(Տպավորություններ Թորոս Ռաստքելենյանի հետահայաց ցուցահանդեսից)
Թորոս Ռաստքելենյանին ծանոթ եմ ավելի քան քսան տարի: Այդ ընթացքում բազմիցս այցելել եմ նրան, արվեստանոցում ժամերով զրուցել հետը, ներկա եմ եղել վերջին տարիների նրա գրեթե բոլոր ցուցահանդեսների հանդիսավոր բացմանը, մասնակցել նրան նվիրված փաստագրական ֆիլմի ստեղծմանը, վերջապես, մամուլում մի քանի անգամ անդրադարձել եմ նրա արվեստին… Մի խոսքով, նրա ստեղծագործությունը, նրա անձը, նրա տոհմի, հատկապես նրա մոր՝ Տիկին Եղսայի հերոսական պատմությունն ինձ քաջ ծանոթ էր:
Սակայն հերթական անգամ պիտի համոզվեի, որ մեծ արվեստագետը նման է այն մայրցամաքին, որով ծայրեծայր որքան էլ ճամփորդես ու պեղես, շարունակ նոր ու անծանոթ անկյուններ և թաքնված շերտեր ես հայտնաբերելու…
Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնտելիմար քաղաքի «Մյուզե դ’ար կոնտամպորեն Սեն-Մարտեն» շքեղաշուք թանգարանի ընդարձակ սրահներում, անցած տարվա դեկտեմբերի 14-ին, հանդիսավոր պայմաններում բացվեց հայազգի քանդակագործ Թորոսի՝ «Plռnitude de Toros»(«Թորոսի լիությունը») վերնագրված հետահայաց ցուցահանդեսը, որ ներկայացնում էր արվեստագետի վերջին 50 տարվա լավագույն աշխատանքները 3000ք.մ.-ի վրա:
Հայազգի մեծանուն արվեստագետները Ֆրանսիայում քիչ չեն եղել: Նրանցից ոմանք արժանացել են այդ երկրի բարձրագույն գնահատությանն ու տիտղոսներին, սակայն, եթե հիշողությունս չի դավաճանում, նրանցից ոչ մեկն առայժմ այսպիսի շուքով չէր ներկայացվել: Նախ, առավել քան տպավորիչ էր թանգարանի շինությունը, որը պատիվ կբերեր եվրոպական ուզած մայրաքաղաքին, և այդ փառահեղ կառույցի ճակատը, վերից վար, ազդարարում էր մշակութային կարևորագույն իրադարձությունը:
Կարևոր ոչ միայն, որ բացմանն էին ժամանել պետական բարձրաստիճան անձինք: Ի դեպ, նրանց թվում էր և ՀՀ Արտակարգ Լիազոր դեսպան Ֆրանսիայում Վիգեն Չիթեչյանը, որն իր համառոտ, բայց բազմիմաստ ելույթում մասնավորապես ասաց. «Այս ցուցահանդեսն ինձ հնարավորություն է ընձեռում նորից տեսնելու նշանավոր արվեստագետի խորունկ հավատարմությունն իր հայկական մշակութային ինքնությանը»:
Այնուհետև Վ. Չիթեչյանն՝ ի հաստատումն իր իսկ ասածի, մեջբերեց Թորոսի՝ թևավոր խոսք դարձած ինքնաբնորոշումը. «Իմ պտուղները ֆրանսիական են, ծառիս բունը սիրիական է իսկ արմատներս՝ հայկական»: Այսպիսով հիշատակվեց հավատարմությունը ոչ միայն հայկական ակունքներին, այլև երախտագիտությունը մի երկրի հանդեպ, որը փրկության հանգրվան էր եղել Եղեռնից փրկված բազմահազար հայերի, այդ թվում և ուրֆացիների համար:
Դեսպանի խոսքում հատկապես նշվեց, որ «Ֆրանսիան կենսահող է եղել բազմաթիվ հայ տաղանդների համար… Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Գառզուի, Ժանսեմի և այլոց անուններն ազգային հպարտություն են դարձել Ֆրանսիայի և Հայաստանի համար:
Ես շատ հուզվեցի և տակնուվրա եղա, սիրելի Վարպետ Թորոս, որ դուք կրում եք ձեր հորեղբոր՝ Թորոս Ռաստքելենյանի անունը, որին թուրքերն այրել են Ուրֆայի հայկական եկեղեցում:
Ես պատկերացնում եմ, թե դուք ինչպես եք ցանկացել վերապրեցնել Ցեղասպանության այդ նահատակին, որքա՜ն եք ցանկացել, որ նրա հարությունը կարողանա արտահայտություն և երկրորդ կյանք գտնել ձեր գործերում :
Արդ, իմացեք, Վարպետ, որ դուք հաջողել եք, դուք մեն-մենակ կարողացաք մարմնավորել հայ ժողովրդի վերապրելու ուժը, բարբարոսությանն իր արարչագործ կարողությունը հակադրելու կերպը, նրա կապվածությունը մշակութային և հոգևոր արժեքներին՝ որպես միակ ուղի մարդկության այս դժվարին շրջադարձում»:
Չգիտեմ, մեր դեսպանն, արդյոք, լսե՞լ էր Թորոսի մեկ այլ թևավոր խոսքը՝ շրջանառված բազմաթիվ, այդ թվում և մեր հոդվածներում. «Ես չեմ ձգտել քանդակագործ դառնալ, քանզի այդ արվեստն ինքն է եկել և պարտադրվել ինձ՝ որպես մի ուժ, որ համակել էր իմ ոգին: Եվ այդ ժամանակ ես քանդակեցի հայկական ցեղասպանությունը»:
Քանդակագործի այս խոստովանության գործնական ապացույցները ցուցահանդեսում չկային և չէին կարող լինել, քանի որ դրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ Վալանս, Սենտ-Էտյեն, Էքս-ան-Պրովանս, Վիեն, Մարսել… Ի դեպ, վերջինը, որ զետեղված է Մարսելի Պրադոյի հայկական եկեղեցու առջև, ժամանակին՝ 1981թ., դիվանագիտական սկանդալի առիթ դարձավ. Թուրքիան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին:
Ճիշտ է, 70-80-ականներին Ցեղասպանության խնդիրն արդեն դարձել էր ֆրանսիական հասարակության քննարկման առարկան, սակայն քաղաքական շրջանակներում, ընդհանուր դրական վերաբերմունքով հանդերձ, այնուամենայնիվ, որոշակի զգուշավորություն կար: Այնպես որ, նշված ժամանակաշրջանում տեղադրված Թորոսի հինգ արձանները, որ նվիրված են Ցեղասպանությանը, պետք է համարել արվեստագետի և քաղաքացու սխրանք: Մանավանդ որ այդ հինգն էլ իրականացվել են բացառապես քանդակագործի անձնական նախաձեռնության շնորհիվ:
Չմոռանանք նշել նաև մի կարևոր հանգամանք. Թորոսի կայացումը որպես քանդակագործ գերազանցապես այդ տարիներին եղավ: Ասել է, թե նման դեպքերում, դեռևս չհաստատված, ճանաչում ձեռք չբերած գրողն ու արվեստագետը, օտար միջավայրում ստիպված է չափազանց խոհեմ ու շրջահայաց ռազմավարություն որդեգրել և հնարավորին չափ հեռու մնալ քաղաքականությունից, որպեսզի վերջնականապես խաչ չդնի արտիստական իր ճակատագրին: Մինչդեռ Թորոսը, առաջին իսկ քայլերից մերժելով այս վախվորած կեցվածքը, ճիշտ հակառակն էր անում. անդրադառնալով պայթյունավտանգ նյութին, ապացուցուցում էր, որ կարող է կայանալ որպես քանդակագործ միայն Ցեղասպանության գաղափարը քանդակելով: Այդպիսով իսկ Թորոսն արժանի ժառանգորդը դարձավ իր մեծ հորեղբոր՝ Ուրֆայի ինքնապաշտպանության առասպելական հերոս Հարություն Ռաստքելենյանի:
Տեղին է, հավանաբար, ասել, որ հերոսականը Թորոսը միայն հայոց պատմության մեջ չի տեսնում: Մոնտելիմարի ցուցահանդեսից ուղիղ տասն օր առաջ, դեկտեմբերի 4-ին, Դրոմ դեպարտամենտի պրեֆեկտուրայի առջև տեղադրվեց Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության ականավոր դեմքերից մեկի՝ Ժան Մուլենի հիշատակը հավերժացնող խորհրդանշական արձանը, որը ներկայացնում է երկնուղեշ մշտավառ մի բոց: «Ֆիգուրատիվ կերպով ներկայացնելու փոխարեն, - ասաց պրեֆեկտ Պիեռ-Անդրե Դյուրանն իր բացման խոսքում, - Թորոսը գերադասել է հերոսի հիշատակը հավերժացնել խորհրդանշանով, ինչն ավելի ընդարձակ իմաստ է հաղորդել. մի բոց, որ բարձրանում է աշխարհի վրա, դա հերոսի մշտաբորբոք հավատն է հայրենիքի հանդեպ, որն այն ժամանակ զգետնված էր, անարգված և ստորացված… Դա նաև Դիմադրության բոցն է, որը երբեք չի մարի»:
Մնում է ավելացնել, որ այդ հոյակապ արձանը քանդակագործի նվերն էր Վալանս քաղաքին:
Ինչ վերաբերում է Վ. Չիթեչյանի ելույթի այն հուզիչ հատվածին, որտեղ նա խոսում էր 1915թ. Ուրֆայի եկեղեցում այրված քանդակագործի մյուս հորեղբոր՝ Թորոսի մասին, ապա դրա հետ կապված մեկ այլ պատմություն կա:
Ընթերցողները հավանաբար հիշում են 2005թ. աշնանը Փարիզի արվարձաններում և Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ծայր առած անկարգությունները, երբ փողոց իջած հասարակության տականքը ջարդում, փշրում ու հրդեհում էր ամեն ինչ: Նրանք այրեցին նաև Ռոման քաղաքի Սեն-Կյուրե դ՚Ար եկեղեցին՝ այդպես արտահայտելով իրենց դժգոհությունը մի երկրից, որը նրանց ապաստան էր տվել և լուծել նրանց սոցիալական խնդիրները՝ առաջարկելով մարդավայել ապրելու հնարավորություններ: Տականքն այդպես երախտահատույց եղավ:
Հայ քանդակագործը, որը նույնպես ապաստան էր գտել այդ երկրում, իր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, իր արդար քրտինքով արժանացել բարձր պարգևների ու շռայլ գնահատությունների, յուրովի հայտնեց իր երախտիքը. նա անհատույց վերականգնեց պղծված եկեղեցու խորանը՝ դնելով այնտեղ պղնձյա ընդարձակ թիթեղի վրա դրվագված բոցարձակ արևը և խաչը:
Ֆրանսիական թերթերից մեկին տրված հարցազրույցում Թորոսն այսպես էր բացատրել՝ արվեստագետի և քաղաքացու իր մեծահոգի արարքը. «1915թ. թուրքերը, հորս եղբորը, որը նույնպես կոչվում էր Թորոս, 300 հայ երեխաների հետ ողջ-ողջ այրեցին եկեղեցում… Ամեն անգամ, երբ լսում եմ, որ աշխարհում մի եկեղեցի է այրվել, ինձ թվում է, թե հորեղբայրս ու երեք հարյուր երեխաներն են եղել ներսում…»:
Թորոսի «լիությունը», սակայն ամբողջական չէր, քանի որ միայն այդ հինգը չէին, որ բացակայում էին ցուցահանդեսում: Դրանցից զատ, ևս մի տասնհինգ արձան դրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այդ երկրի խոշոր քանդակագործներից քչերը կարող են հպարտանալ նման հաջողությամբ: Զարմանալի մի հատկություն ունեն Թորոսի կոթողային արձանները. դրանք հարազատորեն մերվում են տարբեր ժամանակների կառույցներին, ճարտարապետական տարբեր ոճերին՝ լինի դա ռոմանական շրջանի միջնադարյան վանական կառույց, թե անցյալ դարի կոնստրուկտիվիստական երկաթ ու բետոն:
Կոթողային արձանների բացակայությունը, սակայն, չէր աղքատացրել ցուցադրությունը: Ցուցահանդեսի տասներկու ընդարձակ սրահները լցված էին տարբեր ժանրերի արձաններով, գործեր, որոնց մեծ մասն ինձ ծանոթ էր նրա արվեստանոցից կամ տարբեր տարիների ցուցահանդեսներից:
Սակայն ո՞րն էր գաղտնիքը, որ դրանք ներկայանում էին ինձ նորովի…
Մինչև հիմա ես դրանք տեսել էի խառնիխուռն, պատահական ընտրությամբ իրար կողքի դրված, և թվում էր, թե արձանները խանգարում էին իրար՝ ավելի լավ տեսնվելու և առավել խորությամբ ընկալվելու: Մինչդեռ այստեղ հմուտ մի ձեռք այդ արձանները բաժանել էր ըստ ժանրերի, յուրաքանչյուրը ներկայացրել մեկ պայծառ՝ յուրաքանչյուր մանրամասնը տեսանելի դարձնող, մեկ միստիկ-խորհրդավոր, մեկ ցրված լուսավորության ներքո: Ես, որ առիթներ եմ ունեցել եվրոպական առաջնակարգ թանգարաններում ու հանրաճանաչ գալերիներում լինելու, առաջին անգամ էի տեսնում, թե ճիշտ ընտրված լուսավորությունն ինչ հրաշքներ կարող է գործել: Սա չի նշանակում, թե անտաղանդ գործը լավ լուսավորությամբ կարելի է տաղանդով օժտել: Ամենևի՛ն: Պարզապես, տաղանդավոր գործը գտել էր իրեն վայել տարածք ու լուսավորություն և ավելի շահեկան ներկայացել:
Թորոսն աշխատում է բոլոր նյութերի վրա՝ քար, կավ, մետաղ… Սակայն նրա նախասիրածը վերջինն է, ավելի ճիշտ՝ պղինձը: Թե ինչու, բացատրությունը շատ պարզ է. մինչև քանդակագործ դառնալը, իր ծննդավայր Հալեպում նա հիմնովին յուրացրել է պղնձագործի արհեստը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ նա այդ մետաղով կարողանում է հրաշքներ գործել: Օրինակ՝ սրահներից մեկը ներկայացնում էր բացառապես կանացի մերկ իրաններ: Ապշել կարելի էր, թե քանդակագործի վարպետ ձեռքն ինչպես էր կարողացել կոշտ մետաղին այդպիսի թրթռուն զգայականություն հաղորդել: Ի դեպ, չորս տարի առաջ Ռոման քաղաքում բացված նրա ցուցահանդեսը վերնագրված էր հենց այդպես. «La voluptռ de Toros», այսինքն՝ «Թորոսի զգայասիրությունը»:
Առավել քան սադրիչ վերնագիր, սակայն գուցե ոչ Ֆրանսիայի համար, ուր ցուցահանդեսն ընդունվեց պատշաճ գնահատությամբ, մանավանդ որ կանացի մերկ իրանները զետեղված էին միջնադարյան վաղուց լքված մենաստանի բակում և ամենևին չէին հակասում այդ հաստատության խստամբեր կարգուկանոնին, քանի որ այդ մերկությունը հաղորդում էր ոչ միայն կենսական գրգիռներ, այլև ծածկված էր աներևույթ մի ողջախոհությամբ:
…Ցուցահանդեսի հանդիսավոր բացումն ամփոփվեց հիմնական «մեղավորի»՝ Թորոսի կարճառոտ խոսքով: Որպես կանոն, նա խոսում է առանց թղթի, աֆորիզմներով և միշտ մի անակնկալ մատուցում: Այս անգամն էլ նախորդների պես էր: Նախ նա իր երախտագիտությունը հայտնեց մատուցած պատիվների համար և, անսպասելի, խոսեց նաև իր ծննդավայր Հալեպում ծայր առած «բարբարոսության» մասին: Սրտացավ արվեստագետի բնորոշումն, անշուշտ, հասցեագրված էր «ժողովրդավարություն» արտահանող ուժերին և կիրառողներին: Բացմանը ներկա պետական բարձրաստիճան այրերն, ամենայն հավանականությամբ, բառը հասկացան յուրովի, այնպես, ինչպես իրենց երկրի օրվա քաղաքականությունն էր պահանջում, միաժամանակ լավ հասկանալով, թե քանդակագործն այդ բառի տակ ինչ է հասկանում: Իսկ հաջորդ օրը, «Լը Դոֆինե լիբերե» թերթի թղթակից Ժանետ Մոլենը, ցուցահանդեսի բացմանը նվիրված իր ռեպորտաժում, Աստծո և Կեսարի տուրքը հավասարապես բաշխելով, կարծում ենք ճիշտ մեկնաբանեց Թորոսին. «Հալեպի զավակը վերանալով իր քանդակներից և արձագանքելով Սիրիայում մոլեգնող «բարբարոսություններին», ասաց. «Աշխարհը փոխվում է, սակայն պետք է որ մարդը փոխվի»:
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ, Մոնտելիմար-Փարիզ