ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Ալիսիան գնաց` հավատացած լինելով, որ պիտի շարունակի իր զրույցներն Աստծո հետ

Սամվել ՍԵՎԱԴԱ. Ալիսիան գնաց` հավատացած լինելով, որ պիտի շարունակի իր զրույցներն Աստծո հետ
26.05.2014 | 13:33

Նա Հայաստան եկավ Արգենինայից, որպես հաղթանակած բանաստեղծուհի:

Աննախադեպ հաջողությունը միանգամից երիտասարդ բանաստեղծուհուն դրեց պառնասի վերին աստիճանին:
1967 թվականին հայ մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանի հանճարեղ թարգմանությամբ նրա «Արմատ և էություն» ժողովածուն լույս տեսավ 30 հազար տպաքանակով, առավոտյան գիրքն իջավ տպարանից և գրախանութներում սպառվեց դեռ կեսօր չեկած:
Գիրքը ձեռք բերելը հերոսության պես բան էր:
Նրա բանաստեղծությունները անգիր գիտեին բոլոր ուսանողները:
Նրա տեքստերով արտակարգ գեղեցիկ երգերի շարք գրեց երիտասարդ Ռոբերտ Ամիրխանյանը:
Առաջին անգամ Ալիսիա Կիրակոսյանին տեսա, երբ 20 տարեկան էի:
Ընկերս` գեղանկարիչ Վիգեն Թադևոսյանը, որն այն ժամանակ «Գարուն» ամսագրի գլխավոր նկարիչն էր, առաջարկություն էր ստացել ձևավորել նրա երկրորդ ժողովածուն, որի համար պիտի հանդիպեր Երևան ժամանած բանաստեղծուհուն:
Առաջարկեց միասին գնալ «Արմենիա» հյուրանոց, որտեղ տեղի ունեցավ հանդիպումը: Ես զմայլված հետևում էի Ալիսիային, լսում նրա կերկերուն արևմտահայերեն սոպրանոն:
Երկրորդ անգամ հանդիպեցինք, երբ ես 40 տարեկան էի և նոր էի գնացել Միացյալ Նահանգներ:
Բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսն էր Լոս Անջելեսի Թեքեյան կենտրոնի ցուցասրահում:
Ալիսիան եկել էր ինչպես միշտ շրջապատված իր պոեզիայի սիրահար կանանց երամով:
Երբ ինձ ներկայացրին, նա հպանցիկ ժպտաց և, աչքերիս մեջ նայելով, հարցրեց. «Պոեզիա կսիրե՞ս»:
Ի պատասխան ես արտասանեցի նշանավոր տողերը.
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ,
Մահն է պարզապես:
Սիրահարները անմահությունն են վերանորոգում:
Դա բացահայտորեն դուր եկավ նրան, հպարտորեն ժպտալով աչք ածեց շրջապատողներին և առաջարկեց նույն օրը երեկոյան հանդիպել իմ արվեստանոցում` ծանոթանալու համար իմ գործերին:
Եվ այդպես սկսվեց մեր մտերմությունը:

Ալիսիայի հինգ միլիոնանոց դղյակը գտնվում էր Գլենդելի բարձրադիր գոտում` Avonoak Terrace-ի վրա` պատերին հսկայական չափերի ուրարտական արքաների հարթաքանդակներով:
Լոս Անջելեսի բոմոնդը հաճախ էր հավաքվում այնտեղ, վայելելու քաղցրավենիքներ, տեսակ-տեսակ խմիչքներ, ծովային դելիկատեսներ: Ապա հանգում էին լույսերը, և մոմերի լույսի տակ սկսվում էր տանտիրուհու պոեզիայի ընթերցանությունը:
Ալիսիան որքան եսակենտրոն, նույնքան էլ ուշադիր էր իրեն շրջապատողների նկատմամբ:
Լոս Անջելեսի գրողական կաստան, իհարկե, առանձնապես հիացած չէր բանաստեղծուհու վարքով, որը տիրապետում էր մի քանի լեզուների և կարողանում էր վայելել նաև բուն ամերիկյան ընթերցասեր հասարակայնության համակրանքը:
Տարիներ ի վեր պատրաստ էին Ալիսիա Կիրակոսյանի բոլոր համապատասխան փաստաթղթերն ու անգլերեն թարգմանությունները` ներկայացնելու նրան Նոբելյան մրցանակի: Սակայն, կարծես, ապարդյուն:
Նրա անընկճելի ու հետևողական բնավորությունը շատերին հունից հանում էր, ու շատ հաճախ հայտնվում էր ինտրիգների կիզակետում:
Դա չէր խանգարում նրան հրատարակել իր գրքերն ու ժողովածուները, պաշտպանել դոկտորական թեզ, շրջագայել երկրից երկիր ու թարգմանաբար ներկայացնել իր ստեղծագործությունները:
Մի քանի անգամ ինքս մասնակցել եմ ամերիկյան շրջանակներում կազմակերպված Ալիսիայի բանաստեղծական երեկոներին, որտեղ նրա գործերն ընթերցում էին ամերիկացի դերասաններն ու ասմունքողները և իհարկե` ինքը:
Ծանր էր տանում իր մասին շրջող ամենատարբեր բնույթի խոսակցություններն ու բամբասանքները. սակայն միշտ ուժ էր գտնում իր մրջ հակադարձելու դրանց ու երբեք չէր զիջում հակառակորդներին:
Տարեկան մի քանի անգամ գալիս էր իմ արվեստանոց, որը գտնվում էր փարիզյան Մոնմարտրը հիշեցնող Honolulu Street-ի վրա: Հիմնականում պատմում էր իր մասին, մեկ-մեկ էլ անդրադարձ էինք կատարում իմ դարդուցավին:
Մի օր էլ զանգեց, թե` Սամուէլ, շտապ եկուր տունս:
-Ի՞նչ է պատահել, Ալիսիա:
-Կուգաս կիմանաս,- ասաց:
Գնացի: Պարզվեց` մի քանի օր առաջ Հայաստանից բավական հայտնի երկու կինոգործիչներ են եկել` ֆիլմ նկարահանելու Ալիսիայի մասին: Հյուրանոցի վարձը խնայելու նպատակով Ալիսիան առաջարկել էր «տղաներուն քնանալ» իր դղյակում, որտեղ բազմաթիվ ննջարաններ կային, իսկ տիրուհին միայնակ էր ապրում: Միակ դուստրը ուսանող էր և բնակվում էր համալսարանական քաղաքներից մեկում:
Այդ օրը տղաները դրսում լավ գինովցել էին իրենց ընկերների հետ, ապա, վերադառնալով իրենց կացարանը, խնդրել են տիրուհուն խմել իրենց հետ, իսկ գիշերվա կեսին երկուսով խուժել էին նրա ննջարան: Անհավասր մարտում հաղթել էր բուդուարի տիրուհին, որը նախ դիմադրություն էր ցույց տվել, ապա սպառնացել էր զանգել ոստիկանություն:
Հետաքրքիրն այն էր, որ իմ գնալու պահին "герой любовник"-ները հանգիստ քնած էին իրենց սենյակում: Ես ստիպված էի արթնացնել նրանց ու հայաստանյան լեզվով բացատրել իրենց անելիքը, այսինքն, լուռ լքել իրենց կացարանը:
Այդպես էլ եղավ:
Վերջին անգամ Ալիսիային տեսա 2005-ին, երբ պատրաստվում էի վերադառնալ Հայաստան: Խնդրեց, որ ձևավորեմ իր վերջին հատընտիր ժողովածուն, որը կոչվում էր «Ամբողջական երկեր»:
-Սամուէլ, ջանիկս, դուն գիտես, որ իմ առաջին գիրքս Պիկասոն ձևավորած է, ապա և վերջին գիրքս ձևավորելու պատիվը քեզի կուտամ:
15 էջ ձևավորումներ արեցի մեծադիր հատընտիրի համար, նաև բանաստեղծուհու դիմանկարը, որը նույնպես տեղադրվեց գրքում` ի թիվս մնացած գրաֆիկական էջերի:
Դա իսկապես նրա վերջին գիրքն էր, որը լույս տեսավ Հայաստանում:
Ալիսիան գնաց, իր հախուռն ու բազմաբովանդակ կյանքի մնացած արևը բաշխելով իր սիրասուն դստերը, ով շարունակում է մոր գործը:
Գնաց` թողնելով իր «Ամբողջական երկերը» պոեզիայի սիրահարներին:
Գնաց` հավատացած լինելով, որ պիտի շարունակի իր զրույցները Աստծո հետ, ինչպես վերնագրված էին իր ժողովածուի գլուխները:
Գնաց` իր հետ տանելով հազարավոր ընթերցասերների ու իր պոեզիայի ջատագովների սերն ու հիացմունքը:
Բարի երթ, Ալիսիա:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ