38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒնե՞նք գոնե հետին խելք․ Անդրանիկ Թևանյան

ՈՒնե՞նք գոնե հետին խելք․ Անդրանիկ Թևանյան
13.10.2022 | 07:32

Հայերի ինքնագնահատականում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Թուրքն ասել է՝ հայի հետին խելքն իմը լիներ» ձևակերպումը։ Խոսքի իմաստն այն է, որ հայը հետին թվով ճիշտ դատողություններ է անում և ճիշտ եզրակացության հանգում, ուստի թուրքը երազում է այդ խելքի տերը դառնալ։ Առաջին հայացքից թվում է, թե լավ բան է հայի հետին խելքի մասին գնահատականը, բայց դա՝ միայն առաջին հայացքից։


Չգիտեմ՝ արդյոք թուրքն այդպիսի խոսք ունի՞, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ հայի հետին խելքի մասին ձևակերպումն այնքան էլ լավ բան չի ասում մեր մասին ու շատ դեպքերում գերագնահատված է։
Ասում են՝ խելացին սովորում է ուրիշի սխալների վրա, իսկ հիմարը՝ սեփական սխալների։ Եթե հայի հետին խելքի մասին թուրքերն իրոք արտահայտվել են, ապա՝ ակնհայտորեն ոչ թե դրական, այլ ուրիշ ենթատեքստով։


Եթե անհատական մակարդակով ու կենցաղային հարաբերություններում հայը, որպես կանոն, ունի խելք, այդ թվում՝ հետին, ապա հավաքական հետին խելքը, մեղմ ասած, կաղում է։
Ավելին՝ կյանքը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հայի հետին խելքը չի «աշխատում», քանզի նույնիսկ սեփական սխալների վրա չենք սովորում։ Խոսքը պետությանն է վերաբերում։ Օրինակ՝ 1920 թվականին պետություն ենք կորցրել, բայց հետևություններ չենք արել, չենք վերլուծել, հետին խելք չենք «աշխատացրել»։ Պատմության դասերից փախել ենք ու գնացել ցոգոլ գողանալու։ Դրա համար էլ պատմությունը բումերանգի էֆեկտով հարվածում է։
Մեր բոլոր տիպի խելքերի բացակայությունն է պատճառը, որ մսխվեց Արցախյան հաղթանակը, մսխվեց Արցախի պետականությունը, մսխվում է Հայաստանի Հանրապետությունը։


Առաջ ասում էին՝ «Արցախի ազատագրված տարածքները տանք և Արցախը փաստացի հանձնենք Ադրբեջանին, որ լավ-խաղաղ ապրենք»։ Հիմա ասում են՝ «Արցախը տանք Ադրբեջանին, որ գոնե խաղաղ ապրենք»։ Այս օրերին ձայներ են լսվում այն մասին, թե գուցե արժե Սյունիքը տալ, որ խաղաղ ապրենք։ Ու այդպես կհասնեն մինչև Բավրա ու Այրում։
Տարիներ շարունակ մեզանում խորաթափանցության, առաջադիմության, խելքի նշան էր համարվում և հիմա էլ որոշ շրջանակների համար շարունակում է այդպիսին համարվել «հողերը տանք, որ լավ-խաղաղ ապրենք»–ը։ Ավելի հակապետական, հակահայկական ու հիմար կոդ դժվար էր պատկերացնել, բայց ներսի «խելոքները» և թշնամու տեղեկատվական դիվերսանտները, հայկական իշխանությունների՝ էշի ականջում քնելու և քաղաքականությունն առևտրականացնելու պայմաններում, կարողացան մեր հանրային ու պետական օրգանիզմն իմունազրկել։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու կյանքի կոչեց բոլոր թշնամական ծրագրերը։


Տեսնես կգտնվի՞ մի հայ (խոսքս վարձկան դիվերսանտների ու երդվյալ քիրվայականների մասին չէ․ նրանք ավարտված ու անհույս մարդիկ են), որն այս ամենը տեսնելով՝ թեկուզ հետին թվով, գոնե ինքն իրեն, գոնե ոչ բարձրաձայն կխոստովանի, որ սեփական հաղթանակն ատելը, հողերը տալու գնով լավ-խաղաղ ապրելու հույս ունենալը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու գնով բարգավաճելու ծրագրերը, «զիջենք-հանձնվենք, թե չէ պատերազմ կլինի» բանաձևին հավատալն առնվազն հանցավոր մոլորություն է եղել։


Կգտնվի՞ հայի հետին խելքով հպարտացող մեկը, ով ճիշտ հետևություն արած կլինի ու համարձակություն կունենա գոռալու, որ սխալվել է ու հիմա պետք է ամեն ինչ անի, որ այդ սխալն ուղղի։ Հենց որ դա եղավ, այն ժամանակ կարելի է իրոք դրական գնահատել հայի հետին խելքն ու մտածել սրանից հետո միայն առաջնային խելքով շարժվելու մասին։
Հիմա բացառապես խելքի խնդիր է այս վիճակից դուրս գալը։ Խելք չունեցանք, ոտատակ ենք ընկնելու։ Այս անգամ՝ ընդմիշտ։

Դիտվել է՝ 8629

Մեկնաբանություններ