38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եթե ամուր չպահենք մերը, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու

Եթե ամուր չպահենք մերը, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու
30.11.2022 | 07:29

Օտարամոլությունը հատուկ է բոլոր հայերին, այդ թվում՝ Արցախի։
Միշտ ուշադրություն եմ դարձրել հատկապես Ստեփանակերտի խանութների, հյուրանոցների և նմանատիպ այլ վայրերի անվանումներին։ Տպավորություն է, որ ոչ թե հինավուրց հայկական բնակավայրում ես, այլ, ասենք, արևմտյան մի քաղաքում։


«Բոստոն», «Բարդակ», «Ցենտրալ», «Բիաջո», «Նաթիոնալ», «Ռեզոն», «Նակալի», «Ֆուդ մուդ», «Ֆենիքս», «Կապիտալ», «Սան Ռեմո», «Ֆլորենս», «Ռենեսանս», «Կվադրո» և այլն։
Քիչ չեն նաև ռուսական անվանումները՝ «Նաբերեժնայա», «Պիտաչոկ», «Դետսկի միր» և այլն։
Լավ, ի՞նչ տրամաբանությամբ են Ստեփանակերտը լցրել այդպիսի օտարահունչ ու մեր լեզվական քիմքին անբարեհունչ անուններով։ Արդյո՞ք նույն տրամաբանությամբ, ասենք, Բոստոնում կան խանութներ «Հաթերք», «Մաղավուզ» կամ «Կարմիր շուկա» անուններով։ Որևէ այլ երկրում կհանդիպե՞ք «Յուղուծու» կամ «Տակռե» անունով սրճարան։
Իհարկե, չեք հանդիպի, քանի որ օտարների համար Արցախը հայրենիք չէ, տո իսկի գոյություն էլ չունի, իսկ մենք, թողած մեր հրաշք անվանումները, ընկել ենք օտարների բոստոնների ու ռեզոնների հետևից։


Իրականում այս ընկերություններից շատերի աշխատողների ու սեփականատերերի ճանաչում եմ, մեծ մասը հրաշալի մարդիկ են, հրաշալի հայեր, բայց, չգիտես, ինչու, նրանց թվում է, թե որքան օտար հնչի իրենց օբյեկտի անվանումը, այնքան գրավիչ կլինի։
Հանուն արդարության պետք է ասել, որ կան նաև գեղեցիկ ու շատ գրավիչ անվանումներ, ինչպես՝ «Հեղնար», «Ուրարտու», «Մռավ», «Մենուա», «Ուռենի», «Թթենի», «Արարատ», «Օջախ», «Արագիլ» և այլն։


Ավելի վերևում նշածս օտարահունչ անուններով կառույցների սեփականատերերին առաջարկում եմ սրերով չընդունել ասածս։
Օրինակ, ինչքա՞ն լավ ու բարեհունչ կլինի, եթե Արցախի տարբեր խանութների, ռեստորանների, սրճարանների ու հյուրանոցների վրա լինեն՝ Մատաղիս, Թաղավարդ, Քարվաճառ, Հադրութ, Տումի, Քարեգահ, Բերձոր, Կովսական, Վարանդա, և մեր մյուս բնակավայրերի անվանումները կամ ժողովրդական «Լյուսնինգա», «Իրիքնակ», «Պարլյուս», «Սմացկուն պեն», «Պարիկամ» և այլն։ Մի խոսքով, Արցախի բարբառն այնքան հարուստ ու գեղեցիկ է, որ հինչ ման կյաս ճարմս։


Սիրենք մեր ունեցածը, մեկ է՝ մենք ոչ մեկին պետք չենք, մենք միայն մեզ ենք պետք։ Եթե մենք ամուր չպահենք մերը, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու։ Նախ՝ պետք է սեփականին տեր կանգնենք, որ մտածենք ազատագրելու մասին։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 9102

Մեկնաբանություններ