մարդկությանը փոխանցվեին քրիստոնեության միջոցով: Պատահական չէ, որ Մաեստրոյի ստեղծագործական ժառանգության մեջ բազմաթիվ են Աստվածաշնյան թեմաներից ներշնչված գործերը ու դրանով իսկ նա ամբողջացնում է մեր իսկ հնամենի քաղաքակրթության ժառանգականության շղթան: «Reveraense» («Խոնարհում») ստեղծագործությունը հենց այդ ոգեղենության մարմնավորումն է, որով արվեստագետը իր խոնարհումն է բերում Աստծուն և մեր մեծ նախնիներին:
Գարի Քյոսայան- կոմպոզիտորն ու արվեստագետը հավատում է մշտապես մահվան վտանգը հաղթահարած իր ազգի վերածննդին: Հավատում է, որ հավերժ է լինելու Հայաստան անունը, որի անունը հիշատակվում է դեռևս 3500 տարի առաջ շումերական կավե-սալիկ արձանագրությունում: Եվ Մեստրոյի «Armenia» («Հայաստան») ստեղծագործությունը այս մասին է, որը դարձել է նաև անցյալ տարի նրա թողարկած նոր ձայնասկավառակի խորագիրը:
Երեկոյի վերջին ակորդները դարձան «Breeze» («Զեփյուռ») և «Eddie» («Էդդի») ստեղծագործությունները: «Breeze» («Զեփյուռ») և «Reveraense» («Խոնարհում») ստեղծագործությունը ևս հնչում առաջին անգամ: Իսկ ջերմ ունկնդրի խնդրանքով «Eddie»-ն հնչեց ևս մեկ անգամ:
Հանդիսատեսը հեռացավ՝ իր հետ տանելով Մաեստրոյի արվեստի լույսը, որը ևս մի բանալի պիտի դառնա մեր անցնելիք ճանապարհներին հայի իրական տեսակը մեր մեջ վերահաստատելու համար:
Նշենք, որ համերգի աջակիցներն էին «Կաֆֆա» ընկերությունը, «Վիլլա Այգեձոր» հյուրանոցը, «Սիլկ ռոուդ» հյուրանոցը, «Լեվոն Թրավել» ընկերությունը:
Ինֆորմացիոն հովանավորն էր « Նյու մեգ » հրատարակչությունը, իսկ գլխավոր հովանավորը` «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը միշտ եղել է Մաեստրոյի համերգների կողքին:


«ՄԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ՀԱՅ ՀԱՍԿԱՆԱ, ԹԵ ԻՆՔՆ ՈՎ Է, ՈՐՏԵՂ Է ԱՊՐՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
Մաեստրո Գարի Քյոսյանաի հետ զրուցել էի դեռ համերգային երեկոյի նախօրեին: Սիրով ներկայացնում եմ նաև արվեստագետի խոհերը մեր ազգային կյանքին և մշակույթին վերաբերող հարցերի շուրջ:

- Հարգելի Մաեստրո, ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է: Եվ Դուք հանդես եք գալու գեղեցիկ համերգային ծրագրով և հնչելու են նոր ստեղծագործություններ: Մեր խնդրանքով կարո՞ղ եք փոքր-ինչ ներկայացնել, թե ինչպիսի ստեղծագործություններ եք ընդգրկել, որոնք նաև նոր խոսք են և ուղերձ են լինելու իրենց գաղափարակաան ասելիքով:
- Առաջին հերթին ունենք երգի և ստեղծագործությունների պրեմիերա: Մեզ հետ միասին ելույթ կունենա «Գեղարդ» երգչախումը, որի հետ համագործակցում ենք առաջին անգամ, կատարելու է իմ «Լույս» ստեղծագործությունը, որը գրել եմ վերջերս: Առաջին անգամ հնչելու է երկու նոր ստեղծագործություն, որոնք նոր եմ գրել: Մեկը կոչվում է «Breeze» («Զեփյուռ»), մյուսը՝ «Reveranse» («Խոնարհում»): Մեզ հետ ելույթ կունենա շատ հայտնի ջութակահարուհի Լուսինե Ֆայլոնը` ԱՄՆ-ից ՝ զարմանալի տաղանդի տեր, վիրտուոզ կատարող, ծագող աստղ: Կկատարենք իմ հեղինակային գործերը, ինչպիսիք են «Bluses for Maria» («Բլյուզ Մարիայի համար»), «Angel Danse» («Հրեշտակների պար»), «Silence» («Լռություն») և նման գործեր: Ստեղծագործությունները հնչելու են ջութակի իմպրովիզացիոն նվագակցությամբ: Առաջին անգամ այդ գործերը կհնչեն ջութակի նվագակցությամբ:
- Ինչպե՞ս կազմվեց ծրագիրը, որով այս համերգը ևս առանձնանանալու է իր շնչով ու ձեռագրով:
- Ջազի միջազգային օրը բոլոր ջազի սիրահարների և ջազ երաժիշտների համար մեծ տոն է: Դա համաշխարհային արվեստի այնպիսի մի լեզու է, որով ամբողջ աշխարհը գրավեց 20-րդ դարում ու շարունակում է գրավել: Ջազի անբացատրելի գաղտնիքներից մեկն այն է, որ ստեղծում է հոգու հավասարակշռություն, և մարդիկ նստած լսելուց վայելում են ջազ երաժշտությունը: Կա նաև ջազ երաժշտության այնպիսի դրսևորում, որ երաժիշտները նվագում են միայն ջազ երաժիշտների համար, չեն նվագում մեծ մասսաների համար: Այսինքն, նվագում են երաժշտություն, որն անհասկանալի է հասարակ ունկնդրի համար: Ինձ թվում է, դա մեծ սխալ է, որովհետև նման էքսպերիմենտներով մարդկանց վանում են ջազից, փոխանակ ցույց տան նրա հեքիաթային, հզոր էներգետիկան:
Ջազային ստեղծագործությունները սերվել են հոգևոր երաժշտությունից, ծնվել են հոգևոր հիմունքների վրա: Եվ այն հարմոնիկ սիստեմները և ուղղությունը, որ այսօր կան Միացյալ Նահանգներում և կոչվում է «սպիրիտուալ ջազ», գալիս է հենց հոգևոր երաժշտւթյան ակունքներից: Ջազային երաժշտության հարմոնիկ սիստեմները, և ինչ խոսք, այդ երաժշտության ամբողջ գեղեցկությունը, տեքստերը, գեղեցիկի, բարության, հրաշքի, աշխարհը և մարդուն սիրելու մասին են: Որպես օրինակ կարող եմ բերել Լուի Արմսթրոնգի «What A Wonderful World» երգը, որի գաղափարը սա է. «այս ինչ չքնաղ երկրագնդում ենք ապրում, երեխաները ժպտում են, ծաղիկները ծաղկում են…Փառք տանք Աստծուն, որ այս երկրագնդի վրա ծնվել ենք, պահեք, պահպանենք այս գեղեցկությունները…»: Այսինքն, սրանք հոգևոր արժեքներ են իրենց մեջ պարունակում, որոնք բնության, մարդու հանդեպ սիրո և հարգանքի մասին են…Մարդն ինչքան էլ հանդիսանա բնության գագաթնակետը Աստծո կողմից ստեղծված, միևնույն է, կարիք ունի իր հանդեպ մարդկային վերաբերմունքի: Մարդն ինքն էլ պիտի այդ բոլոր արժեքներին վերաբերվի այնպես, ինչպես կուզենա, որ իրեն վերաբերվեն: Սրանք հոգևոր արժեքներ են, որոնց մասին մեծագույն ջազ երաժիշտները գրեցին իրենց համամարդկային ստեղծագործությունները: Մեծագույն երաժիշտները ջազը բերեցին համաշխարհային բեմեր՝ Էլլա Ֆիցջերալդ, Օսկար Պիտերսոն, Դրյուկ Էլինգտոն, Մայս Դևիս և այլք: Անհամար կարող եմ թվել ջազի հսկաներին, որոնց ստեղծած երաժշտության մեջ մի հզոր էներգիա, այնպիսի փիլիսոփայություն կա, որ ասես գրվել է հենց այսօրվա աշխարհի և իրականության մասին: Դրանցում մի ուրի՛շ տեսակի ուժ կա:
-Մարդուն դեպի վեր տանող ուժ:
-Իհարկե: Մարդուն մարդ կոչելու մասին է այդ երաժշտությունը, նրա ասելիքը:
-Հարգելի Մաեստրո, Ձեր հարցազրույցներում Դուք նշել եք . «Իմ ստեղծագործության արմատները գալիս են մեր միջնադարյան երաժշտությունից: Մակար Եկմալյանի ստեղծագործություններում ներկա են մեր հոգևոր ակունքները, շա՜տ մեծ կապ կա, շա՜տ-շա՜տ մեծ կապ կա՝ հոգևոր մտծելակերպի, լադային մտածելակերպի, հարմոնիկ մտածելակերպի առումով»: Ինչպիսի՞ն պիտի լինի հայ արվեստագետի անցնելիք ճանապարհը, որ հասնի այն գագաթին, որպեսզի կարողանա արվեստում լինել և նորարար, և մնալ ազգային ու առանձնանալ աշխարհի արվեստագետների մեծ ընտանիքում:
-Միայն մի բանաձև կա. ինչպես մեր Տերն ասաց՝ «Ես չեմ եկել քանդելու հինը: Ես եկել եմ հնի վրա նորը կառուցեմ»: Միայն այդ սկզբունքով: Եթե մենք չունենք դասական հիմքեր, հնարավոր չի լինի ստեղծագործել, թողնել մնայուն արժեքներ: Եթե հիմք չունես, չես կարող ստեղծագործել: Իսկ մենք հայ հոգևոր երաժշտության վիթխարի ժառանգություն ունենք: Մի կարևոր մեջբերում եմ ուզում անել. այդ երգը, որ պիտի այս համերգին առաջին անգամ հնչի, կոչվում է «Լույս»: Այսպիսի խոսքեր են.

Տե՜ր, մեզ տուր այդ Լույսը,
Որ տեսնենք գանձերը մեր ազգի…

Կոմիտաս, Եկմալյան, Խաչատուրյան…Այս բոլոր արժեքները մեր ազգի մշակույթն է, մեր գանձերն են: Այնպիսի գանձեր էլ կան, որ քչերը գիտեն դրա մասին: Ժողովուրդը պիտի իմանա, թե ինչ է կատարվում իր ազգի, արվեստի պատմության հետ: Մեր արժեքները մթության մեջ են պահվում մի քանի պատճառներով: Եթե մեր պատմությունը, մթության, կասկածի տակ է դրվում: Պատկերացնու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը: Մեր ժառանգությունն են ուզում ջնջել:
- Ի հեճուկս աշխարհի այդ մարտահրավերների՝ պետք է շարունակենք գոյատևել և ապացուցել, որ մենք մարդկային քաղաքակրթության Լույսի կրող ազգն ենք: Ո՞րն եք համարում այդ ճանպարհը, հարգելի Մաեստրո: Արդյո՞ք հենց մեր այդ հարուստ քաղաքակրթական անցյալը չէ, որ պիտի վերածնի ազգը:
- Իհարկե: Այն, ինչ որ հայ ազգն է տվել աշխարհին՝ փիլիսոփայության գանձարանին, արվեստի գանձարանին, երաժշտության գանձարանին, ոչ մի ազգ չի տվել աշխարհում: Ես նկատի ունեմ՝ 10-րդ դար՝ Գրիգոր Նարեկացի, նկատի ունեմ՝ 20-րդ դար՝ Ազնավուր, Խաչատրյան: Նկատի ունեմ՝ 19-րդ դար՝ Այվազովսկի, մեր շա՜տ-շա՜տ մեծերին: Վիլիամ Սարոյան, Միշել Լեգրան… նրանք գիգանտներն են աշխարհի: Լինելով փոքրաթիվ ազգ՝ այսքան մշակութային մեծություններ ենք տվել աշխարհին: Միայն ընտրյալ ազգը կարող էր այդքան մեծ երևույթներ ծնել: Եթե համեմատվեք մեր մյուս ազգերի հետ, քանակության տեսակետից և ընդհանրապես: Ազգեր կան, որ իրենց գոյության ամբողջ ընթացքում աշխահին ոչ մի երաժիշտ չեն տվել, ճարտարապետ չեն տվել, ոչ մի պոետ չեն տվել, ոչ մի նկարիչ չեն տվել: Մինչև հիմա էլ չեն տալիս: Կարծում եմ գիտեք, նման ազգեր: Որպես վկայություն՝ մեր երկու ցեղասպան հարևան ազգերը: Մինչև հիմա էլ շարունակում են իրենց ձեռագիրը: Բայց դա իրենց չի հաջողվելու:
- Ձեր մտքերից ևս մեկն եմ ուզում հիշատակել.
«Ջազն իմպրովիզ չափի մեջ: Սիրում է լավ մթնոլորտ ստեղծել: Ջազն ինձ համար ապրելակերպ է, որի մեջ ամեն ինչ մտնում է ազատություն է՝ սեր, հավատ…Եթե չսիրես, չես կարող ջազ նվագել»:
Վերջին տարիներին մեր երկրի համար ծանրագույն ժամանակներ են: Ինչպե՞ս եք կարողանում ստեղծել մեր ակունքներից եկող այն ոգեղեն երաժշտությունը, որը պիտի ազգն ապրեցնի ու հիշեցնի, թե ով է եղել ինքն աշխարհի քաղաքակրթության պատմության մեջ: Կկիսվե՞ք Ձեր մտորումներով:
- Պիտի արարենք, արարենք ու անվերջ արարենք: Եվ այս համերգի ժամանակ ներկայացվելիք ստեղծագործությունը, որ կոչվում է «Լույս», ևս մի քանի տող կուզենայի հիշատակել այս տեքստից.

Թող հավերժ կորչի սև ողբը մեր ազգի երգերից,
Թող հնչեն հզոր զանգերը
Հաղթանակներ մեզ բերող,
Տեր, մեզ տուր այն ուժը որ,
Կերտենք նոր երգը մեր ազգի
Երգը հանճարի, երգն ընտրյալի
Երգը առ Աստված, Ամէն:

Սա շատ կարևոր է: Վերջին 40-50 տարիների ընթացքում մեզ ստիպում են ողբ լսել: Գիտեք, ունեցել ենք հրաշալի դուդուկահար Լևոն Մադոյան, ով նվագում էր մեր ազգային պարեղանակները: Բաց կա նաև դուդուկի վատ մատուցումը, որ կատարել են միայն գերեզմանատներում: Եվ ահա այս երկրորդ դրսևորումը պարտադրեցին մեզ՝ որպես դուդուկի երաժշտություն: Կարծում եմ՝ դա էլ էր ծրագրված՝ մեզ ողբ պարտադրելը: Դա մեծ մեղք է ազգի մշակույթի հանդեպ: Իսկ նման սխալները պետք է ուղղել:
Հարկավոր է դա շտկել, որ մեր մշակույթի իրական դրսևորումներով առաջնորդվենք դեպի վերածնունդ:
- Երբ մենք թերթում ենք մշակույթի պատմության էջերը, տեսնում ենք, որ 20-րդ դարի մեր մեծերը ՝ անգամ ցեղասպանության տարիներին իրար գրած նամակներում, մամուլում քննարկել են մշակույթը, թատրոնները զարգացնելու ծրագրեր: Կարո՞ղ ենք ասել, որ սպասվող համերգը, Ձեր գրած նոր ստեղծագործությունները, որոնք հնչելու են, ևս մի վկայություն են, որ ազգը ոչնչացման վտանգին պետք է դիմակայի միայն իր մշակույթով:
- Այո՛: Գիտեք ինչ, գիտակից, զարգացած ազգին հնարավոր չէ հաղթել: Եվ դրա ապացույցներից մեկն էլ ամբողջ համաշխարհային պատմությունն է: Այն պետությունները, որ ունեցել են բարձրագույն արվեստ, ունեցել են մեծագույն իմպերիաներ. վերցնենք Հռոմը, որ Հին Հունաստանից վերցրեցին այդ ամբողջ արվեստը ու դարձրեցին ապրելաձև: Հռոմում մինչ օրս էլ այդ ապրելաձևով են գոյատևում: Երբ մտնում ես Հռոմ, շուրջբոլորն արվեստ է:
Առանց արվեստի հնարավոր չէ, որ ազգը զարգանա:

Առանց արվեստի ազգը գոյատևել չի կարող. սա պատմականորեն հաստատված ճշմարտություն է մեզ՝ հայերիս համար: ՈՒ մենք հետնորդներն ենք այն ժողովրդի, որ թշնամիների արշավանքների ժամանակ ոսկու և արծաթի փոխարեն փրկում էր իր ձեռագիր մատյանները, որտեղ մեր հոգևոր զենքերն էին՝ Պատմությունն ու Մշակույթը:

Եվ Մաեստրո Գարի Քյոսայանի համար ազգի գոյատևման բանաձևերից մեկն էլ սա է, որով գրեթե միշտ ավարտում է իր զրույցները.
-Մի մեծ երազանք ունեմ, որ ամեն հայ հասկանա, թե ինքն ով է, որտեղ է ապրում՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ…

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Լուսանկարները՝ Խանդութ ՊԱՐՈՒՅՐՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3293

Մեկնաբանություններ