38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հունգարիայի վարչապետը պարզ առևտրային գործարք է կատարել` թքելով բարոյական նորմերի և ժողովուրդների բարեկամության վրա»

«Հունգարիայի վարչապետը պարզ առևտրային գործարք է կատարել`  թքելով բարոյական նորմերի և ժողովուրդների բարեկամության վրա»
28.09.2012 | 12:32

«Իրատես de facto»-ի հյուրն է տնտեսական մշակութաբան, հրապարակախոս ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԸ:

«ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԽՈՍԵԼ ՓԱՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ, ՈՉ ԹԵ ԴԱՏԱՐԿ ՊՐՈՊԱԳԱՆԴԱ ԱՆԵԼՈՎ»
-Պարոն Դադայան, օրերս լույս է տեսել Ձեր ուշագրավ աշխատությունը` վերնագրված «Հայոց առևտրատնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում XV դ.-1915 թ.։ Փաստերի ժողովածու»: Գրքի հրատարակությունն իրականացվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում` Ամերիկայի ժողովրդի նվիրատվության շնորհիվ: ՈՒ չնայած այդ փաստին` գրքի անոտացիայում կարդում ենք. «Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ-ի կառավարության տեսակետներին»: Պարադոքս չէ՞ արդյոք. ԱՄՆ ՄԶԳ միջոցներով կարելի է տպագրել նրանց մոտեցումներին հակասող աշխատությո՞ւն:
-Ես կարծում եմ, որ դա գոյություն ունեցող մի շաբլոն է, պարտադիր ձև, որ կիրառվում է բոլոր գրքերի, հրապարակումների համար: Բայց սա նաև դեմոկրատիայի դրսևորման նշան է: Իրենք ֆինանսավորում են մի գիրք, որը կարող է և չհամապատասխանել ամերիկյան ժողովրդի կամ կառավարության տեսակետներին: Ամերիկան դեմոկրատական երկիր է և թույլ է տալիս մարդուն ազատորեն արտահայտել իր կարծիքը` անկախ այդ կարծիքի բովանդակությունից: Ես դա նորմալ բան եմ համարում: Արտառոց ոչինչ չկա:
-Գրքի առաջաբանի հեղինակ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը համոզված է, որ «այս գրքի ընթերցողներն իրենց հոգում բորբոքելու են մերձեցման լույսը»: Խոսքը, իհարկե, հայերի և թուրքերի մասին է: Արդյո՞ք նոր մերձեցումը նոր ողբերգությամբ հղի չէ: Չէ՞ որ 1915-ից առաջ էլ երկար ժամանակ կայանում էր այդ մերձեցումը: Եվ արդյունքում եղավ այն, ինչ եղավ:
-Նախ, ես չեմ հավատում, որ այդ մերձեցումը մոտ ապագայում կլինի:
-Երբ էլ որ լինի, վտանգներով հղի չէ՞ այն:
-Ըստ իս, կարելի է թուրքերի հետ որևիցե շփում չունենալ քաղաքական, դիվանագիտական, մշակութային ու զանազան այլ ոլորտներում: Բայց բիզնեսն այն ասպարեզն է, որը սահմաններ չի ճանաչում, հատում-անցնում է բոլոր սահմանները: Գաղտնիք չէ, որ այսօր էլ մենք թուրքերի հետ ունենք առևտրատնտեսական կապեր: Երևանի խանութներում բազմատեսակ թուրքական ապրանք է վաճառվում: Բիզնեսն այն ոլորտն է, որով կարելի է մեկմեկու ընդառաջող քայլեր կատարել: Այս գրքով ես ցանկացել եմ ցույց տալ, որ մեր ներկայությունն այդ երկրի տնտեսության դաշտում շատ կարևոր ու բացառիկ է եղել: Ես հատուկ գործածել եմ «ներկայիս Թուրքիայի տարածք», ոչ թե «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը: Իմ նպատակն է ցույց տալ, որ մենք առևտրատնտեսական ոլորտում հնուց եկող ավանդույթներ ենք ունեցել, և դրանց հետ պետք է հաշվի նստել: ՈՒ սա նշանակում է, որ մենք այսօր էլ, այդ ավանդույթների վրա հենվելով, կարող ենք առևտուր անել: Այսօրվա Թուրքիայի տարածքում բազմաթիվ են այն քաղաքները, որոնցում ի սկզբանե մենք ենք ապրել, մենք ենք կառուցել, շենացրել այդ քաղաքները: Հատուկ ուշադրություն եմ դարձրել գրքում հայ-թուրքական համագործակցությանը: Հնարավոր չէ, որ տարբեր ժողովուրդներ, կողք կողքի ապրելով, չունենան շփումներ: Մենք Օսմանյան Թուրքիայի կազմում ենք ապրել, և անհնար էր շփումներ չունենալ թուրքերի հետ: Ամբողջ հարցն այն է, որ թուրքերի հետ պետք է խոսել փաստերի լեզվով, ոչ թե դատարկ պրոպագանդա անելով: Դրա ժամանակն անցել է, պետք է իրար հետ փաստերով խոսենք: Իմ գրքում փաստերով, անուն-ազգանուններով, լուսանկարներով, ձևաթղթերով շարադրված է ողջ նյութը: Ի՞նչ պիտի կարողանան ասել սրա դեմ թուրքերը: Պիտի ասեն, որ գոյություն չեն ունեցե՞լ: Չեն կարող: ՈՒրեմն պիտի ստիպված լինեն պատասխանել հարցին. «Ի՞նչ եղավ այս ամենը»: Այդ միտքն արտահայտելով` Արսեն Ղազարյանը, կարծում եմ, ցանկացել է ասել, որ առևտրատնտեսական կապեր հաստատելով ու խորացնելով, կարելի է ճանապարհ բացել նաև այլ ուղղություններով: Անձամբ ես դրան շատ քիչ եմ հավատում կամ գրեթե չեմ հավատում: Եթե 21-րդ դարում գոյություն ունեն փակ սահմաններ, չկան քաղաքական, դիվանագիտական շփումներ երկու հարևանների միջև, ակնհայտ է աջակցությունը հայատյաց Ադրբեջանին, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել:
-Դե՜, տառացիորեն մի քանի շաբաթ առաջ մարդիկ հարկ չեն համարել իրենց երկրում ընթացող և ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող շախմատային օլիմպիադայի արդյունքները լիաբերան հրապարակելու, որովհետև, ի հեճուկս 1915-ին հայերին բնաջնջելու ազգային-պետական ծրագրի, Ստամբուլում ստիպված էին հնչեցնել անկախ Հայաստանի Հանրապետության օրհներգը և բարձրացնել պետական դրոշը: Սա մեր հարևանի վերաբերմունքը փաստող ևս մեկ ապացույց չէ՞:
-Այո՛: Այդպես է: Բայց և այնպես, ես կարծում եմ, որ չի կարելի ձեռքերը ծալել, նստել ու ոչինչ չանել: Հասարակությունների, անհատ մարդկանց շփումներն օգտակար են: Խնդիրներ կան, որոնց լուծումը միակողմանի չի կարող լինել: Երկխոսությունը շատ կարևոր է: Պատահական չէ, որ գիրքս թարգմանվել է թուրքերեն: Կարծում եմ, որ այն Թուրքիայում կկարդան ու մեծ արձագանքի կարժանացնեն: Այսօր Թուրքիայի հասարակությունը, մանավանդ երիտասարդությունը ոչինչ չգիտի իր պատմության մասին: Այս գիրքը ներկայացնում է մերկ փաստեր` առանց մեկնաբանությունների:
-Դուք աշխատությունը հենց այդպես էլ կոչել եք` «Փաստերի ժողովածու»: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գրքի տպագրությունից, մասնավորապես` թուրքերեն թարգմանությունից` ապագայում երկու ժողովուրդների շփումների ծիրում:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ հարցերում գիտակ չեմ: Բայց մի բանում խորապես համոզված եմ. լավ և վատ ժողովուրդներ չկան, կան լավ և վատ իշխանություններ: Կառավարություններ կգան, կփոխվեն, մենք` ժողովուրդներս, ո՞ւր պիտի գնանք, հո չե՞նք փախչելու մեր տներից: Մենք միշտ պիտի կողք կողքի ապրենք: Եվ կարևորն այն է, որ ժողովրդիդ ասես ճշմարտությունը: Պիտի ասեն ոչ միայն թուրքերին, այլև հայերին: Թուրքերը պիտի քաջություն ունենան իրենց ժողովրդին ասելու ճշմարտությունը` մեր առնչությամբ: Իսկ եթե չեն ասում, ապա այս գիրքը կասի: Իմ նպատակն է այս գրքով հասնել այն մարդկանց, որոնց չեն ասել ճշմարտությունը:

«ՉԻ ԿԱՐԵԼԻ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿՐՔԵՐՈՎ ԻՐԱՐ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎԵԼ»
-Չե՞ք կարծում, որ այս գիրքը յուրօրինակ պատասխան-կրակոց է ռամիլսաֆարովյան անփառունակ իրողությանը:
-Դա շատ լուրջ խնդիր է: Համազգային անվտանգության խնդիր: Ես խորապես վիրավորված, ազդված եմ այդ մարդասպանի արտահանձնման ու ներման, մեծարման փաստից, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ: Մյուս վիրավորանքը, որ ապրում եմ որպես հայ մարդ, Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մեր երկրպագուների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքն էր, մեզ գնչուներ անվանելը: Սպասվում է Հայաստան-Բուլղարիա պատասխան խաղը: Ենթադրվում է, որ մեր երիտասարդությունը պիտի բուլղար երկրպագուներին ընդունի այնպես, ինչպես իրենք են մեզ ընդունել: Բայց ես կառաջարկեի այլ կերպ վարվել. թող օդանավակայանում ծաղիկներով, փուչիկներով դիմավորեն բուլղարներին: Թող այդպես ցույց տան մեր քաղաքակիրթ լինելը, ու թող բուլղարներն էլ գնան իրենց երկիր ու հետևություն անեն, թե ովքեր են գնչուները` իրե՞նք, թե՞ մենք: ՈՒ թող ամբողջ աշխարհն էլ գրի այդ մասին: Վրեժխնդրությունը պարզունակ, բնազդային կատեգորիա է: Կարելի է վրեժխնդիր լինել նաև մեծահոգությամբ, վեհանձնությամբ: Թշնամանքը ամենահեշտ բանն է: Ես խաղաղության աղավնի չեմ: Ինքս էլ հայ մարդ եմ, պոռթկուն: Բայց ամեն բանի մեջ էլ պետք է խելացի լինել, կշռադատված քայլեր անել: Չի կարելի 21-րդ դարում 19-րդ դարի ֆեոդալական կրքերով իրար հետ հարաբերվել: Հունգարների կամ բուլղարների նման վերաբերմունքը մեր հանդեպ պատահական բան չէ: Ես դրանում առաջին հերթին մեղադրում եմ մեզ, նույնիսկ` ինքս ինձ: Ես ուշադրությամբ հետևում էի սաֆարովյան պատմության արձագանքներին մամուլում, եթերում: Եվ հաճախ հանդիպում էի արտահայտությունների այն մասին, որ մենք հունգարների համար շատ բան ենք արել, արժեքավոր ծառայություններ ենք մատուցել, բազմադարյան կապեր ենք ունեցել ու փոխարենը ստացել ենք այսպիսի պատասխան: Հարց է ծագում. ի՞նչ ենք արել: Որևիցե մեկը չտվեց կոնկրետ անուն, չնշեց կոնկրետ փաստ` մեր և հունգարների դարավոր կապերի մասին: Խնդիրը սա է: Մարդիկ նույնիսկ հարկ չեն համարել մտնելու համացանց և ծանոթանալու այնտեղ եղած ինֆորմացիային:
-Այնինչ Դուք դա արել եք և Ձեր ձեռքի տակ ունեք ծանրակշիռ փաստեր:
-Այո՛: Հիմա դրանք իմ ձեռքին են: Խոսեմ ամենակարևորների մասին: Մի ամբողջ քաղաք ենք ունեցել Հունգարիայիում, հիմնել ենք մենք` հայերս: Դա Գեռլա հայաքաղաքն էր, որ հին արձանագրություններում կոչվել է Արմենոպոլիս: Արդի Սամոշվար անունն սկսել է կրել 1838 թվականից, որովհետև գտնվում է Սամոշ գետի արևելյան ափին: Մինչև 1944 թիվը քաղաքը պատկանել է Հունգարիային, 1944-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, Հունգարիայի մի հատված, այդ թվում և` Սամոշվար քաղաքը, միացվեց Ռումինիային: Մինչ այդ այն միշտ եղել է Ավստրո-հունգարական կայսրության կազմում: Այդ հողը գնել են հայերը` 12 հազար ֆորինտով: Գնել են, կառուցել այնտեղ եկեղեցի, ունեցել են վաճառական ատյան, որը ղեկավարել է ամբողջ քաղաքը: Հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը: Հայերն ունեցել են տնտեսական ինքնավարություն, սեփական դրոշ: 1970 թվին «Պատմաբանասիրական հանդեսում» Հունգարիայի ազգային արխիվի գլխավոր արխիվարիուս Ժոլտ Տրոչանին ընդարձակ մի հրապարակում է արել Հունգարիայի արխիվում պահպանվող հայկական փաստաթղթերի մասին: Եթե հունգար մասնագետը գիտի ու հրապարակում է այդ փաստերը, ինչո՞ւ ենք մենք լռում: Ես կարևորում եմ հայագիտությունը` որպես համազգային ինքնապաշտպանության բաղադրյալ, լավագույն զենք: Մենք շարունակում ենք ապրել խորհրդային մտածելակերպով: Կաշառակերությունը, պաշտոնամոլությունը, մարդուն բանի տեղ չդնելը, պաշտոնյայի` ինքն իրեն տեր ու տիրական, ոչ թե ժողովրդի ծառա համարելը մեզանում նորմ են: Խորհրդային գաղափարախոսության կարևորագույն դրույթներից մեկը ժողովուրդների բարեկամությունն էր: Մեծ ֆինանսներ էին հատկացնում միջժողովրդական կապերն ամրապնդելու նպատակով: Դա արվում էր նրա համար, որ մարդիկ, ժողովուրդներն իրար ճանաչեն: Մեր անկախության 20 տարիներին մենք կտրվել ենք աշխարհից: Մենք ոչինչ չգիտենք այլ երկրներում ապրողների, վերջիններս էլ` մեր մասին: Հետևաբար, զարմանալի չէ, որ արտահանձնում են մարդասպանին, հայերին կոչում են գնչուներ: Ես չեմ ուզում վիրավորել բուլղարացիներին, բայց գնչուներն իրենք են, իրենց հետ են գնչուներն ապրել, իրենք գնչուներից են գնչուություն սովորել: Բայց այսօր մեզ են անվանում գնչու: Ես բազում փաստեր ունեմ նաև բուլղարներին հայերի մատուցած անգնահատելի ծառայությունների մասին: Նրանց ֆինանսական համակարգը մենք ենք կայացրել` մեր չորս բանկերով` «Ասպարեզ», «Թրակիա», «Սևան», «Արարատ»: Նրանց տեքստիլ արդյունաբերությունը մենք ենք կայացրել: Բիզնեսը մենք ենք կայացրել` վիթխարի ներդրում անելով Պլովդիվում, Սոֆիայում, այլ քաղաքներում: Այս ամենն ապացուցվում է փաստերով: Այդ ներդրումների մասին մենք ենք պարտավոր խոսել, այդ փաստերը մենք ենք պարտավոր հրապարակել, տարածել: Երախտամոռությունը համամարդկային ախտանիշ է, չէ՞: Մենք պիտի այս քսան տարում հասկանայինք, գիտակցեինք, որ աշխարհը շահամոլ է, պետությունները շահամոլ են, ու բարոյականությունը մղվում է երկրորդ պլան: Եթե մենք մեր պատմությանը, մեր ներդրումներին տեր չկանգնենք, ոչ ոք չի հիշի դրանց մասին: Հունգարիայի վարչապետը պարզ առևտրային գործարք է կատարել` թքելով բարոյական նորմերի և ժողովուրդների բարեկամության վրա: Ինքն էլ է տգետ, որովհետև չգիտի, թե հայերն իրենց համար ինչեր են արել: Բազմաթիվ հայ պատգամավորներ են եղել Հունգարիայում, ազատագրական պայքարի հերոսներ, զինվորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Իրենց անկախությունը նվաճելու համար նաև մենք` հայերս ենք արյուն թափել: Որևէ ադրբեջանցու կամ թուրքի անուն հիշատակվա՞ծ է Հունգարիայի պատմության մեջ: Ո՛չ: Բայց այսօր Ադրբեջանի հետ Հունգարիան խայտառակ գործարք է կնքում: Եվ սրանում մենք ենք մեղավոր: Երկու տարի առաջ ՀՀ կառավարությունն ընդունեց հայագիտության զարգացման ռազմավարական ծրագիր: Հարց եմ տալիս. երկու տարվա մեջ ի՞նչ է արվել: Այդ որոշումն ընդունելիս, կարծում եմ, կառավարությունը նկատի է ունեցել այն քայլերի ձեռնարկումը, որոնց մասին ես հիմա խոսում եմ: Բայց չի արվել ոչինչ: Այսքան հեռուստաընկերություն ունենք, ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ եփել այսօր, ի՞նչ թափել այսօր… Կարծես մենք ուրիշ խնդիր չունենք: Երկու-երկու գնում տարբեր երկրներում շրջում են, ինչ-որ կապիկություններ են նկարում ու բերում ցույց տալիս հայկական հեռուստաալիքներով: Եվ սա այն դեպքում, երբ անվերջ խոսվում է մեր երկրում ռեսուրսների սղության մասին: Պարզվում է, որ լավ էլ ռեսուրսներ ունենք, դրանք ճիշտ ծախսելու պատկերացումը չունենք: Այդ նույն փողերով կարելի էր հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստել նույն Սամոշվարի մասին:
-Դուք ինչո՞ւ չեք նախաձեռնում այդ գործը: Չէ՞ որ տիրապետում եք բավական հարուստ փաստական տվյալների:
-Ես միայնակ ի՞նչ կարող եմ անել: Պիտի պատվիրատու լինի, միջոցներ տրամադրվեն: Սա լրջագույն խնդիր է: Եվ հարցը իմ գնալ-չգնալը չէ: Թող գնան պրոֆեսիոնալները, ֆիլմ նկարեն, հաղորդում նկարեն, որ մենք անտեղյակության մեջ չապրենք: Մոտեցում, սկզբունք պիտի լինի: Հարցը մեկ-երկու դեպքի սահմաններում չպիտի դիտել: Սա հեռուստաընկերությունների համար գործելակերպ պիտի լինի: Այնինչ սահմանափակ գիտելիքների տեր մարդիկ շրջում են երկրեերկիր ու ցուցադրում անարժեք նյութեր: Այսօր մեր խնդիրը Հունգարիայի, Բուլղարիայի հետ է, վաղը կարող է լինել Լեհաստանի, Ռումինիայի, մեկ այլ երկրի հետ: Մենք պիտի ուժեղացնենք հայկական համայնքները օտար երկրներում: Միայն խոսելով, մասսայական միջոցառումներ անելով` չենք նպաստում հայապահպանությանը, հայաճանաչությանը: Իսկ եթե մենք այս հարցերին ուշադրություն չդարձնենք, վաղն ավելի մեծ կորուստների առաջ կկանգնենք:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ