38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
28.12.2022 | 08:28

Օրերս Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ։


Այն նվիրված էր 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, դերասան Արթուր ՈՒթմազյանը, գրականագետ Էմմա Գրիգորյանը։
Հնչեցին Վահագն Դավթյանի ստեղծագործություններից՝ բանաստեղծություններ, արձակ գործեր, հուշ-պատառիկներ մանկությունից։ Հուզիչ էին դրվագները բանաստեղծի կորցրած ծննդավայրի՝ Արաբկիր գյուղաքաղաքի մասին. կարոտալի նկարագրությունները կապույտ կավե տանիքների, Եփրատի վտակներից՝ Ոսկեգետակի կապույտ ալիքների ու Երմոնյա տատի թխած հացի անուշ բույրի մասին, որ մանկության բույրն էր:


Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Արամ Սուքիասյանի փոքրիկ ֆիլմը բանաստեղծի մասին։
Ամբողջ միջոցառումը հայրենասիրությանը, հայրենապաշտությանը, հայրենի հողին, պատմությանն ու ոգուն նվիրված ձոն էր, աղոթք, խնկարկում, որ անտարբեր չթողեց հանդիսատեսին, ում աչքերում հաճախ արցունք էր երևում։ Նաև ոգու, հաղթական զարթոնքի, հույս ու ուժ ներշնչող երեկո էր, շատերի պնդմամբ՝ այս օրերին բոլորին օդի ու ջրի պես անհրաժեշտ:


Իրոք կարևոր և արդիական հույզեր, մտքեր պարգևեց միջոցառումը ներկաներին, հերթական անգամ փաստելով, որ հայ մեծերի թողած ժառանգությունը ժամանակ չի ճանաչում և իր առաքելությունն է կատարում եկող սերունդների համար՝ կրթում, ոգի ներշնչում, ապրեցնում:

Դիտվել է՝ 16454

Մեկնաբանություններ