Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

«Դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը»

«Դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը»
19.09.2008 | 00:00

Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ բացվեցին ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ։ Սա մեծ օգնություն էր բուհին, և մանկավարժական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանն իր ու կրթօջախի անունից երախտագիտության խոսքեր ուղղեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, հատկապես հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ։
Բարսեղ Բեգլարյանն իր խոսքում համալսարանի ուսանողներին ու դասախոսներին անկաշկանդ զրույցի կոչ արեց և ներկայացրեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նպատակները։ «Դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը». այս գաղափարախոսությունն ունենալով հիմքում՝ մեկ տարի առաջ ստեղծվեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը։ Այն նպատակ ունի նպաստել բարեպաշտ, նորարարական ոգով օժտված երիտասարդ գիտնականների և մասնագետների ձևավորմանը, ովքեր հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից։ Հիմնադրամը բարեգործական օժանդակություն է ցուցաբերում ուսանողներին, ասպիրանտներին, երիտասարդ գիտնականներին՝ կրթաթոշակների տրամադրման, ուսման վարձերի փոխհատուցման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների և թեմաների ֆինանսավորման միջոցով։
Բարսեղ Բեգլարյանն ինքը, սերտորեն կապված լինելով կրթական համակարգի հետ (12 տարի աշխատել է ժողովրդական տնտեսության ինստիտուտում), ընկալելով գիտելիքի կարևորությունը և ուսանողների պրոբլեմները, որոշեց ստեղծել հիմնադրամ, որը գուցե շատ փոքր, բայց օժանդակություն է ցուցաբերում ֆինանսական կարիք ունեցող ուսանողներին և երիտասարդներին։ «Կրթության համար պետք է վճարել. սա են պահանջում նորանկախ պետության խաղի կանոնները, և ես, հիմնելով այս հիմնադրամը, փորձում եմ օգտակար լինել այն ուսանողներին, ովքեր ձգտում են տիրանալ գիտության բարձունքներին։ Դուք արժանի եք շատ ավելիին, և նման աջակցությունը միանվագ չի լինելու, այն ունենալու է շարունակական բնույթ։ Մեր պետությունն ընդամենը 17 տարեկան է, և նրանից շատ բան պահանջել չի կարելի։ Գործարարները պետք է ամեն ինչ անեն, որ կարողանան օգտակար լինել պետությանը, տվյալ պարագայում՝ կրթության ոլորտին։ Եթե 1992-98 թթ. կարծես գիտելիքը, կրթությունը, ինտելեկտը մղվել էին երկրորդ պլան, ապա այսօր դրանց վարկը վերականգնվում է, և բոլորը հասկանում են, որ դրանք բացարձակ արժեքներ են»,- նշեց պարոն Բեգլարյանը։
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց իրենց ծրագրերը։ Հիմնադրամը սահմանել է կրթաթոշակներ տնտեսագիտության, հայագիտության, մանկավարժության, բնագիտական մասնագիտությունների գծով։ ՈՒսանողների համար յուրաքանչյուր մասնագիտության գծով սահմանվել է երեքական կրթաթոշակ՝ ամսական 30, 40 և 50 հազարական դրամի չափով։ Ասպիրանտների համար յուրաքանչյուր մասնագիտության գծով՝ երկուական կրթաթոշակ՝ ամսական 50 և 60 հազարական դրամի չափով։ Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով, որին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի լավ սովորող ուսանողներն ու ասպիրանտները։ Հիմնադրամն իրականացնում է նաև բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցում, տրամադրում է դրամաշնորհներ՝ իր գործունեության ծրագրից բխող թեմաներով։ Յուրաքանչյուր դրամաշնորհի համար սահմանվել է 300-500 հազար դրամ։
Միջոցառման ավարտին ռեկտոր Ա. Ղուկասյանի հրամանով «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը պարգևատրվեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» մեդալով՝ բարեգործության և մանկավարժական համալսարանի հետ արդյունավետ համագործակցության համար։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6875

Մեկնաբանություններ