38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լոռեցիք Եկատերինբուրգում

Լոռեցիք Եկատերինբուրգում
13.11.2012 | 12:03

Լոռվա Շնողում ծնված և հեռավոր Եկատերինբուրգում ապրող ԱԻԴԱ ԽԱՌԱՏՅԱՆԻ` հայապահպանությանը նպաստող գործունեության և ստեղծագործական շնորհքի մասին, կարծում եմ` շատերը գիտեն, և ոչ միայն Շնողում: Եկատերինբուրգի հայկական կիրակնօրյա դպրոցի գործունեությանը նրա մասնակցության մասին գրվել է մամուլում, շատերն են արժևորում նրա չափածո և արձակ ստեղծագործությունների «Կարոտ» ժողովածուն:

Վերջերս տարբեր հեռուստաալիքներ ցուցադրում են ՄԵՐԻ ԱՅԴԻՆՅԱՆԻ նոր տեսահոլովակները: Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թոփ 10» երաժշտական հաղորդման հերթական թողարկումն էր։
«Այս շաբաթվա լավագույն եռյակը բացում է Մերի Այդինյանը` իր «Աու» տեսահոլովակով», - լսեցինք, և որդիս միանգամից դիմեց ինձ.
-Գիտե՞ս, որ Մերին Գրիշա պապի թոռն է` Աիդայի դուստրը։ Մեկ, թե երկու շաբաթ առաջ առաջին հորիզոնականում է եղել:
Զարմանքն ու հպարտությունը միանգամից խառնեցին հոգիս, և հաջորդ օրը շտապեցի հանդիպելու գյուղի հարևանիս ու շնորհավորելու նրան: Այստեղ էլ` միանգամից երկու բացահայտում: Պարզվեց, որ ճանաչված դհոլչի, շնորհալի ձայն ունեցող Գրիշա Խառատյանի թոռը հյուր է պապին ու նաև իր հեղինակած գիրքն ունի արդեն:
Զրուցում ենք: 24-ամյա Մերին, որ միայն առաջին դասարանն է «ավարտել» Հայաստանում, հավասարապես տիրապետում է թե՛ հայերենին, թե՛ ռուսերենին: Այս անգամ Հայաստան է եկել ձայնագրվելու և վերադառնում է ծանրակշիռ «ավարով»` միանգամից մի քանի տեսահոլովակ, համագործակցության պայմանագրեր, փոխադարձ խոստումներ: Երկար զրույցից հետո ընծայագրով ստացա նրա «Աստղը և ես» ռուսալեզու գիրքը և վերադարձա տուն:
Մի շնչով կարդացի երգիծական դետեկտիվ ժանրով, ոչ մեծածավալ գիրքը, որ 2008-ին հրատարակել է Եկատերինբուրգի գրողների միության հրատարակչությունը, երբ Մերին 20 տարեկան էր:
Չեմ ուզում մեր օրերում մոդայիկ դարձած «աստղ» բնորոշումը շահարկել, բայց անկասկած է, որ Մերին իր ուրույն տեղը կունենա երգ-երաժշտության ասպարեզում, գրական փորձերում, կյանքում` ընդհանրապես: Ի դեպ, Մերին իրավաբան է, բարձրագույն կրթությամբ, բայց իրեն ավելի շատ արվեստի աշխարհում է տեսնում: Տևական ընթացք` նրա վստահ ու համարձակ մեկնարկին, և բազում երկրպագուներ` ունկնդիրների և ընթերցողների շրջանում:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ