ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ցաքուցրիվ մտքեր

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ցաքուցրիվ մտքեր
06.09.2014 | 17:24

Հետո, երբ հիշողությունը որպես զգացմունքների անսպառ շղթաներից (կարոտի, արած-չարածի համար զղջալ-չզղջալու, տառապանքի-ժպիտ-հրճվանքի) հյուսված ամբողջական փունջ, կշրջապատի պատանդ գերու պես քեզ, իմ մասին պատկերացումներիդ բուրգը կկառուցես` հենվելով մեր անցած ու դեռ անցնող ճանապարհի խորագիր-խորհրդի ներքո, խնդրում եմ...
Եվ թող հուզականությունը, մեծահոգությունը, չափազանցված մարդասիրությունը հոգեվիճակի դիմակ-երեսով այդ պահ-ժամերին դառնա քեզ համար խորթ ու դավաճան ընկեր...
...Գիտե՞ս, տառը, բառը խոսք-միտք, գրվելիք տող դարձնելու համար կենսագրությանդ անցնելիք թերթերում գրված տառ, բառ, խոսք, տող պիտի ունենաս, ամենակարևորը` չկարմրած ու չամաչող տողեր...
--Հպարտություն, ինքնավստահություն, եսասիրություն, հոգու մեծահոգություն, սիրելու ունակություն-համառություն, կամք` նպատակին անցնել-հաղթելու համար...և այս ամենը մի մարդու մեջ, հնարավո՞ր է...
Միշտ, գրեթե միշտ մարդը վերջում սկսում է մեղադրել իրեն` լավ քայլերի համար` էլ ավելի լավ չանելու, վատ քայլերի համար, որ դա, այնուամենայիվ, վատ է:
Եվ ու՞ր կորավ իմ ասած հպարտությունը.
...Մարդն ինքն իրեն ներել գիտի՞...
Հետո, երբ ժամանակն անցնում է, նույն ճանապարհն անցնելու անհասկանալի ցանկությունն է առաջ գալիս, ծնվում…մարդն իմացա՞վ, թե որտեղից եկավ և ու՞ր հասավ…
…Հիմա հասկացա՞ր, որ մարդը միշտ ու ամեն օր կորցնում է ինչ-որ բան` ժամ, օր, ամիս, տարի, նպատակ, ճանապարհ, որ մի քիչ էլ չափազանցնեմ` երջանկություն, սրանց ողջ գումարը` կյանք:
Հասկանու՞մ ես, մարդը կյանք է կորցնում…հետաքրքիր է, մարդը ինչ-որ բան գտել է՞ երբևէ…
Եվ երբ ասում են, թե ով փնտրում է, նա գտնում է, ես ասում եմ` չեմ հավատում այս տողերին… դու ինքդ քեզ գտե՞լ ես. չեմ հավատում, որ ինքդ քեզ երբևէ չես փնտրել…
…Մենք միշտ վիճում-դժգոհում ենք չհասկացված լինելու համար: Հետաքրքիր է` մենք ի՞նչ ենք ուզում հասկանալ վերջապես:
Կյանքի խաղը հետաքրքիր է նրանով, որ ինքներս ենք մեզ համար մնում այդպես էլ անհասկանալի…
…Բոլոր դեպքերում հետաքրքիր է մերժվածների ճակատագիրը ու սպանիչ` հոգեբանությունը..
Էլ ի՞նչ ես ուզում. մարդը մնաց մենակ: Մենակությունը հարստություն է, և արժե այն պահպանել լոկ տխուր օրերի համար. քաոսը, ավելորդ աղմուկը հաճախ բթացնում է սեփական ուղեղդ և քեզ դարձնում պարզապես շարժվող օրգանիզմ. միտք չկա, իսկ փողոցում խենթերն են քայլում, քայլում` խենթացա՜ծ, ցնորվա՜ծ…
Ափսոս չհասկացանք մենակության գինը, տարվեցինք մեր մեջ փթող հպարտությամբ, մեզ ամպեր հասցրած ինքնավստահությամբ, դիմացինի նախանձի թեմա դառնալու գնով` գոռոզությամբ, ու մենք չկանք, մենք չենք էլ եղել` նկատվել ենք պարզապես, չենք էլ ապրել` շնչել ենք պարզապես:
Ասենք մենք ի՞նչ պետք է անեինք, որ այս ենք արել. մենք մե՛զ ենք ճանաչել, հարազատս, ինքներս մե՛զ ենք ճանաչել: Սա ենք մենք…
…Իսկ ժամանակը դատավճիռ է: Նրա մեջ մարդասիրություն, խղճահարություն չկա. մենք ու՞ր ենք գնում կամ մե՞նք ենք գնում, թե՞ մեզ են քարշ տալիս…ու՞ր…
…Իսկ ես նույնպես ապրել եմ ուզում` թեկուզ անիմաստ, ոչ հետաքրքիր, աննպատակ…
Իսկ արժե, արդյո՞ք, ապրել, երբ բոլոր նպատակներդ ապրում-մեծանում են աչքիդ առաջ…
Մեկ-մեկ թվում է, թե երջանկության հետևից վազելը կխանգարի…
Նկատել ես, չէ՞, որ մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը մսխել են երջանկության հետևից վազելու ճանապարհին. կանգառներում` հոգնա՜ծ-ուժասպա՜ռ-հիասթափվա՜ծ մարդիկ:
Իսկ մենք մտածում ենք մաքառումի, դեգերումի, Աստված իմ, պայքարի մասին…ինչպիսի՜ երջանկություն…
Եվ նորաբաց այգում թառամած վարդերը միշտ դեղնում են մութը գալուն պես… Լուսաբացին. լուսաբաց չկա: Պարզապես օրն է անցնում, ու մենք այսքանից հետո դեռ ապրել ենք ուզում, նպատակի համար պայքար ենք մղում, որ հաղթենք, որ…
-Չէ՛ր կարելի, այսքան պարտվել պարզապես չէր կարելի…ասես ո՞վ էր մեղավոր…

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ