38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Խաչքարը տեղից մեկ մետր այն կողմ տարար, էլի պատմություն ես ոչնչացնում»

«Խաչքարը տեղից մեկ մետր այն կողմ  տարար, էլի պատմություն ես ոչնչացնում»
25.09.2012 | 11:30

ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012-ի սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված «Քարերը ժողովելու ժամանակը» ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016-ի սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ անկախության տարեդարձն ընդամենը պատրվակ է, քարերը տեղափոխվելու են մշտական ցուցադրության:
«Չորս տարի հետո տերն ո՞վ է, ո՞վ է գալու քարը վերցնի, նորից դնի գյուղի նույն տեղում: Ի՞նչ է, ամեն ինչ պետք է Երևանո՞ւմ կենտրոնացնենք, այս կամ այն քարով հետաքրքրվողը թող գնա հասնի այդ գյուղը և տեսնի, միաժամանակ զբոսաշրջությունը կզարգանա այդ տարածքում»,- ասաց նա, տեղեկացնելով նաև, որ նախատեսված 115 կոթողներից մոտ 50-ը հանվել են ցանկից, քանի որ հիմնական մասը պատերի մեջ է, կանգնեցված են, կամ վերականգնման աշխատանքներ են ընթանում և պետք է կանգնեցվեն:
Ժողովուրդը սիրում է իր քարերը: Դրանք հենց իրենց տեղում են արժեքավոր: Ճարտարապետի խոսքով` սա նույնպես վանդալիզմ է, մենք մեր բնակավայրերում ոչնչացնում ենք պատմությունը: Բեկորները հենց այնպես գցած չեն, մասնագետները տեղերը գիտեն: Միտումնավոր չեն տեղաշարժում, որ այդ պատմությունը մնա հետագա սերունդներին, ուսումնասիրողներին: «Խաչքարը տեղից մեկ մետր այն կողմ տարար, էլի պատմություն ես ոչնչացնում: Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է պատմությունը վերածել ցուցանմուշի»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
Չար լեզուներն ասում են, որ ցուցահանդեսի պատրվակով արտերկիր տեղափոխված խաչքարերից ոչ բոլորն են վերադարձվել իրենց նախկին տեղերը: ՀՀ անկախության տարեդարձին նվիրված արտառոց ցուցահանդեսը մտածելու տեղիք է տալիս: Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան փորձում է քայլեր ձեռնարկել` կանխելու վանդալիզմը: Գյուղացիներն իրենք էլ թույլ չեն տա, որ ձեռք տան իրենց քարերին, նման դեպքեր արդեն գրանցվել են մեզանում ու հանդիպել լուրջ դիմադրության:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ