38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երկփեղկված հոգու տեր և անդավաճան հոգի (այսօր բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս ՄԱՆՈՒԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ծննդյան օրն է. նրա հետ հանդիպումների հուշերից)

Երկփեղկված հոգու տեր և անդավաճան հոգի (այսօր բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս  ՄԱՆՈՒԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ  ծննդյան  օրն է. նրա հետ հանդիպումների հուշերից)
02.06.2023 | 10:08

Շտապում էր և բազում գործեր միաժամանակ էր անում «Հոգևոր հայրենիք» ամսաթերթ, «Կարոտ» հաղորդաշար, «Նեմեսիս», «Գարեգին Նժդեհ», «Անտոն Քոչինյան», «Կամո ՈՒդումյան», Ջավախքի և Արցախի մասին ֆիլմեր, հաղորդումներ, դիմանկարներ, հեքիաթների և բանաստեղծությունների գրքեր: Հենց այնպես արված գործեր չէին, սիրտ ու հոգի էր դնում այդ ամենի մեջ։ Արվեստավոր էություն էր, երկփեղկված հոգու տեր, անդավաճան հոգի, սիրում էր կյանքը, լի էր երազանքներով։ Նրբազգաց ու զգայուն սրտի տեր էր, բծախնդիր, ինքնայրվող, ուրիշի ցավին հաղորդ, արտաքուստ հանդարտ, հավասարակշիռ, բայց անարդարության դեմ ընդվզող, անողոք, անզիջող, մեծ մտավորական ՄԱՆՈՒԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ․․․

Արդյոք ճակատագրի կամո՞ք էր նրա հետ իմ կարճատև ծանոթությունը: Մեր մայրական կողմում շատ են Մուրադյանները: Նաև անվանի լրագրող Վլադիմիր Մուրադյանի հետ մտերիմ ընկերներ էինք: Ցավոք, 2009-ին նա հրաժեշտ տվեց այս աշխարհին, նախախնամությունը կամեցավ մեկ այլ լրագրող Մուրադյանի հետ մտերմանամ, ավա՜ղ․․․

2012 թ․ հուլիսի 10-ից Հայաստանում էի, ինչպես միշտ՝ մի քանի օր անցկացրեցի իմ ծննդավայրում՝ եղբորս ընտանիքում՝ կարոտս առնելու։

Գործերով մեկնեցի Երևան, եղա Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ թողել էի ամուսնուս՝ Արա Բերքյանի կենսամատենագիտության և նամականու նյութերը:

Կենսամատենագիտություն կազմելը գրող Դավիթ Սարգսյանի գաղափարն էր, երբ 2009 թ․ ամուսնուս ծննդյան 75-ամյակը անցկացրեցինք գրադարանում (Դավիթ Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր, որի մոտ էին նյութերը): Այդ թվականին նա հրաժեշտ էր տվել գրադարանին, իսկ նյութերը հանձնել էր տիկին Հայկանուշ Ղազարյանին՝ ինձ վերադարձնելու պայմանով:

Բարեհամբույր կին է տիկին Ղազարյանը, իմ դասախոս Նինել Ոսկանյանի տպավորությունը թողեց վրաս։ Նա առաջարկեց նամակներից հրապարակել «Հոգևոր հայրենիքում»: Թերթի 74, 75, 76 համարներում արդեն տպագրվել էին Բերքյանի նամակագրությունից: Հեռաձայնեց խմբագրին, որին դեռ չէի ճանաչում։ Տիկին Հայկանուշին հրաժեշտ տվեցի, քայլերս ուղղեցի չորրորդ հարկում տեղավորված «Հոգևոր հայրենիք» ամսաթերթի խմբագրություն: Մի փոքր սենյակ. երեք աշխատող, քովքովի՝ երեք գրասեղան, երկու համակարգիչ, մի պահարան, մեկ-երկու աթոռ, մեկ էլեկտրական զովացնող։ Պատուհանը թեև բաց էր, բայց երևանյան շոգով էր լցված սենյակը: Երկու տղամարդկանցից երիտասարդը գրում էր, իսկ ավագը նյութ էր խմբագրում։ Բարևեցինք, խնդրեց մի քիչ սպասել: Նստեցի պատուհանի առջև դրված աթոռին և հետևեցի խմբագրին։ Չգիտեմ, նյութի՞ց էր դժգոհ, թե՞, ինձ վրա մռայլ, խիստ տպավորություն թողեց...

Կանխակալ կարծիք էր, որը հետո փարատվեց։

Կապուտաչյա, խարտյաշ մազերով, գեղադեմ աղջիկը կաշկանդված մի կողմ էր քաշվել, և հետևում էր խմբագրի շարժումներին։ Խեղճ աղջնակ, մտածեցի:

Մյուս կողմից էլ, եթե մի բառ ու տառ տեղում չէ, «վայը եկել է, տարել խմբագրին»։ Հիշեցի, թե խորհրդային ռեժիմի տարիներին, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի ճակատին տպագրված «Պրոլետարներ, բոլոր երկրների, միացեք» կարգախոսը տպագրվել էր սրբագրական սխալով։ Երկարամյա խմբագիր Վիլեն Մարտիկյանին հեռացրին աշխատանքից, իսկ Լենինականի «Բանվոր» թերթում ինչ-որ մի նյութի մեջ «ցուցահանդես» բառում սխալ էր սպրդել, կյանքը լրագրության մեջ անցկացրած խմբագրին թեև չհեռացրին, բայց զգուշացվեց և այլն:

Միջանկյալ նշեմ, երիտասարդը, որի հետ հետագայում մտերմացա, մի պահ ընդհատեց գրելը, և էքսպրոմտի նման ասաց.

«Երջանիկ է եղել Արա Բերքյանը, որ Ձեզ նման կին է ունեցել»:

Ես տխուր ժպտացի, չգիտեմ, թե ինչ կպատասխաներ լուսահոգի ամուսինս: Հետո, երբ ծանոթացա թերթին, հասկացա, որ խմբագրի հետ Գոռ Հարությունյանը թերթի ծանր հրետանին էր (այսօր արդեն բանաստեղծությունների երկու ժողովածուների հեղինակ․․․)։

Ինչևէ, Մանուկն ավարտեց խմբագրելը՝ քննախույզ հայացքով սկսեց հարցաքննել ինձ: Ընտրեց նամակներից: Լսեց, որ ուրիշ նյութեր էլ ունեմ, կամեցավ:

Նյութերը Գեղարոտում էին, հեռաձայնեցի եղբորս կնոջը՝ Մարիետային, խնդրեցի ուղարկել: Նույն օրը եղբորս որդին՝ Հովհաննեսը, նյութերը հասցրեց Երևան:

Հաջորդ օրը վերստին անցա խմբագրություն: Այն նամակների հետ, Մանուկին հանձնեցի նաև իմ կենսագրական փշրանքները՝ անձնական մի քանի նամակներով: Զարմանալի բան, թեև կարգին չէի ճանաչում, բայց հոգեհարազատություն, անկեղծություն, վստահություն զգացի։ Նրա անվանը հանդիպել էի Հրաչյա Մաթևոսյանի «Սիրով» գրքում՝ Կառլոս Աբովյանի մասին հոդվածում:

Հրաչյան նշել էր. «Նա ցանկացած արվեստաբանից ավելի լավ է ճանաչում ու գնահատում նաև եզակի գեղանկարիչ, հազվագյուտ մարդ Կառլոս Աբովյանի արվեստը»: Ես դրանում համոզվեցի, երբ կարդացի Մանուկի լիրիկական, զգացմունքնեով լեցուն էսսեն՝ Կառլոս Աբովյանի մասին:

Մանուկ Մուրադյանին Հայաստանում շատերը գիտեին, ցավոք, ես չէի ճանաչում: Մի նամակում գրեցի, հիշո՞ւմ եք (հետո անցանք դու-ի), երբ Շիլլերը եկավ Վայմար, նա մեծ հույսերով էր եկել մեծն Գյոթեին հանդիպելու, բայց նրան դիմավորեց գերմանացի մեկ այլ մեծություն՝ Հերդերը, նա էլ Շիլլերից ոչինչ չէր կարդացել, որովհետև Վայմարի օդը լցված էր Գյոթեով: Հետո պիտի այդ օդը լցվեր նաև Շիլլերով:

Այն օրը Մանուկը ինձ նվիրեց իր պատմական կամ պատմավավերագրական նոր լույս տեսած «ՈՒսուբ բեկ» գիրքը, որը մեծ հետաքրքրությամբ կարդացի: Նա մեծ դիտողականությամբ մեկնել էր մեր երկրում ապրող եզդի ժողովրդի սովորույթների, պաշտամունքների, ազգագրության, հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերի մասին:

20 տարի աշխատեցի Արագածում՝ եզդի գործընկերներ ունեի, ծանոթ էի Հայաստանի շատ եզդի մտավորականների, բայց այդ անվան մասին չէի լսել: Նա, ով Կոմիտասի հետ է սովորել Գևորգյան ճեմարանում, ով եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդ, մասնակցել 1918 թ. մայիսյան հաղթական հերոսամարտերին, եղել է Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Հրաշալի հայացք ուներ Մանուկը, նկատել էր, փոշեպատումից ազատել նման անձնավորության։

Հուլիսի 24-ին վերստին հանդիպեցինք գրադարանի դիմացի բացօթյա սրճարանում: Պայծառ արևոտ օր էր, ծառի ստվերում տեղ զբաղեցրի, սառը սուրճ պատվիրեցի, սպասեցի Մանուկին։ Եկավ, իր համար ևս սառը թեյ պատվիրեցինք։ Զրուցեցինք ամուսնուս անտիպ գրքի, մեր համատեղ աշխատանքի մասին։ Կարդաց մեկ օր առաջ՝ իր բեղմնավոր գրչից ծնված «Հողմերի դարավանդ՝ Գեղարոտ» բանաստեղծությունը: Հետո էլ մի քանիսը պիտի ծնվեին այդ օրերին։ Կամենում էր լինել իմ կենսագրականի խմբագիրը։

Հեգնաժպիտով մեր ապագա համատեղ աշխատանքը համեմատեց Էքերմանի և Գյոթեի հետ: -Մերը՝ չգիտեմ, - ասացի, բայց նրանց հանդիպումը երկուսի համար ճակատագրական եղավ. Էքերմանն իրեն զգում էր իր էլեմենտում: Շատերը կերազեին մի քանի օր զգալ Գյոթեի տաք շունչը, Էքերմանը այդ շունչն զգաց 10 տարի: Նա օգտվեց մեծն Գյոթեի բարեհոգությունից, իսկ Գյոթեն էլ Էքերմանի նման տաղանդավոր «քարտուղար», մտերիմ ունեցավ, որն ուղղեց, խմբագրեց, կարծիք հաղորդեց արվեստի և գրականության մասին: Իսկ Գյոթեի մահից հետո՝ կտակով լիազորված Էքերմանը, զբաղվեց Գյոթեի ժառանգությամբ՝ 13 հատոր հրատարակեց:

Մանուկին էլ վարակեցի Բերքյանով, նամականու տպագրության հարցով հեռաձայնեց աներորդուն՝ «Հայաստան», հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանին, միասին եղանք նրա մոտ: Ջերմ ընդունեց, բայց իմ «Արա ՅԲերքյան» գիրքը 2014 թ․ հրատարկվեց «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից։

Բաժանվեցինք, նույն օրը երեկոյան հեռաձայնեց ինձ, կարդացել էր կենսագրական փշրանքները, մի քանի ջերմ խոսք ասաց: Ասացի, ապառիկ եմ ընդունում, դեռ շատ անելիքներ կան:

Հեռախոսով կարդաց իր նոր բանաստեղծություններից։

Մեր հանդիպումների թեման հայրենիքի քաղաքական կացությունն էր, նոր սաղմնավորվող մեր համատեղ աշխատանքը, ամուսնուս գրքերի տպագրությունը, իր բանաստեղծությունները։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ անկեղծորեն նշեց․

«Ափսո՜ս, որ դու մեծահարուստ չես, Լիզա»:

Նման ձևով կարող են երկու մտերիմ ընկերներ զրուցել: Ես հասկացա միտքը, որ լիներ այդ «անիծյալ» նյութական հնարավորությունը, կտպագրվեին այդ գրքերը: Բայց մյուս կողմից էլ, որպես կին, ինչ-որ ձևով խոցվեցի: Առաջին անգամ էր մի տղամարդ, թեկուզ մտերիմ, ինձ նման բան ասում:

Պատասխանեցի, որ ես հպարտ եմ իմ այս «նեղության» մեջ էլ...

Ես հարուստ եմ հոգեպես, հարուստ եմ իմ տոհմածառով և ընկերներով, վերջիններիս թվում է և ինքը...

Մանուկը կամեցավ տեսնել իմ կարոտների բնօրրան Գեղարոտը, մեր տունը։ Առիթը չուշացավ։

2012 թ․ օգոստոսի 1-ին եղբայրս խնամականչ էր արել՝ միջնեկ որդուն՝ Հովհաննեսին երեք օր առաջ նշանել էին Գերմանիայում ապրող մի լավ աղջկա հետ: Աղջիկը և ծնողները ամսի 4-ին վերադառնալու էին, եղբայրս խնամիներին տուն էր հրավիրել: Հայկական սովորույթ է՝ նշանդրեքից կամ հարսանիքից հետո հրավերք անել հարսի ծնողների պատվին, մերոնք ասում են՝ «խնամիների ոտքը բացել»: Թեև մեր խնամիների «ոտքը՝ մինչև նշանդրեքը բացել էինք». Քույրս՝ Շուշանիկը մատաղ էր արել եղբորս տանը, նրանց էլ էինք հրավիրել, հին խնամիական կապ կա մեր միջև:

Մեր կարճ ծանոթության ընթացքում հասկացա, որ Մանուկ Մուրադյանը ժամանակակից հայացքներով ազգայինը սիրող, ավանդապաշտ էր, ահա ինչու, նրան ևս հրավիրեցի։

Օգոստոսյան պայծառ արևոտ օր էր, գյուղում լեռնային տաք քամի էր սոսափում։ Ես գյուղում սպասեցի Մանուկին։ Նա և քույրս՝ Շուշանիկը, տաքսիով եկան: Վարորդին վճարեցինք, բայց պարտադրելու նման ներս հրավիրեցինք, որ մածուն ուտի կամ սրճի: Սա մեր տան սովորույթն է, ծնողներիս գեղեցիկ ավանդույթը շարունակում են եղբայրս ու հարսս:

Մանուկին պատմեցի, որ մեր տան հետևի սարում 1998 թվականից հայ-ամերիկյան արշավախումբը ամռան երեք ամիսներին պեղում է: Պեղումներով բացվել են վաղ բրոնզեդարի կլոր, ուղղանկյունաձև տարբեր կառույցների մնացորդներ, սրբարան, քարարկղային դամբարան, պեղածո նյութը հիմնականում ներկայացված է Կուր-Արաքսյան մշակութային բնորոշ խեցեղենով, զարդերով, աշխատանքային գործիքներով: Մանուկը կամեցավ տեսնել պեղված վայրը:

Թեև գտածոները արդեն Երևանի թանգարանում են: Միասին բարձրացանք «Ղուբկա » սար, որին նաև «Պիջի» սար ենք ասում: Կես ճանապարհին կանգ առանք, բարձունքից նայեցինք իմ կարոտների գյուղին: Ես սկսեցի ոգևորված պատմել.

- Այն բարձունքին մեր Ս․ Աստվածածին եկեղեցին է, որի դիմաց պապիս տունն է, հնից թեև բան չի մնացել, և 1988-ի երկրաշարժից ավերված տունը հորեղբայրս վերակառուցեց, որի օդայում լույս աշխարհ եմ եկել ես: Սա »Գեղի» կամ «Ցածի» աղբյուրն է, ջուրը «Պոլոզ» սարի մոտերքի «Խշխշան» ձորից են բերել, մատնանշելով ուղղությունը, Հայրենականում զոհված գեղարոտցիների հուշարձան է, մեկ այլ դասական հուշարձան 1986-ին կառուցվեց չայիրների հարևանությամբ՝ գյուղ մտնող մուտքի մոտ: Գյուղը նախկինում այս ուներ, այն ուներ,- սկսեցի թվարկել:-Սա մեր նոր տունը, կառուցվում է ամուսնուս նախագծով, բայց հորս մահից հետո, 1994-ից մնացել է անավարտ:

Հանդարտ և համբերատար բարեկամս լսեց, դեմքին դառը ժպիտ գոյացավ, այլևս չհամբերեց և պառթկաց․

-Սա մյուս հայկական լեռնային գյուղերից ոչնչով չի տարբերվում և խեղճուկրակ մի գյուղ է: Սա աթարի դեզն է, սա խորդուբորդ, քարուքռա ճանապարհն է, սա անհեռանկար, դատարկվող հայկական գյուղ է,- երբ լսեց, որ ամեն տարի 90 մարդ դրամ վաստակելու է մեկնում Ռուսաստան, շատերը այլևս չեն վերադառնում՝ Նոյի ագռավի նման:

(Միջանկյալ նշեմ, անցած դարի 80-ականներին, երբ շրջկոմի գաղափարախոսական բաժնի վարիչ էի, մարդկանց պարտադրում էի, աթարները շարեն տների հետնամասում, որպեսզի «կապիտալիստական պրոպագանդան» մեր դեմ չօգտագործեր։ Թեև այն տարիներին մեր բակում փայտի և ածուխի սարեր կային, հայրս շրջկոոպի առաքիչն էր, նաև Ռուսաստանից էր ներկրում վառելափայտն ու ածուխը: Տներում ջեռուցում ունեին, կաթսայատունն ածուխով էին շահագործում: Հիմա ինչպե՞ս վարվեն, աթար ունենալն էլ այսօր հարստություն է: Հայաստանի անտառները Գերմանիայի անտառների նման առատ չեն, Ռուսաստանից փայտ ու ածուխ չի հասնում Գեղարոտ, գյուղն էլ ամբողջովին գազիֆիկացված չէ: Լավ է, որ նոր սերունդը չի մոռացել աթար պատրաստելու ավանդական ձևը):

Ես ներքուստ համամիտ էի Մանուկի հետ, բայց երեսանց հակառակվում էի...

-Այո, Մանուկ ջան,- ասացի,- էս է որ կա, բայց այս քամոտ, քարուքռա վայրում էլ շատ զգայուն, բացսիրտ, անկեղծ մարդիկ են ապրում, որոնց հանդիպեցիր դու։

Վերադարձանք տուն, գեղեցիկ զուգադիպությամբ մեր հյուրերի մեջ հանդիպեց «Կարոտ» ֆիլմի իր հերոսներից մեկին՝ մեր խնամու որդուն։ Նրա հետ զրուցեց։ ՈՒրախացանք, կենացները քաղցրացան, Մանուկն էլ կենաց ասաց։ Հա, ի դեպ, ասաց, որ երկուսով գրենք խնամականչի մասին, բայց, երբ հաջորդ օրը հեռախոսով կարդաց «ՈՒրախ խնամականչ» չափածո գործը, ես հրաժարվեցի գրել։ Ինչևէ: Հայաստանում եղած օրերին, հեռաձայնում էր ինձ, և կարդում նոր գրած բանաստեղծությունները։

Գերմանիա վերադարձիցս հետո մեր կապը շարունակվեց նամակներով։ Հենց առաջին նամակից անցավ դու-ի, կամենում էր անմիջական ու քնարական լինի։ Իսկ ես խնդիր չունեմ դրանում, գրեցի․ «Չէ՞ որ մեր նախնիները դու-ով են հաղորդակցվել, Աստծոն էլ ենք դիմում Դու-ով»։ Կարծեմ իմ մեջ հոգեհարազատ մեկին գտավ, գրել էր․« ․․․Որ ճիշտն ասեմ՝ իսկականից գնահատում եմ միայն բարձր արվեստով հարաբերությունները ամեն հարցում և նախընտրած մարդկանց հետ, դե ոչ բոլորին է հասու այս իմ «պահանջը»։

Զգացված եմ, որ այդքան կարևորում կամ արժևորում էր կարծիքս՝ դեռ թանաքը չչորացած բանաստեղծություններն ուղարկում էր ինձ՝ որպես առաջին ընթերցողի, դա մեծ պատիվ էր ինձ համար, կարդալ, կարծիք արտահայտել։

-Շնորհակալ եմ գնահատականների, մի քիչ ոգևորելու ու լավ ցանկությունների համար: Արագածի կրծքին կայծակների սրտագրումից հետո բառը, տողը, հույզը, լավ, համարձակություն առնեմ, ասեմ Բանաստեղծությունը միշտ իմ մեջ ու ինձ հետ է, միշտ բխում եմ, տո, թող անհամեստություն չլինի՝ ժայթքում եմ։ Անընդհատ գրել ու գրում եմ: Մի 150 գործ գրել եմ, հաստատ 10-15-ը, իրոք, ստացված։ Դա իմ մի փոքր խիստ կարծիքով․․․»։ Նամակին կցել էր նոր բանաստեղծություններ։

Գրեցի․ «Վստահ եմ, եկող տարի ներկա կլինեմ (Աստծո կամոք) նոր գրքիդ շնորհանդեսին, որտեղ զետեղված շա՜տ բանաստեղծություններ ինձ հետ ծանոթության ներշնչանքից ծնվեցին (կարծեմ ժպտացիր)»: Այդ ժպիտներով նրան էլ վարակեցի։

Ընդամենը երեք ամիս տևած մեր նամակագրությունը իսկական գրական անցուդարձ էր՝ բանաստեղծությունների քննարկումներ, որովհետև ամեն մի նամակի հետ մի քանի նոր գործեր ուղարկեց։ Մեկ-երկու անգամ ընդամենը փոքր նկատառումներ արեցի, որից կարծեմ նեղվեց, այլևս զգուշացա, եթե դուր էին գալիս գործերը, գովում էի, եթե ոչ՝ լռում։

«․․․Բանաստեղծություններիս հասցեին դրսևորած ջերմության համար էլ շնորհակալ եմ, ու, որպեսզի ապացուցեմ, որ «մռայլ, անհեռանկար սիրո երգիչ եմ», ուղարկում եմ ընդամենը մեկ օր առաջ գրած բանաստեղծությունս»։ Պատասխանեցի,

«Մանուկ ջան, այս անգամ ինձ «ռմբակոծել» ես նոր բանաստեղծություններով,- և կատակով ավելացրեցի,- իմ «խեղճուկրակ» Գեղարոտի հետ կարճ շփումից, առավել ծաղկեց գրիչդ (ժպիտ, գիտեմ ուրախություն է պատճառում այս բառը), էլ չեմ ասում՝ իմ նվիրած գրիչն էլ մյուս կողմից»:

Զգայուն սրտի տեր էր Մանուկը, մեծ երևակայությամբ, խորիմաստ մտքով և պարտքի զգացումով, անտարբեր չէր աշխարհի, մեր երկրի անարդարությունների նկատմամբ:

Հոգին ճչում էր, որ աշխարհի հին մեղքերին այսքան նոր մեղքեր են ավելացել և բանաստեղծը չի հասկանում, որտեղի՞ց՝ կյանքի՞ց է, մեզնի՞ց․․․

Այն տարիներին աշխատում էի Վիսբադենի քաղաքային գրադարանում։ Մի նամակում գրեցի.

«․․․Որոշել եմ Վիսբադենի քաղաքային գրադարանում հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառում, գրքային ցուցահանդես կազմակերպել, որին կմասնակցեն Վիսբադենում, Ֆրանքֆուրտում ապրող հայ ստեղծագործողներ, գրադարանի ընթերցողներին կներկայացնեմ հայ գրատպության մասին տեղեկություններ․․․»:

Պատասխանը չուշացավ․ «Օ՜, Լիզա, եթե Վիսբադենի քաղաքային գրադարանում հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառում լինի, մեզ անպայման կտեղեկացնես և լուսանկարներով նյութ կուղարկես, որ թերթում տպագրենք։ Իսկ Ֆրանքֆուրտի գրատոնավաճառի մասին նույնպես կարող ես գրել մեր թերթի համար (ինձ թվում է գիտես, որ թերթը հոնարար չունի)»։

Առաջին խմբագիրն էր, որ նշեց հոնորար չունենալու մասին։

Պատասխանում գրեցի, որ վերջին 30 տարում իմ հոդվածների համար ես հոնորար չեմ ստացել ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ արտերկրի որևէ թերթից։

ՈՒղարկեցի մի քանի նյութեր, նաև ամուսնուս հոդվածներից իմ հայերեն թագմանությամբ։

Այն օրերին Մանուկը մի քանի անգամ այցելել էր Ջավախք։ Մի նամակում սրտի ցավով

նշեց․

«․․․Ախալքալակը վրացիներն սկսել են վերջնականորեն նվաճել, որը շատ մեծ ցավ ու տխրություն էր ինձ համար, թեև նույն մարդիկ էին, նույն համով մամիկները, որոնց պատրաստած թաթար-բորակին հաճույքով ճաշակեցի։ Այս անգամ նաև մռայլ ու մի քիչ խամրած էին Ջավախքի գույները․․․Ճիշտ է, գրեցի նաև Ջավախքի այդ վիճակի մասին, թե ոնց է լեշակեր կտուցը նրա կուրծքը քրքրում․․․

․․․Օ՜յ, Լիզա, որքան կուզեի 17 տարեկան լինել, չունենալ էս աշխարհի ծանր հոգսերն ու դարդերը ու միայն սիրեի ու բանաստեղծություններ գրեի։ Պատկերացնու՞մ ես, այսօր Հ1-ում էի, ինձ հայտնեցին ղեկավարի առաջարկը՝ փաստագրական կինոնկարների սերիալների նախագիծ սկսել, որը մինիմում 10 տարի կարող է շարունակվել։ Մեկ ուրիշը իմ տեղը շատ լավ կզգար իրեն նման եկամտաբեր և ինչ-որ տեղ անուն բերող առաջարկի համար, բայց հավատա, մի կաթիլ անգամ չուրախացա։ Բոլոր դեպքերում մտածում եմ, որ ինձ ավելի մարդ ու լավ եմ զգում բանաստեղծություններ գրելով, այդ սերիալները ոչ միայն ժամանակս, այլև նյարդերս տեղահան կանեն։ Պատրվակներ եմ մտածում գոնե առաջին սերիալից (Անտոն Քոչինյան, 5 մաս) հետո մյուսներից հրաժարվելու մասին․․,- և շարունակությունը,-․․․երևի մյուս տարի գիրք չեմ տպի, շուտ է։ ՈՒ, եթե զգամ, որ այնպես եմ գրում, որ շատ մեծ նորություն է (ժպիտ), նոր կհրատարակեմ բանաստեղծություններս․․․»։

Բծախնդիր էր, գիտեր բառի արժեքը;

Որոշել էր Գեղարոտում «Կարոտ» ֆիլմ նկարենք, բայց միայն մի պայմանով՝ իմ մասնակցությամբ։

Գրեց.

«Կարծում եմ՝ Գեղարոտի «Կարոտ»-ը առանց Լիզայի հնարավոր չէ ճիշտ ու գեղեցիկ ներկայացնել»։

Վերջին նամակներում կարծես իր կարապի երգն էր մրմնջում․

«․․․Երևանյան աշունը կամաց-կամաց խորանում է ու ինձ անհասկանալի թախիծ է բերում, ոչ աշնանային։ Ես իմ մեջ պահպանելով հանդերձ ողջ կարողություններս, չէի ասի լքվածությունս, սակայն փիլիսոփայական մենակության զգացումի պայմաններում, մեծ ուժ եմ զգում, վառված լույս, որ թեկուզ «մռայլ» տրամադրությամբ ու զգացողություններով բանաստեղծություններ եմ գրում հիմա, բայց երևի դրանք էլ լույս կտան լույսի կարոտ ունեցողներին, մնում է միայն մի քիչ էլ ուժ հավաքել, որոշում կայացնել ու դրանք տպագրել գրքի տեսքով․․․»։

2013 թվականի Նոր տարվան վերստին Հայաստանում էի։

Հունվարի 11-ին, ես, եղբորս կրտսեր որդին՝ պարթևահասակ, խարտյաշ, կապուտաչյա Արամազդը, որին Մանուկը շատ էր հավանում, երկուսիս մտերիմ, բանաստեղծ Գոռ Հարությունյանը հանդիպեցինք Հայաստանի ազգային գրադարանի դիմացի ընդգետնյա սրճարանում։ Երկար զրուցեցինք, չգիտեմ ինչու տխուր նոտաներով էր մեր այն օրվա զրույցը։ Մատուցողը նկատեց, որ երկար կմնանք, բանալին հանձնեց մեզ ու գնաց:

Մանուկի ինձ հասցեագրած վերջին նամակը թվագրված է 2013 թվականի հունվարի 21․

«Ողջույն Հողմերի դարավանդի տիրուհի, շատ շնորհակալ եմ ուղարկածդ նյութերի համար՝ հարգում եմ, երբ մարդիկ իրենց խոսքի տերն են լինում։ Արա Բերքյանի երկու հոդվածն էլ կտպագրենք այս տարվա 3-4 համարներում, կարծում եմ դրանք հետաքրքրություն կարթնացնեն, քանի որ հայագիտական նորահայտ փաստեր են, որոնք տեղ են գտել գերմանական մամուլում, այն էլ՝ հիսուն տարի առաջ։ Հետաքրքիր կլինեն նաև Բերքյանին ճանաչելու առումով»։ (Ցավոք, հոդվածները լույս տեսան, երբ նա արդեն չկար․․․)։

Այդ նամակից ընդամենը ինն օր հետո, բանաստեղծ Գոռ Հարությունյանից լսեցի սահմռկեցուցիչ լուրը, որ հունվարի 30-ին՝ 58-ը չբոլորած, հանկարծամահ է եղել Մանուկ Մուրադյանը՝ մեծ ցավ ու մորմոք պատճառելով ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, և որի հեռանալու ցավը դեռ մխում է նրա մտերիմների սրտերում և հոգիներում։

Գոռը պատմում էր, որ մահից տակավին ժամեր առաջ աշխատել են՝ Մանուկի համար այնքան երազելի գրքի վրա, որը եղավ նրա կարապի երգը։ Հետմահու լույս տեսավ նրա «Հոգին՝ հոգով հիշատակ» բանաստեղծությունների ստվարածավալ գիրքը, որը խմբագրել և առաջաբանը գրել է իր աներորդի, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը․

«․․․Մանուկ Մուրադյանի բանաստեղծությունները չափազանց անկեղծ և ազնիվ են, նրա ստեղծագործական աշխարհը՝ իր ապրած կյանքն է, նրա քնարական հերոսը՝ ինքը, այնպիսին, ինչպիսին կար, առանց սև կամ գունավոր ակնոցի, առանց պաճուճանքի կամ ջղաձգումների: Նա սիրում էր կյանքը և լեցուն էր կենսասիրությամբ: Նրա կարոտներն ու երազանքներն իրենն են՝ կյանքն ու աշխարհը գեղագիտորեն ընկալելու, զարմանալու և հրճվելու, վրդովվելու և ընդվզելու իր ձևով, իր տեսակին բնորոշ դրսևորումներով․․․

Մանուկ Մուրադյանն իր երկրային կյանքն ապրեց բանաստեղծաբար. ուրույն մի աշխարհում այս հսկա մոլորակի վրա՝ հավատարիմ և անդավաճան մնալով իր հոգու և ոգու տանտիրոջ կարգավիճակին: Նա վաղաժամ հեռացավ բանաստեղծաբար և այդպիսին կմնա միշտ մեզ հետ՝ վերահաստատելով իր ներկայությունը նաև բացակայությամբ․․․»։

Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գերմանիա, Վիսբադեն

Դիտվել է՝ 5271

Մեկնաբանություններ