Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

54 սենատորներ Բայդենին հորդորել են ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա

54 սենատորներ Բայդենին հորդորել են ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա
11.02.2021 | 22:40

ԱՄՆ 100 տեղանոց Սենատի 54 սենատորներ` թե դեմոկրատական, թե հանրապետական կուսակցություններից նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա մարդու իրավունքների խախտումների, արտաքին «ռազմատենչ և մարտական» քաղաքականության համար։

Սենտատորները հիշատակել են նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարությունը` պնդելով, որ Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնությունների դիմելով լուծել տարածքային վեճը Հայաստանի հետ։ Նրանք Էրդողանին մեղադրում են Թուրքիայում քննադատական լրատվամիջոցները լռեցնելու, լրագրողներին բանտարկելու և անկախ դատավորներից ազատվելու մեջ։


«Նախագահ Էրդողանը երկիրը տանում է աճող ավտորիտար ուղիով։ Նա սիստեմատիկորեն մարգինալացրել է ընդդիմությանը, լռեցրել քննադատական լրատվամիջոցներին, մաքրել անկախ դատավորներին և նրանց փոխարինել կուսակցությանը հավատարիմ մարդկանց, բանտարկել բազմաթիվ լրագրողների»,- գրել են սենատորները` հիշեցնելով, որ ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցի` բանտարկված լրագրողների թվով Թուրքիան հետ է մնում միայն Չինաստանից։ Freedom house-ը 2020-ի զեկույցում Թուրքիային դասել է անազատ երկրների շարքում։ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2019-ի զեկույցում նշված է, որ Թուրքիան հակաահաբեկչական լայն օրենսդրությամբ սահմանափակել է հիմնարար ազատություններն ու սպառնալիքի տակ դրել օրենքի գերակայությունը։
Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահին հղած նամակում սենատորները գրել են․ «Նախագահ Էրդողանի արտաքին քաղաքականությունը ժամանակի ընթացքում ավելի ռազմատենչ ու մարտական է դարձել։ Վերջին տարիներին Էրդողանը լկտիաբար հարձակվել է Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի վրա, որոնք պայքարում էին «Իսլամական պետության» դեմ, նա ձեռք բերեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, չնայած զգուշացումներին, որ դրանք անհամատեղելի են ամերիկյան տեխնոլոգիաների հետ։ Նա խրախուսեց Ադրբեջանին` բռնություններ գործադրել Հայաստանի հետ տարածքային վեճը լուծելու համար»։


Սենատորները նշում են, որ նախագահ Էրդողանը փորձել է ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի և այլ երկրների վրա` Թուրքիային արտահանձելու այն քաղաքացիներին, որոնց նա մեղադրում է 2016-ի ձախողված հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ. «Էրդողանի կառավարությունը փորձել է քննադատողներին լռեցնել նաև ԱՄՆ-ում, ինչպիսին է NBA-ի խաղացող և իրավապաշտպան Էնես Քանթերը՝ Ինտերպոլով հետախուզում հայտարարելով նրա հանդեպ»։
Սենատորները նշել են, որ Թուրքիան մնում է կարևոր գործընկեր աշխարհի այդ մասի նշանակալից տարածաշրջանում և ընդգծել, որ հենց դրա համար էլ դիմում են ԱՄՆ-ի նախագահին։ «Մենք կարծում ենք` ԱՄՆ-ը դաշնակիցներից պետք է պահանջի բարձր չափանիշներ և անկեղծորեն նրանց հետ խոսի մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից նահանջի խնդիրների մասին», - գրել են սենատորները` Ջո Բայդենին կոչ անելով նախագահ Էրդողանի և նրա վարչակազմի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն այլախոհության վրա ճնշումները տանը, թե դրսում, ազատ արձակեն բաղբանտարկյալներին ու խղճի բանտարկյալներին և ամբողջովին փոխեն իրենց ավտորիտար կուրսը։


Սենատորները նամակի վերջում նշել են, որ Ամերիկայում երկկուսակցական ավանդույթ կա` աջակցել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնարար արժեքներին, և պատրաստակամություն են հայտնել Բայդենի աշխատակազմին օգնել այդ կարևոր հարցում։
54 սենատորների նամակը տեղադրված է Սենատի պաշտոնական կայքում, ստորագրողների թվում են հայտնի սենատորներ` Սենատի մեծամասնության ղեկավար դեմոկրատ Չաք Շումերը, Էմի Կլոբուչերը, հանրապետականներ Միթ Ռոմնին, Մարկո Ռուբիոն։
Թուրքական իշխանամետ Daily Sabah-ը, ներկայացնելով սենատորների նամակը, նաև պատասխանել է նրանց մեղադրանքերին` հենվելով այդ հարցերում իշխանությունների դիրքորոշումների վրա։ Սիրիայում քրդերի վրա հարձակումների մասին ասվում է, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են, NBA-ի բասկետբոլիստ և ակտիվիստ Էնես Քանթերը ներկայացված է որպես ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության անդամ։


Արձագանքելով նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին սենատորների գնահատականին` Daily Sabah-ը մեկնաբանել է, թե «Անկարան ռազմական օգնություն չի ցուցաբերել Ադրբեջանին, բայց թուրք պաշտոնյաները ասել են, որ նրանք համերաշխ են Ադրբեջանի հետ` ազատագրելու Հայաստանի կողմից 30 տարի օկուպացված տարածքները»։
Ըստ Reuters մեկնաբանի՝ ակնկալվում է, որ Բայդենն ավելի կոշտ դիրքորոշում կցուցաբերի Անկարայի հանդեպ մարդու իրավունքների խախտումների համար։ 2016-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում մոտավորապես 300 000 մարդ է ձերբակալվել, ավելի քան 150 000 պետական ծառայողներ պաշտոնանկ են արվել, հարյուրավոր լրատվամիջոցներ են փակվել, ընդդիմադիր տասնյակ պատգամավորներ հայտնվել են ճաղերի ետևում։

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ