Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
08.10.2010 | 00:00

Երևանի քաղաքային պանթեոնից անհետացել է Դերենիկ Դեմիրճյանի տապանաքարին ամրացված բրոնզե կիսանդրին: Այդ մասին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի աշխատակազմն իմացել է հոկտեմբերի 6-ին: Տուն-թանգարան է զանգել Անժելա Ստեփանյանի որդին` Էմիլ Ստեփանյանը, և հայտնել լուրը, հետաքրքրվելով` տեղյա՞կ են պատահարին, թե՞ ոչ: Հաջորդ օրը թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը և ֆոնդապահ Արուսյակ Ղազարյանը այցելել են պանթեոն և, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ գտել անվանի գրողի շիրիմը:
Բրոնզե կիսանդրին տեղադրված է եղել մոտ երկու մետր բարձրությամբ բազալտե քարի վրա, որն իր բարձրությամբ աչքի է զարնել` հուշելով շիրիմի տեղը: Կիսանդրին իսկապես անհետացած է եղել: Պատվանդանի վերին հատվածն ամբողջությամբ կոտրված է եղել, անգամ թռչունները բույն են հյուսել այնտեղ, ինչը ոստիկանության աշխատակիցներին թույլ է տվել ենթադրելու, որ այս պատմությունն ավելի քան մեկ ամսվա վաղեմություն ունի: Էմիլ Ստեփանյանի վկայությամբ, երբ Զատկի տոնին այցելել է պանթեոն, Դեմիրճյանի տապանաքարը նորմալ վիճակում է եղել, անհետացումը նկատել է Սուրբ Խաչին հաջորդող մեռելոցին` սեպտեմբերին: Մտածելով, որ համապատասխան անձինք տեղյակ են, ոչինչ չի ասել: Հետո, տեսնելով, որ աղմուկ, անցուդարձ չկա, նոր միայն բարձրաձայնել Է: Կարինե Ռաֆայելյանը դեպքի մասին հայտարարություն է տվել Էրեբունու տարածաշրջանի ոստիկանության բաժանմունքում: Հարուցվել է քրեական գործ: Հավաքվում են համապատասխան վկայություններ, փաստեր` միջադեպի մանրամասները ճշտելու համար: Տուն-թանգարանից պահանջվել են նաև տապանաքարի լուսանկարները: Կարինե Ռաֆայելյանը նշում է, որ պարբերաբար, մանավանդ հոբելյանական տարիներին, կազմակերպվել է երթ, 2007-ին գրողի 130-ամյակի կապակցությամբ երթին մասնակցել են Հայաստանի գրողների միությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, գրականության ինստիտուտը, «Ջավախք» հայրենակցական միությունը, «Վիրահայոց միություն» հասարակական կազմակերպությունը: Երևան քաղաքում, որպես կանոն, անհետացած քանդակները չեն գտնվում: Հույս ունի՞, արդյոք, տուն-թանգարանի վարիչը, որ այնուամենայնիվ, ինչ-որ բան կձեռնարկվի իրադրությունը շտկելու համար: «Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում աշխատում եմ արդեն 16 տարի,- ասում է Կարինե Ռաֆայելյանը,- տուն-թանգարանում վաղուց հասունացել է հիմնովին վերանորոգման և նոր ցուցադրություն ունենալու խնդիրը: Այդ հարցերը դեռ չլուծված` կանգնում ենք հերթական դժբախտության առաջ: Իմ անձնական կարծիքով` սա հերթական աղետն է Դերենիկ Դեմիրճյանի ճակատագրում: Այն դեպքում, երբ մենք խոսում ենք մեր հուշարձանների` օտար հողերում պաշտպանված չլինելու մասին և դա որակում վանդալիզմ, մեր իսկ հողում, հայոց մեծերի հանգստավայրում կատարվում է մի դեպք, ինչը պետք է որակեմ իր` մեծն Դեմիրճյանի խոսքերով` «ազգային խայտառակություն»: Մենք ազգովին կարիք ունենք մաքրվելու և ինքներս մեզ ապահովագրելու նման խայտառակություններից»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3948

Մեկնաբանություններ