«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ծագում են երկարատև ռազմական ընդհարման օջախներ

Ծագում են երկարատև  ռազմական ընդհարման օջախներ
24.05.2013 | 00:42

Ներկայումս իսլամական արմատական շարժումը քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամ է ապրում` կապված մի շարք կարևոր իրադարձությունների հետ։ Դրանք են` իսլամականների չեչենական խմբավորման փաստական ջախջախումն ու չեչենական խնդրի որոշակի մարումը և իսլամական արմատականության կենտրոնների կողմից արմատականության այդ օջախի նկատմամբ հետաքրքրության սկզբունքային նվազումը, իսլամական արմատականության առնչությամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության վերաիմաստավորումը, արաբական պետությունների կողմից իսլամական արմատականության սպառնալիքի խնդրով մտահոգության աճը, իսլամական սկզբունքների` շարիաթի միջոցով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և ազգային զորեղ պետությունների ստեղծման անհնարինությունը, իսլամական պետությունների ու իսլամական արմատական շարժումների տարբեր ուղղությունների միջև հակասությունների խորացումը։ Եվ այս ֆոնի վրա իսլամական արմատականության կողմից ճնշման ենթարկվող մի շարք պետություններ նրա դեմ պայքարի կառույցներ են ստեղծել։
Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո կոսմոպոլիտական, նախ և առաջ սուննիական իսլամական շարժումները չկարողացան ինքնուրույն լուծել որևէ քաղաքական ու աշխարհառազմավարական խնդիր որևէ ուղղությամբ։ Կոսմոպոլիտական իսլամական շարժումների բոլոր հաջողությունները Բալկաններում, հյուսիսարևմտյան Չինաստանում և Կենտրոնական Ասիայում կապված են բացառապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ցուցաբերած աջակցության հետ։ Լիբանանյան «Հըզբոլլահի» ռազմաքաղաքական հաջողությունը Հարավային Լիբանանում բացատրվում է նրանով, որ այդ կազմակերպությունն իրենից ներկայացնում է մի ազգային կրոնական կազմակերպություն, որը նպատակ է հետապնդում պայքարելու իր հայրենիքի ազատագրման համար։ Առանց բացառության բոլոր անդրազգային նախագծերը, որոնք կառուցված էին կրոնական սկզբունքների հիմքի վրա և նախաձեռնվել էին ֆինանսատնտեսական նպատակներով ու շահով, դատապարտված էին ձախողման։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մի շարք միջոցառումներ են իրականացրել բուն իսլամական պետությունների համար իսլամական արմատական սպառնալիքի ստեղծման նպատակով։ Ներկայումս արաբական բոլոր առաջատար պետությունները ենթակա են իսլամական կազմակերպությունների կողմից կառավարվող վարչակազմի տապալման իրական սպառնալիքի։ Մի կողմ թողնելով Ալժիրը, որը սահմանազատված է Մերձավոր Արևելքի խնդիրներից, և որտեղ գերիշխում են ֆրանսիական հատուկ ծառայությունները, իսլամական շարժման կողմից ամենամեծ սպառնալիքը Եգիպտոսում է։ Այստեղ ավանդական գերակայությունները պահպանում են «հին» իսլամական կազմակերպությունները, հիմնականում «Մահմեդական եղբայրներ» միավորման շրջանակներում գործողները։ Այդ կազմակերպությունները լավ հայտնի են և ուսումնասիրված են իշխանությունների ու արևմտյան հատուկ ծառայությունների կողմից։ «Ալ-Քաիդա»-ի տիպի «Նոր կազմակերպությունները» և այն մյուս նոր խմբավորումները, որոնք նոր նպատակներ են հետապնդում, մեծ ազդեցություն չեն գործում Եգիպտոսում տեղի ունեցող այդ գործընթացների վրա։ Սակայն Եգիպտոսում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մեծ ջանքեր չեն թափում համապատասխան նախաձեռնությունների վրա։ Նրանք, փաստորեն, հնարավորություն չունեն իսլամականների օգնությամբ Սիրիայում ու Լիբանանում կառավարող վարչակազմերի խարխլման համար։ Բայց անգլո-ամերիկյան բլոկի գլխավոր հարվածն ուղղված է վարչակարգերի խարխլմանը գործընկեր երկրներում` Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Օմանում ու Հորդանանում։ Այդ երկրներում արևմտյան տերությունները զուգորդում են իրավիճակի խարխլման երկու բաղադրիչ` նոր արևմտամետ կրթյալ վերնախավը և իսլամական արմատականներին։ Մշտական շանտաժ ենթադրող հիմնական հարվածը հասցվում է Սաուդյան Արաբիային։ Ամերիկացիները Սաուդյան Արաբիայի հանդեպ անսխալ մոտեցում են ձեռնարկում։ Նրանք ձգտում են ստեղծել սահմանափակ գործունեությամբ իսլամական կազմակերպություններ և թագավորական ընտանիքը որոշակիորեն հեռու պահել սալաֆականության (տվյալ դեպքում` վահաբականության) առավել հրահրիչ բռնակալական սկզբունքներից։ Սաուդյան ղեկավարությունը հարկադրված է համապատասխան քայլերի դիմելու, ինչն առաջ է բերում իսլամականների հակազդեցությունը։ Բրիտանական փորձագետներն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության հետևանքով սաուդյան կառավարող վերնախավը տրոհվել է երեք մասի. չափավոր քաղգործիչներ, որոնց առաջնորդում էին թագավորական ընտանիքի որոշ անդամներ, արևմտամետ ուժեր, որոնք ընդգրկում են տեխնոկրատիայի ներկայացուցիչների, իսլամական էսթետների, խոշոր առևտրական բուրժուազիայի մի մասը, մտավորականությանն ու թագավորական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչների, համաարաբական ուժեր, համաարաբական ազգայնականության ջատագովներ` թագաժառանգ Աբդուլայի գլխավորությամբ։ Հարկ է նշել, որ դեռ տասը տարի առաջ Սաուդյան Արաբիայում այդքան հստակ ու որոշակի ներքին դիմակայություն չկար։ Դա առաջացավ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի (հենց այս հաջորդականությամբ) գործունեության հետևանքով։
Համանման քայլեր են ձեռնարկվում նաև Քուվեյթի, ԱՄԷ-ի, Օմանի ու Հորդանանի նկատմամբ։ Հորդանանի երիտասարդ Աբդուլա թագավորը ձգտում է Հորդանանը վերածել մերձավորարևելյան քաղաքական Շվեյցարիայի, այսինքն, պետությունների ու շարժումների, տարբեր ընդդիմադիր խմբավորումների քաղաքական բանակցությունների անցկացման վայրի ու միջնորդի։ Ընդ որում, Հորդանանը, օգտվելով իր այդ դիրքորոշումից, ձգտում է պաշտպանել արաբական ազգային շահերը, հետաքրքրություն է ցուցաբերում Իրաքի և Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման հանդեպ։ Սրանով է պայմանավորված իսլամականների օգնությամբ նաև Հորդանանի նկատմամբ «սասանման» եղանակների կիրառումը։
Արաբական և այլ իսլամական պետությունների հետագա աշխարհականացման հարցում Արևմուտքի երկու-երեք տասնամյակի երևակայական հույսերից հետո, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի (ինչպես նաև Իսրայելի) ռազմավարական քաղաքականության մշակման կենտրոնները հասկացան, որ արաբական և իսլամական պետությունների ժողովրդավարացումը շատ վտանգավոր հեռանկար է Արևմտյան ընկերակցության և Իսրայելի շահերի համար։ Նախ, այն անպայման հանգեցնում է այդ երկրներում տիրող իրադրության լուրջ խարխլման, առաջ բերելով տևական սոցիալական և քաղաքական անկայունություն, քաղաքացիական դիմակայություն, զինվորական պետական հեղաշրջումներ, ծագում են երկարատև ռազմական ընդհարման օջախներ։ Միաժամանակ, առաջանում է երկարատև անկառավարելի իրավիճակ։ Այդ երկրների վարչակազմերը սովորել են ժողովրդավարությունը պահել որոշակի մակարդակի վրա և կանխել իրենց սպառնացող վտանգները։ Առանձին դեպքերում ժողովրդավարացումը հանգեցրել է ոչ միայն չափավոր իսլամական, այլև արմատական իսլամական վարչակարգի ամրապնդմանը, իհարկե, ոչ այնքան տևական ժամանակի շրջանակներում։ Երկրորդ, ժողովրդավարացման և աշխարհականացման «սկզբնական» փուլերը հանգեցնում են տնտեսության և սպառման որոշակի աճի, ինչը ոչ միշտ է նպաստավոր Արևմուտքի տնտեսական շահերի համար։ ՈՒստի Արևելյան Եվրոպայի առնչությամբ կիրառելի ժողովրդավարացման և ազատականացման եղանակը չի կարող կիրառվել արաբական ու իսլամական պետությունների նկատմամբ։ Որպես «սասանման» բազմակիրառական եղանակ շատ ավելի մեծ հաջողությամբ կիրառվում է իսլամականացումը, քանի որ այն ավելի կառավարելի է Արևմուտքի համար և ավելի պակաս կառավարելի` արաբական և իսլամական պետությունների համար։
«Սասանումը» սկզբունքորեն ուղղված է այնպիսի միտումների ուժեղացումը կանխելուն, ինչպիսիք են համաարաբականությունն ու համաիսլամականությունը որպես առաջատար արաբական և իսլամական պետությունների պետական քաղաքականություն։ Սակայն արաբական և իսլամական պետություններում տիրող վարչակարգերի «սասանման» առումով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առավել կարևոր խնդիրն ածխաջրածնային հումքի գների վերահսկողությունն ու եվրոպական տնտեսությանն աշխարհատնտեսական հարվածներ հասցնելն է։ Այսպիսով, իսլամական արմատականությունը դանդաղ շուռ է գալիս հենց իսլամական պետությունների դեմ։
Արաբական աշխարհի առաջատար նավթաֆինանսական տերությունները ռազմական տերություններ չեն և ի վիճակի չեն սովորական պատերազմներ մղելու անգամ ոչ մեծ, բայց լավ կազմակերպված պետությունների դեմ։ ՈՒստի նրանք շահագրգռված են պարտիզանական պատերազմներ մղելու այն պետությունների դեմ, ուր արաբական նավթաֆինանսական վերնախավն աշխարհատնտեսական շահեր ունի։ Պարտիզանական պատերազմներն առանձնահատուկ գաղափարախոսական հիմք ու քաղաքական ոճ են պահանջում։ Դրա հետ մեկտեղ, արմատական իսլամականության ծագման կենտրոնները ենթադրում են ոչ միայն նվաճողականություն, այլև ինքնապահպանում։ Դա հանգեցնում է այն բանին, որ փորձեր արվեն առկա իսլամական արմատական զորությունն ուղղելու դեպի արտաքին միջավայր` կա՛մ այլ իսլամական պետությունների դեմ, կա՛մ էլ այն պետությունների, որոնք ընդարձակ լուսանցքային տարածքներ ունեն, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և այլք։ Այդ պետությունների դեմ պարտիզանական պատերազմը թանկ չի նստում։ Ըստ էության, արաբական նավթաֆինանսական վերնախավն այդ նախագծերի վրա իր եկամուտների նույնիսկ 10 տոկոսը չի ծախսում։ Ցածր կենսամակարդակն Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, հյուսիսարևմտյան Չինաստանում, Ռուսաստանի հարավում թույլ է տալիս զգալի պարտիզանական զորախմբեր հավաքագրել` համեմատաբար ոչ մեծ ծախսերով։ Գրոհայինների հավաքագրումը Մեծ Բրիտանիայում և «Բրիտանական համագործակցության» որոշ հարուստ երկրներում շատ ավելի թանկ է նստում, քան անմիջականորեն հակամարտության շրջաններում։ Դրա հետ մեկտեղ, ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների աշխատանքը թույլ է տվել կանխելու իսլամական արմատական խմբավորումներից բխող շատ վտանգներ ու սպառնալիքներ։
Իսլամական խնդիրների ամերիկյան առաջատար փորձագետ Շեր Հանտերի (Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոն, Վաշինգտոն) կարծիքով, առաջիկա 20 տարում ԱՄՆ-ի քաղաքականությունը միտված կլինի իսլամական շարժման զսպմանը որպես գերակա արտքաղաքական խնդիր։ Փորձագետը պնդում է, որ ԱՄՆ-ը ձգտում է խուսափել իր համար խիստ անհաճո քայլից` արմատական իսլամականության դեմ Ռուսաստանի ու Չինաստանի հետ համագործակցելուց, և որ առաջ երբեք ԱՄՆ-ը իսլամական շրջանների նկատմամբ հինգ տարուց ավելի տևողությամբ նախաձեռնություններ չի ծրագրել, բայց հիմա երկարաժամկետ պլանավորման բացակայությունը լուրջ խոչընդոտ է դարձել ամերիկյան արտաքին քաղաքականության ճանապարհին։ Այս կապակցությամբ փորձագետն աշխատում է հիմնավորել տարբեր պետությունների, այդ թվում նաև` Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Իոսիֆ Բոդանսկին մշակել և փորձարկել է իր մտահղացումներն անվտանգության «գոտու» ստեղծման վերաբերյալ, որն ուղղված է իսլամական և այլ արմատականության դեմ, մասնակցությամբ նաև շատ պետությունների, այդ թվում` Ռուսաստանի։ Այդ նախագծում կարևոր դեր է վերապահվում Հայաստանին, որն անվտանգության երաշխիքի դիմաց պետք է մասնակցի իսլամական արմատականության կենտրոնների ճնշմանը։ Ի. Բոդանսկին այդ ծրագիրը շարադրել էր դեռ 1999-ին Հայաստան կատարած իր այցի ժամանակ։ Հետագայում Հայաստանը շարունակեց դիտվել որպես հարմար հրապարակ իսլամական արմատականության դեմ պայքարի համար, ինչը պետք է Հայաստանը տարածաշրջանում վերածեր «երկրորդ Իսրայելի»։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը անվտանգության ինչ-որ տարածաշրջանային համակարգերի ստեղծման տեսանկյունից դիտարկող տարբեր նախագծեր գալիս են ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ուղեղային կենտրոններից և կոչված են ապահովելու Իսրայելի անվտանգությունը։ Այս պայմաններում Ռուսաստանը հույսեր էր կապում ԱՄՆ-ի միավորիչ ջանքերի հետ, որը կարող էր Ռուսաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել իսլամական արմատականության և ահաբեկչության դեմ պայքարի համար։ Հանրապետական վարչակազմը Ջ. Բուշի իշխանության սկզբնական շրջանում սկզբունքորեն նվազեցնում էր իր պատասխանատվությունը Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, ուշադրությունը կենտրոնացնելով Մերձավոր Արևելքի վրա, այնուհետև փորձեց ջանքերը տեղափոխել Աֆղանստանի ու Պակիստանի վրա։ Անգլո-ամերիկյան վերլուծաբան Անատոլի Լիևենի գնահատմամբ, հանրապետական վարչակազմին չի հաջողվի խուսափել տարբեր տարածաշրջաններում ագրեսիվ իսլամականության հետ «ուղղակի բախումից» և կարգուկանոնի համար ԱՄՆ-ի պատասխանատվության նվազեցումը վաղաժամ է։ Ազատական ուղղության փորձագետի կարծիքով, այդ միտումների բնույթն այնպիսին է, որ, անկախ արտքաղաքական մարտավարությունից, ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի այդ շարժումների դեմ մղվող պայքարում։ Բ. Օբամայի վարչակազմը որոշում է ընդունել շարունակելու նախորդ վարչակազմի ծրագրերը Հարավային և Կենտրոնական Ասիայի խնդիրների լուծման ուղղությամբ, ներառյալ Հնդկաստանը, Պակիստանը, Աֆղանստանը և այլ պետություններ։ Բայց տվյալ պարագայում, լուծելով իսլամական արմատականության մարման խնդիրները, իրականում ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել անվտանգության և այդ տարածաշրջաններ, այսինքն` եվրասիական տարածքներ, չինական ներթափանցումը կանխելու «գոտի»։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 23721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ