Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԲԱՑԱՌԻԿ ՏԱՂԱՆԴ

ԲԱՑԱՌԻԿ ՏԱՂԱՆԴ
05.11.2010 | 00:00

Հանրապետական և միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների մասնակցած, ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների և պատվոգրերի արժանացած ժողովրդական վարպետ էր ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ում հմուտ ձեռքի տակ սովորական կավը, շամոտը, փայտը, մետաղը, կաշին ու տարատեսակ ներկերը դառնում էին արվեստ արարող հումք և ինքնադրսևորման յուրատիպ միջոց: Արվեստի հետ հարազատությունը ժառանգել է նախապապից` մշեցի Սահակից, որը եղել է նաղաշ, բրուտ, փորագրություններ արել քարի վրա: Արվեստի դպրոցը նրա համար կյանքն էր: Լոռվա բնաշխարհը, հայ ավանդական ճարտարապետության, խեցեգործության, կարպետագործության նմուշները, խաչքարերի զարդանախշերը ներշնչանքի աղբյուր են ծառայել ինքնուս ստեղծագործողի բեղուն որոնումների համար: Պակաս կարևոր չեն եղել այս իմաստով նաև իրական, կենդանի մարդիկ, հայ և համաշխարհային գրականության, դիցաբանական պատումների հանրաճանաչ հերոսները: Նրա ստեղծագործություններում իրենց նորովի կերպավորումն են գտել «Քաջ Նազարը», «Բարեկենդանը», «Մեծապատիվ մուրացկանները», «Ազգային ջոջերը», «Մոլլա Նասրեդինը», Հաշեկի «Շվեյկը»: Վերջին աշխատանքը նրան լայն ճանաչում բերեց Չեխոսլովակիայում և շնորհեց Սկալիցա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ստեղծել է նաև անիմալիստական աշխատանքների շարքեր, հուշանվերների «Հայկական տիկնիկներ» շարքը: 1977-ին «Հայաստան» պաննոյի և մի շարք այլ գործերի համար Սահակ Սահակյանն արժանացել է դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնագործունեության առաջին համամիութենական փառատոնի դափնեկրի կոչման: Նույն թվականին 120 աշխատանքով մասնակցել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած ցուցահանդեսին:
Վարպետը մշտապես առաջնորդվել է լոռեցի վարպետ Գալոյի պատգամով. «Ամեն մարդ պետք է իրենից հետո թողնի գեղեցիկ գործեր»: Այս պատգամին հավատարիմ` նա ստեղծագործական իր լիցքերի համար անսպառ ակունք է համարելՄեծն լոռեցու` Հովհաննես Թումանյանի կերպարները: «Նա, կարծես, կերպարները քանդակված քեզ է հրամցնում: Մնում է միայն կավը վերցնես ու քո ձեռքով քանդակես»,- ասում էր վարպետը:
Ժողովրդական վարպետի ստեղծագործությունը բարձր են գնահատել մշակույթի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, ի մասնավորի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` նկատելով, որ ժողովրդական կոչումը, որը հենց ժողովուրդն է շնորհում, իսկապես ամենահզոր երևույթն է արվեստում, և այդ կոչմանն արժանացել է վարպետ Սահակը: ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն այսպես է բնութագրել Սահակ Սահակյանի արվեստը. «Վարպետ Սահակի ամեն մի ստեղծագործության մեջ կարելի է տեսնել մեր ժողովրդի, մեր էպոսի, մեր հեքիաթների ողջ իմաստը»:
Սահակ Սահակյանի ստեղծագործությունների բազմաթիվ ցուցահանդեսների շարքում, որոնք կայացել են Երևանում, Մոսկվայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում և այլուր, առանձնակի կարևոր էր Գերմանիայի Հանովեր քաղաքում վեց ամիս շարունակված EXPO-2000-ին մասնակցությունը, որի ընթացքում Նոյյան տապանի ֆոնին ներկայանում էր վարպետ Սահակը` իբրև Նոյ նահապետ, իբրև հայ տոհմի նախակարապետ` մասնակից 140 երկրների էքսպոզիցիաների մեջ շահեկանորեն առանձնանալով իր կերպարով:
Երկրային կյանքին վերջերս հրաժեշտ տված վարպետը շարունակում է իր կենսապատումը` սերունդներին ժառանգություն թողած ստեղծագործությունների մեջ:
Սահակ Սահակյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, փայտարվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում, Բելգիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Ռումինիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ալժիրի մասնավոր հավաքածուներում:
Դեռևս 2001 թվականին արվեստաբան Հենրիկ Իգիթյանը նախանշել է կարևոր մի նպատակ. «Սահակ Սահակյանը եզակի երևույթ է` որպես արվեստագետ, որպես մտածող, ստեղծող: Նա հիշեցնում է հին վարպետներին: Ոչ թե իր ոճով, այլ իր գործունեությամբ: Որովհետև չկա արվեստի մի որևէ տեսակ, որով նա չզբաղվի: Սահակն իսկական ժողովրդական արվեստագետ է, ժողովրդական վարպետ: Եվ դա չափազանց կարևոր է, որովհետև, կարծես թե, մշակույթի այդ մարդկային կատեգորիան արդեն անհետանում է մեր միջից: ՈՒնենք մտադրություն ստեղծելու Սահակի գործող թանգարանը, որտեղ և՛ ինքը կաշխատի, և՛ կունենա բազմաթիվ աշակերտներ, որոնց կուսուցանի: Որովհետև շատ ափսոս է, որ այս վարպետի ունակությունը, տաղանդը չփոխանցվեն նոր սերունդներին»:
Կիսելով վարպետի որդու` Պերճ Սահակյանի մտահոգությունները` կապված իր տաղանդավոր հոր ժառանգության ապագա ճակատագրի հետ, ցանկանում ենք հավատալ, որ նա ի զորու կլինի իրագործելու հայրական տունը տուն-թանգարանի վերածելու իր լուսավոր նպատակը, և այն կդառնա մեր քաղաքի կենսունակ մշակութային օջախներից մեկը, ուր ոչ միայն հնարավոր կլինի շփվել գեղեցիկի հետ, այլև դասեր քաղել ժողովրդական վարպետի թողած հարուստ հավաքածուից:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4838

Մեկնաբանություններ