Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Եվրոպացիները շուտով 2000 եվրո կվճարեն հազար խորանարդ մետր գազի համար

Եվրոպացիները շուտով 2000 եվրո կվճարեն հազար խորանարդ մետր գազի համար
22.02.2022 | 23:49

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մի առիթով ճիշտ է ասել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին` Շոլցը Մերկել չէ: Այո, իհարկե, Շոլցը Մերկել չէ: Մերկելը, որպես Գերմանիայի կանցլեր, կին լինելով հանդերձ, ի տարբերություն Շոլցի, համեմատաբար ուժեղ քաղաքական գործիչ էր:


Ընդհանուր առմամբ, ենթարկվելով ԱՄՆ-ի, նրա նախագահի պահանջներին, Մերկելն իր ղեկավարած երկրի անվտանգության ու ռազմավարական շահերից բխող հարցերում դրսևորել է որոշ կամային հատկանիշներ ու վարել հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն: Դա, իհարկե, ԱՄՆ-ի նախագահի, մեղմ ասած, դուրը չի եկել, բայց դե ճարը ի՞նչ: Գերմանիան Եվրոպայի տնտեսապես ամենահզոր պետությունն է, Եվրամիության տնտեսական լոկոմոտիվը, և ԱՄՆ-ի ղեկավարությունը Ռուսաստանի հետ կապված որոշ հարցերում (օրինակ` «Հյուսիսային հոսք- 2» գազատարի կառուցման, ապա հավաստագրման գործընթացի), Մերկելի վարած քաղաքականությանը դեմ լինելով հանդերձ, ստիպված է եղել հաշվի նստելու այս իրողության հետ:


Ինչպես տեղեկանում ենք «Известия»-ի այսօրվա հրապարակումից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել դադարեցնելու «Հյուսիսային հոսք- 2» գազատարի հավաստագրումը՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման համատեքստում: Նրա խոսքով` Մոսկվայի գործողություններին արձագանքը կլինի համախմբված կերպով:


Առանց հավաստագրման, անհնար կլինի գազատարը շահագործման հանձնել։
«Այսօր ես խնդրեցի էկոնոմիկայի դաշնային նախարարությանը Դաշնային ցանցային գործակալությունից հետ կանչել էներգետիկ անվտանգության ապահովման մասին զեկույցը: Դա հնչում է որպես տեխնիկական խնդիր, բայց դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի գազատարի հավաստագրումն այժմ տեղի չունենա»,- կանցլերի հաղորդագրությունը փոխանցել է «Financial Times»-ը:


Շոլցը հայտնել է նաև, որ վերջին իրադարձություններից հետո Գերմանիան ընթացիկ օրվա ընթացքում կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ։ Ավելի ուշ «РИА Новости»-ն տեղեկացրեց, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է Գերմանիայի կառավարության կողմից «Հյուսիսային հոսք- 2»-ի սառեցման մասին և հավելել` Ռուսաստանը պետք է զգա իր գործողությունների հետևանքները: Դե հիմա տեսնենք, թե ով է իր գործողությունների հետևանքները զգալու: Ռուսաստանն իր նախկին նախագահ ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջոցով այսօր արդեն բավական մատչելի կերպով բացատրեց դա Գերմանիային և ԱՄՆ-ի կամակատար Եվրոպայի մյուս պետություններին:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, այն կարծիքն է հայտնել, որ Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կհասնի 2000 եվրոյի, եթե «Հյուսիսային հոսք- 2» գազատարը չհավաստագրվի։ Հը, ինչպիսի՞ հեռանկար է սա Եվրոպայի համար… Ի դեպ, հայտարարվածը` 2000 եվրո, կարծում ենք, դեռ միայն սկզբի համար է:


«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանձնարարել է դադարեցնել «Հյուսիսային հոսք- 2» գազատարի հավաստագրումը,- գրել է Մեդվեդևը Twitter-ում:- Դե, բարի գալուստ նոր աշխարհ, որտեղ եվրոպացիները շուտով 2000 եվրո կվճարեն հազար խորանարդ մետր գազի համար»:


Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 21209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ