38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե ՀՀ վարչապետը կոնկրետ քայլեր է անում, ուրեմն լուրջ հեռանկար է տեսնում»

«Եթե ՀՀ վարչապետը կոնկրետ քայլեր է անում, ուրեմն լուրջ հեռանկար է տեսնում»
14.09.2012 | 12:18

Արևային տեխնիկայի զարգացումը համաշխարհային առաջնահերթ խնդիրներից մեկն է: Զարգացած երկրները մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ են տարածում այդ ոլորտում իրենց աննախադեպ ձեռքբերումների վերաբերյալ: Վերջերս, օրինակ, Գերմանիան հաստատեց, որ արևային էներգետիկայի բնագավառում հասել է ռեկորդային արդյունքի՝ ընդհանուր էներգետիկ բալանսի մեջ այն հասցնելով 50 տոկոսի: Բարաք Օբաման վճռական տեմպերով առաջ է մղում արևի էլեկտրակայանների մի նոր և հեռանկարային նախագիծ: Արևային էլեկտրաէներգետիկայի բնագավառում հսկայածավալ գործունեություն են ծավալել Իսպանիան, Չինաստանը և այլ երկրներ:
Վերջերս հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ շվեյցարական կողմի նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է արևային տեխնիկայի ոլորտում մի քանի միլիոն դոլարի հասնող շվեյցարական ներդրումների հարցը: Մենք դիմեցինք տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻՆ և փորձեցինք պարզել այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և Հայաստանում կատարվող աշխատանքներին առնչվող մանրամասներ: Ակադեմիկոս Պարիս Հերունին և տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այն հայ գիտնականներից էին, ովքեր դեռ 20 տարի առաջ հաշվարկեցին արևային էներգետիկայի հույժ կարևորությունն աշխարհի և հատկապես Հայաստան աշխարհի համար և իրենց բոլոր հնարավորությունները ծառայեցրին այդ կարևոր ոլորտը ոտքի կանգնեցնելու նպատակին:

-Պարոն Համազասպյան, ինչպե՞ս են Ձեր գործերն արևային ուղղություններում:
-Գերազանց: Մեզ վերջապես հաջողվեց համագործակցության եզրեր գտնել Հայաստանի իշխանությունների հետ: Հատկապես գոհ եմ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունից, որը մեզ կապեց Շվեյցարիայի ներկայացուցչի հետ: Վերջինս Հայաստան էր այցելել` նախապատրաստելու Շվեյցարիայի կառավարական պատվիրակության այցը Հայաստան, որը տեղի կունենա մինչև հոկտեմբերի առաջին կեսը: Բանակցությունների ժամանակ քննարկվելու է նաև արևային տեխնիկայի բնագավառում Հայաստան-Շվեյցարիա համագործակցության հարցը: Շվեյցարացու հետ մենք հանդիպում կազմակերպեցինք Սպիտակի մեր նորաբաց արևային պոլիգոնում: Քննարկվեցին Հայաստանում ձևավորված և զարգացող արևային տեխնիկայի վիճակը, Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագիրը, Վահագն Հերունին ներկայացրեց «Արև» ծրագրի հետ կապված արևային էլեկտրակայանի խնդիրները, արևային ֆոտոպանելների զարգացման հեռանկարը, իսկ տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը` արևային «Ստիրլինգ» և կիսահաղորդչային ձևափոխիչների զարգացման հեռանկարն աշխարհում և Հայաստանում: Մի խոսքով` Շվեյցարիայի ներկայացուցիչը, ինչպես ասում են, առաջին ձեռքից և Սպիտակի արևային պոլիգոնում ստացավ անհրաժեշտ ինֆորմացիա, համտեսեց արևային ուտեստներ և լրիվ բավարարված վերադարձավ իր երկիր:
Ասեմ, որ մինչ այդ Սպիտակի հելիոպոլիգոնում աշխատանքային հանդիպում էր կայացել Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանի և Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ: Քննարկված կարևոր թեմաներից էր Սպիտակում 3000 աշխատատեղով հելիոտեխնիկական գործարանի ստեղծումը՝ ֆրանսիական ներդրումների օգնությամբ և այլն:
-Իսկապես, մեծ առաջընթաց է, որ երկրի ղեկավարները նեցուկ են կանգնում Ձեր ծրագրերին. ժամանակին Դուք քննադատական նոտաներ էիք հնչեցնում իշխանությունների հասցեին, ի՞նչ փոխվեց:
-Ինձ միշտ անհանգստացրել են մեր գործերի դանդաղ տեմպերը: Իշխանությունները ի զորու են արագություն հաղորդելու: Եթե ՀՀ վարչապետը կոնկրետ քայլեր է անում մեր ծրագրի ուղղությամբ, ապա նա դրա մեջ լուրջ հեռանկար է տեսնում և փոխում է իր մոտեցումները: Նույնը կարող եմ ասել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մասին: Նշեմ, որ և՛ ՀՀԿ-ի, և՛ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերում նշված էր արևային էներգիայի օգտագործման կարևորությունը Հայաստանի համար: Չմոռանանք, որ գազի գների բարձրացումը մեր երկրի համար մոտ ապագայի հարց է: Ինչպե՞ս մենք կարող ենք անտեսել արևի էներգիայի օգտագործման ռեալ հնարավորությունները: Մեր երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը խոսում էր մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումների մասին:
-Պարոն Համազասպյան, Դուք վստա՞հ եք, որ մեր երկրի ներկա պայմաններում հնարավոր է կազմակերպել լուրջ արտադրություններ՝ կապված ուղեղների, որակյալ բանվորների, տեխնիկայի, հումքային և այլ ռեսուրսների հետ, մենք կարող ենք մրցակցել, օրինակ, առաջին հերթին Ադրբեջանի հետ:
-Մեզ մրցակցել պետք չէ, մեզ հաղթել է պետք այդ գոյամարտում: Հաղթանակի համար անհրաժեշտ ռեսուրսներ և, ամենակարևորը, կամք մենք ունենք: Ղարաբաղյան պատերազմում հաղթելը մեզ ավելի դյուրին թող չթվա: Ռեսուրսների հարցում ես դարձյալ պետք է նշեմ սփյուռքում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների կարևորությունը: Սփյուռքը մեզ համար շատ կարևոր դերակատարություն ունի տնտեսական կայուն զարգացման գործում: Սփյուռքը, առաջին հերթին, տնտեսապես զարգացած և գիտական բարձր մակարդակի հասած կարևորագույն երկրների բաղկացուցիչ մասն է: Մեզ համար դա բարձր տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ և նյութեր ստանալու հուսալի աղբյուր է: Սփյուռքը նաև արտասահմանյան հզոր շուկա է հայկական արտադրանքի գովազդի և իրացման համար: Սփյուռքի օգնությամբ, և ոչ միայն կապիտալ ներդրումների հաշվին, մենք կարող ենք հեշտությամբ հաղթահարել առկա տնտեսական դժվարությունները: Աշխատել է պետք, շարժվել է պետք: «Дорогу одолеет идущий»։
-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այդպիսի համառությամբ և հաստատակամությամբ հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները: Մեր գիտնականների բռնած ուղին այնքան քարքարոտ և դժվար է:
-Պետք է հավատաս քո գործի կարևորությանը և ցուցաբերես տոկունություն տարբեր տիպի խոչընդոտների հաղթահարման ժամանակ: Ես կյանքում միշտ առաջնորդվել եմ Դոստոևսկու հետևյալ սկզբունքով: Եթե ունեք նպատակ և գնում եք դեպի այդ նպատակի կատարումը և ամեն անգամ շրջվում եք, որ քարեր նետեք հաչող շների վրա, երբեք չեք հասնի Ձեր նպատակին: Մեր խնդիրն այնքան պարզ է: Պետք է անել ամեն հնարավորն ու անհնարը, որ Հայաստանը բռնի իր կայուն զարգացման ուղին: Դա հնարավոր է, դա շատ կարևոր է և պետք է անել անհապաղ:
-Դե ինչ, հաջողություն Ձեր գործերին: Աստված Ձեզ օգնական:


Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 5179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ