Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Պապլավոկ․13-րդ սեղան»

«Պապլավոկ․13-րդ սեղան»
07.02.2022 | 10:55

(գորգալվան ուղիղ ճանապարհ)


ՄՈՒՏՔ


Ես ՍԼԱՎԻԿ ՉԻԼՈՅԱՆԻ կիսանդրին եմ, որն արարել է քանդակագործ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:
Քանի որ իմ նախատիպը՝ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը, չէր հանդուրժում իր երկիրը ճարակած գավառամտությունն ու պաթետիկ հայրենասիրությունը, որոշեցի շարունակել նրա վսեմ գործը և իմ խորաթափանց դիտարկումներն ու գերզավեշտալի մտահղացումները irates.am կայքի միջոցով ներկայացնել հայ հանրությանն ու համայն հայությանը, հուսալով, որ մեր ժամանակի տարաբնույթ հակահերոսները դարձի կգան և անկախ իրենց կամքից կդառնան երկրի ազնվասիրտ քաղաքացիներ:

ԳՈՐԳԱԼՎԱ


Ցնծություն էր ամենայն հայոց գխավոր պողոտա Բաղրամյանի Աժ-ամերձ հատվածում։ Արևը վառ էր, երկնակամարում ծիածան էր կապվել, սոխակներն ու ագռավները միաձայն զլել էին ՀՀ օրհներգը։
Պողոտան փակ էր, զի օրը պատմական էր։
ԱԺ-ի ժողովրդավարորեն սրտաբաց դարպասից դուրս բերվեցին ազգային խորհրդապատկերներով նախշազարդված գորգեր։
Հանդիսավոր ընթացքով մոտեցան ջրատար մեքենաները։
ԱԺ-ն լքելով գորգերին հյուրընկալվեցին կաթնահունց սրունքներն ու կոկիկ կրունկները։
ժամ առ ժամ ժողովրդավարող հանրապետության երեսփոխանուհիները և այլք ազնվազարմ տիկնայք և օրիորդներ լվանում էին։
Գորգերը լվացվեցին։


Պետբյուջեն շռայլորեն դրամաշնորհեց սույն միջոցառման բոլոր մասնակիցներին՝ տիկնանց և օրիորդաց, ջրատարների վարորդներին, միջոցառման սցենարի անհայտ հեղինակին, սոխակներին ու ագռավներին։ Վերջիններիս՝ ադի-բուդիով։
Արևավառ ցնծություն էր, ջուրը գլգլալեն վար էր իջնում դեպի Մաշտոցի պողոտա։ Հետո թեքվեց աջ, հոսեց հասավ «Հաղթանակ» կամուրջ և սրընթաց թափվեց Զանգուն։ Հուզմունքից ալեկոծվեց հինավուրց Զանգուն, սակայն հավատարիմ օրվա խորհրդին կլանեց ժողովրդավարական գորգալվայի սորոսահյութ հեղուկը և հասցրեց մայր Արաքս։ Սույն հեղուկը, անտես աշխարհի ամենատես աչքից, երաշտ առաջացրեց Թուրքիո և Ազերբայջանի անծայրածիր բոստաններում։
(Սորոսահյութ հեղուկը կտցահարած սոխակներն ու ագռավները զուգավորվեցին և 3-րդ հանրապետության երկնքում ճախրեցին «Նոր Հայաստանի» նորաբույծ թռչունները)։

ԱԿԱՄԱ ՃԳՆԱՎՈՐՆԵՐԸ


Ցնծագին է առօրյա կյանքը երկրի պետական թանգարաններում։
Պետծառայող թանգարանագետները, արվեստաբաններն այլևայլ գիտաշխատողները դալկադեմ են և խոնարհ։ Նրանք իրենց կենցաղում պարտադրված ճգնավոր են։
Նվազագույն աշխատավարձը աննշան գերազանցող նրանց վարձավճարները հեռահար ռազմավարական նպատակ ունեն, ազգային ընտրախավին ենթարկելով ամենօրյա սոցիալական փորձությունների, թանգարանագետներին, արվեստաբաններին ու այլևայլ գիտաշխատողներին դարձնել զբոսաշրջային փորձանմուշներ, որոնց այլընտանքը չկա աշխարհում։


Միջինը 80 000 դրամ աշխատավարձ ստացող, պարգևավճարազուրկ և դրամաշնորհային մանանայից իսպառ հեռու թանգարանային պետծառայողը խայտառակ աշխատավարձով կարողանում է շաբաթվա 6 օրը հասնել աշխատավայր և վերադառնալ տուն նաև ընդմիջման ժամին բավարարվել 1 բաժակ սուրճով և 2 բուլկիով, գնել հարդարանքի պարագաներ և զբաղվել ստեղծագործական ուսումնասիրություններով ողջ օրվա ընթացքում։
Աշխարհի տարբեր եզերքներից ՀՀ ժամանող արվեստասեր զբոսաշրջիկները ամենայն հավանականությամբ կպաղեն այս ցնցումային երևույթից։ Նրանք չհավատալով աչքի տեսածին իհարկե կշոշափեն թանգարանային պետծառայողներին, գուցե նաև խուտուտ կտան և երբ համոզվեն, որ գործ ունեն կենդանի մարդկանց հետ ափիբերան ապշած կհեռանան։
Գուցե գործող իշխանության վերին հարթակներում բնավ տեղյակ չեն, որ շուրջ 10 հազար արվեստի մշակներ ապրում են սարկաստիկ անապահովության պայմաններում, այնուամենայնիվ արարում են օրնիբուն՝ վասն ազգային մշակույթի անխափան ընթացքի։ Նաև անշուշտ երազում և… օրհնում են օրվա իշխանապետերին։

ԱԶՆՎԱՍԻՐՏ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ


Եվ քանի որ գերդժվար է հավատալ, թե ներկա իշխանակառավարական օթյակներում կկռահեն խնդրի ողջ դրամատիզմն ու ֆարսը, ՀՀ ԿԳՄՍ-ի Մ․ ենթաբաժնի կառավարիչներին և ՀՀ ԱԺ մշակույթի հանձնաժողովի իշխանական թևի պատգամավորներին առաջարկում եմ մոտենալ «Պապլավոկ. 13-րդ սեղանին»։
Մոտեցա՞ք: Բարի։ Այժմ ճաշակեք երկուական բուլկի (որպես այլընտրանք կարող եք բուլկիները փոխարինել մեկ նմուշ մսով կարկանդակով), խմեք 1 բաժակ ջրիկ սուրճ և ուշի ուշով ընկալեք ձեր ոգուն և մտքին գերհաճո առաջարկս. այն է՝ թնջուկը լուծել այս եղանակով․ յուրաքանչյուր ամիս պետական յուրաքանչյուր թանգարանի առջև գորգեր փռեք և իրականացրեք գորգալվա-2022 ծրագիրը։ Այսպիսով գոնե տարին մեկ անգամ երկրի մշակութային հաստատությունների պետծառայողները պետբյուջեից ծանրակշիռ գումարներ կստանան 1 ժամ գորգ լվանալու համար։


Ե՞վ… նրանց սոցիալական բարդույթը կվերանա։
Բայց եթե նշյալ գերգործնական և ազնվաբարո առաջարկը իշխանակառավարական օթյակներում կմերժեն, ապա թող ներկայացնեն խնդրի լուծման սեփական տարբերակները։

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ


«Պապլավոկ․13-րդ սեղանի» մոտ են հրավիրվում ԱԺ ընդդիմադիր դաշինքի մարտաշունչ տիարք և տիկնայք։ Նրանց հրամցնենք նույն շքեղաշուք ճաշացանկը՝ 1 բաժակ ընդդիմադիր սուրճ, 2 ընդդիմադիր բուլկի։
ՈՒ քանի որ ահա արդեն 30 տարի ընդդիմանում են ՀՀ բոլոր իշխանություններին, քիչ կողմնակալ կլինեմ ընդդիմության նկատմամբ, նրանց հրամցնելով երկու ընդդիմադիր չամիչով բուլկի։
Սակայն անցնենք գործի։
Տիարք և տիկնայք ընդդիմադիրներ,որո՞նք են ձեր առաջարկները, միթե՞ անտեղյակ եք ահասարսուռ այս հիմնախնդրց։
Բարի: Գուցե իրոք անտեղյակ էիք: Այժմ, հուսամ, քաջատեղյակ եք։
ՈՒ ի՞նչ ելքեր եք նախանշում։
(Գորգալվային ձեռք չտաք, զի այն բացառապես իշխանակառավարական մենաշնորհ է)։
Հուշում եմ երկու գործընթաց, որոնք կարող են արմատապես փոխել իրավիճակը։

ԳՈՐԾԸՆԹԱՑ ԹԻՎ 1


Մանդատները վայր դնելու, տիար Արզաքանցյանին երկրի վարչապետ առաջադրելու, ի վերջո, Գետառի հունը փոխելու սպառնալիքով պահանջեք իշխանակառավարական վերնախավից անխտիր բոլոր պարգևավճարները փոխանցել թանգարանների և պատկերասրահների պետծառայողներին։


ԳՈՐԾԸՆԹԱՑ ԹԻՎ 2


Եթե նախորդ գործընթացը նպատակին չհասավ, ապա պարբերաբար այցելեք թանգարններ և պատկերասրահներ, թռուցքաժողովներ կազմակերպեք (ընդհատակյա), որոնց ընթացքում տոկունություն մաղթեք վերոնշյալ պետծառայողներին և նվիրաբերեք (անշահախնդիր) յուրաքանչյուրին մեկական թռուցիկ, երկուական անանուխի մաստակ և 80 հազար դրամով ապրելու ու արարելու խոհափիլիսոփայական ձեռնարկ:


Լիահույս՝
ՉԻԼՈՅԻ ԿԻՍԱՆԴՐԻ

Դիտվել է՝ 5088

Մեկնաբանություններ